Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը Տավուշի հատվածում 1918-1920 թթ

1346

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը հուլիսի 23-ին Կոտայքի մարզում՝ Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում, ելույթ ունեցավ «Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը Տավուշի հատվածում 1918-1920 թվականներին» թեմայով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև 1918-1920 թվականներին՝ երկու հանրապետությունների կարճատև անկախության տարիներին, վիճելի երեք հիմնական շրջաններ կային՝ Արցախ, Զանգեզուր և Նախիջևան:

Կար նաև չորրորդ վիճելի հատվածը՝ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը:

Ղազախի գավառը 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով ուղղակի կիսվեց դեռևս անկախ Հայաստանի և արդեն խորհրդայնացված Ադրբեջանի միջև: Հայ-ռուսական համաձայնագրում այսպիսի ձևակերպում կար. «ՌԽՖՍՀ զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը` Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, բացառությամբ այն շերտի, որը սույն համաձայնագրով որոշված է Հայաստանի զորքերի տեղակայման համար: Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չի կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:

Ղազախի հատվածում 1920-ի ամռանը տեղի էին ունենում բախումներ, և հուլիսի 30-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցվեցին (հետո շարունակվեցին օգոստոս-հոկտեմբեր ամիսներին): Այդ պահի ստատուս-քվոն էլ, փաստացի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծ: Այսպիսով, Ղազախի նահանգի հայկական գյուղերը մնացին Հայաստանի Հանրապետության, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի, իսկ ադրբեջանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում:

Սահմանագիծը հյուսից-հարավ անցնում էր հետևյալ գծով (նշում ենք միայն սահմանի հայկական հատվածի բնակավայրերը)՝ Ղալաչա (Բերդավան) – Դվեղ (Դովեղ) – Դոստլու (Բարեկամավան) – Կոթի – Ղոշղոթան (Ոսկեվան) – Բաղանիս – Ոսկեպար – Կիրանց – Ջողաս (Բերքաբեր) – Սռի գեղ (Սարիգյուղ) – Ուզունթալա (Այգեհովիտ) – Լալիգյուղ (Վազաշեն) – Թաթլի հայ (Պառավաքար) – Ղզլբուլաղ (Ներքին Կարմիրաղբյուր)- Այգեպար – Մովսես – Չինարի:

Հանդիպում-քննարկմանը ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսին և մասնակցել բանավեճին: Քննարկման ավարտին տեղի ունեցավ սուրճի և գինու հյուրասիրություն, թեթև ընթրիք: Հանդիպման բոլոր մասնակիցներին բաժանվել էին դիմակներ, պահպանվում էին հակամաճարակային կանոնները:

2019-ի հուլիսից Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնում է դասախոսությունների շարք, որոնք ունեն թեմատիկ բնույթ և վերաբերում են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին, ի մասնավորի՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը՝ 1918-1920/21 թվականներին:

Հրազդանում կայացած ձեռնարկը այս շարքի իններերորդ միջոցառումն էր: Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը ելույթներ էր ունեցել Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում և երկու անգամ՝ Երևանում:

Առաջիկա օրերին եվս երեք ձեռնարկներ տեղի կունենան Արմավիրի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում:

Այս ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ:

ԱՆԻ կենտրոնը 2019 թվականի ապրիլի 22-ին դիմել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը՝ դրամաշնորհ ստանալու նպատակով: Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:

«Այլընտրանքային պատմություն». ԱՆԻ կենտրոնի 12 ձեռնարկները Հայաստանի մարզերում և Երևանում