Պետության կառուցումը. Սևրի դաշնագիր

1075

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԹ

Բոլշևիկյան խռովությունները ճնշելուց հետո, իրերի տրամաբանական թելադրանքով, կառավարության առջև եկավ թրքաբնակ վայրերի գրավման հարցը: Մի շարք շրջաններ՝ Զանգիբասարում, Վեդիբասարում, Ջուլ, Կողբ և այլն, էլ չենք խոսում Շարուր-Նախիջևանի մասին, մնում էին Հայաստանի իշխանության նկատմամբ ապստամբ վիճակում. ո՛չ միայն չէին ճանաչում նրան, այլև անվերջ հարձակումներով, սպանություններով ու թալանով դժվարացնում էին Հայաստանի կազմակերպման և վերաշինության գործը: Շարուր-Նախիջևանում իշխանությունը փաստորեն անցել էր Անգորայի զինվորական գործակալ Խալիլ բեյի ձեռքը: Սրա ազդեցությունը տարածվում էր և Վեդիբասարի ու Զանգիբասարի վրա, որոնք ամրացված էին ոչ միայն տեղական, այլև թուրք ասկյարներով: Զանգիբասարում փորված էին անառիկ դիրքեր։ Իլխի-Ղորուղի գյուղում դրված էր թնդանոթ, Ռազմագիտական կարևոր դիրքերը բռնված էին զորամասերով ու գնդացիրներով: Գլխավոր կետերը միացված էին իրար հետ հեռախոսով: Թուրքիայից ստացվում էր մեծ քանակությամբ փամփուշտ ու ռազմամթերք: Զինվորական տեսակետից, շատ լավ կազմակերպված ու ամրացված էր և Բեոյուք-Վեդին: Այս բոլոր շրջանները միասին կազմում էին «Հարավ-Արևմտյան Ադրբեջանը», ուր իշխանությունը խառն էր՝ թուրք-ադրբեջանյան:

Օգտվելով մայիսյան դեպքերից հետո ստեղծված ռազմական ու հոգեբանական նպաստավոր դրությունից՝ կառավարությունը անցավ գործի. հունիսի 18-ին Զանգիբասարին ներկայացվեց վերջնագիր՝ ճանաչելու Հայաստանի իշխանությունը, զինաթափվելու և հեռացնելու թուրք-ադրբեջանյան գործակալներին: Չստանալով պատասխան՝ կառավարությունը հրամայեց Վաղարշապատի զորախմբին՝ զենքի ուժով գրավելու Զանգիբասարը: Եվ մի քանի օրում շրջանը գրավվեց:

Զորախմբի հրամանատար գնդապետ Շահմազյանը այսպես էր նկարագրում զինվորական գործողությունները.

«Հունիսի 19-ին Նորագավիթի զորասյունը ճեղքեց հակառակորդի դիրքերը Աղջա-Ղշլաղ-425 բարձունք – 411 բարձունք ճակատի վրա և գրավեց Հաջի-Էյլազ գյուղը: Այսպիսով, ողջ զանգիբասարյան դիրքերի բանալին խլվեց խռովարարների ձեռքից, որով և Զանգիբասարի բախտը նախորոշվեց: Փարաքարի զորասյունը գրավեց Գեոյգումբեթ, Քելալի և Արբաթ գյուղերը: Ղարխունի զորասյունը գրավեց Թազա Ղարխուն գյուղը և ակտիվ գործողություններ վարեց Չոբան-Քյարա և Շոռլու-Մեհմանդար գյուղերի դեմ: Հակառակորդը մաքրեց երկաթուղագծից հյուսիս ընկած բոլոր գյուղերը, բացի Խաչափարուխ, Ղարաշլաղ, Շոռլու-Մեհմանդար և Չոբան-Քյարա գյուղերից ու սկսեց փախչել դեպի հարավ՝ երկաթուղագծի այն կողմը: Ինձ հանձնված զորախմբին հրամայեցի վերջնականապես մաքրել խռովություններին երկաթուղագծի հյուսիսային կողմը ընկած գյուղերից, իսկ հետո հարձակվել հարավային գյուղերի վրա:

Հունիսի 20-ին մեր զորամասերը շարունակեցին հետապնդել խռովարարներին: Հունիսի 21-ի լուսաբացին, կարճ ու վճռական կռվից հետո, գրավվեց Սարաջալար գյուղը, որով և կատարվեց զորախմբին հանձնարարված խնդիրը: Սկսված հաջողությունն ընդլայնելով և եռանդուն կերպով հետապնդելով հակառակորդին՝ զորասյունը, կոտրելով թշնամու դիմադրությունը, գրավեց Ռամազան Քենդ գյուղը և ցրեց թաթար խուժանը: Այսպիսով, Զանգիբասարի շրջանը միանգամայն մաքրվեց հանրապետական կառավարության անհնազանդ ազգաբնակչությունից և վերջնականապես միացավ մեր սահմաններին, չնայած որ Զանգիբասարը երկու տարվա ընթացքում կազմակերպվեց տաճիկ սպաների և ենթասպաների ղեկավարությամբ ու աչքի ընկնող զինվորական ուժ էր ներկայացնում՝ ամենահամեստ հաշվով 400-ից ոչ պակաս տեղական մարտիկներ և 600-800 ասկյար, որ տեխնիկական տեսակետից հաջող ամրացված էր, ուներ 3 թնադանոթ, 8 գնդացիր և առատ փամփուշտ»:

Հայկական զորքերը գրավեցին 1 թնդանոթ, 2 գնդացիր, 40 000 փամփուշտ և առատ մթերք:

Զանգիբասարի կռիվների ընթացքում սպանվածների մեջ էր և Հ. Քաջազնունիի սպա որդին:

Զանգիբասարի հետ միաժամանակ, հունիսի 18-ին զինվորական գործողություններ սկսվեցին և Կարսի նահանգում՝ ածխահանքերի գրավման նպատակով: Հայկական զորքերը զոր. Հովսեփյանի ընդհանուր ղեկավարության տակ և գնդ. Միրիմանյանի անմիջական հրամանատարությամբ շարժվեցին երեք ուղղությամբ. աջ զորասյունը գնդ. Մազմանյանի գլխավորությամբ՝ Դորա Քիլիսեից, միջինը՝ գնդ. Շահբուդաղյանի հրամանատրությամբ՝ Մերդենեկի մոտից և աջը՝ փոխգնդ. Նեստերովսկիի գլխավորությամբ Բեկկեի դիրքերից: Հունիսի 19-ին ամբողջ ճակատը դիմեց ընդհանուր հարձակման, և երկու օրվա համառ ու հաջող կռիվներից հետո, հունիսի 21-ին, զորամասերը միացան հանքերի արևմտյան մասում: Հակառակորդը, Խալիլ բեյի հրամանատարության տակ, պարտված փախավ՝ թողնելով հայերին 2 արագաձիգ լեռնային թնդանոթ, 4 մաքսիմ գնդացիր, ավելի քան 100 000 մոսինի փամփուշտ, լեռնային թնդանոթ,  300 ռումբ, բազմաթիվ ձեռքի ռումբեր, փռներ, հարուստ պահեստներ՝ 1200 փութ հացահատիկ, 2000 պահածո, միս, 50 փութ շաքար, 50 փութ թխած հաց, 50 փութ պաքսիմատ, մեծ քանակությամբ անասուններ և այլն, և հարյուրավոր սպանվածներ, որոնց մեջ նաև թուրք սպաներ: Հայերի կորուստն էր՝ 5 սպանված, 22 վիրավոր: Գրեթե մինչև Օլթի, ամբողջ տարածությունը անցավ հայերի ձեռքը:

Զանգիբասարից հետո կազմակերպվեց և իրականացվեց նաև Բեոյուք-Վեդիի գրավումը: Այնտեղ թշնամին ուներ մոտ 3000 կռվող, 3 թնդանոթ, 9 գնդացիր և առատ փամփուշտ: Ընդհանուր հրամանատար էր թուրք սպա Մուստաֆա բեյը:

Հայերը հանեցին 26 վաշտ հետևակ, 7 հարյուրյակ ձիավոր, 16 թնդանոթ, 1 զրահագնացք, կամավորական խմբեր: Ընդհանուր հրամանատարն էր զոր. Շելկովնիկյանը:

Կռիվները զարգացան հետևյալ ձևով:

«Հուլիսի 10-ին երեկոյան մեր զորամասերը Ղամարլուից ու Նոր Բայազետից հարձակման դիմեցին Բեոյուք-Վեդի գյուղը գրավելու նպատակով: Հուլիսի 11-ին, Ղամարլուի ուղղությամբ, համառ կռիվներից հետո, գրավեցին Կարայազ, Ճաթղռան, Ալի Մամեդ, Ենգիջա, Կոթուդ Աղասի, Բեգլու և Ներքին Կարաբաղլար գյուղերը: Բեոյուք-Վեդիից հյուսիս մի վերստ հեռավորության վրա՝ Գյավուր Ղալասի լեռան մոտ մենք հանդիպեցինք թուրքերի կողմից հուսահատ դիմադրության։ Նոր Բայազետի ուղղությամբ, հուլիսի 11-ի երեկոյան, մենք գրավեցինք Աղքիլիսա, Մաղուկ, Գյոլ, Զիդին, Մոգյուղ, Զանգին, Գերմանիս, Դոխնազ գյուղերը: Մութն ընկնելուց հետո, երեկոյան ժամը 9-ին, Գյավուր Ղալասի լեռան կողմից թուրքերը դիմեցին հակահարձակման, բայց 2-րդ գնդի հանդիպակաց գրոհով հետ շպրտվեցին: Նահանջողներին հետապնդելով՝ երկրորդ գունդը, տաք սվինամարտից հետո, գրավեց Գյավուր Ղալասի սարը, ուր թուրքերը թողեցին բազմաթիվ սպանվածներ և մի Մաքսիմ գնդացիր:

Հուլիսի 12-ին, առավոտյան ժամը 5-ից 25 րոպե անցած մեր զորամասերը մտան Բեոյուք-Վեդի:

Թուրքերը փախչում են Դավալու Զինջիրլիի վրայով»:

Բեոյուք-Վեդիում հայերի ձեռքը անցավ 1 թնդանոթ, մի քանի գնդացիր, ռումբ ու փամփուշտ, ուտելիք: Նույն օրը երեկոյան գրավվեց Դավալուն, ապա Գայլի Դրունքը, և վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը Ղամարլուի հետ: Միաժամանակ գործողություններ էին կատարվում և Դարալագյազից, և հուլիսի 16-ի երեկոյան մեր զորքերը գրավել էին արդեն Արաքս-Աղ-Ահմեդ գյուղ-Ղուշչի-Դեմուրչի-Բաշ-Նորաշեն-Ուլիա-Նորաշեն-Ախուր գիծը: Ամեն տեղ, ուր երևում էին հայերը, թուրքերը թողնում և խուճապով փախչում էին:

Բեոյուք-Վեդիի կռիվներում սպանվեցին 15 սպաներ ու զինվորներ, որոնց հանդիսավոր թաղումը տեղի ունեցավ Երևանում, հուլիսի 13-ին: Զանգիբասարի ու Բեոյուք-Վեդիի մաքրագործումը աննկարագրելի ցնծություն առաջ բերեց Հայաստանի բոլոր կողմերում:

Հուլիսի 16-ին, հայկական զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց, որովհետև Նախիջևանի Մահմեդական ազգային խորհուրդը պատգամավորություն էր ուղարկել Երևան՝ հաշտության խնդրանքով:Կառավարությունը, զինվորական նախարարի միջոցով, ներկայացրեց խիստ ծանր պահանջներ. անպայման հնազանդություն, երկաթուղագծի ապահովություն, կառավարությանը հանձնել մեծ քանակությամբ զենք, ձի, մթերք, երկաթուղու երկու կողմը որոշ տարածության վրա մահմեդականներ չբնակեցնել և այլն: Պատգամավորությունը հետ գնաց՝ զեկուցելու Ազգային խորհրդին և այլևս չվերադարձավ: Հուլիսի 22-ին կռիվները վերսկսվեցին: Թուրքերը 3 օր ցույց տվեցին հուսահատ դիմադրություն: Հուլիսի 25-ին մերոնք գրավեցին Շահթախթը: Թուրքերը փախան դեպի Մակու ու Պարսկաստան՝ պարպելով ամբողջ շրջանը մինչև Նախիջևան:

Քիչ առաջ գրավված էր և Սևանա լճի արևելյան եզերքը, մաքրված էր Ղարաղոյինլի ձորը: Այս կռիվներում մեր կողմից տրվեցին ծանր զոհեր. սպանվածների մեջ էին խմբապետ Մուրադը, ուսանող Հ. Զարիֆյանը և ուրիշներ:

Այսպիսով, 1920 թ. ամառը Հայաստանի Հանրապետության սահմանները տարածվում էին Ղարաբաղից սկսած մինչև Օլթիի ածխահանքերը:

Նույն թափով առաջ էին գնում և ներքին աշխատանքները կազմակերպության և շինարարության ասպարեզում:

1920 թ. ամառը Հայաստանը բաժանված էր 4 նահանգապետությունների. 1) Արարատյան՝ նահագնապետ ներքին գործոց նախարարի օգնական Ս. Թորոսյան, օգնական՝ Լ. Ամիրխանյան, 2) Շիրակի՝ նահանգապետ Կ. Սասունի, 3) Վանանդի՝ Ստ. Ղորղանյան, 4) Սյունաց՝ Ս. Մելիք-Յոլչյան, իսկ նրա հրաժարվելուց հետո՝ Զ. Յոլյան: Նահանգները իրենց հերթին, բաժանվում էին գավառների: Վարչությունը կազմակերպված, հետզհետե բարելավվում ու կատարելագործվում էր, թեև մայիսյան շարժումներն ու թրքական շրջանների դեպքերը մեծապես դժվարացնում էին կյանքի և պետական մեքենայի կարգավորումը:

Այս դեպքերը խորապես անդրադառնում էին և գավառական ինքնավարությունների գործունեության, բայց, մանավանդ, երկրի ելևմտական վիճակի վրա:

Ճիշտ է, Զանգիբասարի և Շարուրի գրավումը մեծարժեք հարստություն տվեց կառավարության ձեռքը: Այսպես, Շարուրի գրավումից  անմիջապես հետո գյուղատնտեսական նախարարության վիճակագրական բաժինը այնտեղ ուղարկեց վիճակագիրներ՝ Բ. Իշխանյանի անձնական հսկողության տակ: Եվ թեև հավաքված տեղեկությունները լրիվ չէին, բայց ստացված թվերը հարստության մեծ պաշար էին ցույց տալիս:

Շարուրում կար 70 գյուղ, որոնցից 6 հայկական և 1 ասորական, մնացյալը՝ թուրք։ Բնակիչների թիվը հավասար էր 90 հազարի, որից հայերը, բացառությամբ 30 ընտանիք, սրի էին քաշված դեռ 1919-ի նահանջի ժամանակ:

1919 թ. աշնանը և 1920-ի գարնանը Շարուրում ցանվել էր 300․000 փութ ցորեն, 150․000 փութ գարի, 50․000 փութ չալթուկ (բրինձ), 4000 փութ վարսակ, 1000 փութ եգիպտացորեն, 500 փութ կորեկ, 1000 փութ սիսեռ., 1000 փութ սեխ ու ձմերուկ, 200 փութ լոբի, 200 փութ սոխ, 20 փութ ոսպ, 7 փութ ծխախոտ, ընդամենը՝ 507․972 փութ սերմացու:

Բերքը եղել է չափից ավելի առատ և մոտավոր հաշվով սեխ ու ձմերուկ 10․000․000 փութ, ցորեն 3․5000․00 փութ, գարի 1․500․000 փութ, կորեկ 20․000 փութ, վարսակ 20․000 փութ, եգիպտացորեն 25․000 փութ, սոխ 50․000 փութ, սիսեռ 25․000 փութ, լոբի 10․000 փութ, ոսպ 1000 փութ, ծխախոտ 20․000 փութ, ընդամենը 15․153․000 փութ: Այս թվի վրա պետք էր ավելացնել և չալթուկի բերքը, որ հավաքված չլինելու պատճառով կարելի չէր չափորոշել, բայց որի քանակը շատ խոշոր էր: Պետք էր ավելացնել և 500․000 փութ տանձ, 80․000 փութ խնձոր, 60․000 փութ դեղձ, 25․000 փութ սալոր և այլն:

Նման առատություն էր տիրում և Զանգիբասարում, ուր միայն բրնձի քանակը հաշվում էր մոտ 400․000 փութ:

Բայց այս հարստության մեծ մասը չմտավ պետության պահեստները, այլ, զանազան ձևերով, անցավ ժողովրդի ձեռքը, մասամբ դարձավ չարաշահության առարկա կամ փչացավ: Կառավարությունը աշխատեց կազմակերպել լքված հարստությունների օգտագործումը, գործի կանչեց հմուտ ու բարեխիղճ պաշտոնյաներ, բայց, ա՛յն ժամանակվա պայմաններում, մասամբ միայն հաջողություն ունեցավ:

Պետական օրավուր աճող ծախսերը կառավարությունը հոգում էր թղթադրամներով։ Տպագարական մեքենան գործում էր կանոնավոր և արագ։ Ամսական տպվում էր 600-800 միլիոն ռուբլի: Մինչև օգոստոս արդեն բաց էր թողնված երկու միլիարդ ռուբլու հայկական չեկ: Լոնդոնում պատրաստվում էին հայկական դրամանիշներ: Շրջանառության մեջ էին և անդրկովկասյան բոները:

Բնականաբար, դրամական այս հեղեղը մեծ չափով անդրադառնում էր և երկրի առևտրաարդյունաբերական վիճակի և ապրուստի սղության վրա: Մթերքների գները բարձրանում էին խելահեղ արագությամբ:

Կառավարությունը դրա դեմ պայքարում առևտրաարդյունաբերական կյանքի կազմակերպումով, ոսկու հիմնադրամի ստեղծումով, կոոպերացիան քաջալերելով մաքսերի ու հարկերի հավելումով և փոխառության միջոցով: Առևտրաարդյունաբերության գործերը կարգավորում էր ելևմտական նախարարի օգնական՝ հայտնի դրամատեր և հասարակական գործիչ Հ. Մելքոնյանը, ապա՝ Մ. Շաթիրյանը: Արտաքին առևտուրը ղեկավարվում էր Ապրանքափոխանակության կոմիտեի միջոցով: Փետրվարի 8-ից Երևանում սկսեց գործել և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը, որի նպատակն էր զարկ տալ երկրի առևտրաարդյունաբերական գործին և օտար երկրների համապատասխան պալատների միջոցով կապ ստեղծել արտասահմանի շուկաների հետ: Պալատի նախագահն էր երևանցի հայտնի առևտրական և հասարակական գործիչ Հ. Մելիքյանը:

Հարկային գործի ասպարեզում պետք է արձանագրել առաջատվական տուրքի սահմանումը հունիսի 15-ին: 1920 թ. ընթացքում մտցվում էր առաջատվական տուրք. տարեկան մինչև 18․000 ռուբլի հասույթ ունեցողները ազատվում էին տուրքից: 18․000 ռուբլուց ավելի հասույթները ենթարկվում էին տուրքերի՝ հետևյալ համեմատությամբ. 18․000-ից մինչև 19․000 ռուբլի հասույթ ունեցողը պիտի վճարեր 206 ռուբլի, 28․000-ից մինչև 29․000 ռուբլի ունեցողը՝ 556 ռուբլի, 38․000-ից մինչև 40․000 ռուբլի ունեցողը՝ 1․000 ռուբլի, 58․000-ից մինչև 60․000 ռուբլի ունեցողը՝ 6․600 ռուբլի, 100․000-ից մինչև 110․000 ռուբլի ունեցողը՝ 22․550 ռուբլի, 200․000-ից մինչև 210․000 ռուբլի ունեցողը՝ 56․550 ռուբլի, 300․000-ից մինչև 310․000 ռուբլի ունեցողը՝ 94․550 ռուբլի, 390․000-ից մինչև 400․000 ռուբլի ունեցողը՝ 140․000., 400․000-ից ավելի հասույթ ունեցողներից յուրաքանչյուր 10․000 ռուբլուց պետք է գանձվեր 6․100 ռուբլի:

Այս թվերից երևում է այն սկզբունքը, որը հիմք էր դրված Հայաստանի հարկային քաղաքականության. ինչքան քաղաքացու հասույթը ավելնում էր, այնքան պետության ստացած տոկոսը պիտի բարձրանար: Մի սկզբունք, որի համար պայքար են մղում դեռ ժամանակակից ռամկավարության առաջավոր շարքերը:

Հայաստանի արդյունաբերության և ելևմուտքի բարելավման տեսակետից, սակայն, վճռական դեր պիտի կատարեր Անկախության փոխառությունը, որի օրենքը հրատարակվեց հունիսի 10-ին: Օրենքը ասում էր.

«1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ուժերը և տնտեսությունը վերականգնելու և հանրապետության թղթադրամների ֆոնդն ապահովելու նպատակով կնքել 20 միլիոն ամերիկյան դոլարի անվանական գումարի պետական փոխառություն 6 տոկոսով: Փոխառություն 75 տոկոսը հատկացնել վերոհիշյալ նպատակին, իսկ 25 տոկոսը գործադրել պետական այլ կարիքների համար»:

Փոխառությունը արվելու էր 10 տարով, Հայաստանում և արտասահմանում: Բաց էին թողնվելու 10, 25, 50, 100, 500 և 1000 դոլարանոց պարտաթղթեր, որոնք ազատ էին լինելու տուրքերից: Փոխառությունը ապահովվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ գույքով: Փոխառության գործի ղեկավար նշանակվեց Ա. Խատիսյանը, որը այդ առաքելությամբ ուղարկվեց արտասահման:

Անկախության փոխառությունը անօրինակ խանդավառություն առաջ բերեց Հայաստանի և արտասահմանի հայկական բոլոր խավերի մեջ: Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ, անհատ գործիչներ՝ ամենքը աջակցեցին կառավարությանը, որ փոխառությունը ունենա հաջող արդյունք: «Միջկուսակցական մարմինը հետևյալ կուսակցությունների,-հեռագրում էին հունիս 21-ին Խատիսյանին – Հայ Ժողովրդական կուսակցության,  Հայաստանի Սոցիալ-Դեմոկրատ բանվորական կուսակցության, Հայ Ռամկավար կուսակցության և Անկուսակցականների միության՝ գտնելով, որ Հայաստանի անկախության փոխառությունը 20 միլիոն դոլարի միանգամայն անհրաժեշտ է Հայաստանի ֆինանսական և տնտեսական դրության բարելավման համար, ամեն կերպ պաշտպանում է կառավարությունը այդ փոխառության իրականացման գործում, և դիմում է բոլոր հայերին՝ առաջարկելով եռանդուն մասնակցություն ցույց տալ նրա տարածման մեջ: Լիազորներ, Հ. Ժ. կուս.՝ Տեր-Խաչատրյան, Ստեփանյան, Հ. Ս.-Դ. բնավ. Կուս.՝ Իշխանյան, Անանուն, Հ. ռամկ. կուս.՝ Դարբինյան, Շատվորյան, Անկուս. միության՝ Արեշյան, Չալխուշյան»:

