Մեդովկա, Կրուգլայա Շիշկա, Միխայելովկա, Պետրովկա, Սարատովկա, Նովոսելցովո գյուղերը գտնվում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում:
Մինչև այսօր ռուսական անվանումը պահպանած այս գյուղերը հիմնադրել են ցարական Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդ կողմից արտաքսված ռուս մոլոկանները և նրանց ժառանգները:
Մեդովկա և Կրուգլայա Շիշկա գյուղերը ընդգրկված են Մեդովկա համայնքի կազմում: Ներկայումս համայնքի բնակչության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Ադրբեջանից բռնագաղթվածները և շրջակա գյուղերից վերաբնակիչները:
Մեդովկա գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 6 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 58 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1550 մետր է: Կրուգլայա Շիշկան գտնվում է Մեդովկայից մի քանի կիլոմետր հյուսիս:
Խորհրդային տարիներին Միխայելովկան և Պետրովկան մտել են Միխայելովկա գյուղխորհրդի կազմ:
Միխայելովկան գտնվում է Տաշիր քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից՝ 59 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1520 մետր է:
Գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին: Սկզբնական բնակիչները եղել են մոլոկանները: 1953թ.-ից այստեղ բնակվել են ադրբեջանցիները, 1988թ-ից հետո` ադրբեջանաբնակ հայ փախստականները և շրջակա գյուղերի վերաբնակիչները:
Պետրովկա գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 8, Վանաձորից՝ 60 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1570 մետր է: Հետագայում ռուսներին փոխարինել են ադրբեջանցիները, իսկ 1988-1989 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով:
Սարատովկա գյուղը գտնվում է Տաշիր քաղաքից 6 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից 46 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1490 մետր է: Բոգդանով ազգանունով մի մարդ բնակություն է հաստատել այդ տարածքում, զբաղվել անասնապահությամբ եւ այդ մասը անվանել են Բոգդանով խուտոր: Հետզհետե մոտակա գյուղերից եկել և բնակություն են հաստատել այստեղ և գյուղը անվանվել է Սարատովկա:
Խորհրդային տարիներին Սարատովկայի գյուղական խորհրդի մեջ էին մտնում Սարատովկա, Նովոսելցովո և Ղզղալա գյուղերը:
Նովոսելցովոն գտնվում է Տաշիր քաղաքից 6 կմ հարավ, մարզկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1475 մետր է: Գյուղը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին Նովոսելցով ազգանունով մոլոկանի կողմից: Հետագայում գյուղը անվանել են Նովոսելցովո:
Պատմությունը
Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:
Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:
Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:
Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին
Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի: Աղբյուրը՝ («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):
Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց: (Աղբյուրը՝ «Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):
Խորհրդային տարիներին
Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Մինչ այդ Կալինինոյի գյուղերը Ստեփանավանի վարչական տարածքի մաս են կազմել: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։
Բնակավայրերն էին.
Բլագոդարնոյե, նախկինում՝ Կիրիլովկա
Գետավան
Դեմուրչիլար, այսօր՝ Գոգավան
Էվլու, այսօր՝ Ձորամուտ
Իլմազլու, այսօր՝ Դաշտադեմ
Լեռնհովիտ
Կաթնառատ
Կրուգլայա Շիշկա
Ղարաիսա, այսօր՝ Մեղվահովիտ
Ղարաղալա, այսօր՝ Նորամուտ
Ղզըլդաշ, այսօր՝ Արծնի
Ղզըլշաֆակ, այսօր՝ Ձյունաշող
Մեդովկա
Շահնազար, այսօր՝ Մեծավան
Միխայելովկա
Նորաշեն
Նովոսելցովո
Պետրովկա
Պրիվոլնոյե
Սարատովկա
Սարչապետ
Սարիար
Սոյուղբուլաղ, այսօր՝ Պաղաղբյուր
Լուսանկարում՝ Սարատովկա գյուղը, լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի












