Շինարարական վերելք. Սիմոն Վրացյան

799

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԷ

1920 թվականը Հայաստանի Հանրապետության համար սկսվեց ըստ ամենայնի բարեհաջող պայմաններում: Ներքին կյանքում և սահմանների վրա տիրում էր համապետական խաղաղություն: Երկրի բոլոր մասերում ժողովուրդը զբաղված էր շինարարական աշխատանքով: Վերից վար, Խորհրդարանից սկսած մինչև վերջին գյուղական իշխանություն՝ ամենքը համակված էին իրենց պարտականության գիտակցությամբ. պետություն էին ստեղծում: Եվ պետությունը օր օրի վրա զարգանում ու կատարելագործվում էր: Նրանք, որ տեսել էին Հայաստանը մի տարի առաջ, այլևս չէին ճանաչում. այնքա՜ն փոխվել էր ամեն ինչ՝ երկաթուղու կայարանից ու փողոցային տեսքից սկսած մինչև հասարակության ինքնազգացումը: Այլևս ոչ ոք չէր կասկածում Հայաստանի ապագայի մասին. ամեն ոք աշխատում էր ամրացնել նրա հիմքը, արագացնել վերաշինությունը:

Այս տրամադրության արտահայտություն կարելի է համարել իրար հաջորդող համագումարներն ու հասարակական հանդեսները, որոնք սկսվեցին 1920 թ. առաջին օրերից: Արտակարգ ոգևորություն էր տիրում այդ հավաքույթներում, անհողդողդ հավատ դեպի հայ ժողովրդի ստեղծագործական հանճարը, դեպի հայ ժողովրդի Հայաստանի ապագան:

Հունվարի 4-ին, Երևանում, առանձին հանդիսավորությամբ, Խորհրդարանի ու կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և խուռն բազմության ներկայությամբ, բացվեց Հայաստանի քաղաքների անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս, Նոր Բայազետ, Աշտարակ և Ղամարլու քաղաքների ներկայացուցիչները:

Երևանի քաղաքագլուխ Մ. Մուսինյանը բանալով համագումարը և ընդգծելով, որ «մեր կյանքը մտնում է նորմալ հունի մեջ, և մենք կանգնած ենք վերաշինության ճամփի վրա»՝ պարզեց Հայաստանի քաղաքային ինքնավարությունների կատարելիք կարևոր դերը երկրի շինարարության գործում: Ապա ողջույնի ճառեր արտասանեցին վարչապետ Ա. Խատիսյանը, որ շեշտեց քաղաքների միություն կազմելու անհրաժեշտությունը, ներքգործնախարար Ա. Գյուլխանդանյանը, որ ծանրացավ քաղաքային ինքնավարությունների պետական դերի վրա, Խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի ներկայացուցիչ Ա. Աբեղյանը հիացումով մատնանշեց, որ «մի տարի առաջ մահվան դատապարտված ժողովուրդը այսօր ինքնավարությանց համագումար կազմակերպելու հնարավորությունն ունի»: Խորհրդարանի սոցիալիստ-հեղափոխական ֆրակցիայի ներկայացուցիչ Վ. Մինախորյանը կանգ առավ «ինքնավարությունների կատարելիք բացառիկ դերի վրա՝ պարզել մեր երկրի վիճակը, տալ մեզ նրա իսկական պատկերը»: Ա. Աստվածատրյանը խոսեց ՀՅԴ Երևանի Կենտրոնական կոմիտեի կողմից, Գ. Շահինյանը՝ Երևանի Բանվորական խորհրդի: Գրավոր ողջույններ էին ուղարկել Հայ ժողովրդական կուսակցության Հայաստանի Կենտրոնական կոմիտեն, Կարսի քաղաքային ինքնավարությունը  և ուրիշ հիմնարկություններ:

Հաջորդ, հունվարի 5-ի նիստում, Խորհրդարանին, կառավարության ու բանակին ուղղված ողջույնի բանաձևեր քվերակելուց հետո, համագումարը կազմեց նախագահություն՝ Մ. Մուսինյան, Հ. Բուդաղյան և Հ. Նոհրատյան և 5 հանձնաժողովներ. 1) Քաղաքների միության կանոնագիրը մշակող՝ Ա. Բարխուդարյան, Ա. Տիրոսյան, բժ. Նահապետյան. 2) Ելևմտական՝ Հ. Բուդաղյան, Լ. Թադևոսյան, Ա. Մարգարյան, Վ. Աֆրիկյան, Մ. Մարգարյան. 3) Պարենավորման՝ բժ. Մելքոնյան, Ավան-Յուզբաշյան, Մ. Տեր-Աբրահամյան, Չալդրանյան. 4) Կրթական-գեղարվեստական՝ Մելիք- Շահնազարյան, Ս. Մանուկօղլյան, Վ. Շահազիզ. 5) Գաղթականական՝ Ա. Շարաֆյան, Ա. Բարխուդարյան, Ա. Մարգարյան: Որից հետո, անցավ օրակարգի հարցերին՝ զեկուցումներին ու դրված խնդիրների քննության:

Համագումարը զբաղվեց Հայաստանի քաղաքների կյանքին վերաբերվող բազմաթիվ իրավական, տնտեսական, ելևմտական, պարենավորման, կրթական-մշակութային, բժշկառողջապահական, շինարարական խնդիրներով: Ներկայացվեցին խնամված ու լուրջ զեկուցումներ, մասնագիտական հետազոտություններ, բարենորգման հիմնական ծրագրեր: Աշխատանքներն անցան լարված հետաքրքրությամբ ու ջերմ մտերմական մթնոլորտում: Ընդունվեցին քաղաքային կյանքի բոլոր կողմերը շոշափող բանաձևեր: Եվ, ի վերջո, հիմքը դրվեց Հայաստանի Քաղաքների միության՝ մի կազմակերպություն, որին ահագին դեր էր վիճակվելու Հայաստանի կյանքում:

Երկու շաբաթ հետո, տեղի ունեցավ Հայաստանի իրական (de facto) ճանաչումը, որ աննկարագրելի ցնծությամբ ընդունվեց ժողովրդի կողմից:

Հունվարի 19-ին, Գերագույն խորհուրդը հանեց հետևյալ որոշումը.

«1. Հայկական պետության կառավարությունը ճանաչված է (de facto)

  1. Սույն ճանաչումը չի կանխորոշում այս պետության ապագա սահմանների խնդիրը:

Հունվարի 23-ին ճանաչման լուրը ստացվեց Երևանում և կայծակի արագությամբ տարածվեց հասարակության մեջ: Մի ժամ հետո ամբողջ քաղաքն արդեն ոտքի վրա էր: Ժամը 3-ին քաղաքի պարետի շենքի առջև խռնվեց ահագին բազմություն. եկավ և զորքը նվագախմբով: Պարետ Ա. Շահխաթունին մի ոգևորված ճառ խոսեց օրվա նշանակության մասին և առաջարկեց ծնկի գալ ի հարգանս Հայաստանի ազատության զոհերի: Զորքը և բազմահազար բազմությունը մի մարդու պես լուռ իջան ծնկի: Ապա զորքն ու հասարակությունը, նվագով, դիմեցին դեպի Խորհրդարան, ուր պատշգամբից, հուզված խոսք ասաց նախագահ Ավ. Սահակյանը: Այստեղից, բազմությունը շարժվեց դեպի կառավարության շենքը և խանդավառ ցույցեր տարավ: Վարչապետ Ա. Խատիսյանի ճառի միջոցին թնդանոթները ավետեցին ժողովրդի ուրախ լուրը:

Այնուհետև, զորքը՝ ձիավոր ու հետևակ, նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր շքերթը անցավ Երևանի փողոցներով՝ ժողովրդի ցնծագին ծափահարությունների տակ: Քաղաքն ընդունել էր տոնական կերպարանք: Տներն ու խանութները զարդարված էին դրոշակներով ու գորգերով: Երեկոյան եղավ հրավառություն, իսկ կայարանից «Ազատամարտ» զրահագնացքը լուսավորում էր քաղաքը:

Ամբողջ օր, մինչև ուշ գիշեր, մայրաքաղաքը տենդագին վիճակի մեջ էր: Երկրի զանազան կողմերից և արտասահմանից տեղում էին շնորհավորական հեռագրեր: Հեռագրեր ստացվեցին և օտար պետությանց Անդրկովկասի ներկայացուցիչներից, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարաններից ու կառավարություններից: Համաժողովրդական ցույցեր ու հանդեսներ եղան և գավառում: Մասնավորապես, շքեղ էր հանդեսը Կարսում. հունվարի 24-ին, ուր տեղի ունեցավ համաժողովրդական միտինգ ու զորահանդես: Անկեղծ ու անբռնազբոսիկ խանդավառությամբ էր տոնում ժողովուրդը իր անկախության ճանաչումը:

Հունվարի 26-ին Երևանաում գումարվեց Արհեստակցական միության խորհրդի անդրանիկ նիստը, մասնակցությամբ 13 միությանց 38 ներկայացուցիչների՝ կոոպերատիվների, ավտոբաժնի, դեղագործների, ուսուցչական միության, փոստ-հեռագրական պաշտոնյաների, քաղաքային ինքնավարության ծառայողների, բանկային ծառայողների, կաշվի գործարանի աշխատավորների, երկաթուղային բանվորների, ջուլհականոցի, տպագրական բանվորների, հացթուխների և որբանոցների ծառայողների միությունների:

Ժողովը քննեց ու վավերացրեց Միության կանոնադրությունը և ընտրեց Միության գործադիր մարմին, որի մեջ մտան՝ Ա. Աղաջանյան, Տ. Մուշեղյան, Պոպով, Մ. Աբգարյան, բժ. Բ. Նազարյան, Ս. Վարդիկյան, Գ. Տեր-Զաքարյան և Ա. Հախվերդյան:

Ժողովի զբաղումի առարկա եղավ նաև Հայաստանի դե ֆակտո ճանաչումը: Ընդունվեց մի բանաձև, որի մեջ արտահայտվում էր հայ աշխատավորության վերաբերումը. «Միությունների միության անդրանիկ խորհուրդը,- ասում էր բանաձևը,- ողջունում է հայ աշխատավորության և նրա կառավարության այս հաղթանակի համար, որը հաղթանակի մի քայլ է հայ քաղաքական ազատագրության տեսակետից: Միությունների միության խորհուրդը հավատում է, որ ստացված ազատությունը ծառայի որևէ իմպերիալիստական պետության շահերին և Հայաստանի կառավարությունը թույլ չի տա, որ ստացված ազատությունը ծառայի որևէ իմպերիալիստական պետության շահերին և Հայաստանի պետական նավը կտանի դեպի Հայաստանի աշխատավորության բարօրությանն ու սոցիալիստական նոր հաղթանակներ և կջանա Հայաստանի ներկա սահմանների մեջ առնել նաև Տաճկահայաստանի այն մասերը, որոնք հանդիսանում են հայ աշխատավորության հայրենիքը»:

Քիչ վերջ ստավեց և զորավար Դենիկինի ճանաչումը: Հարավային Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի զինվորական ներկայացուցիչը Հայաստանում՝ գնդապետ Զենկևիչը գրում էր փետրվարի 10-ին. «Պատիվ ունեմ տեղեկացնելու Հայաստանի կառավարության Մեծ Բրիտանիայի անդրկովկասյան կոմիսարի և Թիֆլիսի մեր ներկայացուցչի միջոցով հին տոմարով հունվարի 21-ին (նոր տոմարով՝ 3 փետրվար) ինձ ուղարկված մի հեռագրական հաղորդագրությունը, որով հայտնվում է, թե Հարավային Ռուսաստանի զինվորական ուժերի գլխավոր հրամանատարը ճանաչում է փաստորեն գոյություն ունեցող Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները: Ուրախ եմ առիթից օգտվելով հիշեցնելու, որ Փարիզում դաշնակիցների կողմից ընդունված կատարելապես միևնույն ակտը Հայաստանի վերաբերմամբ զոր. Դենիկինի կողմից իրականացված էր դեռ 1919 թ. օգոստոսի 20-ին (հին տոմարով), երբ Հայաստանի կառավարության մոտ նշանակում էր իր զինվորական ներկայացուցչին»:

Պետք է ասել, որ հայերի մեջ անխախտ համոզում էր տիրում, որ Կամավորական բանակը Հայաստանի նկատմամբ ունի առանձին վերաբերում: Այդ համոզումը ամրանում էր և զորավար Դենիկինի մի շարք համակրական արտահայտություններով ու կարգադրություններով: Այսպես, 1919 թ. նոյեմբերի 9-ին նա հրատարակել էր իր ծանոթ հրամանը, որի մեջ ասում էր, թե նկատի ունենալով ադրբեջանյան իշխանությունների թշնամական վերաբերումը դեպի ռուս բանակը և նկատի ունենալով ադրբեջանյան զորքերի դավադիր հարձակումը Հայաստանի հողերի վրա՝ հրամայում եմ ադրբեջանյան զորքերի մեջ գտնվող ռուսական ծառայության բոլոր սպաներին հեռանալ նրանց շարքերից»:

Քաղաքական տեսակետից, սակայն, զորավար Դենիկինը դեպի Հայաստանը ցույց էր տալիս նույն վերաբերումը, ինչ որ և դեպի Ադրբեջանն ու Վրաստանը: 1919 թվի հուլիսի 2-ին նա այսպիսի հրահանգ էր տալիս զորավար Բարատովին, որը գնում էր Թիֆլիս՝ բանակցելու անդրկովկասյան հանրապետությունների հետ.

«Կատարելապես համակրելով հայ ժողովրդի ձգտումներին՝ միանալու ազգային սահմանների մեջ և համարելով, որ հայերը իրենց պատմական ու տնտեսական շահերով սերտ կերպով կապված են Մեկ, Անբաժան Ռուսաստանի հետ, որի սահմանների մեջ է մտնում Հայաստանի ամենից ավելի ծաղկած մասը, Հարավային Ռուսուստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը նույն ձևով, ինչպես և Վրաստանի ու Ադրբեջանի վերաբերմամբ, ընդունում է հայկական շրջանների անջատ ինքնուրույն կառավարությունը, մինչև համառուսական իշխանության վերջնական հաստատումը, առանց ունենալու որևէ հարձակողական դիտավորություն Հայաստանի վերաբերմամբ, բայց միշտ մնալով կանգնած ռուս պետականության միության տեսակետի վրա»:

Նույն միտքը մենք տեսնում ենք արտահայտված և հրապարակորեն: 1920 թ. հունվարի 16-ին, Գերագույն կրուգում արտասանած ճառում զորավար Դենիկինը, հետևյալ ձևով էր բնորոշում իր վերաբերումը դեպի Ռուսաստանից անջատված հողամասերը.

«Դաշնակիցների այն առաջարկին, որ որոշեմ իմ վերաբերումը դեպի ծայրամասերը, ես տվեցի որոշ և պարզ պատասխան:

Առաջին՝ ես ճանաչում եմ բոլշևիկների դեմ կռվող ծայրամասերի իրական կառավարությունների գոյության փաստը:

Երկրորդ՝ ծայրամասերի նկատմամբ Ռուսաստանի ունենալիք ապագա հարաբերությունները սահմանվելու են համառուսական կառավարության և ծայրամասերի կառավարությունների միջև կնքվելիք պայմանագրով, ընդսմին թույլ է տրվում դաշնակից պետությունների միջնորդությունը:

Երրորդ՝ որովհետև հունվարի 1-ին Վեհաժողովի կողմից հայտարարված վերաբերմունքը դեպի Ադրբեջանն ու Վրաստանը առիթ տվեց կարծելու, թե այդ նորակազմ պետությունների անկախության հայտարարությունն է, ես դիմեցի բողոքով, բայց այսօր պաշտոնական բացատրություն ստացա, թե պետությունները ճանաչել են միայն փաստական կառավարության և ոչ ծայրամասերի ինքնուրույնությունը: Այս անհանդուրժողություն չէ. ռուս պետության բարձր շահերի պաշտպանություն է, և այս պատասխանը բնավ չի ժխտում այս հիմունքներով բարի հարևանական հարաբերություններ հաստատելը»:

Հարաբերությունները, սակայն, Հայաստանի ու Կամավորական բանակի, ինչպես և Դոնի, Կուբանի ու Թերեքի կառավարությունների միջև մնացին բարեկամական:

Մարտի 7-ին Երևան հասավ Գերագույն կրուգի պատվիրակությունը՝ Կովալ (Դոն), Զոզուլյա (Կուբան), Բիգաև (Թերեք)՝ նպատակ ունենալով սերտ համագործակցություն հաստատել երկու կողմերի միջև: Երևանում պատվիրակությունը գտավ սրտագին ընդունելություն: Մարտի 8-ին կառավարության հետ ունեցավ խորհրդակցություն և դրեց մի շարք հարցեր. 1) հակաբոլշևիկյան մեկ ճակատի ստեղծում, 2) փոխադարձ օժանդակություն, 3) նահանջի դեպքում արդյոք կամավորականները կարո՞ղ են ընդունվել Հայաստանում և այլն: Հայաստանի աշխարհագրական դիրքը ինքնին արդեն պատասխանում էր տրված հարցերին:

Բնորոշ ու հետաքրքրական է և մի ուրիշ այցելություն:

Կաթողիկոսին այցելելու պատրվակով, հունվարի 1-ին Երևան եկավ Պոնտոսի հույն մետրոպոլիտ Խրիսանֆը, որ պոնտոսյան պատվիրակության նախագահն էր Փարիզում և Վենիզելոսի մոտիկ գործակիցը: Պոնտոսի հույները պահանջում էին Պոնտոսի անջատումը Թուրքիայից և առանձին հունական պետության ստեղծումը: Այդ պետության մեջ պիտի մտներ Ռիզա-Սինոպ ամբողջ տարածությունը Պոնտոսյան լեռների և Սև ծովի միջև՝ 1.220.000 բնակչությամբ, որից 800.000 մահմեդական, 350.000 հույն և 70.000 հայ: Խրիսանֆը եկել էր որոշելու Հայաստանի և Պոնտոսի փոխհարաբերությունները և առաջարկում էր. կամ 1) Պոնտոսի հանրապետությունը կկազմի մեկ դաշնակից մասը Հայաստանի Հանրապետության, կամ 2) Պոնտոսը կլինի ինքնուրույն և Հայաստանի հետ կմիանա համադաշնակցային հիմունքներով և կամ 3) անկախ և հավասարազոր Պոնտոսն ու Հայաստանը իրար հետ կկապվեն դաշնակցությամբ կամ զինակցությամբ: Վերջին դեպքում, Հայաստանը կունենա սեփական ծովային ելք Աթինեում:

Խրիսանֆին Երևանում ցույց տվին սիրալիր ընդունելություն, և մի շարք խորհրդակցություններից հետո երկուստեք ընդունվեցին հետևյալ պայմանները. 1) Պոնտոսը կառավարվելու էր սեփական Սեյմի միջոցով. 2) Հայկական և Պոնտոսյան պատվիրակությունները Փարիզում գործելու էին համերաշխ. 3) Ի հարկին, եթե Հայաստանի ու Պոնտոսի անկախությունը մերժվի, հայերն ու հույները միասին քայլեր էին առնելու, մինչև ապստամբություն՝ հարկադրելու համար, որ ճանաչվի ընդհանուր անկախությունը. 4) Սույն պայմանագրությունը պետք է համաձայնեցվեր հույն և հայկական պատվիրակությունների գործունեությանը Փարիզում, ինչպես և վեհաժողովի որոշելիք սահմաններին:

Սակայն, մենք շեղվեցինք պատմության ընթացքից:

Հունվարի 31-ին, Ալեքսանդրապոլում՝ «Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում» տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը: Երևանից ու Թիֆլիսից, հատուկ գնացքներով, եկել էին բազմաթիվ հյուրեր՝ Խորհրդարանի նախագահ Ավ. Սահակյանը, վարչապետ Ա. Խատիսյանը, բրիտանական ներկայացուցիչ Օ. Ուորդրոպը, Հայաստանի գերագույն կոմիսար գնդ. Հասկելը իր կնոջ ու շքախմբի հետ, ֆրանսիական ներկայացուցիչ կապ. Պուադեբարը, Կամավորական բանակի ներկայացուցիչ գնդ. Զենկևիչը, պարսից ընդհանուր-հյուպատոս Ասադուլլա խանը, Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Հախվերդովը, հանրային կրթության և արվեստի նախարար Ն. Աղբալյանը, արդարադատության նախարար Ա. Չիլինգարյանը, ելևմտական նախարար Ս. Արարատյանը, խնամատարության նախարարի օգնական բժ. Հ. Տեր-Միքայելյանը, Խորհրդարանի անդամներ բժ. Հ. Տեր-Դավթյանը, Մ. Հարությունյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Վ. Մինախորյանը, Ս. Վրացյանը, Ա. Խոնդկարյանը, Ա. Սաֆրաստյանը, Տ. Ծամհուրը, Ա. Ղազարյանը, զոր. Նազարբեկյանը, զոր. Հախվերդյանը, համալսարանի ուսուցչապետները՝ պրոֆ. Ղամբարյանի գլխավորությամբ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը, պրոֆ. Ա. Խաչատրյանը և շատ ուրիշ պետական ու հասարակական, գրական ու գիտական դեմքեր: Ալեքսանդրապոլի քաղաքային վարչությունը կազմակերպել էր փայլուն ընդունելություն: Կայարանում պատրաստված էր թեյասեղան: Համալսարանի դահլիճը զարդարված էր կանաչով ու դրոշակներով: Նվագում էր զինվորական խումբը:

Հանդեսը բացեց համալսարանի տեսուչ վաստակավոր գիտնական պրոֆ. Իվ. Ղամբարյանը, որից հետո նախարարը Ն. Աղբալյանը, մի ընդարձակ ու կուռ ճառով վեր հանեց համալսարանի դերը հայ պետականության և մշակույթի զարգացման գործում: «Այն ջահը,- ասաց նա,- որ մենք վառում ենք այսօր Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի երբեք և կլուսավորի Առաջավոր Ասիան»: Եվ մաղթեց, որ Հայաստանի համալսարանը լինի մատչելի ամենքի համար, մտնելը լինի հեշտ, ելնելը՝ դժվար, որ ուսումը լինի ձրի, գիտությունը վարվի գործնական եղանակով, որ հիմք դրվի համայնական գիտական աշխատանքին Հայաստանում:

Հանրային կրթության նախարարից հետո պրոֆ. Ղամբարյանը արեց համալսարանի կազմակերպության պատմությունը, որից հետո խոսեցին Ավ. Սահակյանը, Ուորդրոպը, գնդ. Հասկելը, Պուադեբարը, գնդ. Զենկևիչը, Ասադուլլա խանը, Հախվերդովը, զոր.Նազարբեկյանը:

«Մի քանի օր առաջ,- ասաց Ուորդրոպը,- մենք տոնեցինք մի ուրիշ մեծ դեպք՝ Հայաստանի անկախության դե ֆակտո ճանաչումը: Ես կարծում եմ, որ առաջին համալսարանի բացումը նույնքան կարևոր է, որքան և անկախությունը: Պատմության մեջ եղել են դեպքեր, որ պետությունները կարճ ապրեն, բայց չի եղել դեպք, որ մի անգամ բացված համալսարանը կարճ կյանք ունենա… Ոմանք մեծ կարևորություն էին տալիս դե ֆակտո բառին. Հայաստանը, հանձնի Էջմիածնի ճեմարանի, Վիեննայի ու Վենետիկի վարժարանների արդեն իսկ դե ֆակտո գոյություն ուներ, և դուք այնքան շատ գիտնականներ և ուսուցչապետներ ունեք, որքան որ պետք կլինի ամբիոնների համար»:

Գնդապետ Հասկել. «Ես բախտավոր եմ ներկա լինելու այս պատմական դեպքերին: Անօգուտ է ասել, որ պատրաստ չեմ խոսելու այս նյութի մասին, որն իմ գործունեության սահմանից դուրս է: Ներկա Հայաստանում կատարվող դեպքերը, աչքի առաջ ունենալով պետության հանդիպած դժվարությունները, շատ նշանակալից են: Եվ մեծ գոհացում է ներշնչում, որ գոյության ծանր հոգսերը չեն ճնշում ժողովրդի կրթության ծարավը: Եվրոպայի և Ամերիկայի շատ քաղաքներում մենք հանդիպում ենք շատ հայերի, որ համալսարաններում բարձր կրթություն են ստանում, և այդ տվել է իր պտուղները: Մի շարք աչքի ընկնող հայեր կան, որ կարևոր տեղ ունեն և որոնց անունները հայտնի են ամենքին: Այդ համալսարաններում սովորող անձինք հաջողություն են ունեցել, բայց Հայաստանի համալսարանում մարդիկ պետք է դաստիրակվեն ավելի հայրենասեր ոգով, քան արտասահմանում: Գլխավոր բանը, որով ևս շատ շահագրգռված եմ, որ հայ ժողովուրդը լինի անկախ քաղաքականապես, տնտեսապես և կրթությամբ (բուռն ծափեր): Ես հույս ունեմ, որ կարճ ժամանակում Հայաստանը բոլորովին ազատ կլինի և կախում չի ունենա ոչ ոքից (բուռն ծափեր): Եթե կա որևէ կարիք, որին պետք լինի օգնել Ամերիկայի կամ իմ ներկայացրած ուրիշ պետություններից, ես հաճույքով կիմացնեմ նրանց և կհաջողացնեմ նրանց օգնությունը: Ճանաչելով այս գործի գլուխ կանգնածներին՝ ես համոզված եմ, որ համալսարանը անպայման հաջողություն կունենա»:

Հասկելի ճառը հանդիսականների կողմից ընդունվեց առանձին ոգևորությամբ: Ջերմ խոսքերով արտահայտեցին և մյուս հռետորները, որոնց ճառերը ընդհատվում էին որոտընդոստ ծափերով:

Ողջույնի ճառերից հետո, Ս. Տիգրանյանը կարդաց արտասահմանից  և Հայաստանի զանազան կողմերից ստացված հարյուրավոր հեռագրերից մի քանիսը: Շնորհավորում էին Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Գ. Մախարաձեն, Վրաստանի հանրային կրթության նախարարի պաշտոնակատար Ցինցաձեն, զորավար Կարալովը և ուրիշներ:

Ապա համալսարանի ուսուցչապետ Մեսրոպ եպիսկոպոսը ակադեմիական ճառ արտասանեց՝ «Հայ վանքերի նշանակությունը Հայաստանի կուլտուրական գործերում» նյութի մասին, որից հետո խոսեցին բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը, Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ՝ Հ. Մելքոնյանը, Երևան քաղաքի ներկայացուցիչ Ա. Շարաֆյանը, Կարսի քաղաքագլուխ Հ. Նորհատյանը, Նոր Բայազետի քաղաքագլուխ Վ. Աֆրիկյանը, Ա. Խոնդկարյանը սոցիալիստ-հեղափոխականների և Ա. Ղազարյանը՝ ՀՅԴ կուսակցությունների կողմից և մի շարք ուրիշ հիմնարկությունների ու միությունների ներկայացուցիչներ: Հայտարարվեց ցանկը համալսարանին արված նվերների՝ մեկ միլիոն ռուբլի Մայիլյան եղբայրներից, 100.000 ռուբլի «Շիրակ» կոոպերատիվից: Ալեքսանդրապոլում սկսվել էր ժողովրդական հանգանակություն: Հանդեսի օրվա առթիվ հրատարակվել էր միօրյա թերթ «Հայաստանի Համալսարան» անունով:

Հանդեսի ամբողջ տևողության ընթացքում, դուրսը խռնված էր մեծ բազմություն. շատերը եկել էին շրջակա գյուղերից: Հասարակությունը խանդավառ ցույցերով ընդունեց հանդեսից հետո դուրս եկող հյուրերին: Այնտեղ ևս խոսեցին օտար պետությանց ներկայացուցիչները, վարչապետ Խատիսյանը, ՀՅ Դաշնակցության կողմից Ս. Վրացյանը և ուրիշներ: Հավաքված բազմությունը հանեց մի բանաձև, որով պահանջում էր դաշնակիցներից Թուրքահայաստանի հարցի լուծումը:

Հանդեսից հետո, Քաղաքային ակումբի դահլիճում տեղի  ունեցավ ճոխ հացկերույթ քաղաքագլուխ Հ. Մելքոնյանի նախագահությամբ, ուր նույնպես եղան բազմաթիվ ճառախոսություններ հայ և օտար ներկայացուցիչների կողմից: Երեկոյան, առևտրական դպրոցի սրահում, կայացավ գրական երաժշտական երեկույթ և պարահանդես, որ մեծ աշխուժով անցավ և տևեց մինչև ուշ գիշեր: Պարահանդեսից հետո հյուրերը արտակարգ գնացքով վերադարձան Երևան:

Խոշոր դեպք էր Հայաստանի բժիշկների անդրանիկ համագումարը, որ բացվեց Երևանում ապրիլի 18-ին: Քաղաքային տան դահլիճը լիքն էր հանրապետության բոլոր ծայրերից եկած պատգամավոր բժիշկներով, բուժակներով, դեղագործներով, անասնաբույժներով, ունկնդիր հասարակությամբ: Եկել էին 72 պատգամավորներ:

Համագումարը բացեց կազմակերպիչ հանձնաժողովի նախագահ բժ. Հ. Տեր-Միքայելյանը, վարչապետ Խատիսյանը, Երևանի քաղաքագլուխ Մուսինյանը և բազմաթիվ ներկայացուցիչներ զանազան հիմնարկությունների և միությունների կողմից:

Հանդիսավոր մասից հետո համագումարը կազմեց իր նախագահությունը՝ նախագահներ՝ բժ. Տեր-Միքայելյանը, Պապիկյանը և Լազարյանը, քարտուղարներ՝  Զարիֆյան, Բաղդասարյան, Ավալյան, Տեր-Պողոսյան, Ավետիսյան, Քալանթարյան:

Հաջորդ օրը համգումարը բաժանվեց 5 հատվածի՝ 1) քաղաքական հարցերի՝ 29 բժիշկ, 2) զինվորական՝ 20, 3) դեղագործական՝ 13, 4) անասնաբուժական՝ 4 և 5) ատամնաբուժական՝ 3 և օրակարգի հարցերը քննության առնվեցին այդ հատվածների նիստերում:

Համագումարն ունեցավ հանձնաժողովային և ընդհանուր բազմաթիվ նիստեր, ուր քննության առնվեցին Հայաստանի Բժշկաառողջապահության վերաբերվող բոլոր սուր հարցերը: Ի վերջո, ընտրվեց կենտրոնական մարմին՝ Հայաստանի լավագույն բժիշկներից:

Անընդհատ առաջ էր գնում և պետական կազմակերպական աշխատանքը, ինչպես և երկրի տնտեսական վերականգնումը: Կառավարությունը առանձին ուշադրություն դարձրեց ժողովրդի ապրուստի միջոցների հայթայթման գործին: Հունվարի 27-ին կազմվեց «Սերմանման հատուկ կոմիտեն», որ մեծ եռանդով վարեց սերմահավաքման գործը՝ ամբարելով ավելի քան 350.000 փութ սերմացու: Փետրվարին 225 միլիոն ռուբլու վարկ բացվեց սերմացու գնելու համար: Մարտի 25-ին կառավարությունը հաստատեց այն պայմանները, որով գյուղատնտեսության նախարարությունը կատարելու էր սերմացուի բաշխումը. պետական պահեստներից սերմացու պիտի տրվեր գյուղական համայնքներին, գյուղատնտեսական ընկերություներին, հասարակական ու պետական հիմնարկություններին, պետական պաշտոնյաների ընկերություններին ու հասարակական խմբակցություններին: Ստացված սերմացուն պիտի վերադարձվեր կալի ժամանակ՝ բերքով կամ դրամով:

Մինչև մայիսի սկիզբը կառավարությունը ժողովրդին բաժանեց 332.660 փութ սերմացու, որից գարի՝ 206.580 փութ, ցորեն՝ 65.431 փութ, կորեկ՝ 15.225 փութ, չալթուկ (բրինձ)՝ 4.026 փութ, հաճար՝ 2.677 փութ, կտավատ՝ 1.300 փութ, գետնախնձոր՝ 24.204 փութ, եգիպտացորեն՝ 12.368 փութ, բանջար՝ 534 փութ, գանգար՝ 315 փութ: Ամենից շատ ստացավ Կարսը՝ 76.855 փութ, ապա՝ Շիրակը՝ 74.605 փութ, Երևանի գավառը՝ 52.372 փութ, Ղարաքիլիսան՝ 46.932 փութ, իսկ ամենից քիչ՝ Դարալագյազը 732 փութ: Բացի այդ բաժանվեց 500 փութ բանջարանոցային սերմ, բամբակի ու ծխախոտի սերմ: Բամբակ ցանվեց ընդամենը 1.517 դեսյատին, ծխախոտ՝ 61 դեսյատին: Կառավարությունը հող, վարկ, գործիքներ ու սերմացու տրամադրեց դրսից՝ Սուխումի շրջանից եկած ծխախոտագործներին: 30 միլիոն ռուբլի հատկացվեց բամբակագործներին օժանդակություն հասցնելու, 15 միլիոն ռուբլի՝ այգեգործների համար:

Մարտի 1-ին Խորհրդարանը բացեց 50 միլիոն ռուբլու վարկ գյուղատնտեսական գործիքներ գնելու համար: Բաթումից բերվեցին տրակտորներ, հնձելու և քամելու մեքենաներ, գութաններ, սերզատներ, այգեգործական ու մեղվաբուծական գործիքներ, գերանդիներ, մանգաղ և այլն: Բերվեց մեծ քանակությամբ պղնձի արջասպ այգիների համար: Գյուղատնտեսության նախարարության կենտրոնական պահեստը իր բաժանմունքերի միջոցով կատարում էր մեքենաների, գործիքների և նյութերի բաշխումը երկրում:

Պակաս կարևոր դեպք չէր և երդվյալ ատենակալների դատարանի բացումը, մարտի 15-ին: Դատական նիստի դահլիճը զարդարված էր եռագույն ժապավեններով: Ներկա էին վարչապետ Ա. Խատիսյանը, արդարադատության նախարար Ա. Չիլինգարյանը, Խորհրդարանի անդամներ, դատաստանական ու հասարակական գործիչներ և խուռն բազմություն հետաքրքրվողների: Դատական նիստի սկզբին ողջույնի խոսք ասացին վարչապետը, արդարադատության նախարարը և դատարանի նախագահ Մակ. Մելիք-Միրզախանյանը: Ապա բեմ բարձրացավ դատական կազմը. նախագահ՝ Մ. Մելիք-Միրզախանյան, անդամներ՝ Ջ. Գեղամյան և Ա. Տեր-Հակոբյան, դատախազ Ա. Մալխասյան, դատախազի օգնական՝ Վ. Ահարոնյան, քարտուղարներ՝ Ն. Տեր-Հակոբյան և Ս. Շմավոնյան: Երդվյալ ատենակալներից ներկա էին 19 հոգի և 1 տեղակալ՝ բոլորն էլ տղամարդիկ: Նիստի բացումից և ընթացիկ ձևականություններ լրացնելուց հետո, ատենակալները հայտարարեցին, թե իրենք հրաժարվում են կրոնական երդումից և ազնիվ խոսք են տալիս դատելու խղճի մտոք:

Կարճ ընդմիջումից հետո, վիճակահանությամբ կատարվեց 12 ատենակալների ընտրությունը: Հայաստանի անդրանիկ ատենակալների ատյանի անդամ լինելու պատվին արժանացան՝ Արշ. Տեր-Աբրահամյանը, Սարգիս Հախնազարյանը, Նշ. Ժամագործյանը, Վարդ. Մամաջանյանը, Գր. Տեր-Հակոբյանը. Սիր. Տեր- Մարտիրոսյանը, Գր. Վարդանյանը, Հմ. Սողոմոնյանը, Հովս. Ավետիսյանը, Զավ. Կորկոտյանը, Միհր. Աթանեսյանը և Թադ. Դրամփյանը, տեղապահներ՝ Մովս. Գյուլխանդանյանը և Երվ. Ֆրանգյանը: Ընտրվածները մի քանի րոպեով հեռացան և ընտրեցին իրենց համար ավագ՝ Սիր. Տեր-Մարտիրոսյանին: Ատենակալները հասարակական տարբեր խավերի պատկանող մարդիկ էին:

Առաջին գործը Դարալագյազի Ուլնիա Նորաշեն գյուղացի Ենովք Հովհաննիսյանի և Չանախչի գյուղացի Մանուկ Մովսիսյանի դեմ հարուցվող մեղադրանքն էր պարսկահպատակ Մահմեդ Ասքյար Ալի օղլուին կողոպտելու փորձի դեմ: Ամբաստանյալներին պաշտպանում էր երդվ. հավատարմատար Գ. Տեր-Գրիգորյանը: Հարցաքննությունից, վկաներին և կողմերի ճառերը լսելուց հետո, երդվյալ ատենակալները առանձնացան և 10 րոպեի խորհրդակցությունից հետո մեղադրյալներին հայտարարեցին անպարտ:

Երդվյալ ատենակալների դատարանի առաջին նստաշրջանը տևեց մինչև մարտի 26-ը:

Խորհրդարանի մարտի 1-ի օրենքով արդարադատության նախարարության դիվանին կից կազմվեց 3 հոգիանոց արևմտահայ իրավագիտական բաժին, որի նպատակն էր ա) մասնակցել օրինագրքերի քննության, մշակման և խմբագրման գործին, բ) ուսումնասիրել արևմտահայ հատվածի մեջ գոյություն ունեցող ընտանեկան, ժառանգական և այլն սովորություններն ու իրավական հասկացողությունները, նրանց հարազատ ոգին մեր նոր մշակվող օրենքների մեջ պահպանելու համար:

Հանրային կրթության ասպարեզում մշակվեցին մի շարք օրենքներ: Մարտին Խորհրդարանը սկզբունքով հաստատեց դպրոցական հանձնախմբի հետևյալ օրինագիծը եկեղեցական-ծխական դպրոցների աշխարհականացման ու պետականացման մասին:

«1. Հոգևոր եկեղեցական-ծխական դպրոցների կայքերն ու գույքերը և նրանց շենքները պետականացվում են, եթե նրանց դպրոցը բացված չլինի այս օրենքի հրատարակման օրը, կամ բացվելուց հետո փակվի և կամ, եթե նա Հայաստանի պետական գանձարանից նպաստ է ստացել:

  1. Պետականացվող կայքերն ու գույքերը և նրանց շենքերը հանձնվում են հանրային կրթության և արվեստի նախարարությանը, որը ծառայեցնում է նրանց դպրոցական նպատակների համար:
  2. Որոշ պայմաններով և նպատակներով կուտակված կամ հատկացված և այս օրենքի ուժով պետականացվող կայքերը, գույքերն ու շենքերը անցնում են հանրային կրթության և արվեստի նախարարությանը այն պայմանով, որ վերջինս կատարում է կտակողների և հատկացնողների կամքը անշեղ»:

Ապրիլին ընդունվեց մի ուրիշ օրինագիծ տարրական կրթության մասին.

«1. Պետական դպրոցներում տարրական կրթությունը վեցամյա տևողություն ունի, որ բաժանվում է երկու եռամյակների:

  1. Տարրական դպրոցներում ավանդվում են հետևյալ առարկաները. հայոց լեզու, թվաբանություն, պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, առողջապահիկ գիտելիքներ, երգեցողություն, նկարչություն, մարմնամարզ և ձեռքի աշխատանք ըստ հանրային կրթության և արվեստի նախարարության մշակված ծրագրի և կազմած դասաբաշխման տախտակի:

Ծանոթություն. Այլազգի դպրոցներում պետական լեզուն ավանդվում է, ըստ համայնքի ցանկության, սկսած ուսման երրորդ տարվանից:

  1. Այն գյուղերում, որ այսօր բավարար թվով դպրոցական հասակի մանուկներ չունեն, բացվում են եռամյա դասընթացքով դպրոցներ:
  2. Կենտրոնական գյուղերում բացվում են վեցամյա դասընթացքով դպրոցներ նույն և մերձավոր գյուղերի աշակերտության համար:
  3. Այն սաների համար, որ հնար չունեն վեցամյա դպրոց հաճախելու կամ վեցամյան ավարտելով՝ միջնակարգ դպրոց անցնելու, համապատասխան դպրոցներում բացվում են չորրորդ և յոթերորդ լրացուցիչ դասարաններ»:

Մարտի 28-ին դրամատիկական դասընթացները տվեցին իրենց անդրանիկ երեկույթը՝ դասընթացքների վարիչ դերասան Վ. Միրզոյանի առաջնորդությամբ: Հանդեսն անցավ մեծ հաջողությամբ: Դասընթացների մի շարք ուսանողներ աչքի ընկան իրենց շնորհալի խաղով:

Ապրիլի 18-ին բոյ-սկաուտների օր էր Երևանում: Քաղաքը ստացել էր տոնական տեսք: Փողոցներում տուփերով հանգանակություն էր կատարվում: Բոյ-սկաուտները երաժշտությամբ կենդանություն էին մտցնում ամեն կողմ: Ամառային ակումբում տեղի ունեցավ հրապարակային մարզանք: Բոյ-սկաուտները, իրենց վարիչ հունգարացի Ալբերտ Սեդմայի առաջնորդությամբ, գեղեցիկ խաղեր խաղացին՝ արժանանալով խռնված հասարակության խանդավառ ծափերին: Սկաուտական շարժումը հանրային կրթության նախարարության գուրգուրանքի առարկա էր և շուտով լայն ծավալ ստացավ Հայաստանում, մանավանդ, երբ արտասահմանից հասան փորձված ղեկավար մարզիկներ՝ Վ. Չերազ, Տ. Խոյյան և այլն:

Փետրվարի 18-ին հիմնվեց Հայաստանի Կարմիր խաչը, որի կանոնադրությունը հաստատվեց Խորհրդարանում մարտի 19-ին: Կենտոնական վարչության անդամները ընտրվեցին Գր. Չալխուշյանը (նախագահ), բժ. Հ. Տեր-Դավթյանը, բժ. Ս. Կամսարականը, բժ. Հ. Մելիքյանը, տիկ. Օ. Արարատյանը, բժ. տիկ. Զալյան-Մանուկյանը, տիկ. Քալանթարյանը, բժ. Ա. Տեր-Պողոսյանը, Վ. Բաբայանը, Ա. Մակարյանը: Կարմիր խաչը ճյուղեր ունեցավ Կարսում, Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Աշտարակում, Ջալալ-Օղլիում, Ղարաքիլիսայում և Իգդիրում: Նրան հարեցին և Թիֆլիսի, Պոլսի, Փարիզի և Ամերիկայի Հայ Կարմիր խաչերը: Կարմիր խաչի գլխավոր գործն էր օգնություն հասցնել բանակին: Դրա համար նա կազմակերպեց 2 հիվանդանոց՝ ողջ սարքով, մի թռուցիկ խումբ, մի սննդատու կայան զինվորների համար, բաղնիք, լվացարան և այլն: Կարմիր խաչի մենաշնորհն էր խաղաղթուղթը. հունիսից սկսած կառավարությունը տուրք դրեց երկաթուղու տոմսակների վրա՝ հօգուտ Կարմի խաչի և 4 միլիոն ռուբլու վարկ բացեց:

Այսպես, կյանքի բոլոր ասպարեզներում, դրությունը զգալիորեն բարելավվում էր: Ապրուստի պայմաններն էլ հետզհետե դառնում էին ավելի տանելի: Հակառակ որ ժողովուրդը ագահությամբ ցանում էր ունեցած հացահատիկները, հացն ու կենսական միջոցները անհամեմատ ավելի առատ էին, քան 1919 թվին: Գաղափար տալու համար ապրուստի պայմանների մասին՝ առաջ բերենք մի քանի թվեր. փետրվարի 7-ին Երևանի շուկայում մթերքները արժեին. հացը՝ 26-28 ռուբլի ֆունտը, միսը՝ 70-140 ռուբլի, այլուրը՝ 1400 ռուբլի, ցորենը՝ 1300 ռուբլի, գարին՝ 1300 ռուբլի, բրինձը՝ 1400-1800 ռուբլի, լոբին՝ 35 ռուբլի ֆունտը, սիսեռը՝ 30 ռուբլի, սոխը՝ 12 ռուբլի, կաղամբը՝ 8 ռուբլի, բազուկը՝ 7 ռուբլի, գազարը՝ 8 ռուբլի, մածունը՝ 30 ռուբլի, կաթը՝ 25 ռուբլի, պանիրը՝ 60-100 ռուբլի, կարագը՝ 180-200 ռուբլի, մեղրը՝ 170-180 ռուբլի, գետնախնձորը՝ 15 ռուբլի, ընկույզը՝ 40 ռուբլի, չամիչը՝ 80-90 ռուբլի, նավթը՝ 40 ռուբլի, սապոնը՝ 30 ռուբլի, հավկիթը՝ 13-14 ռուբլի հատը, լուցկին՝ 8-10 ռուբլի տուփը, փայտածուխը՝ 110 ռուբլի փութը, փայտը՝ 70 ռուբլի փութը: Ապրիլի 15-ին կոոպերատիվներում տղամարդկանց կոշիկները արժեին 3000 ռուբլի զույգը, կանանց՝ 4000 ռուբլի, երեխաների՝ 1200 ռուբլի, կրկնակոշիկները՝ 1300 ռուբլի, թեյի բաժակները՝ 120 ռուբլի հատը, ափսեներ թեյի՝ 120 ռուբլի հատը, մոմ՝ 320 ռուբլի ֆունտը, սուրճ՝ 360 ռուբլի, երեսսրբիչներ՝ 160 ռուբլի հատը, ծխախոտի թուղթ՝ 6 ռուբլի գրքույկը, լուցկի՝ 5 ռուբլի տուփը, սապոն՝ 50 ռուբլի ֆունտը:

Իսկ դրամը մարտի 1-ին՝ 1 դոլարը արժեր 580 ռուբլի, 1 թուրքական հնչուն ոսկին՝ 3000 ռուբլի, 1 ֆունտ ստեռլինգը՝ 2000 ռուբլի:

Պաշտոնյաների ռոճիկներն էին՝ վարչապետի՝ 8150 ռուբլի ամսական, նախարարների՝ 7450 ռուբլի: Խորհրդարանի անդամների՝ 6800 ռուբլի, Սենատի նախագահի՝ 8150 ռուբլի, անդամների՝ 7450 ռուբլի, շրջանային դատարանի անդամների՝ 6600 ռուբլի, հաշտարար դատավորների՝ 6600 ռուբլի, 40 կարգի ռոճիկ գոյություն ուներ, նվազագույնը 2000 ռուբլի, բարձրագույնը՝ 8150 ռուբլի:

Երկրի կյանքի կայունացումը զգացվում էր և ժողովրդի, մանավանդ, ոչ հայ տարրերի վերաբերումից: Այլևս այնքան հեշտ չէր հակապետական տարրերին ոտքի հանելը: Այդ ցույց տվին Կարսի դեպքերը:

Տարվա սկզբին դեռևս Կարսի մահմեդական շրջաններում նկատվում էր տատանում. մի մասը կողմանկից էր Հայաստանի իշխանության, մյուսները՝ թուրքերի և ադրբեջանցիների դրդումով դեմ էին հայերին: Հունվարի 12-ին Զարուշատի, Աղբաբայի և Չըլդըրի ներկայացուցիչները ժողով գումարեցին Գեղարչին գյուղում և որոշեցին. 1) դադարեցնել առևտրական և ամեն հարաբերություն հայերի հետ. 2) արտաքսել հայկական իշխանությունը և կազմել տեղական իշխանություն՝ Ադրբեջանից ստացված դրամով. 3) 18-40 տարեկանների զորաշարժ անել և մարզել թուրք սպաների ղեկավարության տակ. 4) երկաթուղու շրջանում և Ղըզըլ-Չախչախում դնել սեփական պահակներ:

Հունվարի կեսերին Զարուշատ եկան մի քանի ադրբեջանցի սպաներ Նազարալիևի գլխավորությամբ, խոշոր գումարներով, և սկսեցին հակահայ հարձակումները: Հունվարի 20-ին Իբիշ գյուղում սպանվեցին 8 հայեր: Հունվարի 24-ին Զարուշատից և մյուս շրջաններից դուրս քշվեց հայ պաշտոնեությունն ու միլիցիան: Թուրքերը դիրքեր գրավեցին Զուրզունայում և դեպի Արդահան ուղղեցին 500 ձիավորներ: Հունվարի 27-ին 400 զինված թուրքեր գրավեցին Շայնալար գյուղը: Զարուշատը, Աղբաբան և Չըլդըրը ապստամբեցին Հայաստանի դեմ: Այս շրջաններում բավական ուժեղ էին և Հայաստանի կուսակիցները, բայց թուրք-ադրբեջանցի գործակալներից ահաբեկված՝ չէին կարող արտահայտվել:

Կառավարությունը ամեն միջոց սպառելուց հետո, հրաման տվեց զորքին զենքի դիմելու: Հակառակ արտակարգ ձյան ու սառնամանիքին, զորավար Հովսեփյանի զորամասերը արագությամբ անցան գյուղից գյուղ, և ջախջախիչ պարտություն մատնելով թշնամուն՝ փետրվարի 15-ին գրավեցին բոլոր ըմբոստ վայրերը: Խռովարար պարագլուխները փախան, և Զարուշատից, Աղբաբայից ու Չըլդըրից 25 ներկայացուցիչներ եկան հայտնելու ժողովրդի հնազանդությունը: Շրջանը հանգստացավ:

Հանգիստ չմնաց, սակայն, Ադրբեջանը: Այս դեպքերի առթիվ, մարտ 8-ին Ադրբեջանի Խորհրդարանում Մուսավաթ, Էհրար և Իթթիհատ կուսակցություններին պատկանող 21 պատգամավորներ մտցրին հարցապնդում, որի մեջ ասում էին, թե՝ «հայկական կառավարությունը, զինաթափության պատրվակով, քարուքանդ է անում Կարսի շրջանի մահմեդական գյուղերը և բնաջնջում մահմեդական խաղաղ բնակչությունը: Մոտ 10.000 մահմեդականներ, հակառակ որ հոժար կամքով հանձնել են զենքերը, շրջապատված են կանոնավոր հայ զորքերով և ենթարկվում են վերջնական կոտորածի»:

Նույն օրը, ժամը 12-ին, նշանակվեց Խորհրդարանի արտակարգ նիստ, ուր վարչապետ Ուսուպբեկովը տվեց մանրամասն բացատրություններ, որից հետո տեղի ունեցան փոթորկահույզ վիճաբանություններ: Գրեթե անխտիր, բոլոր ճառախոսները անզուսպ հարձակումներ էին գործում Հայաստանի կառավարության և Դաշնակցության վրա: Խորհրդարանի դաշնակցական պատգամավորների փորձերը՝ զգաստության հրավիրելու՝ առաջ էին բերում աննկարագրելի աղմուկ ու բողոք: Բանը հասավ այնտեղ, որ պատգամավորներից մեկը՝ սոցիալիստ-հեղափոխական Սաֆիքյուրդսկին առաջարկեց հեռացնել Ադրբեջանի Խորհրդարանից ՀՅԴ-ական պատգամավորներին: Միայն երկու հոգի փորձեցին քննադատել Ադրբեջանի և կառավարության պրովոկացիոն ընթացքը: Ընկերվարական Աղամալի Օղլին և Ասադ Քարաևը բաց կերպով ամբաստանեցին կառավարությունը, որ Կարսի արյունոտ դեպքերը, ստեղծված են Բաքվի դրդումով: «Եթե կառավարությունը անմեղ է,-բացականչեց Քարաևը,- այն ժամանակ ինչացո՞ւ են այն միլիոնները, որոնք ուղարկվում են Հայաստան»:

Եվ մինչ Ադրբեջանում շանթ ու կայծակ էին թափում, Կարսում կյանքը արդեն խաղաղել էր: Հենց որ ըմբոստ շրջանները հայտնեցին հպատակություն, զինվորական միջոցները վերջ գտան, և ժողովուրդը անցավ սովորական աշխատանքի: Հայաստանի ոչ մի շրջանում հայ-մահմեդական հարաբերությունները այնքան լավ չէին, որքան Կարսում: Այդ բարի-հարևանական հարաբերությունների ցուցադրություն եղավ Կարսի քաղաքային խորհրդի արտակարգ նիստը փետրվարի 17-ին՝ մասնակցությամբ քուրդ և թուրք բնակչության ներկայացուցիչների:

Խորհրդի նախագահը բանալով ժողովը՝ դիմեց քուրդ և թուրք ներկայացուցիչներին ողջույնի խոսքով՝ ասելով, որ եթե նրանք որոշել են հայերի հետ ապրել հաշտ ու խաղաղ, հայերի կողմից էլ կգտնեն նույն եղբայրական անկեղծ վերաբերումը: Պատասխանեց Գյոլի շրջանի ներկայացուցիչ Թալի բեգը՝ հայտարարելով, թե պատահած ցավալի դեպքերի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է եկվոր խռովարարների վրա: Եթե Հայաստանի կառավարությունը մոռանա այդ թյուրիմացությունները և լավ վերաբերվի իրենց հետ, իրենք խոստանում են լինել Հայաստանի Հանրապետության խաղաղ և օրինապահ քաղաքացիներ:

Ապա, ի պատասխան բանվորների և գյուղացիների ողջույնների, խոսեց Մուղանի շրջանի ներկայացուցիչ Արիֆազանը: Սա ևս պնդեց, որ բոլոր դեպքերի պատճառը դրսից եկած դրդիչներն են և որ տեղական ազգաբնակչությունը ձգտում է խաղաղության: «Առանց հայերի,- ասաց նա,- մահմեդականները չեն կարող ապրել. մի քանի ամիս ևս այսպիսի կյանք և մահմեդական շրջանները քարուքանդ կլինեն ու կփչանան սովից»:

Նույն միտքը հայտնեցին և զարուշատի ներկայացուցիչները՝ Բազր աղա Մահմեդ Օղլին և Ջալիլ աղա Մահմեդ Օղլին: Սրանք ևս «ցավալի դեպքերը» բացատրում էին հավատարիմ Հայաստանի Հանրապետությանը՝ այն հույսով, որ «հայերն ու մահմեդականները կապրեն եղբոր պես, ինչպես ապրում էին Նիկոլայի ժամանակ»:

Նիստից հետո տեղի ունեցավ հանդիսավոր հացկերույթ, ուր նույնպես խոսվեցին տաք ճառեր՝ երդվելով, որ այսուհետև երբեք չեն կրկնվի անցյալի մռայլ օրերը:

Նման հավաստիացումներ սկսեցին հասնել և ուրիշ շրջաններից: Մարտի սկզբին կառավարությունը ստացավ հետևյալ դիմումը. «Մենք՝ Օրգով, Բարբար և այլ քրդական գյուղերի ներկայացուցիչներս այսօր ներկայանալով Իգդիրի բանակի հրամանտար Սեպուհին՝ հայտնում ենք ձեզ, որ պարտավոր ենք սրտանց ընդունել Հայաստանի Հանրապետության հպատակությունը և որպեսզի այդ լինի Արարատի ստորոտի բոլոր գյուղերի կողմից, մեզ մնում է խորհրդակցել թե նրանց, թե մեր ցեղապետերի հետ: Եթե նույնիսկ նրանք չհամաձայնեն, մենք նորից ենթարկվելու ենք, թեկուզ առանց նրանց համաձայնության: Ավդալ Մատո Օղլի, Մատո Խազի, Կանրո Օղլի, Հասո Սիբաշ Օղլի, Մամադ Խազի Օղլի, Ալո Իսմայիլ Օղլի, Դավրիշ Արա Օղլի, Ուսուֆ Սարո Օղլի»:

Մարտի 15-ին նման բազմաստորագիր դիմում եկավ Չըլդըրի շրջանի մահմեդականներից, իսկ ապրիլի 25-ին Արդահանի մահմեդականների ներկայացուցիչներից, որոնք բողոքում էին Ադրբեջանի գործակալների սադրանքների դեմ:

Նույն օրերին կառավարությունը «հավատարիմ հպատակության» դիմումներ ստացավ և Միջագետքի եզդիներից ու ասորիներից, որոնք ցանկություն էին հայտնում տեղափոխվել Հայաստան:

***

Շատ ժամանակ չանցած, շուտով պարզվեց Կարսի դեպքերի շուրջ ադրբեջանցիների հանած աղմուկի իսկական դրդապատճառը. մարդիկ նոր դեպքեր էին պատրաստում Ղարաբաղում, և անհրաժեշտ էր հասարակության ուշադրությունը ուրիշ կողմ դարձնել:

Պետք է նկատել, որ օգոստոսի 22-ի համաձայնությունը էական փոփոխություն չմտցրեց Ղարաբաղի դրության մեջ, ինչպես և նոյեմբերի 23-ի համաձայնությունը չփոխեց Զանգեզուրի վիճակը: Նոյեմբերի 23-ից հետո էր, որ, ինչպես տեսանք, զանգեզուրցիք մաքրեցին Օխչի ուԳեղավա ձորերը:

Նոյեմբերի վերջերին Զանգեզուրում Ա. Շահմազյանին փոխարինեց Ս. Մելիք-Յոլչյանը, որպես քաղաքացիական մասի կոմիսար, իսկ զինվորական մասը ենթարկվեց զոր. Ղազարյանին: Սրանց գալով՝ Զանգեզուրը ձևականորեն էլ կազմակերպվեց իբրև Հայաստանի մաս: Քաղաքացիական իշխանությունը ամփոփվեց վարիչների խորհրդի ձեռքում՝ Ս. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ: Շրջանը բաժանվեց 2 գավառի. 1) Բուն Զանգեզուր, Տաթև, Դարաբաս, Սիսիան՝ Զանգեզուրի գավառ անունով, 2) Ղափան, Բաղաբերդ-Գեղվա ձոր, Արևիք և Գողթն՝ Կապար Գողթ անունով: Զինվորական տեսակետից շրջանը բաժանվեց 3 մասի. 1) Սիսիան՝ հրամանատար Պ. Տեր-Դավթյան, 2) Կապարգողթ՝ հրամանատար Գ. Նժդեհ և 3) Զանգեզուր: Յուրաքանչյուր շրջանի հրամանատարության կից կազմվեց զինվորական շտաբ, որոնց ենթարկվում էին ճակատապետներն ու վաշտապետները: 20-50 տարեկան բոլոր տղամարդիկ դրված էին զենքի տակ, երկրապահ զինվորության դրությամբ, 20-25 ընտիր սպաների ղեկավարության տակ: Դեկտեմբերի կեսերին Գորիս հասավ Դրոյի էքսպեդիցիոն զորամասը, և Դրոն հայտարարվեց Զանգեզուր-Ղարաբաղի ընդհանուր հրամանտար:

Այսպես կազմակերպված, հունվարի 19-ին, զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին Բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածությունը՝ Դոնդարլու-Շուռ-Նուխ-Ասկիլումի թուրքական շրջանը, մոտ 30 գյուղ: Մարտին գրավվեց Ավդալար-Ալեանշու-Մուսունմանլար-Բարգյուշատ շրջանը, ուր գտնվում էին մոտ 120 թուրքական գյուղեր: Թրքությունը թողեց ու հեռացավ Ադրբեջան:

Իր հերթին, գործի վրա էր և Սուլթանովը: Նոյեմբերի պարտությունից հետո, նա եռանդով պատրաստվում էր Զանգեզուրի և Ղարաբաղի գրավման: Օգոստոսի 22-ի համաձայնությունը նրա ձեռքին ժամանակ վաստակելու միջոց էր լոկ: Մի կողմից աշխատում էր պառակտել ղարաբաղցիներին, մյուս կողմից զինվորական ուժեր համախմբել՝ Ղարաբաղը զենքով ընկճելու դիտավորությամբ: Փետրվարին համարյա ադրբեջանյան ամբողջ բանակը՝ մոտ 10.000 հոգի, հավաքված էր Ղարաբաղի ճակատում: Լուրեր էին տարածվում, որ ադրբեջանյան զորամասերի ընդհանուր ղեկավարն է Նուրի փաշան, օգնականը՝ զորավար Նևրուզովը և նրանց տրամադրության տակ գտնվում են բազմաթիվ թուրք սպաներ:

Ղարաբաղցիք տեսնում էին այդ և նույնպես պատրաստվում վիժեցնելու համար Սուլթանովի ծրագրերը: Գավառում գործում էր Ինքնապաշտպանության մարմինը սպա Զ. Մեսյանի, Ա. Միքայելյանի և ուրիշների մասնակցությամբ: Ղարաբաղի և Զանգեզուրի միջև հաստատված էր համագործակցություն, և Ղարաբաղը դրսից ստանում էր ռազմամթերք ու նյութական օգնություն:

Երկու կողմերը՝ Սուլթանովն ու ղարաբաղցիք պատրաստվում էին տենդագին և առանց ծածկելու: Փետրվարի 19-ին, երբ Ադրբեջանն արդեն բավականաչափ զորք էր համախմբել Ղարաբաղի շուրջ, Սուլթանովը դիմեց Շուշիի Հայոց ազգային խորհրդին՝ պահանջելով Ղարաբաղը հայտարարել Ադրբեջանի մաս: Սուլթանովի համար այլևս Հաշտության վեհաժողով գոյություն չուներ, և «սահման քաջաց զենն յուրյանց» սկզբունքը մնացել էր միակ հեղինակավորը:

Այս պահանջի առթիվ, փետրվարի 22-ին, Շոշու գյուղում գումարվեց Ղարաբաղի 8-րդ համագումարը, որին ներկա էին 96 պատգամավորներ Գյուլիստանից, Ջիվանշիրից, Խաչենից, Դիզակից ու Վարանդայից: Համագումարը որոշեց՝ մերժել Սուլթանովի պահանջը և շարունակել մնալ օգոստոսի 22-ի համաձայնության գետնի վրա: Միաժամանակ, համագումարը բուռն կերպով բողոքեց Սուլթանովի գործած կամայականությունների, բռնությունների դեմ:

Նույն պահին, 45-50 հոգի էլ, գլխավորապես քաղաքացիներ, հավաքվեցին Շուշիում, կազմեցին առանձին համագումար և ընդունեցին Սուլթանովի պահանջը՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:

Երկու համագումարների բանաձևերը ներկայացվեցին Սուլթանովին, որը, իհարկե, մնաց դժգոհ և սկսեց պատրաստվել ավելի վճռական քայլերի: Մարտի սկզբից Շուշիի երթևեկը առնվեց հսկողության տակ: Մարտի 4-ին հայկական թաղում տեղավորվեցինք Ադրբեջանի սպաներ: Մարտի 5-ին ցուցակագրվեցին Շուշիի հայ սպաները: Բաքվից հասան նոր զորամասեր: Մարտի 7-ին Շուշի եկավ ադրբեջանյան բանակի ղեկավար պրինց Մահմեդը: Մարտի 7-ին դեպի Խանածախ տանող ճանապարհի վրա սպանվեցին 5-6 հայեր: Մարտի 10-ին Եվլախ-Շուշի խճուղու վրա սպանվեցին 10 հայեր: Մարտի 10-ից Շուշի բերվեցին 150 հաջի-սամլուեցի քրդեր: Նույն օրը Սուլթանովը հրամայեց գավառի բոլոր հայ ոստիկանապետներին իրենց ձիավորներով, մարտի 23-ին, բայրամի օրը, ներկայանալ իրեն քաղաքում: Նույն ժամանակ, Սուլթանովը գրավոր հրաման ուղարկեց Մուսուլմանլարի կայազորի պետին, թե՝ «հողի երեսից մաքրել Խծաբերդ, Տումի և Հին Թաղլար գյուղերը»:

Այս և նման դեպքերը կասկած չէին թողնում հայերի մեջ, որ Ադրբեջանը որոշել է հրով ու սրով ընկճել Ղարաբաղը: Եվ որոշեցին կանխել, իրենք նախահարձակ լինել. մարտի 22 լույս 23-ի գիշերը Ղարաբաղում ծագեց ընդհանուր ապստամբություն Ադրբեջանի դեմ: Ասկերանի կիրճի գրավումով Շուշիում և Խանքենդում մնացած թուրք զորամասերը կտրվեցին արտաքին աշխարհից: Արյունոտ կռիվներ տեղի ունեցան Խանքենդում, ուր սպանվեցին ապստամբների հրամանատարներ Ալեքսան-Դային, սպա Լալայան և ուրիշներ: Շուշին մատնվեց թուրք խուժանի և զորքի հարձակման. հայ բնակչության մեծ մասը փախավ, իսկ մոտ 3-400 հոգի մնաց թուրքերի ձեռքը և բանտարկվեց. կանայք ենթարկվեցին զանգվածային բռնաբարության: Առաջնորդ Վահան եպիսկոպոսը գլխատվեց, և գլուխը պտտցնում էին քաղաքի փողոցներում:

Մարտի 26-ից Ադրբեջանի զորքերը ամեն կողմից սկսեցին հակահարձակման: Մի քանի օր կատաղի կռիվներ տեղի ունեցան Ասկերանում: Ապրիլի 3-ին ադրբեջանյան բանակը 8 թնդանոթներով ու բազմաթիվ գնդացիրներով անցավ գրոհի Ասկերանի, Խաչենի և Վարանդայի ուղղությամբ: Օրհասական ճակատամարտում հերոսի մահով սպանվեց Ասկերանի ճակատի հրամանատար Դալի Ղազարը: Թուրքերը ճեղքեցին հայկական շղթան և ամեն ինչ ավերելով՝ ապրիլի 4-ին մտան Շուշի ու կոտորեցին քաղաքում մնացած հայերին: Հայկական տների մեծ մասը ավերի տրվեց ու հրդեհվեց: Հայկական Շուշին նստեց մոխիրների վրա:

Դեպքերը ցույց տվին, որ ապստամբությունը կազմակերպված էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետևանքները կարող էին լինել շատ ավելի աղետավոր, եթե ապրիլի 13-ին Ղարաբաղ չհասներ Դրոն իր էքսպեդիցիոն զորամասով: Նա իր ձեռքն առավ շրջանի իշխանությունը, ապրիլի 15-ն զորահավաք հայտարարեց Վարանդայում ու Դիզակում, ամրացրեց ճակատները և 45 օր շարունակ մնաց Ղարաբաղում: Ապրիլի 22-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի 9-րդ համագումարը, որը 44 ձայնով մեկի դեմ մի անգամ էլ որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարել Հայաստանի մաս:

Դրոյի հասնելուց հետո Ադրբեջանի բանակն այլևս առանձին կենդանություն ցույց չտվեց. մի կողմից Բաքվում տեղի էին ունենում ներքին խմորումներ ու բոլշևիկյան շարժումներ, մյուս կողմից Թիֆլիսում դաշնակիցները և Անդրկովկասյան խորհրդաժողովը պահանջում էին վերջ տալ արյունահեղության: Չենթարկվել չէր կարելի. աղմուկն ու սպառնալիքը շատ մեծ էր:

Եվ, իրոք, Ղարաբաղի ապստամբության և Շուշիի կոտորածի լուրը Թիֆլիսում ցնցող տպավորություն գործեց: Այն պահին, երբ կարմիր բանակի առաջապահները կանգնած էին Անդրկովկասի դռանը, ընդհարումը հանրապետությունների միջև կարող էր դառնալ ճակատագրական:

Մարտի 27-ին Ղարաբաղի Հայրենակցական միության ներկայացուցիչներ Գ. Բալայանը և Լեոն մի հուշագիր ներկայացրին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Հունաստանի ներկայացուցիչներին, գնդապետ Հասկելին, Հայաստանի վարչապետին և Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով նրանց միջնորդությունը Ղարաբաղի հարցում: Նրանք պահանջում էին՝ անմիջապես հեռացնել ադրբեջանյան զորամասերը, բանալ ճանապարհները և հարգել օգոստոսի 22-ի համաձայնությունը:

Նույն օրը Վրաստանի վարչապետ Ժորդանիան դիմեց դաշնակիցների ներկայացուցիչներին՝ խնդրելով նրանց միջնորդությունը՝ մարելու համար Ղարաբաղի հրդեհը: Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչներ Ուորդրոպը, կոմս Մարտելը և գնդ. Գաբբան, ապրիլի 1-ին, հավաքական մի հեռագրով դիմեցին Բաքու և Երևան՝ «եռանդագին հրավիրելով» խաղաղ միջոցներով և անհապաղ լուծել Ղարաբաղի և ուրիշ գավառների հարցերը, ուր «խաղաղությունը վտանգված է»: «Հաշտության այս հանդիսավոր կոչը, եթե չլսվի ճիշտ այն ժամին, երբ, թերևս, ամբողջ Անդրկովկասի բախտը վճռելու վրա է, կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ձեր կառավարությունների համար»:

Հայաստանի կառավարությունը իսկույն ևեթ, ապրիլի 2-ին, պատասխանեց, թե ինքը բոլորովին համամիտ է դաշնակից ներկայացուցիչների առաջարկին և իր պատգամավորները ապրիլի 5-ին կլինեն Թիֆլիսում՝ մասնակցելու անդրկովկասյան խորհրդաժողովին՝ նպատակ ունենալով խաղաղությամբ լուծել  բոլոր վիճելի խնդիրները: Ապրիլի 4-ին Հայաստանի Խորհրդարանն էլ զբաղվեց Ղարաբաղի դեպքերով և հավանություն տվեց կառավարության հետևած քաղաքականությանը:

Ադրբեջանցիների որոշ ձգձգումից հետո, ապրիլի 9-ին բացվեց  անդրկովկասյան 3 հանրապետությունների խորհրդաժողովը: Հայաստանի ներկայացուցիչներն էին Հ. Օհանջանյանը, Տ. Բեկադյանը, Ս. Մամիկոյանը և Ս. Խաչատրյանը, Ադրբեջանինը՝ Հ. Աղաևը, Ֆ.Վեքիլովը, Ս. Կրիչինսկին. Վրաստանինը՝ Ե. Գեգեչկորին, Գ. Լորդկիպանիձեն և Գ. Մախարաձեն:

Օրակարգին անցնելուց առաջ, Հայաստաի և Վրաստանի պատվիրակությունները առաջարկեցին, առաջին հերթին, դնել Ղարաբաղի արյունահեղությունների դադարեցման խնդիրը, պնդելով, որ առանց դրան անկարելի է հանգիստ և արդյունավետ աշխատանք կատարել: Ադրբեջանի պատվիրակությունը սկզբունքով չառարկեց, բայց պնդեց, որ պետք է նկատողություն առնվեն և Օրդուբադի, Նախիջևանի, Վեդիի ու Ղազախի շրջանները: Եվ որովհետև ինքը լիազորություն չուներ, առաջարկեց նիստը հետաձգել, մինչև որ Բաքվից ստացվեն համապատասխան հրահանգներ:

Հաջորդ նիստում, ապրիլի 10-ին, կազմվեց խորհրդաժողովի նախագահությունը՝ Ս. Մամիկոնյան, Հ. Աղաև և Ե. Գեգեչկորի: Աղաևը Ադրբեջանի պատվիրակության կողմից կարդաց Բաքվի կառավարության հեռագիրը. «Խորհրդաժողովի հարուցած հարցը կքննվի վաղը, ապրիլի 10-ին, խորհրդարանի ավագների կողմից: Պատասխանը կստանաք վաղը երեկո»: Հայ պատվիրակները եռանդով բողոքեցին այդ ձգձգման դեմ: Որոշվեց նորից նիստը ընդհատել և սպասել Բաքվի պատասխանին:

Պատասխան չստացվեց և երրորդ նիստում, որը նույնպես հետաձգվեց: Չորրորդ նիստին, ապրիլի 11-ին, վերջապես Աղաևը հայտնեց Ադրբեջանի կառավարության պատասխանը, որով նա «համաձայնվում էր խորհրդաժողովի քննությանը ենթարկել ամբողջ Անդրկովկասի տարածության վրա ընդհարումներն ու արյունահեղությունները դադարեցնելու միջոցների հարցը»: Որից հետո, երկար ու բարակ, քննվեց օրակարգի հարցը և ընդունվեց խորհրդաժողովի հետևյալ օրակարգը. 1) արյունահեղ ընդհարումները դադարեցնելու հարց, 2) անդրկովկասյան պետությունների մնայուն մարմնի ստեղծում, 3) հողային հարցեր, 4) արտաքին քաղաքականության համաձայնեցում, 5) կոնֆեդերացիայի հարց, 6) տնտեսական խնդիրներ:

Ապա խորհրդաժողովը քննության առավ օրակարգի առաջին կետը, որի առթիվ սուր վիճաբանություններ եղան հայերի և ադրբեջանցիների միջև: Վերջիններս պահանջում էին, որ տեղի ունեցող ընդհարումները նկատվեն իբրև «պատերազմ հայերի և մահմեդականների միջև»: Ի վերջո, ընդունվեց հետևյալ բանաձևը, որ Աղաևի, Մամիկոնյանի և Գեգեչկորու ստորագրությամբ անմիջապես հեռագրվեց Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին. «Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդաժողովը իր աշխատանքներին ձեռնարկելով՝ որոշում է՝ 1) անմիջապես դադարեցնել բոլոր այն արյունահեղ ընդհարումները, որոնք այժմ տեղի են ունենում Ղազախում, Նախիջևանում, Օրդուբադում և Ղարաբաղում, 2) Միաժամանակ, խորհրդաժողովը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները ամենակտրուկ միջոցներ ձեռք առնեն վերացնելու համար հայ և մահմեդական ազգաբնակչությունների միջև ընդհարման բոլոր հնարավորությունները՝ համապատասխան հանրապետությունների սահմաններում, 3) Այս որոշման մասին շտապով տեղեկացնել Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին, որպեսզի նրանք ձեռք առնեն համապատասխան միջոցներ»:

5-րդ նիստում, ապրիլի 12-ին, խորհրդաժողովը զբաղվեց արյունահեղությունը դադարեցնելու պայմաններով, դարձյալ երկար վեճ ծագեց հայերի և Ադրբեջանցիների միջև Ղարաբաղի մասին: Վերջիններս պնդում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է և Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջանի ներքին խնդիրը: Հայերը, ընդհակառակը, համարում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը չէ: Երկու կողմերը մնացին իրենց տեսակետին, և որոշվեց «անմիջապես լիովին վերականգնել այն իրավական վիճակը, որ գոյություն ուներ ընդհարումներից առաջ և հիմնված էր հայ-ադրբեջանյան և անդրկովկասյան հանրապետությունների խորհրդաժողովներում ձեռք բերված համաձայնության վրա՝ կառավարությունների հետ ազգային խորհուրդների պայմանագրի հիմամբ»:

Նույն նիստում որոշվեց ընտրել 6 հոգանոց հանձնախումբ՝ 2-ական ամեն մի պատվիրակությունից և ուղարկել Ադրբեջան ու Հայաստան՝ խորհրդաժողովի որոշումը գործադրելու համար:

Ապա ուղարկվեց 3 հանձնախումբ. մեկը՝ Մախարաձեն, Մամիկոնյանը, Աղաևը՝ Ղազախ, ուր նույնպես հայ-թուրքական ընդհարումներ էին պատահել. մյուսը՝ Ի. Ռամիշվիլի, Ա. Աբեղյան ու Ջ. Սուլթանով՝ Շարուր-Նախիջևան, և երրորդը՝ Ղարաբաղ: Հանձնախմբերը մեկնեցին համապատասխան վայրերը, բայց հետագա դեպքերի պատճառով շոշոփելի գործ չկատարեցին:

Այնուհետև խորհրդաժողովը երկար զբաղվեց կոնֆեդերացիայի հարցով: Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրեց «Անդրկովկասյան Հանրապետությունների խորհրդի» նախագիծը: Առաջարկվում էր երեք հանրապետությունների ներկայացուցիչներից կազմել մշտական միջազգային խորհուրդ, որի պարտականությունը պիտի լիներ. «1) հոգալ հանրապետությունների արտաքին ապահովությունը և նրանց անկախության ու չեզոքության պահպանումը, 2) հսկել, որ հանրապետությունների միջև ծագող վիճելի խնդիրների լուծումը միջնորդ դատարանի կողմից՝ գործադրվի, 3) հետևել, որ կիրառվեն դաշնագրերը հանրապետությունների միջև, 4) մշակել միջհանրապետական դաշնագրերի նախագծեր, 5) ձգտել խաղաղությամբ լուծել հանրապետությունների միջև ծագող վեճերը և եզրակացություններ տալ առանձին հանրապետությանց կառավարությունների առաջարկով»: Խորհուրդը պիտի կազմվեր 12 հոգուց. յուրաքանչյուր հանրապետություն պիտի տար 2 ներկայացուցիչ խորհրդարանից և երկու՝ կառավարությունից, մեկ տարի ժամանակով: Խորհուրդը պիտի ունենար սովորական և արտակարգ նստաշրջաններ: Եվ այլն:

Իհարկե, սա դեռ կոնֆեդերացիա չէր, բայց մի քայլ էր դեպի կոնֆեդերացիան: Ադրբեջանցիք քայլ առ քայլ հետապնդում էին իրենց հիմնական նպատակը՝ Անդրկովկասի միացումը: Վրացիք էլ դեմ չէին որոշ միության, պայմանով, որ Վրաստանի վեհապետական իրավունքները չտուժեն: Հայերի համար, քանի թուրքա-հայկական հարցը մնում էր անորոշ, գոյավիճակի ամեն փոփոխություն համարվում էր վաղաժամ: Այս դեպքում էլ նրանք չմերժեցին իրենց համաձայնությունը, բայց այդ արվեց այնպես, որ հավասար էր մերժումի:

Դեռ կոնֆեդերացիայի խնդիրը չփակած, ապրիլի 16-ին ադրբեջանցիք բերեցին զինվորական գործակցության առաջարկը Խորհրդային Ռուսաստանի դեմ: Վրացիք չառարկելով հանդերձ՝ առաջ քաշեցին սահմանագծման հարցը: Հայերն էլ դեմ արտահայտվեցին արտաքին ճակատով զբաղվելուն: «Այժմ, երբ անդրկովկասյան հանրապետությունների առաջև կանգնած է մի նոր վտանգ և նոր արյունահեղություններ են հնարավոր, հայկական պատվիրակությունը մերժում է զբաղվել արտաքին քաղաքականությամբ»,- վրդովված նկատեց Ադրբեջանի Վեքիլովը:

«Այո՛,- առարկեց հայերի կողմից Տ. Բեկզադյանը,- քանի հողային հարցերը չեն լուծված, խորհրդաժողովի որոշումները ո՛չ մի արժեք չեն ունենա: Եթե ենթադրենք, որ խորհրդաժողովը որոշի ընդհանուր ուժով դուրս գալ արտաքին ոտնձգությունների դեմ ի պաշտպանություն մեր հանրապետությունների անկախության, այսինքն՝ հյուսիսի վտանգի դեմ, այն ժամանակ հայկական պատվիրակությունը առաջարկում է քննել հարավային վտանգի հարցը, որովհետև թուրքերը, որքան հայտնի է, դաշնակից են բոլշևիկների հետ: Բացի այդ, խորհրդաժողովը պետք է ստույգ տեղեկություններ ունենա այն համաձայնության մասին, որը, իբրև թե, գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մեզ համար անհրաժեշտ է պարզել նաև Ադրբեջանի կառավարության վերաբերումը դեպի մեր պետականությունը»:

Նորից հին հարցը՝ «հյուսիսի» ու «հարավի» վտանգը: Ադրբեջանցու համար «հյուսիսն» էր սարսափելի, հայերը վախենում էին «հարավից». էլ ի՞նչ խորհրդաժողով, ի՞նչ կոնֆեդերացիա, ի՞նչ համաձայնություն: Եվ ո՛չ մի համաձայնություն էլ չկայացավ:

Իսկ մինչ պատգամավորությունները խորհրդաժողովում ճառեր էին արտասանում, մինչ Ադրբեջանն իր ամբողջ բանակը կենտրոնացրել էր Ղարաբաղի դեմ, ապրիլի 28-ի գիշերը, բոլշևիկները, թուրքերի աջակցությամբ և Ադրբեջանի Խորհրդարանի համաձայնությամբ, առանց մի հատիկ փամփուշտ պարպելու, մտան Բաքու և Ադրբեջանում հայտարարեցին խորհրդային իշխանություն: Նոր գործոն էր մտնում Անդրկովկաս, որ գալիս էր բոլորովին այլ ընթացք տալու նորաստեղծ հանրապետությունների կյանքին: Եվ այդ նոր գործոնի ուշադրության առաջին առարկանեղավ Հայաստանը: Հեղաշրջման հաջորդ օրը Բաքվից Երևանի կառավարության ուղարկվեց հետևյալ վերջնագիրը.

«Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորագյուղացիական կառավարությունը, հանձինս հեղափոխական կոմիտեի, պահանջում է՝ նախ մաքրել ձեր զորքերից Ղարաբաղի և Զանգեզուրի հողամասերը. երկրորդ՝ քաշվել դեպի ձեր սահմանները. երրորդ՝ դադարեցնել ազգամիջյան կոտորածը: Հակառակ դեպքում, ադրբեջանյան ընկերվարական խորհրդային հանրապետության հեղափոխական կոմիտեն իրեն կհամարի պատերազմական դրության մեջ Հայաստանի Հանրապետության հետ: Վերջնագրի պատասխանի համար տրվում է երեք օր ժամանակամիջոց: Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության արտաքին գործերի գործավար Հուսեյնով»: