Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախկին արտգործնախարարները՝ 1918-ից 2020

1295

Առանց դիվանագիտական փորձի, անսպասելի նշանակված․ ո՞վ է Ադրբեջանի նոր արտգործնախարարը

www.jam-news.net

Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դիվանագիտական փորձ չունի, հայտնի է իրավաբանական ընկերությունում իր աշխատանքով, և այս պաշտոնին նշանակվել է 2020 թ–ի հուլիսի 16–ին՝ երկրի բնակչության և փորձագետների համար անսպասելիորեն։

Նրա նշանակման մասին հայտարարվել է Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության մասին նույնքան անսպասելի լուրին գրեթե զուգահեռ։ Մամեդյարովն ԱԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում 15 տարի և ազդեցիկ ֆիգուր էր երկրում։

Նրա պաշտոնանկությանը նախորդել էր նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ հուլիսի 12–ին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ բոլորն աշխատանքի էին՝ բացառությամբ արտգործնախարարի։

Նոր նախարար Ջեյհուն Բայրամովը երկու բարձրագույն կրթություն ունի․ նա իրավաբան է և տնտեսագետ։ Վերջին երկու տարիներին կրթության նախարարն էր՝ 2018 թ–ի ապրիլի 23–ից։

Ինչպես հաղորդում է «Ազադլիգ» ռադիոկայանը, Ջեյհուն Բայրամովն առավել հայտնի է ոչ թե որպես կրթության նախարար, այլ որպես OMNİ իրավաբանական ընկերության ղեկավար, նա զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը կառավարությունում հայտնվելուց առաջ։

Ադրբեջանի ԱԳՆ–ն սկանդալային իրադարձությունների կենտրոնում է սկսել հայտնվել 2020 թ–ի ամառվա սկզբից։

Հունիսին ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ այն ժամանակվա նախարար Էլմար Մամեդյարովի ընտանիքը թանկարժեք գույք ունի ԱՄՆ–ում։

ԱԳՆ–ն այն ժամանակ դիմեց Պետանվտանգության ծառայություն՝ առաջարկելով «հետաքննել Էլմար Մամեդյարովին սևացնելու արշավը»։

2020 թ–ի հուլիսին սկանդալային կալանավորումներ տեղի ունեցան ԱԳՆ–ում․ կաշառակերության համար ձերբակալվեց մի քանի բարձրաստիճան պաշտոնյա։

Քաղաքական մեկնաբան Շահին Հաջիևը JAMnews–ին տված հարցազրույցում ասել է․

«Արտգործնախարարի պաշտոնում մի մարդու նշանակումը, որը ոչ մի օր դիվանագետ չի եղել, հարցեր է առաջացնում։

Նախարարության գլխավոր աշխատանքը ղարաբաղյան կարգավորման բանակցությունները վարելն է։ Թե որքանով է հավանական, որ մարդը, որը ոչ մի տեղեկություն չունի, «խոհանոցին» ծանոթ չէ, մասնակցի այդ գործընթացին, չեմ կարող ասել»։

Ադրբեջանը իր անկախության պատմության ընթացքում ունեցել է արտաքին գործերի 18 նախարար, որոնցից 5-ը 1918-1920 թթ, երբ երկիրն անկախ էր, 6-ը՝ խորհրդային շրջանում, և 7-ը՝ Խորհրդային Միության փլուզումից և հանրապետության անկախության հռչակումից հետո:

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության արտգործնախարարներ են եղել.

Մամեդ-Հասան Հաջինսկի (28 մայիս, 1918 – 6 հոկտեմբեր, 1918),

Ալիմարդան Թոփչիբաշև (6 հոկտեմբեր, 1918 – 7 դեկտեմբեր, 1918),

Ֆաթալի Խան Խոյսկի (26 դեկտեմբեր, 1918 – 14 մարտ, 1919),

Մամադ Յուսիֆ Ջաֆարով (14 մարտ, 1919 – 22 դեկտեմբեր, 1919),

Ֆաթալի Խան Խոյսկի (24 դեկտեմբեր, 1919 – 1 ապրիլ, 1920), երկրորդ անգամ:

Խորհրդային Ադրբեջանի արտգործնախարարներ են եղել.

Նարիման Նարիմանով (ապրիլ, 1920 – 2 մայիս, 1921),

Միրազ Դավուդ Հուսեյնով (մայիս, 1921 – դեկտեմբեր, 1921),

Մահմուդ Ալիև(1944 – 1958),

Թահիրա Թահիրովա (1959 – 1983),

Էլմիրա Գաֆարովա (1 դեկտեմբեր, 1983 – 22 դեկտեմբեր, 1987),

Հուսեյնաղա Սադիկով (23 հունվար, 1988 – 18 հոկտեմբեր, 1991):

Ադրբեջանի արտգործնախարարները 1991-ից հետո.

Հուսեյնաղա Սադիկով (18 հոկտեմբեր, 1991 – 29 մայիս, 1992), երկրորդ անգամ,

Թոֆիկ Գասիմով (4 հուլիս, 1992 – 26 հունիս, 1993),

Հասան Հասանով (2 սեպտեմբեր, 1993 – 16 փետրվար, 1998),

Թոֆիկ Զուլֆուգարով (5 մարտ, 1998 – 26 հոկտեմբեր, 1999),

Վիլայաթ Գուլիև (26 հոկտեմբեր, 1999 – 2 ապրիլ, 2004),

Էլմար Մամադյարով (2 ապրիլ, 2004 – 16 հուլիս, 2020),

Ջեյհուն Բայրամով (16 հուլիս, 2020):