Փոխառության բացումը Երևանում կատարվեց մեծ հանդիսավորությամբ, օգոստոսի  1-ին: Բազմաթիվ անհատներ, հիմնարկություններ, Խորհրդարանի և կառավարության անդամներ տեղն ու տեղը արձանագրվեցին որոշ գումարներ: Կաթողիկոսը Էջմիածնի կողմից արձանագրվեց 1 միլիոն ռուբլի: Մի քանի ժամվա մեջ հավաքվեց 45 միլիոն ռուբլի: Նույն ոգևորությամբ արձանագրությունը տեղի ունեցավ և գավառներում: Արդահանի մահմեդականությունը փոխառության մասնակցեց 50 միլիոն ռուբլով, որը, սեպտեմբերի 5-ին, գավառապետ Կադիմովը անձամբ մտցրեց Կարսի պետական գանձարանը: Սեպտեմբերի 5-ին արդեն Հայաստանին հատկացված ավելիով ծածկված էր, և կառավարությունը փակեց բաժանորդագրությունը Հայաստանի սահմաններում:

Նույն օրը, օգոստոստոսի 1-ին, անկախության փոխառության բացումը տեղի ունեցավ և Թիֆլիսում ու Բաթումում, նույնպես ժողովրդական խանդավառ տրամադրությամբ: Թիֆլիսում բոլոր հայ կազմակերպությունները մի թռուցիկ կոչ բաց թողին, փոխառության կազմակերպիչ մարմինը հրատարակեց միօրյա թերթ՝ բազմաթիվ հայ և օտար գրողների և գործիչների աշխատակցությամբ՝ Հ. Թումանյան, Դ. Դեմիրճյան, Ա. Թադևոսյան, Ս. Կանայան, Ս. Մալխասյան, Ս. Լիսիցյան, Ռ. Խան-Ազատ, Ա. Պապովյան, Գ. Մելիք-Ղարագյոզյան, պրոֆ. Ա. Մանուիլով, Օ. Գրուզենբերգ, Մ. Մանդելշտամ և ուրիշներ:

Հուզիչ էր Հովհաննես Թումանյանի գրությունը.

«Մեր սերունդը էն սերունդն է,- գրում էր նա,- որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում:

Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները:

Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը, առանց սեռի ու հասակի խտրության:

Ի՞նչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ ազատ Հայաստանը:

Ու հանկարծ…

Արդեն իրականություն է երեկվա մեծ երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհքի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է, նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում»:

Թիֆլիսի բաժանորդագրությունը տվեց փայլուն արդյունք:

Նույնը եղավ և Բաթումում, ուր Հայ կանանց միության կողմից հիմք դրվեց և Ոսկու ֆոնդի:

Նույն խանդավառությունն առաջ բերին Անկախության փոխառությունն ու Ոսկու ֆոնդը և գաղութահայության մեջ՝ Պոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Բալկանյան երկրներում, Պարսկաստանում: Փոխառության բաժանորդագրությունը հանդիսացավ գաղութահայության, մանավանդ աշխատավոր խավերի հայրենասիրության արտահայտության մեկ առիթ: Հայաստանի Հանրապետությունը ամեն տեղ արդեն առկա էր ոգևորության, պաշտամունքի ու զոհաբերության:

Եվ միայն փոխառությամբ ու Ոսկու ֆոնդով չէր արտահայտվում գաղութների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ ջերմ սիրո զգացումը. Հայաստանը դարձել էր ձգողական մի հզոր ուժ, որ իրեն էր քաշում աշխարհիս բոլոր ծայրերում ապրող հայերի հոգին և նյութական ու բարոյական աջակցությունը: Սև ծովի եզերքներից, Գերմանիայից, Անգլիայից, Ռումանիայից ու Բուլղարիայից, Պոլսից և Իզմիրից, Իտալիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայից, Պարսկաստանից, Միջագետքից, Ջիբուտիից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Հեռավոր արևելքից, Ճավա կղզուց՝ ամե՛ն, ամե՛ն կողմից նվերներ էին հասնում ուղիղ Երևան կամ Փարիզ պատվիրակության՝ Հայաստանի համար: Եվ ինչե՜ր ասես չէին ուղարկվում՝ զինվորական հագուստ ու սարք, դեղորայք, գրենական պիտույքներ, ինքնաշարժ, սավառնակներ, ուտելիք, հագնելիք, ամբողջ գրադարաններ, գրամեքենաներ, ծխախոտ, քինին, բժշկական գործիքներ, նկարներ, զարդարանքներ․․․ Սկսեցին Հայաստանին անել մեծագումար կտակներ, նոր շենքերի շինության խոստումներ, կազմել արդյունաբերական խոշոր ծրագրեր:

Արձանագրենք միայն մի քանիսը, պատահաբար քաղած հիշողությունից. Եգիպտոսի գործարանատեր Մելքոնյան եղբայրները ընդունեցին Հայաստանի քաղաքացիությունը և իրենց ամբողջ հարստությունը՝ մոտ 6 միլիոն դոլար, կտակեցին Հայաստանին: Հայաստանին նվիրեց իր փառահեղ տունը Թիֆլիսում՝ մեկ միլիոն դոլարի արժողությամբ, հայտնի դրամատեր Ա. Մելիք-Ազարյանը: Բաքվի հայտնի դրամատեր Արշակ Ղուկասյանի թողած կտակը՝ մոտ 8 միլիոն ռուբլու՝ փոխանցվեց Հայաստանին: Ստավրոպոլի հայ դրամատեր Պոպովը իր ամբողջ հարստությունը՝ մոտ 25 միլիոն ռուբլի կտակեց Հայաստանի համալսարանին: Գ. Գյուլբենկյանը խոստացել էր Հայաստանում կառուցել մի շարք պետական մեծ շենքեր: Հ. Մելիքյանը պատրաստվում էր շինել Երևանում Ժողովրդական տուն: Պոլսի «Ժողովրդի ձայն» թերթը օգոստոսի 20-ին հաղորդում էր, որ Հայ ռամկ. կուսակցությունը Եգիպտոսում որոշել էր Հայաստանին մատուցել 50 օդանավ՝ «Ռամկավար Հայաստանի օդային տորմիղ»: ՀՅ Դաշնակցությունը Ամերիկայում ձեռնարկեց բանակի հանգանակության, որը տվեց ավելի քան կես միլիոն դոլար։ Երևան, բանակի համար, ուղարկվեց մեծ քանակությամբ պաքսիմատ ու պահածո: Հայաստանի համալսարանին և Հանրային գրադարանին նվիրվեցին մի շարք մեծարժեք գրադարաններ՝ Զոհրաբի, դր. Տաղավարյանի, Գ. Հակոբյանի, Կ. Կոստանյանի, Հ. Հակոբյանի, բանաստեղծ Ա. Ծատուրյանի և այլն: Կարևոր գործ էր և «Մայիսյան եղբայրների գիտական արշավախումբը», որը մի շարք մասնագետների միջոցով նյութեր էր հավաքում և ուսումնասիրում Հայաստանի տնտեսական հարստությունները: Այդպիսի օրինակներ դեռ կարելի է շատ բերել:

Եվ այս դեռ սկիզբն էր երկանց:

Կային, իհարկե, և վատ, չարաշահ տիպեր, որոնք աշխատում էին Հայաստանը շահագործել իրենց անձնական օգտին ու երբ հանդիպում էին կառավարության արգելքին, ամեն տեսակ սուտ ու զրպարտություններ էին տարածում Հայաստանի վարիչների մասին, մանավանդ, հաճախ, հոլովելով նրանց ընկերվարական լինելը: Դրանց մասին էր գրում Դ. Անանունը իր թունավոր տողերը, թե՝

«Հայ բուրժուազիան իմ աչքում դատապարտության արժանի տարր է նրա համար, որ նա իր ստոր ապազգային արարքները քողարկում է մտացածին պատճառաբանություններով վասն հայ վտանգավոր սոցիալիստների և այլն: Սուտ է: Հայ Զիմզիմովի դրոշին ոչ մի վտանգ  չի սպառնում Հայաստանում, որովհետև բոլոր հայերը մեծ ու փոքր Զիմզիմովներ են, սեփականության մոլի ֆանատիկոսներ: Եվ եթե այնուամենայնիվ հայ Զիմզիմովը չի բարեհաճում թողնել Թիֆլիսն ու Բաքուն և իր այդ տատանումը պատճառաբանում է սոցիալիզմի վտանգով՝ դրա մեջ պիտի տեսնել արբեցողի ծամածռությունները լիքը բաժակի առջև:

Թող բուրժուազիան գա և մասնակից դառնա մեր պայքարին և որ թե հեռվից հեռու պահանջ առաջադրե, թե՝ մաքրեցեք ասպարեզը, որ ես բարեհաճեմ ինձ՝ հայությանը հարազատ հռչակելու և ոտք կոխելու նրա երկիրը: Բուրժուազիայի ո՛ր առավելության համար պիտի տեղի ունենա այդ նահանջը…

Նորից ու նորից կրկնում ենք, որ Հայաստանը պատկանում է բոլոր նրանց, որոնք անկեղծորեն ցանկանում են քրտնել նրա վրա և նպաստել նրա բարօրությունը: Թե որ տանջանաց կցորդ լիցիմք, ապա և փառաց հաղորդ լինելուց եմք՝ այսպե՛ս պիտի նայի խնդրին հայ բուրժուազիան: Բայց ոչինչ չարած, պինդ փակած իր գրպանի բերանը՝ նա պատռում է իր կոկորդը լոկ փառքի և իշխանության համար: Այս վերաբերմունքի համար նույնիսկ քարերը պիտի աղաղակեն, իսկ կենդանի մարդիկ՝ ավելի ևս»:

Ճիշտ էր ասում Դ. Անանունը. «Հայ Զիմզիմովի դրոշին ո՛չ մի վտանգ չէր սպառնում Հայաստանում»: Ընդհակառակը, իշխանությունը ամեն կերպ աջակցում էր, որ արտաքին նախաձեռնությունն ու դրամագլուխը մուտք գործեն Հայաստան, իրենց միջոցն ու կարողությունը նվիրեն երկրի վերաշինության գործին: Գուցե, պահանջվածից էլ ավելի փութկոտությամբ ու լայնախոհությամբ ընդառաջ էր գնում մանսնավոր դրամագլխի ամեն դիմումին կամ առաջարկության: Այս տեսակ լայնախոհ վերաբերումի և չարաշահության մեկ օրինակ կարելի է համարել այն բազմապիսի դյուրությունները և արտոնությունները, որ կառավարությունը տրամադրեց Մայիլյան եղբայրներին Հայաստանի զանազան մասերում արդյունաբերական ձեռնարկությունները սկսելու համար: Մայիլյանները ստացան մի շարք մենաշնորհներ-էլէկտրականացման, ապակու գործարանի-բայց և ո՛չ մեկ փորձ արին՝ որևէ գործ կատարելու և իրեն անգործությունը դուրսը արդարացնում էին նրանով, որ, իբր թե, «ընկերվարական» կառավարությունը արգելքներ է հարուցում մասնավոր դրամագլխի առջև:

1920 թ. ամառը հայ և օտար դրամատերերի կողմից եղան մի շարք տնտեսական առաջարկություններ, որոնց մի մասին ընթացք էլ տրվեց: Հիշենք շվեյցարական և շվեդական մի քանի լուրջ ընկերությունների դիմումը Հայաստանում կաթնատնտեսական գաղութներ, երկրագործական մեքենաների պահեստներ և արհեստանոցներ հիմնելու մասին: Հայ և ճապոն դրամատերերի մի խումբ իր ներկայացուցիչն էր ուղարկել Երևան՝ էլեկտրաերկաթուղագծի մենաշնորհ ստանալու համար. ենթադրվում էր շինել Երևան-Ելենովկա-Դիլիջան-Աղստաֆա և Ելենովկա-Նոր Բայազետ-Քեշիշքենդ-Գորիս գիծը: Մի խումբ հայ դրամատերեր ծրագրում էին Վեդի-Բասարի շրջանում հիմնել ցեմենտի և կրի գործարաններ, մեկ ուրիշը՝ ատաղձի, շենքի փայտեղեն մասերի գործարան Սարիղամիշում:

Հունիսի վերջերին մի խումբ հայ և օտար դրամատերերի կողմից Երևան եկավ ինժ. Կ. Ս. Արղության-Երկայնաբազուկը՝ խնդրելու համար Բաթում-Կարս-Սարդարապատ երկաթուղի անցկացնելու իրավունքը: Հայերից հիշյալ խմբի մեջ մտնում էին Ռոստով-Նախիջևանցի ու մոսկվացի հայտնի հայ դրամատեր Ժամհարյանը, Կայալյանը, Քիստյանը, Խրմաճյանը և ուրիշներ:

Արղությանը ներկայացած պայամանգրի էությունը հետևյալն էր. ընկերությունը, սեփական միջոցներով, առանց կառավարական նպաստի, պետք է կառուցեր էլեկտրաշարժ երկաթուղի, որը պիտի սկսվեր Բաթումից կամ Հայաստանին տրվելիք որևէ նավահանգստից, անցնելու էր Ճորոխի ձախ ափով, ապա՝ Օլթի գետի հովտով, Փենյաք գետի հովտով, Օլթիի ածխահանքերի մոտով, կտրելու էր Կարս-Սարիղամիշ երկաթուղին Սելիմ կայարանի մոտ և անցնելով Զարաբխանա ոսկեհանքերի և Զռնեխի հանքերի և Կաղզվանի ու Կողբի աղահանքերի մոտով՝ միանալու էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագծին, մոտավորապես Սարդարապատ կայարանում:

Այսպիսով, բացվելու էր նոր ճանապարհ Սև ծովից դեպի Թավրիզ, Երևանի վրայով, որը շուրջ 250 վերստով լինելու էր ավելի կարճ, քան Բաթում-Թիֆլիս-Ջուլֆա-Թավրիզ երկաթուղին: Տնտեսական տեսակետից ճանապարհը պիտի ունենար ահագին նշանակություն, պարսկաեվրոպական տրանզիտը ամբողջապես Վրաստանից պիտի անցներ Հայաստանին:

Ներկայացված պայմանգրի համաձայն, պետք է երկու տարի ժամանակամիջոց տրվեր հետախուզական աշխատանքների և երկաթուղագծի ու էլեկտրակայանների նախագծեր պատրաստելու համար: Ապա, չորս տարվա ընթացքում, պետք է շինվեր ու շարժման մեջ դրվեր երկաթուղին իր ամբողջ սարքով: Շարժիչ ուժ ստանալու համար պետք է օգտագործվեին Ճորոխ, Արաքս, Ախուրյան և Հրազդան գետերը, որոնցից ստացվելիք էլեկտրականությունը, երկաթուղուց զատ, պետք է բանեցներ ուրիշ նպատակների համար էլ:

Պայմանագրի նախագծի համաձայն երկաթուղու ամբողջ հասույթի 10 տոկոսը պետք է տրվեր պետությանը, ինչպես նաև էլէկտրակայանների 15 տոկոսը, էլէկտրական ուժը վաճառվելու էր կիլովատ-ժամը 4 ոսկի կոպեկով, իսկ արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ տեխնիկական կարիքների համար՝ 3 կոպեկ: Պայմանագիրը կնքվելու էր 55 տարով: 30 տարի անցնելուց հետո կառավարությունը իրավունք պիտի ունենար գնելու ամբողջ ձեռնարկությունը՝ երկաթուղին ու էլէկտրակայանները: Այդ պարագայում, կառավարությունը պետք է վճարեր մնացած տարիներին կոնցեսիոների ստանալիք օգուտի միջինը: Պայմանագիրը ստորագրելիս ընկերությունը պետք է մտցներ Հայաստանի գանձարանը 3 միլիոն ոսկի ռուբլի, որը պետք է ապահովեր մենաշնորհի բարեխիղճ  իրագործումը: Բացի այդ, ընկերությունը դնելու էր կես միլիոն ոսկի ռուբլի գրավ. Պայմանագրի կետերի լուրջ խախտման դեպքում զրկվելու էր գրավից:

Այս պայամանգիրը, հաղորդակցության նախարարության առաջարկությամբ քննվեց Հայաստանի Տեխնիկական ընկերության նիստերում և, ընդհանուր առմամբ, արժանացավ դրական գնահատության: Հետո, խորհրդակցության նյութ դարձավ հաղորդակցության, ելևմտական և արդարադատության նախարարությունների ու պետական վերահսկողության ներկայացուցիչների և մի շարք մասնագետների խառն նիստերում, որից հետո, հունիսի 29-ին, հաղորդակցության նախարարը նախագիծը ներկայացրեց նախարարների խորհրդին ի հաստատություն: Բաթում-Կարս երկաթուղագծի մասին կային և օտար առաջարկություններ. կառավարությունը գերադասում էր հայկական դրամագլուխը: Բացի այդ, նա կամենում էր, որ բաժնեթղթերի կարևոր մասը տրվի պետությանը, որով վերջինս դառնալու էր երկաթուղու սեփականատերերից մեկը:

Հայաստանի ժողովրդական տնտեսության մեջ աչքառու դեր էր խաղում և Խնամ. նախ. աշխատանքի բաժանմունքը, որ ամբողջ երկիրը պատել էր արհեստանոցների, գործարանների և աշխատանոցների ցանցով: Առ 1 օգ. բաժանմունքը ուներ հետևյալ ձեռնարկությունները: Երևանում ջուլհականոցը (կտավ), վերանորոգումների բաժին, կարուձևի արհեստանոց փականագործական, ատաղձագործարան. Սարիղամիշում՝ տախտակի սղոցարան, ջուլհականոց (կտավ), ատաղծագործարան, փայտի չոր թորման, որ պատրաստում էր սև ձութ, ածուխ, սոսինձ և այլն. Ալեքսանդրապոլում՝ ջուլհականոց (բրդեղեն), 2-րդ ջուլհականոց (կտավ, գուլպա): Կարսում՝ ջուլհականոց (բրդեղեն), կաշվեգործարան. Էջմիածնում՝ կոշկակարանոց, ջուլհականոց (կտավ), Դիլիջանում՝ ջուլհականոց (բրդեղեն), շինվածությունների արհեստանոց, կահկարասիքի արհեստանոց. Նոր Բայազեթում՝ կոշկակարանոց, ջուլհականոց (բրդեղեն). մանարան Բաշ Ապարանում, ջուլհականոց (բրդեղեն) Ջալալօղլիում, կոշկակարանոց Ղամարլուում, մանարան Սարդարապատում, բրուտանոց Յավարում և այլն: Կտավի, մահուդի, կոշկեղենի մի ահագին մասը երկրում հոգացվում էր այս արհեստանողներից. որբանոցների և բանակի սպիտակեղենը, վրայի հագուստը կարվում էին հայկական կտորներից: Լուրջ հաջողություն ունեին, հատկապես, կաշվեգործարանները. բաժանմունքը ձեռնարկել էր երկու մեծ գործարանների շինության գիտության վերջին հարմարություններով: Բաժանմունքի ղեկավարն էր Ակունյանը:

Պետական կարևոր գործոն էր և մայիսի 8-ին հաստատված «Գլխավոր ճարտարապետի վարչությունը» խնամատարության նախարարության կից՝ ակադ. Ալ. Թամանյանի ղեկավարության տակ: Այս հիմնարկությունը լինելու էր Հայաստանի վերաշինության կենտրոնական ազդակը: Ա. Թամանյանի հմուտ և անձնվեր ղեկավարության տակ մի շարք մասնագետներ կատարվում էին նախապատրաստական աշխատանքներ. ուսումնասիրվում էին Հայաստանի շինվածայութերերը, հավաքում նախանյութ, պատրաստվում վերաշինական ծրագրեր ու հատակագծեր: Ակադ. Թամանյանը կազմել էր Երևան քաղաքի բարեփոխված նոր հատակագծեր, պատրաստել էր տիպար գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ժողովրդական տների, պետական և հասարակական շենքերի հատակագծեր, որոնք բոլորն էլ հիմքում ունեին հայկական ազգային ոճը: Վարչությունը սկսել էր կառուցանել Երևանի մանրէաբանական հիմնարկության առաջին հիվանդանոցը, կազմակերպել էր գաջ այրելու գործարան, Անիի շրջանում ձեռնարկել էր հուշարձանների հավաքման, ցուցակագրության և պահպանման գործին:

Նույն խնամատարության նախարարության կից գործում էր և Գլխավոր բժշկաառողջապահական վարչությունը խնամատարության նախարարի օգնական բժ. Հ. Տեր-Միքայելյանի գլխավորությամբ: 1919 թ. սկզբին Հայաստանում կար միայն 9 հիվանդանոց 300 մահճակալով: Նույն տարվա վերջը արդեն գոյություն ուներ 30 հիվանդանոց 1600 մահճակալով, 5 բժշկական, 5 բուժակի կայան: 1920 թ. դրանց վրա ավելացան մի շարք ուրիշ նոր հիվանդանոցներ ու կայաններ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ջալալօղլիում և այլն: Կային պետական դեղատներ, որտեղից դեղ էր տրվում չքավորներին՝ ձրի, իսկ աշխատավորներին 50% զեղչով: Երևանում կար կենտրոնական դեղապահեստ: Մալարիայի դեմ պայքարելու նպատակով Երևանի, Իգդիրի, Էջմիածնի, Հրազդանի, Ղամարլուի շրջաններում գործում էին բժշկական թռուցիկ խմբեր և այցելու հիվանդանոցներ: Սկսվել էին ջրանցքային աշխատանքներ Ղամարլուի ճահիճների չորացման համար: Երևանում կազմվել էր հատուկ մի մարմին՝ «Տրոպիկ հիվանդությունների հանձնաժողով», որ ուներ տրոպիկական հիվանդանոց, կազմակերպեց «տրոպիկական ցուցահանդես», հրատարակեց «Մալարիա» պարբերականը և նպատակ ուներ կռվել մալարիայի դեմ: Հետագայում այս «Հանձնաժողովը» վերածվեց Տրոպիկական ինստիտուտի:

Տնտեսական տեսակետից կարևոր աշխատանք էր կատարվում գյուղատնտեսական ու պետական գույքերի նախարարության մեջ: 1920 թվի ամառը վերջացան Ս. Զավալիշինի ջրային ընդարձակ հետազոտությունները նախարարության հանքային բաժնի պետ Ս. Թուրյանի ղեկավարությամբ: Հրավիրվեցին մի շարք հեղինակավոր մասնագետներ՝ ինժ. Կարապետյանը, ինժ. Ն. Տեր-Միքայելյանը, ինժ. Մ. Տեր-Դավթյանը և ուրիշներ, որոնցից կազմված հանձնախմբերը այցելեցին Կաղզվանի աղահանքերն ու Փենեաքի ածխահանքերը և բերին մշակված զեկուցումներ աղի և ածուխի արտադրության և ածխացման մասին: Աղն էլ, ածուխն էլ շահագործվում էին կառավարության միջոցներով: Բացի այդ, ինժ. Կարապետյանը գիտական-հետախուզական ճամփորդությունը կատարեց Շիրակում, Նոր Բայազետում և Սևանի լճի շուրջը: Մասնավոր ուսումնասիրության ենթարկվեցին ցեմենտի, չեչաքարի, հանքային ներկերի վայրերը: Պիտի հետազոտվեին նաև Սուրմալուի ոսկետեղերը, Կաղզվանի զռնեխը, Շարուր-Դարալագյազի արծաթաարճճային հանքերը, տրոֆի. շրջանները, մի շարք շինարարական քարեր և այլն: Հաջորդող պատերազմական գործողությունները արգելք եղան ծրագրի մի մասի իրագործման: Այդ գործողություններին նաև զոհ գնացին ինժ. Լ. Խատիսյանը, ինժ. Մելիք-Այվազյանը և տեխնիկ Միքայելյանը, որոնք զբաղված էին ածուխի արտադրությամբ: Հանքերն արդեն տալիս էին օրական 5-6000 փութ ածուխ, որը Կարս-Մերդենիկ ձիաքարշով փոխադրվում էր Կարս՝ երկաթուղային կարիքների համար և մասամբ մեղմացնում վառելիքի սովը: Ադրբեջանը նավթ չէր տալիս, և կառավարությունը գերմարդկային ճիգ էր գործ դնում երկաթուղիները կենդանի պահելու համար:

Ամառը Լեռնային բաժինը ձեռնարկեց հանքային հին օրենքների փոփոխության և նոր օրենքների հիմքը կազմում էր հողերի պետականացման ընդհանուր սկզբունքը: Ըստ նոր օրենսդրության գետնի տակ գտնվող բոլոր հարստությունները համարվում էին պետական սեփականություն. մասնավոր սեփականատերերը իրավունք ունեին օգտվելու միայն գետնի երեսից: Նախկին իշխանության օրով կնքված բոլոր  պայմանագրությունները, 6 ամսվա ընթացքում, կորցնում էին իրենց արժեքը: Այդ անձանց իրավունք էր տրվում կնքել նոր պայմանագրություններ:

Լեռնարդյունաբերությունը զարագցնելու նպատակով կազմակերպվում էր հատուկ ընդունարան լեռնային բաժնի կողմից՝ հանքավայրեր գտնողների համար: Հանք գտնողներին պիտի տրվեր վարձատրություն հետևյալ հաշվով. ոսկի և թանկագին քար գտնողներին՝ 1000-5000 ռուբլի ոսկով. արժաթի, կլայեկի, նիկելի, ցինկի, արճիճի, բիսմուտի համար՝ 500-1000 ռ., ուրիշ հանքերի համար՝ 100-500 ռ., նավթի, քարածուխի համար՝ 300-3000 ռ. և այլն: Օրինագիծը մտցվեց նախարարական խորհուրդ և ընդունվեց հիմնական գծերով:

Լեռնային բաժնին կից հիմնվելու էր Հանքային խորհուրդ նախարարի նախագահության տակ: Սեպտերբերին կազմվեց Հանքային տեխնիկական հանձնաժողով՝ բաղկացած Լեռնային բաժնի վարիչ ինժ. Ս. Թուրյանից, օգնական ինժ. Ա. Տեր-Գրիգորյանից, ինժ. Մ. Տեր-Դավթյանից, ինժ. Ն. Տեր-Միքայելյանից և մեկ շրջանային ինժեներից: Հանձնաժողովի նպատակն էր հանքային և արդյունաբերական ուսումնասիրություններ կատարել երկրում: Նոյեմբերին ծրագրվում էր հրավիրել լեռնարդյունաբերողների խորհրդակցություն, ապա՝ համագումար և այլն:

Հասունացած և կարևոր գործ էր նաև Հողային հատուկ կոմիտեների կազմությունը հողային հարցի արագ լուծման համար: Կոմիտեները պիտի արձանագրեին և, սահմանված չափով, գյուղացիությունը պիտի բաշխեին մասնատիրական, եկեղեցական-վանական և լքյալ հողերը, ինչպես նաև պիտի լուծեին գյուղացիների և գյուղերի միջև եղած հողային վեճերը: Երևանի գավառի հողային հատուկ կոմիտեն-նախագահ՝ Ե. Սարգսյան, անդամներ Լ. Զոհրաբյան և հողաչափ Հակոբջանյան-մինչև օգոստոսի սկիզբը վերջացրեց աշխատանքները Ծաղկաձորի շրջանում, ուր պետականացրեց թրքական 12 լքված գյուղերի 16 234 դես. հողերը: Պղնձահանք (Միսխանկա) և գետի աջ ափի մացառապատ հողերը միացվեցին անտառին՝ ապահովելու համար վերջինիս անվտանգ աճումը: Անտառին միացվեց ընդամենը 11 233 դես.: Մնացած 5000 դեսյատինը բաժանվեց սակավահող Ալափարս, Գումիշ և Օզանլար գյուղերի միջև: Մաքրավանքը, Բաբաքշի և Ֆարուխ խիստ սակավահող գյուղերը որոշեց տեղափոխել ուրիշ տեղ՝ լքյալ հողառատ գյուղերը: Լուծեց նաև մի շարք միջգյուղային և գյուղամիջյան հողային վիճելի հարցեր և հաշտեցրեց հողային վեճերով պառակտված գյուղացիներին: Ծաղկաձորից հետո մարմինը անցավ Կոտայքի շրջանը:

Էջմիածնի հողային կոմիտեն- նախագահ՝ Հ. Արիստակեսյան, անդամներ՝ Մկ. Ստեփանյան և Ավ. Պողոսյան-գործը սկսեց հուլ. 19-ին և ավարտվեց համարյա ամբողջ գավառի աշխատանքները, բացի Սարդարապատի շրջանից: Կոմիտեն առանձնապես ուշադրություն դարձրեց հողազուրկ Ապարանի վրա, ուր հողը բավական էր հազիվ 10-12 000 հոգու, մինչդեռ ապրում էր 25 000 մարդ: Կոմիտեն որոշեց Ապարանի գյուղացիության կեսը տեղափոխել Կարսի նահանգ, որի կլիման նման է Ապարանի կլիմային և ուր կային բավական թվով լքյալ գյուղեր, մանավանդ հույների հեռանալուց հետո: Տեղափոխվող գյուղերի հողերը բաժանվելու էին մնացող գյուղերին: Փոխադրվելիս ենթակա գյուղերը տվել էին իրենց համաձայնությունը: Աշտարակի շրջանի Բաբաքշի, Քիրաջլու, Յաթաղլու և Քյալաշքյանդ լքյալ գյուղերի հողերը կոմիտեն տվեց մոտակա գյուղերին՝ պայմանով, որ Բաբաքշի և Քիրաջլու գյուղերում Ապարանի Նորաշեն, Սաչլու և Ղարաբուլաղ գյուղերի հողազուրկ գյուղացիները հիմնեն նոր գյուղ: Արագածի և մոտակա լքյալ արոտատեղիները տրվեցին հարևան գյուղերին: Լուծվեց և Եղվարդի շրջանի լքյալ գյուղերի հարցը:

Նոր Բայազետի հողային հատուկ կոմիտեի կազմն էր՝ Մեր. Օզանյան՝ նախագահ, Միք. Տեր-Գևորգյան և Ե. Նազարյան՝ անդամներ: Կոմիտեն հաջորդաբար այցելեց գավառի գյուղերը, տեղն ու տեղը ծանոթացավ հողային հարաբերությունների վիճակին: Որոշեց գյուղացիության մի մասը փոխադրել ուրիշ տեղ և հողազուրկ գյուղացիությանը բաժանել լճի հարավ-արևմտյան կողմը՝ Ելենովկայի և Նոր Բայազետի միջև գտնվող Էֆենդիքյանդ, Հաջի-Մուխան, Աղզիբիր և այլ լքյալ գյուղերի հողերը, ինչպես նաև Այրիջայի հարուստ արոտավայրերը և լճի հյուսիսային ափի լքյալ գյուղերի հողերը: Այս վերջին շրջանում հայ բնակչության տեղավորվելը ուներ և ռազմա-քաղաքական նշանակություն: Ելնելովկայի և մի շարք ուրիշ հողեր մտցվեցին պետական ֆոնդի մեջ:

Մյուս գավառներում հողային հատուկ կոմիտեները մասամբ կազմված էին, բայց դեռ գործի չէին անցած. որոշ գավառներում էլ չէին կազմված: Հողային հատուկ կոմիտեների գործունեությունը ղեկավարում էր ինքը՝ գյուղատնտեսական նախարարը պետական գյուղերի բաժնի վարիչ Պ. Կանդուրալյանի գործակցությամբ:

Գյուղատնտեսական նախարարության գործունեությունից հիշենք և պետական կաթնատնտեսական օրինակելի ագարակի և պանիր-յուղ գործարանի կազմակերպումը Կարսի շրջանի Պետրովկա գյուղում: Գործի ղեկավարությունը հանձնված էր փորձված կաթնատնտես Դիլանյանին: Ագարակի համար ձեռք էին բերված 300 ընտիր կովեր և անհրաժեշտ շենքերն ու գործիքները: Պատերազմը խանգարեց սկսված գործը:

Պատերազմը թույլ չտվեց ավարտել և Էջմիածնի առվի կառուցումը: Այդ նպատակով 23 միլիոն ռուբլու վարկ էր բացված և աշխատանքներն արդեն սկսված էին: Էջմիածնի առվի ավարտումը վիճակվեց խորհրդային իշխանությանը: Նույն իշխանությունը գլուխ բերեց և Շիրակի առվի շինությունը, որ նույնպես ծրագրված ու ձեռնարկված էր հանրապետության օրով:

Չի կարելի լռությամբ անցնել և Հայաստանի կոոպերացիայի վրայից, որ զարգանում էր արտակարգ թափով: Հուլ. 1-ը Հայաստանի կոոպերացիայի օրն էր, որ տոնվեց շքեղ հանդիսավորությամբ: Այդ օրը, Հայկոոպը – Հայաստանի կոոպերատիվների միությունը – իր մեջ պարփակում էր 350 կոոպերատիվ ընկերություններ: Հայաստանի կոոպերացիան ուներ 95 000 անդամ: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր անդամի ընտանիքը, միջին թվով բաղկացած էր 4 հոգուց, ապա՝ Հայկոոպը պարենավորում էր մոտ 400 000 մարդ: 1919 թվի ընթացքում Հայկոոպը կառավարությունից ստացել էր փոխառություն 5 միլիոն ռուբլի, բայց հասարակությունը մատակարարել էր 15 844 191 ռուբլու մթերք և ապրանք: 1920 –ին կառավարությունը տվեց՝ վարկ ու փոխառություն, 30 միլիոն ռուբլի: Կառավարության աջակցությամբ տնտեսական մի առաքելություն ուղարկվեց Իտալիա, որտեղից բերվեց խոշոր քանակությամբ հագուստեղեն և այլ կարգի ապրանքներ:

Աչքի առաջ ունենալով Հայկոոպի կարևոր տնտեսական դերը երկրում՝ կառավարությունը որոշեց բաց թողնել նրան, իբրև փոխառություն, ևս 250 միլիոն ռուբլի, մեկ տարի ժամանակով և տարեկան 6 տոկոսով: Այդ դրամով կատարվելու էին գնումներ ներքին շուկայում, գնվելու էին հում նյութեր արտասահմանի հետ ապրանքափոխություն անելու համար և զարգացվելու էին արդյունաբերական ձեռնարկները:

Հայկոոպի պաշտոնաթերթը Ս. Վրացյանի, ապա Դ. Անանունի խմբագրությամբ, ուներ և լուրջ գրական-հասարակական բաժին:

Առ 1 հուլիսի Հայաստանի վարկային կոոպերատիվների միությունը՝ Հայվարկը, ուներ 23 անդամ ընկերություններ. 12121 անդամով, 530 640 ռ. դրամագլխով. ընդունված ավանդը հասնում էր 1 142 812 ռ.: Փոխառություն էին կնքել 103 175 ռ., և անդամներին մինչև հունիսի 1 փոխատվություն արել 815 350 ռ.: Հիշյալ 23 ընկերություններից 10 հին գործող ընկերություններ էին, 11 վերաբացված, իսկ 2 նոր հիմնված: Այդ 23 ընկերություններին Հայվարկը 10 900 000 ռ. վարկ էր բաց արել, որից առ 1 հուլիսի օգտվել էին 7 ընկերությունները՝ 1 500 000 ռուբլու: Կառավարությունը Հայվարկին տրամադրել էր 40 միլիոն ռուբլու վարկ: Հայվարկն ընդունում էր առանց սահմանափակման զանազան ավանդներ և ընթացիկ հաշիվներ ու անարգել վճարում էր ինչ գումար և պահանջվեր: Իր անդամ ընկերությունների համար Հայվարկը տպագրել էր կանոնադրություն, մատյաններ, պատրաստել  բլանկներ ու դիվանական պիտույքներ և այլն:

Նույն եռանդն ու կենդանությունը տեսնում ենք և կյանքի մյուս ասպարեզներում: Ապրիլի 20-ի նիստում կառավարությունը որոշել էր կազմել միջվարչական հանձնաժողով՝ արագացնելու համար կառավարական մի շարք գործառությունների փոխանցումը գավառական ինքնավարություններին: Հանձնաժողովի նախագահ էր նշանակվել ներքին գործոց նախարարության տեղական ինքնավարությունների և քաղաքային բաժնի վարիչ Հ. Մելքումյանը, անդամներ գյուղատնտեսական նախարարությունից՝  Ստ. Կամսարականը, աշխատանքի՝ Վ. Բաբայանը, խնամատարության՝ Ռ. Քաջբերունին, հանրային կրթության՝ Պ. Սոտնիկյանը, արդարադատության՝ Հ. Ամիրխանյանը, հաղորդակցության՝ ինժ. Մելիք-Շահնազարյանը, ելևկտական՝ Պ. Զաքարյանը, Երևանի գավառային ինքնավարության նախագահ Հ. Թադևոսյանը: Միջվարչական հանձնաժողովի մի շարք նիստերում մշակել էր այն պայմանները, որոնց հիման վրա գավառային ինքնավարություններին պիտի փոխանցվեին կառավարական մի շարք իրավունքներ ու հիմնարկություններ:

Մինչև հունիսի 1 արդեն պետական բոլոր տարրական դպրոցները, բոլոր հիվանդանոցներն ու բժշկական կայարանները, գյուղատնտեսական ահեստները, սերմանման մարմիններն ու գյուղատնտեսական կայանները, միլիցիան և այլն փոխանցված էին գավառական ինքնավարություններին, որոնք հեզհետե կարևոր տեղ էին գրավում պետության կյանքում: Մասնավորապես հաջող գործունեություն էին ցույց տալիս Երևանի և Էջմիածնի գավառական ինքնավարությունները:

Արդարադատությունը զարգանում էր անկանոն պայմաններում: Սովորական դատարանները չէին վերածված, բայց դատերի մեծ մասը տեսնվում էր արտակարգ դատարանների միջոցով: Մայիսի 14-ից մինչև սեպտեմբերի սկիզբը Հայաստանում 234 քաղաքական բանտարկություններ էին կատարվել, որոնցից 120 հոգի ազատ էին արձակվել, 3 հոգի դատաարտվել մահաատժի և բանտերում մնում էին 15 հոգի բանտարկության դատապարտված, 50՝ քննության տակ, 61՝ տեղափոխված զանազան բանտեր և 5՝ արտաքսված Հայաստանից: Արտակարգ դատարանները ոմանք շփոթում են «չեկայի» հետ, որ բոլորովին սխալ է: Արտ. դատարանը զուտ դատաստանական ատյան էր, միայն պարզացված գործավարությամբ և մահապատժի իրավունքով: Նրա դերն էր արագ դատավարությամբ պայքարել պետական դավաճանության և չարաշահության դեմ: Երևանի արտ. դատարանի կազմն էր. նախագահ բժ. Հ. Տեր-Դավթյան, անդամներ՝ Ա. Աբեղյան և բժ. Հ. Մելիքյան, դատախազ՝ Խ. Թութունջյան: Մինչև հուլ. 15 Երևանի արտակարգ դատարնը 41 հոգի արտաքսեց հանրապետության սահմաններից: Ալեքսանդրապոլի արտակարգ դատարանի նախագահն էր Գ. Վարշամյանը, դատախազ՝ բժ. Բ. Բաղդասարյանը: Արտակարգ դատարաններ կազմվեցին նաև Կարսում, Դիլիջանում, Նոր Բայազետում: Բոլշևիկները անհեթեթ լուրեր էին տարածում նրանց մասին: Հուլ. 6-ին Մոսկվայի ռադիոն հեռագրում էր՝ «ամենքին, ամենքին, ամենքին», որ Երևանի արտակարգ դատարանում դատված են 22 կոմունիստներ, որոնցից 2 հոգի դատապարտված է մահվան, 4 հոգի՝ ցմահ տաժանակիր աշխատանքների և որ, իբրև թե, դատավարության օրը տպարանական, երկաթուղային և այլ ձեռնարկությանց բանվորները բողոքի գործադուլ են արել: Մոսկվայի մի ուրիշ ռադիո հաղորդում էր, որ Կարսի շրջանում գնդակահարված են 100-ից ավելի կոմունիստներ: Ավելորդ է ասել, որ երկուսն էլ շինծու էին:

Արտակարգ պայմաններում արդարադատության նախարարությունը զբաղվում էր երկրի դատաստանական գործի կարգավորումով: Նախարարության կից գործում էր մասնագետների մի հանձնաժողով օրենքների հայացման, նոր օրենքների մշակման, դատաստանական բառակազմ ու բառարան խմբագրելու համար: Օգոստոս ամսին Հայաստանի ամբողջ դատաստանական գործը արդեն՝ վերից վար՝ ազգայնացված էր: Օգոստոսի 18-ին հանդիսավոր կերպով բացվեց Կարսի շրջանային դատարանը՝ Հ. Մելքումյանի նախագահությամբ և Կայալյանի դատախազությամբ, որով Հայաստանը ունենում էր երեք շրջանային դատարաններ՝ Երևանի, Շիրակի և Կարսի:

Կրթական գործը առանձնապես խոստումնալից ապագա էր ցույց տալիս: Որոշվել էր 1920-21 ուս. տարում բանալ 1500 տարրական դպրոց, հիմնական բարեփոխության ենթարկել միջնակարգ կրթությունը, բանալ մի շարք մասնագիտական կրթարաններ: «Թուրքահայ», «ռուսահայ»  դպրոցների դրությունը ջնջված էր: Հունիսի 21-ին կառավարությունը վճռեց Երևան փոխադրել համալսարանը, հատկացնել նրան նախկին Ուսուցչական սեմինարիայի շենքը, մշակել, համալսարանի կանոնադրությունը, հրավիրել նոր ուսուցչապետներ և այլն: Այդ նպատակով կազմվեց մի հանձնախումբ վարչապետից, հանրային կրթության ու խնամատարության նախարարներից և ակդ. Ա. Թամանյանից: Համալսարանը պիտի բացվեր հոկտ. 16-ին, 4 բաժիններով՝ պատմա-լեզվաբանական, իրավաբանական, բնագիտական և ֆիզիկա-մաթեմատիկական: Հաջորդ տարվանից պիտի բացվեր և բժշկական բաժինը: Մինչև հոկտ. 1 արձանագրվել էին 632 երկսեռ ուսանողներ, որոնցից  403 հոգին կամենում էին մտնել բնագիտական բաժինը, շատերը գյուղատնտեսական մասը:

Երևանում բացվելու էր պետական երաժշտանոց, որի համար տեսուչ էր հրավիրվում Մոսկվայի երաժշտանոցի նախկին տեսուչ, հայտնի երաժշտագետ Իպոլիտով-Իվանովը, իսկ դասատուներ՝ ազատ արվեստագետ Բարխուդարյանը, նշանավոր երաժշտագետ Ալ. Սպենդիարյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ:

Պետական թատրոնի կազմակերպման համար, Պոլսում վաճառված դերասան Սևումյանի առաջարկով, մտածվում էր հրավիրվել Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից՝ հռչակովոր ռեժիսոր Գ. Բուրջալյանին և հայ բեմի առաջնակարգ ուժերին: 1920 թ. ամառվա ընթացքում դերասաններ Զարիֆյանը, Աբելյանը, Մայսուրյանը, ընտիր խմբով, Երևանում տվին մի երկար շարք ներկայացումներ և ունեցան բացառիկ հաջողություն:

Սեպտեմբերին Ալեքսանդրապոլում բացվելու էր ժողովրդական գեղարվեստի ուսումնարան, որի նպատակն էր լինելու արտահայտել ժողովրդական ստեղծագործության արժեքները՝ գորգագործությունը, ազնիվ մետաղների մշակույթը, պղնձի, քարի մշակման գործը, ձեռարվեստի և նուրբ գործվածքների մշակման գործը և այլն: Դպրոցին կից լինելու էր տնայնագործական կոմիտեի գեղարվեստական-արդյունաբերական թանգարանը, որի համար խնամ. նախարարության աշխատանքի բաժինը արդեն ձեռք էր բերել 100-ից ավելի ընտիր գորգեր, կարպետներ և ուրիշ գործվածքներ: Դպրոցի կազմակերպումը հանձնված էր խնամ. նախարարության աշխատանքի բաժնի վարիչ Ակունյանին:

Սեպտ. 27-ին Ալեքսանդրապոլում, մեծ հանդիսավորությամբ, բացվեց հաղորդակցության նախարարության տեխնիկական միջնակարգ դպրոցը ինժ. Շերմազանյանի տեսչությամբ: Մի ամիս հետո, հոկտ. 25-ին, Երևանում պիտի բացվեր երկրորդ տեխնիկական դպրոցը:

Կարսում բացվելու էր Ռազմական գիմնազը: Էջմիածնում վերաբացվելու էր ճեմարանը: Երևանում բացվելու էր միջնակարգ բժշկական վարժարան, Ուսուցչական սեմինար և այլն: Բացի այդ, Երևանում և ուրիշ քաղաքներում կային բազմաթիվ մասնագիտական դպրոցներ ու դասընթացներ, ինչպես սղագրության, կար ու ձևի, գորգագործության, զինվորական, հաշվապահական, բժշկական, երկաթուղային, մանկավարժական, երկրաչափական, հայերեն և օտար լեզուների, սկաուտական և այլն:

Գործում էին և այլազան ընկերություններ ու միություններ. Հայաստանի Գրական ընկերությունը, Հայաստանի Մարմնամարզական ընդահնուր միությունը, Հայաստանի Տեխնիկական, Իրավաբանական, Բժշկական, Ուսուցչական, Ուսանողական միությունները, Հրատարակչական ընկերությունը, Զորա-Տնտեսական ընկերությունը, Հայաստանի Շախմատիստների ընկերությունը, «Դյուցազն» մարզական ակումբը Երևանում, Երիտասարդ գրագետների «Պանդոկ» խումբը, Երևանի Հայուհյաց միությունը, Հայաստանի «Մանկապարտեզ» ընկերությունը, Վասպուրականի Կանանց միությունը, «Ռոստոմ» գրադարանը,  20-ի չափ հայրենակցական ընկերություններ և այլն:

Հանրային կրթության և արվեստի նախարարության կից ստեղծվեց Հայաստանի Հնրության պահպանության կոմիտե, որի նպատակն էր պահել Հայաստանի Հանության պահպանության կոմիտե, որի նպատակն էր պահել Հայաստանի հնությունները, թույլ չտալ, որ փչանան մարդկանց ձեռքով կամ բնական պատահարներից ու ժամանակի ազդեցությունից, փլչելու ենթակա շենքերին հասցնել ճարտարապետական օգնություն, ոչնչացման դատապարտված հնությունները նկատել, քանդակել և այլն: Կոմիտեին էր վերաահված նաև հսկողությունը պեղումների վրա կամ անմիջապես պեղումներ կատարելը:

Հնության պահպանության կոմիտեի կազմն էր. պրոֆեսորներ Գարեգին եպ. Հովսեփյան, ակադ. Ա. Թամանյան, Աշխարհաբերդ Մելիք Քալանթարյան: Կոմիտեի հետաքրքրության ու զբաղումի առաջին առարկան եղան Անիի ավերակները: Ճարտարապետ Թ. Թորամանյանի զեկուցման հիման վրա գյուղատնտեսության նախարարությունը որոշեց Հնության պահպանության կոմիտեին հատկացնել լքյալ Անի գյուղի հողերը, տրամադրեց սերմացու, և այդ գյուղը դարձավ Անիի հնությունների պահպանության կենտրոն: Ճարտ. Թորամանյանը հաստատվեց այնտեղ:

1920 թ. հուլիսին, Կոմիտեն կազմակերպեց գիտական մեծ արշավանք, որին մասնակցեցին ճարտարապետներ Թորմանյանն ու տեր Միքայելյանը, հայ արվեստին քաջածանոթ ռուս. ճարտարապետ Գալկինը, նկարիչ Եղիշե Թադևոսյանը իր աշակերտներ Մկ. Մարգարյանի և Ստ. Թարխանյանի հետ, նկարիչ Տեզոյան ամուսինները, «Գեղարվեստի» խմբագիր Գ. Լևոնյանը, լուսանկարիչ Վաղ. Հակոբյանը և ուրիշներ: Արշավախմբին մասնակցում էին և Կոմիտեի անդամներ Գարեգին եպ.-ը և Մելիք-Քալանթարյանը:

Արշավախումբը իր աշխատանքների կենտրոն ընդունեց Անին, որտեղից աստիճանաբար պիտի տարածվեր դեպի Կարս, Ալեքսանդրապոլ և Արարատյան դաշտ: Այսպիսով ամբողջ երկիրը հետազոտելուց հետո պիտի կազմեր Հայաստանի հնագիտական քարտեզը: Հետազոտությունները կատարվում էին նախօրոք մշակված ծրագրի համաձայն: Զուգընթացաբար հանվում էին որմնանկարներ, հատակագծեր, շենքերի և արժեքավոր տեղերի, խաչքարերի, արձանագրություն կրող քարերի ու շենքերի, քանդակների, պատկերների նկարները: Հավաքված նյութերը պիտի կենտրոնացվեին մայրաքաղաքի պետական թանգարանում, պիտի հիմնվեին տեղական թանգարաններ: Հնագիտական հետազոտությունների տեսակետից երկիրը բաժանվել էր մի քանի շրջանների, որոնք հետզհետե պիտի ուսումնասիրվեին:

Օգոստոսի կեսերին, Անիում, նախագահությամբ ակ. Ա. Թամանյանի, տեղի ունեցավ խորհրդակցություն կոմիտեի և արշավախմբի տեղ հասած անդամների՝ կատարվելիք աշխատանքների մասին. մշակվեց հետազոտությունների գործադրակիան ծրագիրը, բաժանվեցին աշխատանքները և ամեն ոք անցավ գործի: Մի խումբ՝ գլխավորությամբ Աշխարհբեգ Մելիք-Քալանթարյանի և մասնակցությամբ ճարտ. Ա. Գալկինի, ճարտ. Լ. Հակոբյանի, լուսանկարիչ Վաղ. Հակոբյանի, ուսանողուհիներ Ս. Մելիք-Քալանթարյանի, Վարս. Հովհաննիսյանի ու հեղ. Թառայանի և Ե. Ամիրյանի, Գ. Հակոբյանի ու Մ. Պապայանի մեկնեց Տիկոր, ուր աշխատեց մի ամիս, մինչև սեպտ. 18, պտտեց ծրագրված շրջանը՝ Անի-Արջու-Առիճ-Ալաման-Տիկոր-Խծկոնք (Բեշ-Քիլիսա)-ագարակ-Ջալալ-Ծպնի-Նախճավան-Բագարան-Մրեն, որտեղից դուրս եկավ Արագած կայարանը: Իր գիտական ճամփորդության ընթացքում խումբը հավաքեց մեծ քանակությամբ նյութեր, կատարեց հուշարձանների մանրամասն չափագրություն, քաշեց բազմաթիվ լուսանկարներ, հանեց քանդակների էստամպաժներ, գտավ մեծ թվով անհայտ արձանագրություններ: Բացի քրիստոնեական հնություններից, գլխավորապես 5-րդ և 7-րդ դարերի, խումբը երևան բերեց ընդարձակ ծավալով և լավ պահպանված նախապատմական հնագույն ժամանակների բնակության և շինությանց մնացորդներ: Միաժամանակ տեղերում ստեղծվեցին հատուկ մարմիններ՝ ապահովելու համար հնությունների պահպանությունը:

Անիում կատարվեցին և նկարչական աշխատանքներ՝ նկարիչներ Թարխարարյանը և Մարգարյանը նկարեցին բազմաթիվ արժեքավոր որմնանկարներ:

Երկրորդ խումբը՝ առաջնորդությամբ Գարեգին եպ.-ի մասնակցությամբ ճարտ. Եղիազարյանի և քանդակագործ Պետրինի մեկնեց Երևան հուլ. 8-ին և վերադարձավ 28-ին՝ ունենալով շատ հաջող աշխատանքներ:

Պատերազմը արգելք եղավ այս աշխպատանքներին էլ:

Կառավարության հոգածության առարկա էր և Սևանա լճի նավարկությունը: Սեպտեմբերից սկսած լճի վրա սկսեց բանալ առաջին շոգեմակույքը: Մի քանի շաբաթ հետո սկսեց գործել «Աշոտ Երկաթ»  «ռազմանավը» մի արագահարված թնդանոթով: Հիմք դրվեց մի ավելի մեծ շոգենավի շինության: Սեպտ. 3-ին Շահթաղթից Երևան բերվեց «Սեստրիցիա Նյուշա» շոգենավը, որ ռուսները տանում էին Վան և թողել էին կես ճանապարհին: Նավը վերանվանվեց «Գեղանուշ» և նույնպես պիտի փոխադրվեր Սևան: Ենթադրվում էր Սևանի բոլոր եզերքները կապել նավային հաղորդակցությամբ և հետզհետե զարգացնել նավագնացությունը:

Սևանի նավագնացության ոգին էին խորհրդարանի անդամ Տիգրան-Ծամհուրը-» Ծովակալ Սեյմուր»-և երիտասարդ ծովային սպա Թումանյանը, որ այնպես դաժանորեն սպանվեց բոլշևիկների ձեռքով՝ բոլորովին անմեղ տեղը: Հոր՝ պրոֆ. Թումանյանի հետ եկել էր Բեսարաբիայից: Հայրը վարում էր դրամների տպագրության գործը, ինքը, պատանի հոգու ամբողջ եռանդով, նվիրվել էր «հայկական նավատորմիղի» ստեղծագործման: Քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, բայց, Հայաստանի խորհրդայնացումից հետո անմիջապես, դարձավ քաղաքական առաջին զոհը:

Հուլիսին կառավարությունը հաստատեց ակադ. Ալ. Թամանյանի կազմած և նկարիչ Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի (գերբի) նախագիծը: Զինանշանի կենտրոնում կար վահանաձև մի տարածություն՝ բաժանված չորս մասի. յուրաքանչյուր մասում տեղավորված էր հին Հայաստանի չորս անկախ շրջաններից մեկի զինանշանը՝ Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյանց: Մեջտեղը դրված էին մեր ու փոքր Մասիսները և նրանց վերև՝ Հ. Հ. տառերը: Վահանի աջ ու ձախ կողմերը բռնել էին մի արծիվ և մի առյուծ, իսկ ներքևը՝ սուր, գրիչ, հասկեր և շղթա:

Այս զինանշանը լուրջ առաջկություններ առաջ բերեց թե կառավարության մեջ և թե դուրսը: Ոմանք դժգոհ էին, ընդհանրապես, զինանշանի գաղափարից ու ոգուց. վերարտադրում էր հին, անցած դարերի ավատապետական գաղափարները, չէր համապատասխանում նոր Հայաստանի պարզ, ռամկավար, առաջադեմ ոգուն: Ուրիշներ գտնում էին շատ ծանր, ահեղ, աշխարհակալական, միապետական ձգտումների արտահայտիչը: Կային մարդիկ էլ, որոնք նույնիսկ պատմական ճշտության հակասող փաստեր էին գտնում զինանշանի մեջ, օրինակ, որ հայոց մեջ ընդունված չի եղել երկգլխյան արշիվը, որ Տիգրան Մեծի թագի վրայի թռչունները եղել են աղավնիներ և որ արծիվներ և այլն: Եվ, վերջապես, զինանշանը չէր գոհացնում մարդկանց գեղասիրական ճաշակին. իր մեջ պարունակում էր շատ կենդանիներ. «Կատարյալ գազանանոց» սրախոսում էին ոմանք:

Բայց և այնպես, կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը, որովհետև պատմական կամ գեղագիտական ուսումնասիրություններ անելու ժամանակ չկար: Հաստատեց ժամանակավոր կերպով, մինչև Սահմանադիր ժողով, ինչպես և պետական դրոշը, բնականաբար:

Հուլիսի 5-ին հաստատվեց քաղաքացիության հետևյալ օրենքը.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ճանաչվում ամեն մի նախկին ռուսա և տաճկահպատակ, որը սույն օրենքի հրատարակման ժամանակ ապրում է Միացյալ Հայաստանի սահմաններում:

  1. Միացյալ Հայաստանի սահմաններում ապրող նախկին ռուսա կամ տաճկահպատաներն իրավունք ունեն սույն օրենքի հրատարակման օրից երեք ամսվա ընթացքում հրաժարվել Հայաստանի Հանրապետության հպատակությունն ընդունելու, խնդիր ներկայացնելով տեղական հաշտարար դատավորին:

Ծանոթություն. 1. Հայկական ծագում ունեցող զինապարտ տղամարդիկ կարող են հրաժարվել Հ. Հանրապետության հպատակություն ընդունելուց միայն զինվորական ծառայությունը ավարտելուց և կամ նրանից ազատվելուց հետո:

  1. Հպատակություն ընդունելուց հրաժարվող անձինք պարտավոր են հեռանալ Հայաստանի Հանրապետության սահմաններից: Հեռանալու ժամանակամիջոցը, գույքերի լիկվիդացիայի կարգը, ինչպես նաև այդ անձանց Հայաստանի սահմաններում մնալու թույլտվության կանոնները, կորոշվի հատուկ օրենքով:
  2. Հայաստանի Հանրապետության հպատակ են ճանաչվում հայկական ծագումը ունեցող այն անձինք, որոնք ծնված են Միացյալ Հայաստանի տերիտորիայում, բայց այժմ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս:

Ծանոթություն. 1. Ներիքն գործերի նախարարի թույլտվությամբ Հայաստանի Հանրապետության հպատակությունը կարող են ընդունել նաև ոչ հայ ծագում ունեցող այն անձինք, որոնց ծնողները կամ իրենք ծնվել են կամ մշտապես ապրած են եղել Միացյալ Հայաստանի սահմաններում, բայց սույն օրենքի հրատարակելու ժամանակ գտնված են եղել Հայաստանի սահմաններից դուրս, եթե այդպիսիները սույն օրենքի հրատարակումից հինգ տարվա ընթացքում ներքին գործերի նախարարության ներկայացնեն հայտարարություն իրենց հպատակ արձանագրվելու մասին:

  1. Բոլոր հայ ծագում ունեցող օտար պետության հպատակները և կամ այդ պետության քաղաքացիություն ձեռք բերողները իրավունք ունեն իրենց և կամ իրենց ոչ չափահաս երեխաների անունից սույն օրենքի հրատարակումից հինգ տարվա ընթացքում հայտարարելու իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելու մասին՝ ներկայացնելով այս առթիվ համապատասխան հայտարարություն երկու պետությունների ձեռնահաս հաստատությանց»:

Հպատակության հարցը երկար բանակցությունների նյութ դարձավ և հայ-վրացական խորհրդաժողովում, որ 1920 թ. ամառն էլ շարունակվեց: Վրացիները հակառակում էին, որ Վրաստանի հայ հին բնակիչները դառնան հայահպատակ: Նույն խորհրդաժողովում նորից քննվեց և չլուծվեց սահմանների խնդիրը. այս անգամ վրացիները պահանջում էին Լոռին մինչև Սանահին, ամբողջ Ախալքալաքի գավառը, Արդահան և Օլթի գավառների որոշ մասերը, Հայաստանի և Վրաստանի միջև կնքվեց դատական համաձայնություն և 1919 թվի տրանզիտի օրենքը լրացվեց բացատրությամբ, որով ռազմանյութն էլ փոխադրվելու էր սովորական ապրանքների պայամնով: Մինչև այդ վրացիները արգելքներ էին հարուցանում և, օրինակ, Հայաստանի համար Ղրիմից «Ֆենկիս» նավով եկած 3 միլիոն փամփուշտը բաց թողին միայն 30 %-ը ստանալուց հետո:

Օգոստ. 2 խորհրդարանի նիստում Հայաստանի ներքին շինարար աշխատանքը նյութ դարձավ վարչապետի ընդարձակ զեկուցման: Այդ նիստում, Սոց.-Հեղափ. կուսակցության Հայաստանի կազմակերպությունը հայտարարեց, որ ինքն այլևս ճանաչում է Հայաստանի անկախությունը: Պատգամավոր Ա. Խոնդկարյանը արավ հետևյալ հայտարարությունը.

«Մեր պատգամավորությունը Եվրոպայում միշտ խոսում էր եվրոպական պետությունների մանդատի մասին, իսկ այսօր քաղաքական պայմաններն այնպես են դասավորված, որ ժամանակն է հայտարարել.  թե մեր պետությունը պիտի ապրի ինքն իր ուժով: Այսօր, սակայն, ռուսական օրիենտացիան նույնպես գործնական օգուտ չի տալիս մեր պետությանը՝ թե Անդրկովկասում ստեղծված դրությամբ և թե իր ներկա իդեոլոգիայով: Եվ ես պարտք ունեմ հայտնելու այստեղ սոցիալիստ-հեղափոխական ֆրակցիայի կողմից, որ մենք եկած ենք այն համոզման, որ Անդրկովկասի դեմոկրատիան պիտի ապրի ինքն իրեն, անկախ: Յուրաքանչյուր ուժ, որ դեմ կգնա այդ շահերին, կդիտվի նույնպես թշնամի, և մենք դեմ պիտի գնանք նրան»:

Զգույշ ու վարանոտ՝ հայ սոցիալիստ-հեղափոխականներն ևս գալիս էին կանգնելու Հայաստանի անկախության տեսակետի վրա, և խորհրդարանը բուռն ծափերով ու բացականչություններով ողջունեց նրանց այդ քայլը: Այսպիսով, այսուհետև Հայաստանի բոլոր քաղաքական հոսանքները, բացի բոլշևիկներից, կողմնակից էին անկախության:

Հայաստանի բնակիչներից ոչ պակաս խանդավառ Հայաստանի անկախությամբ ոգևորվում էին և Հայաստանից դուրս գտնվող հայերը, որոնցից շատերը բուռն կերպով ձգտում էին տեղափոխվել Հայաստան: Կառավարությունը անհաշիվ համախոսականներ ու դիմումներ էր ստանում, պատգամավորություններ ընդունում Թուրքեստանից, Հյուսիսային Կովկասից, Դոնի շրջանից, Մոսկվայից, Սև ծովի եզերքներից, Բալկաններից, Միջագետքից, Պարսկաստանից, Հունգարիայից, անգամ Արժանթինից, որոնք խնդրում էին փութացնել ներգաղթը: Շատերը արտոնության էլ չէին սպասում, վերջացնում էին իրենց գործերը, ծախում-ծախծխում ունեցածը և շտապում Հայաստան: Շատերին հաջողվեց հասնել, ոմանք մնացին ճանապարհին, շատ շատերն էլ իրենց տեղերում, մեկնելու պատրաստ վիճակի մեջ: Երևանը հետզհետե դառնում էր համահայկական քաղաք: Մի ճամփորդ հետևյալ ձևով էր նկարագրում իր առաջին տպավորությունները Հայաստանի մայրաքաղաքից.

«Երբ մտնում էի Երևանի ակումբը, տեսա, որ իմ բոլոր ծանոթները Բաքվից, Թիֆլիսից, Ռուսաստանից, բոլորը այնտեղ էին: Տեր- Աստված,  ո՞վ չկար այնտեղ… Կազմվել էր մի հասարակություն, որի անդամները հենց նոր եկած, իրար գլխի թափված՝ ուզում էին ստեղծել նոր մայրաքաղաքի բնակչություն, նոր պետության քաղաքացիություն:

Երազ է թվում այս բոլորը:

Բայց սա իրականություն է: Հայաստանը կա և պիտի լինի:

Երևան եկողը առաջին անգամ մի բան կնկատե, որ ոչ ոք պարապ չէ: Ամեն մարդ բանի է, ամեն ոք շտապում է հոգածու հապճեպով: Չգօտեմ, Հայաստանի ավերմո՞ւնքն է շատ և հայ ժողովուրդը ջանում է վերաշինել հետո հայը մի հանգիստ սրտով եկել է իր ազատ տունը և իրեն տվել է մի մոլորության, որ հատուկ է հային. շինել, վերաշինել հենց միայն, կարծես, շինելու համար…

Ամբողջ ճամփան, որով եկա Հայաստան և անցա նրա մայրաքաղաքը, ավերի հետքեր էին և շինող ձեռքի արդյունքներ: Երևանի փողոցներում տեսնում ես այդ աշխատավոր ժողովրդին: Արևառ, խստադեմ, տրեխավոր, կարկատնած, մտահոգ. դա հայ գյուղացին է՝ գործի է գնում… Այժմ հայ գյուղացին հաց և պաշար ունի՝ արյուն-քրտինքի գնով ձեռք բերած»:

Անկախությունը խոսք չէր այլևս, այլ  իրական փաստ, որ վավերացվեց և միջազգային իրավական ճանաչումով: Օգոստ. 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը: Հայաստանը դաշնագիր կողմ էր: Ստեղծվում էր Միացյալ Հայաստան: Հայ նվիրական երազը իրականություն էր դառնում:

Ա. Ահարոնյանը հետևյալ ձևով էր ներկայացնում «պատմական անցքի նկարագիրը», կառավարության ուղարկած զեկուցման մեջ:

«Ճաշից հետո, ժամը 4-ին, երկու օթոմոբիլներով Փարիզից հասանք Սևր: Ինձ ուղեկցում էին խորհրդականներ Ա. Էնֆիաջյանը, բժ. Հ. Նևրուզը և 2 քարտուղարներ: Սևրի հախճապակու հայտնի գեղարվեստական գործարանի գլխավոր դահլիճը պատրաստված էր խաղաղության համաժողովն ընդունելու համար: Այդ դահլիճի ճակատի պատի տակ տեղ բռնեցին մեծ պետությանց  պատվիրակները. աջ ու ձախ պատերի տակ երկու թևերով՝ փոքր դաշնակիցների տեղն էր: Հայաստանը իր տեղն ուներ ձախ թևում, ռումենների և չեխոսլովակների կողքին, ուր և ես տեղ բռնեցի, մինչդեռ մեր խորհրդականներն ու քրտուղարները տեղավորվեցին պատվիրակների թիկնաթոռների հետևում, հատուկ պատրաստված աթոռների վրա: Իմ առջևի, սեղանի վրա, դրված էր փոքրիկ քարտ, որի վրա գրված էր Plénipotentqire d՛Arménie.

Ժամը 4-ից անց էր, երբ գրեթե նստած էին բոլոր պետությունների ներկայացուցիչները, ներս մտավ համաժողովի նախագահ պ. Ա. Միլըրան: Բացակայում էին միայն թուրք պատվիրակները, որոնք սպասում էին վարի հարկում: Նախագահի նշանի վրա նրանց ներս բերին, և առաջնորդող սպասավորը մուտքի առաջ կոչեց բարձրաձայն՝ «Messisurs les Plénipotentiqirs de I՛Empire Ottoman!»: Համաժողովը ոտքի կանգնեց ի նշան ողջույնի: Կարմիր ֆեսերը գլուխներին, երկար րետենգոտ  հագած՝ ներս մտան երեք թուրք պատվիրակները, գլխի թեթև շարժումով ողջունեցին համաժողովը և իրենց տեղերը գրավեցին հույներից վեր: Գրեթե անմիջապես հետո, ոտքի ելավ պ. Ա. Միլըրան և ասաց հետևյալը.

«Պարոննե՛ր, ես հայտարարում եմ, որ այս դաշնագիրը, որ պիտի ստորագրենք, միանգամայն համապատասխան է երկու կողմերի ընդունածին»:

Ապա հրավիրվեց թուրքերին ստորագրել: Ոտքի ելան Համդի փաշան, Ռիզա Թևֆիկ բեյը և Խալիլ բեյը, վճռական քայլերով մոտեցան կենտրոնի սեղանին, ուր դրված էր դաշնագիրը և իրար հետևից ջղուտ շարժումներով ստորագրեցին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները և նրանցից անմիջապես վերջը հրավիրեցին ինձ: Այսպիսով, պետությունների այբբենական անվանակարգի շնորհիվ Հայաստանի (Arménie) կրտսեր դաշնակիցների մեջ ստորագրեց առաջինը… Ես ստորագրեցի երեք ակտ. 1) Թուրքական դաշնագիրը. 2) Մեր երկրի փոքրամասնության վերաբերյալ դաշնագիրը Հայաստանի և մեծ պետությունների միջև և 3) Մի արձանագրություն Հեջազի և Հարավ-Սլավիայի բացակայության մասին: Օգոստ.15-ին, դաշնագիրն ստորագրելու առթիվ, հանդիսավոր մաղթանք կատարվեց Փարիզի եկեղեցում և ճաշից հետո, ժամը 4-ին, տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն մեր պատվիրակության շինության մեջ: Շատ մեծ բազմություն հավաքվեց տոնելու համար համազգային մեծ օրը՝ ճառեր ու բանաստեղծություններ արտասանվեցին, հայրենասիրական երգեր երգվեցին ի պատիվ Ազատ ևԱնկախ Միացյալ Հայաստանի»:

Սևրի դաշնագրի ստորագրության առթիվ ժողովներ ու հանդեսներ տեղի ունեցան և Հայաստանում, ուր նույնպես «ճառեր ու բանաստեղծություններ արտասանվեցին» և «հայրենասիրական երգեր երգվեցին», բայց արդեն շուտով պիտի երգվեին և ուրիշ տեսակ երգեր: Այս նշաներն արդեն երևում էին…