Մահմեդական շարժումները, գնդապետ Հասկելը Հայաստանում. Սիմոն Վրացյան

848

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԳ

1919 թվականի Հայաստանի ներքին կյանքի ամենացավոտ երևույթը մահմեդական հակապետական շարժումներն էին՝ կազմակերպված Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով՝ Հայաստանի անկախությունը խորտակելու դիտավրությամբ:

Հայաստանի Հանրապետության գոյության առաջին օրից իսկ երկրի ներսը ապրող և Ադրբեջանի ու Թուրքիայի մահմեդական տարրը թշնամական դիրք բռնեց դեպի հայ պետականությունը: Ներքին թրքությունը չէր ուզում հաշտվել Հայաստանի անկախության հետ և ձգտում էր միանալ կա՛մ Ադրբեջանին, կա՛մ Թուրքիային: Ադրբեջանն ու Թուրքիան էլ, իրենց հերթին, աշխատում էին միմիյանց ձեռք մեկնել, միանալ Հայաստանի վրայով: Միության կամուրջ պետք է լիներ Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան շերտը, թերևս, և Սուրմալուն ու Կարսը:

Թուրքերի պարտությունից ու Կովկասից հեռանալուց հետո, թուրք հրամանատարության դրդումով, Հայաստանում ու Վրաստանում, ամեն տեղ՝ Աջարիա, Ախալցխա, Կարս, Սուրմալու, Շարուր-Նախիջևան և այլն՝ կազմվեցին տեղական «անկախ հանրապետություններ» իրենց կառավարություններով՝ «շուրաներով» և սկսեցին պայքարել Հայաստանի ու Վրաստանի տիրապետության դեմ: Հայաստանի հողի վրա կային «Արևմտայան Կովկասի Հանրապետությունը» Կարսի «շուրայով» և Արևելյան Կովկասի կամ «Արաքսյան Հանրապետությունը», որի մեջ մտնում էին Սուրմալուն, Զանգի և Վեդի Բասարները, Միլլին, Շարուրն ու Նախիջևանը՝ Նախիջևան կենտրոնով: Այս «հանրապետություններից» յուրաքանչյուրը, իր հերթին, բաժանվում էր ավելի փոքր գավառակ միությունների՝ իրենց տեղական «շուրաներով»: Այս «հանրապետությունները» պահում էին սեփական «բանակներ»՝ զինված թուրքական թնդանոթներով, գնդացիրներով ու հրացաններով, թուրք սպաների ու չաուշների հրամանատարության տակ: Ադրբեջանը հայթայթում էր նրանց դրամը: Թուրքիան և Ադրբեջանը ուղղություն էին տալիս նրանց գործունեությանը:

Հայաստանը ներսից պայթեցնելու համար մասնավորապես մեծ ճիգ էր թափում Ադրբեջանը, որը 1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Երևան ուղարկեց մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկին՝ Խան Թեքինսկիին՝ պաշտոն տալով նրան՝ Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու:

Խան Թեքինսկին Երևան հասավ մարտ ամսի քսաններին: 22-ին նա այցելեց Էջմիածին կաթողիկոսին, և ահա թե ինչ է հեռագրում իր կառավարությունը. «Նա (կաթողիկոսը) շեշտեց հայերի և մահմեդականների բարեկամության անհրաժեշտությունը և խոստացավ կոչ ուղղել հայ ժողովրդին՝ հաշտ ապրել մահմեդականների հետ: Կաթողիկոսը ինձ պահեց ճաշի և մինչև վերջին րոպեն չհեռացավ ինձանից: Նավթ չլինելու պատճառով Էջմիածին վանքն ու կաթողիկոսարանը զրկված են էլեկտրական լույսից: Ես խոստացա մեքենաների համար նավթ տալ, ուստի խնդրում եմ շուտով տակառներով նավթ ուղարկեք կաթողիկոսի համար»: Ու նույն հեռագրում, ծածկագրով, իբրև շարունակություն, գրում է. «Ուղարկեցե՛ք միայն 200 փութ նավթ, ավելին կարող է կառավարությունը օգտագործել… Մարտի 14-ին Հայաստանը Թիֆլիսից ստացավ 14 միլիոն բոն, բայց եթե դրամական տեսակետից դժվարություններ հանեք, շուտով կընկնի ծանր դրության մեջ: Հացի բացակայության պատճառով Հայաստանը չի կարող ապրել ինքնուրույն կյանքով: Հնդիկ զինվորները ուղևորվեցին դեպի Նախիջևան: Եթե անհրաժեշտ գտնեք, Կարսի կառավարության հետ կապ կհաստատեմ»:

Ուրեմն, առաջին իսկ քայլից, հարևան «քույր հանրապետության» ներկայացուցիչը «դժվարություններ հանելու» մասին է մտածում:

Ապրիլի 10-ին Թեքինսկին մանրամասն տեղեկություններ է հեռագրում Բաքու հայկական բանակի մասին, իսկ ապրիլի 16-ին, թե «լուրերի համաձայն անգլիացիք Կարսը հանձնել են հայերին. պատրաստվում են հանձնել նաև Շարուր-Նախիջևանը: Խնդրում եմ ստուգել և հարցնել անգլիացիներին. եթե ճիշտ է, կարծում եմ, անհրաժեշտ է բողոքել Հնդկաստանի, Թուրքեստանի, Աֆղանստանի, Մալայան կղզիների և Կովկասի ողջ մահմեդականության, նույնպես և հաշտության վեհաժողովին ընդդեմ անգլիացիների այն ցանկության, որով նրանք մի քանի միլիոն մահմեդականներին ենթարկում են թվով կես միլիոն հայերին»:

Ապա, մի շարք հեռագրերով, հաղորդում է Նախիջևանի գրավման նախապատրաստական աշխատանքների մանրամասնությունները և ապրիլի 29-ի թիվ 72 հեռագրով շտապ հարցնում է. «Եթե Նախիջևանը դիմադրություն ցույց տա հայկական զորքերին, կառավարությունը ի՞նչ օգնություն կհասցնի և զորքեր կուղարկի՞ թեկուզ կամավորների անվան տակ»:

Ապրիլի 30-ին, հետները մեծ գումարներով, Երևան են հասնում Ադրբեջանի գործակալներ Նախիջևանսկին և Մակինսկին՝ Նախիջևան գնալու համար: «Զորավար Թոմսոնը Երևանում,- հեռագրում է մայիսի 1-ին Թեքինսկին,- արգելեց Մակինսկուն անցնել Նախիջևան՝ այն պատճառաբանությամբ, թե այդ շրջանը գտնվում է Հայաստանի կառավարության վարչության ներքո: Մակինսկին դրամները հանձնեց ինձ. սպասում եմ ցուցմունքների, թե ինչպե՞ս գործադրեմ Նախիջևանին հատկացված գումարները: Նախիջևանսկին հարկադրված է վարադառնալ: Անգլիացիք գրավեցին Մակինսկու վագոնը»:

Ու երեք օր վերջը, մայիսի 4-ին, իրար հետևից հղում է 2 հեռագիր: Առաջինով հաղորդում է. «Հայկական գնդերը ուղևորվեցին դեպի Նախիջևան: Հայաստանի վրա ճնշում գործ դնելու համար անհրաժեշտ եմ գտնում, որ անհապաղ  հայկական սահմանների վրա կենտրոնացվեցին մեր գնդերը: Նախիջևանի ազգաբնակչությունը պատրաստ է ցույց տալու դիմադրություն… Դիլիջանում կանգնած է միայն 4-րդ գունդը՝ թերի կազմով»: Երկրորդ հեռագրով խնդրում է. «Շտապ պատասխանե՛ք 29 ապրիլի թիվ 72 հեռագրիս: Նախիջևանցիները ինձ հարցնում են, ինչպե՞ս վարվել, և արդյոք Ադրբեջանը օգնության կգա՞, եթե իրենք հայերին դիմադրություն ցույց տան»:

Մայիսի 5-ին Բաքվի կառավարությունը պաղ ջուր է լցնում Խան Թեքինսկիի գլխին. արտգործնախարարի պաշտոնակատար Զիաթխանովը հեռագրում է. «Դեպի Նախիջևան զորամասեր և կամավորներ ուղարկելու մասին ներկայումս խոսք լինել չի կարող. այդ հարցը եռանդուն կերպով քննվում է կառավարության և (Խորհրդարանի) ավագների խորհրդի մեջ: Հետևանքը կհաղորդեմ: Եռանդագին բողոքեք Նախիջևանը գրավելու նպատակով ձեռնարկվող ամեն տեսակ գործողությունների և Ադրբեջանի ինքնիշխան իրավունքերի նսեմացման դեմ»:

Իսկ մի օր հետո, մայիս 5-ին, վարչապետ Խան Խոյսկին հրամայում է. «Անհապաղ կապ հաստատեք Կարսի կառավարության հետ: Ցույց տվեք նրան ամեն տեսակ աջակցություն: Իմացե՛ք, թե ի՞նչ կարիք ունի. հեռագրեք մեզ, որ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնենք»:

Թեքինսկին Նախիջևան է ուղարկում իր զինվորական կցորդին ու գործավարին, որ ոտքի հանեն մահմեդականներին: Եվ մայիսի 9-ին հեռագրում է. «Մինչև ապրիլի 27-ը զինվորական կցորդն ու գործավարը պետք է Նախիջևան լինեն, բայց նրանցից դեռ տեղեկություն չի ստացվել»:

Մայիսի 12-ին Թեքինսկին դրամ և իր ռոճիկն է պահանջում վրդովված. «Ես պարտական չեմ առանց ռոճիկի ծառայելու և ստանալու ավելի քիչ, քան մյուս դիվանագիտական ներկայացուցիչները: Գործի օգուտը նկատի առնելով՝ չպետք է սահմանափակենք իմ ծախքերը: Եթե իմ ծախքերը մեծ ենք համարում, խնդրում եմ ինձ հետ կանչեք և փոխարինեք ուրիշով, մանավանդ որ ես Խոյսկիի հետ պայմանավորվել եմ Երևանում մի մասից ավելի չմնալ»:

Մարդը եկել էր մի ամսում Հայաստանը տակն ու վրա անելու և հեռանալու նպատակով:

Թեքինսկիի պնդումների վրա Բաքվի կառավարությունը մայիսի 18-ին նորից պատասխանում է, որ «հանգամանքների բարդացման հետևանքով՝ նախիջևանցիները մոտ ապագայում չեն կարող մեզանից սպասել զինվորական իրական օգնություն: Եթե տեղական բնակչությունը կարող է կանգնեցնել հայկական զորքերի առաջխաղացումը, այդ ուրախությամբ կընդունվի Ադրբեջանի կողմից, մանավանդ որ Ղարաբաղի հայերը, հակառակ մեզ աջակցելու համար Ղարաբաղ եկած անգլիացիների ներկայության, կտրականապես ընդդիմանում են Ադրբեջանի իշխանության հաստատմանը այնտեղ»:

Այնուամենայնիվ, հակառակ Թեքինսկիի թափած ջանքերի, հայկական զորքերը, ինչպես տեսանք, առանց դիմադրության հանդիպելու, գրավեցինք Կարսն էլ, Շարուր-Նախիջևանն էլ: Դրանից հետո, սկսվեց ադրբեջանյան գործակալների դավերի մի նոր շրջան:

Մայիսի 10-ին Թեքինսկին խորհուրդ է տալիս իր կառավարությանը. «Բոլշևիկների կողմից Բաքվին վտանգ սպառնալը պատրվակ բռնեցեք և խնդրեցեք անգլիացիներին, որ Կարսի թնդանոթները փոխադրեն Բաքու»: Հունիսի 4-ին, թե՝ «որևէ պատճառ բռնելով՝ հետաձգե՛ք Հայաստանի երկաթուղիների համար նավթ ուղարկելը, որովհետև Նախիջևանի շրջանում դեպքեր են սպասվում»: Եվ նույն օրը, թիվ 130 հեռագրով. «Կամավորական բանակի առաջխաղացումը հայերին ուրախություն է պատճառում… Եթե մեր հարաբերությունը Կամավորական բանակի հետ լարվի, հայերը թշնամական դիրք կբռնեն դեպի մեզ, ուստի անհրաժեշտ է Հայաստանի համար վտանգ ստեղծել Շարուր-Նախիջևանում: Գործը կազմակերպելու համար անհապաղ պետք է դրամ բաց թողնենք: Իմ ձեռքը առած միջոցների շնորհիվ Շարուրը, Նախիջևանը և Օրդուբադը արդեն միացել են մեկ ազգային խորհրդի մեջ, որը մշտական հարաբերության մեջ է ինձ հետ»:

Հունիսի 8-ին արտգործնախարար Ջաֆարովը հեռագրում է կառավարության հավանությունը. «Պատասխան թիվ 130 հեռագրի: Հավանություն եմ տալիս Շարուր-Նախիջևանի հետ կապ հաստատելու նպատակով ձեր ձեռնարկած միջոցներին. համաձայն են դրամ տալ զինվորական կազմակերպության համար: Հաղորդեցեք ինչպե՞ս և ո՞ւմ բաց թողնել դրամը: Հաղորդեցեք, թե ի՞նչ միջոցներով պիտի իրագործվեն մատնանշված ծրագիրն ու կազմակերպությունները»:

Հունիսի 11-ին Թեքինսկին պատասխանում է. «Շարուր-Նախիջևանի շրջանը ունի մոտ 6000 կիսականոնավոր զորք՝ ձիավորով, թնդանոթով ու գնդացիրներով: Ռազմականությամբ հետ չեն մնում հայերից, որոնց օժանդակում են անգլիացիները: Պատերազմական գործողությունների ժամանակ զինված ուժերի թիվը կարող է հասնել մինչև 10 000: Կարծում եմ, որ մենք պետք է պահենք միայն 6000 ասկյար, հին հրամանատարական կազմի հետ միասին՝ տեղավորելով նրանց այն վայրում, ուր գտնվում էին մինչև հայերի գալը, իսկ մի մասն էլ Զանգեզուրի սահմանի վրա՝ լեռներում: Ծախքերի ստուգումը լիովին երաշխավորել դժվար է: Գործի կարևորությունը ստիպում է, որ հաշտվենք մի քանի հնարավոր զեղծումների հետ: Դրամը հրամանատարներին բաց կթողնեմ մաս-մաս, բացի այդ, վերահսկիչներ կնշանակեմ: Վաղը մեկնում է զինվորական կցորդը. լսեք նրա զեկուցումը և միասին քննեք: Այսօր սուրհանդակ ուղարկեցի Նախիջևան»:

Ու նույն օրը նոր հրահանգ Բաքու. «Ո՛չ, մի ֆունտ նավթ մազութ բաց չթողնեք Հայաստանին»:

Հունիսի 22-ին Թեքինսկին հեռագրում է. «Թվում է, որ այժմ Ադրբեջանը Հայաստանից բացի՝ ուրիշ թշնամի չունի, ուստի անհրաժեշտ է Հայաստանի վրա առանձին ուշադրություն դարձնել: Պետք է քուրդ Սմկոյին քաշել մեր կոմը, որի համար լիազորություն եմ խնդրում ինձ. զինվորական կցորդին հարց ու փորձ արեք Սմկոյի մասին»:

Հուլիսի 21-ին, նորից պահանջ, որ Ադրբեջանը զորք ուղարկի դեպի Հայաստանի սահմանները. «Մեր զորքերի երևալը սահմաններրի վրա խուճապ է թողել հայերի մեջ, ուժեղացնում է դասալքությունը և բարձրացնում մահմեդականների ոգին… Եթե ուզում եք օգտվել րոպեից, ձեռք առեք շտապ և վճռական միջոցներ»: Ու կրկին. «Սպասվում են խոշոր դեպքեր: Հայաստանը լարում էր իր ուժերը»:

Եվ, իրոք, Հայաստանը լարում էր իր բոլոր ուժերը: Մահմեդականությունը ոտքի էր ելել հայ ժողովրդի ու Հայաստանի գոյության դեմ: Վերջապես, հունիսի 14-ին, Փարիզի վեհաժողովը օսմանյան պատվիրակությանը հանձնել էր հաշտության պայմանները, հույները գրավել էին Իզմիրը, մեջտեղը դրված էր Մեծ Հունաստանի ու ծովից ծով Հայաստանի ծրագիրը: Եվ մահմեդական աշխարհը հուզվում էր զայրացած: Սկսվում էր քեմալական շարժումը, որի ազդեցության տակ Կովկասի մահմեդականները համախոսականներով ու հեռագրերով ռմբակոծում էին Հաշտության վեհաժողովն ու դաշնակիցների անդրկովկասյան ներկայացուցիչներին՝ բողոքելով Հայաստանի տիրապետության դեմ և պահանջելով իրենց կցումը Թուրքիային կամ Ադրբեջանին:

Մյուս կողմից, հունիս ամսից սկսած, հայկական հետախուզությունը նկատում էր թուրքերի կողմից զինվորական շտապ պատրաստություններ Հայաստանի ուղղությամբ: «Թուրքահայաստան ուղարկված գործակալները, կարդում ենք Հայաստանի Գլխավոր սպայակույտի հունիսի 17 գաղտնի զեկուցման մեջ, վկայում են թուրք կանոնավոր զորամասերի ներկայությունը Օլթիի և Սարիղամիշի ուղղությամբ և Ալաշկերտի շրջանում: Կատարելապես ստույգ կերպով հաստատված է, որ թուրքական 12-րդ դիվիզիան գտնվում է Խորասան-Զիվինում՝ կենտրոն ունենալով Խորասանում… Քարոզչությունը Թուրքիայի և Անդրկովկասի շրջաններում ուժեղանում է: Այդ նպատակով մեծ քանակությամբ թուրք գործակալներ են ուղարկված Հայաստանի ներսերը, մահմեդական գյուղերը, և ամեն տեղ հայտնաբերվում են մեր վարչության և հակահետախուզության կողմից: Մասնավորապես, զորավոր է թուրք գործակալների ազդեցությունը Արդահան-Օլթիի և Բարդուսի շրջաններում, ուր նրանք կազմակերպել են գնդացիրներով զինված քրդական հրոսախմբեր: Նույն պատրաստությունը կատարվում է և՛ Սարիղամիշ-Կաղզվան տարածության վրա, և՛ ավելի հեռուները՝ Բարթողյան լեռնաշղթայի քրդաբնակ մասերում մինչև Արարատ»:

Նախապատրաստվելով ներսից ու դրսից՝ թուրք-ադրբեջանցիները անցան գործի, որը հեշտացնում է և նրանով, որ անգլիացիք պաշտոնապես հայտարարել էին, թե շուտով հեռանալու են Կովկասից. մինչև մայիսի 15 Կարսում և մայիսի 30 Նախիջևանում արդեն ոչ մի անգլիական զինվոր չէր մնացել: Հայերը մնացել էին միայն իրենց ուժերով: Այդ օրերին Հայաստանը ուներ երեք հետևակ բրիգադ՝ յուրաքանչյուրը երկու գնդից և գունդը՝ երեք գումարտակից, երկու ձիավոր գունդ՝ յուրաքանչյուրը վեց հարյուրյակով, 12 մարտկոց՝ ամեն մեկը 4 թնդանթով, 3 զրահապատ գնացք և մի քանի տեղական զորամասեր: Այս ուժերը ցրված էին երկրի բոլոր կողմերում, ունեին թերի կազմ, չնչին քանակությամբ ռազմամթերք, վատ հագուստ ու պարենավորում:

Այսպիսի թույլ և ուժացրիվ վիճակում շատ դժվար պիտի լիներ դրությունը, եթե մահմեդական խռովությունները վերածվեին ընդհանուր ապստամբության: Այդպես էլ պատահեց: Անգլիացիների հեռանալուց հետո, Օլթիից մինչև Օրդուբադ, ամբողջ տարածության վրա բռնկվեց մահմեդական ապստամբությունը:

Շարժումը սկսվեց Բեոյուք-Վեդի գյուղից, որը վաղուց կես-ապստամբ վիճակի մեջ էր և հարևան գյուղերի հետ ուներ մոտ 4000 կռվողներ: Սերտ կապ պահելով Արաքսի մյուս ափի՝ Արալըխի քրդության հետ՝ նա մշտական սպառնալիք էր Շարուր-Նախիջևանի հայկական զորքերի և երկաթուղային հաղորդակցության համար: Բեոյուք-վեդիցիները բազմաթիվ հարձակումներ էին գործում, թալանում ու սպանում էին հայերին և, առհասարակ անհանգիստ հակապետական տարր էին: Հուլիսի 1-ին, Դավալուի մոտերը նրանք սպանեցին 9 հայ զինվորներ և 12 գյուղացիներ: Այդ դեպքը առիթ դարձավ, որ հայկական հրամանատարությունը, համաձայնությամբ անգլիական ներկայացուցչի, վճռի գրավել Բեոյուք-Վեդին: Այդ նպատակով, դեպքի վայր ուղարկվեց մի զորամաս՝ հրամանատարությամբ գնդապետ Ապրեսյանի, որը իր մոտ կանչելով գյուղի կոմիսարին և օգնականին՝ պահանջեց հանձնել հանցավորներին, վերադարձնել սպանվածների զենքերն ու գույքերը և վարձատրել սպանվածների ընտանքիներին: Կոմիսարն ու օգնականը համաձայնվեցին կատարել պահանջը, և հուլիսի 4-ին գնդապետ Ապրեսյանը իր զորամասերով, Բեոյուք Վեդիի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մոտեցավ գյուղին և բանակ ուղարկեց: Եվ երբ Բեոյուք-Վեդիի ներկայացուցիչները գնացին գյուղ, վերջնական պատասխան բերելու, այնտեղից, հանկարծ, հայերի վրա բացվեց հրացանային ու գնդացիրային սաստիկ կրակ: Հանկարծակիի եկած հայերը տվին ծանր զոհեր՝ սպանվեց 5 սպա և 30 զինվոր, վիրավորվեց 7 սպա և 120 զինվոր, և անկարգ նահանջեցին: Հուլիսի 8-ին հայկական հրամանատարությունը փորձեց ուժով գրավել Բեոյուք-Վեդին, բայց հաջողություն չունեցավ: Եվ այնուհետև սկսեց ուժեր հավաքել ու պատրաստվել վճռական գործողությունների:

«Բեոյուք-Վեդիի դրությունը լուրջ է,- հուլիսի 14-ին հեռագրում է Թեքինսկին: – Հայաստանը կենտրոնացնում է իր բոլոր ուժերը: Քահանաներն իրենց քարոզներում կոչ են անում հարձակվել Բեյուք-Վեդիի վրա՝ սրբազան արշավանք համարելով դա: Մահմեդականներին կարող է ազատել Ադրբեջանի զինված միջամտությունը… Մահմեդականների դիմումին՝ օգնության համար՝ հայտարարեցի, որ առայժմ Ադրբեջանը չի կարող զորքով օգնել, բայց մահմեդականների բոլոր ծախքերն ու վնասները անմիջապես կվերադարձվեն Ադրբեջանի կողմից: Սպասում են մեծ դեպքեր ամբողջ Շարուր–Նախիջևան–Օրդուբադում և Կարսի շրջանում: Առանց մի օր կորցնելու՝ ուղարկեցեք խոշոր գումար զինվորական կազմակերպությունների համար»:

Եվ, հիրավի, Բեոյուք-Վեդիի ազդանշանի վրա գլուխ բարձրացրին և Շարուրի ու Նախիջևանի թուրքերը: Հուլիսի կեսերին շտապով Շահթախթ հասավ թուրքական բանակի գնդապետ Խալիլ բեյը, թուրք սպաների ու 2-3 հարյուր ասկյարների հետ և անցավ մահմեդական շարժման գլուխը: Եվ հուլիս 20-21-ին, միաժամանակ, ապստամբություն ծագեց Շարուր-Նախիջևանի բոլոր կողմերում: Հայկական սակավաթիվ զորամասերը Ջուլֆայում, Նախիջևանում, Շահթախթում ու Բաշ-Նորաշենում շրջապատվեցին թուրք զինված բազմություններով: Մի քանի օրվա արյունահեղ կռիվներից հետո առնելով և հայ ազգաբնակչության որոշ մասը, նահանջեցին դեպի Զանգեզուր: Անգլիական զինվորական առաքելությունը և ամերիկյան նպաստամատույցի պաշտոնյաները անցան Թավրիզ: Շարուրի զորքերի մի մասը երկաթուղով քաշվեց հյուսիս, իսկ մյուս մասը, Բաշ-Նորաշենի շրջանում: Հուլիսի 25-26-ին, գնդապետ Կարաքեշիշյանի գլխավորությամբ, ճեղքելով թշնամու ամուր շղթան, նահանջեց դեպի Չանախչի ու Զինջիբլու գյուղերը: Մի քանի օրից, այս գյուղերն էլ, Ղարախաչ, Ուլուխանլու, Էլփին գյուղերի բնակիչների ու զորքի հետ միասին, կռվով նահանջեցին Զիվինի վրայով, դեպի Արաջան:

Թուրքերը հետևեցին հայերին Նախիջևանից Զանգեզուրի ուղղությամբ Նախիջևանի գետի կիրճով և Շարուրից՝ դեպի Դարալագյազ՝ Արփա գետի ձորով, բայց Խաչիկ – Նորս գծից հետ մղվեցին:

Այս հաջողություններից արբեցած, օգոստոսի 1-ին, Թեքինսկին հեռագրում է Բաքու. «Բեոյուք-Վեդիի, Շարուրի և Նախիջևանի շրջաններում կռիվներ են տեղի ունենում: Հայկական գնդերը փախչում են կամ ոչնչանում: Հաղորդեք, թե ես ի՞նչ պետք է անեմ: Մահմեդականները դեռ չեն ցանկանում գրավել Երևանը»: Ու նորից. «Վերջապես, թղթի հայտագրերից բացի մենք պե՛տք է անենք իրական քայլեր… պե՛տք է անհապաղ պատերազմ հայտարարենք»: Միաժամանակ, «մեր կառավարությունը պետք է վճռական առաջարկ անի անգլիացիներին, որ մեզ հանձնեն Ջուլֆա-Շահթաղթ երկաթուղին՝ Ալեաթ-Ջուլֆա գծով՝ Պարսկաստանի հետ առևտուր սկսելու համար: Հանձման ենթակա այդ գիծը պետք է երկարի մինչև Դավալու գյուղը» (28 հուլիս):

Իսկ երկու օր հետո, օգոստոսի 3-ին, ռազմաշունչ խանը հեռագրում է վարչապետ Խան Խոյսկուն. «Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը երկու շաբաթվա ընացքում մաքրի Զանգեզուրի հաշիվը և զորքերը առաջ քաշեն մինչև Ղամարլու: Այժմ ամենահարմար ժամանակն է: Հայաստանի կոմիսար ամերիկյան գնդապետի ժամանումից հետո ուշ կլինի: Եթե իմ առաջարկը կընդունվի ձեր կողմից, իրագործեք առանց պատերազմ հայտարարելու: Շատ եմ խնդրում, որ օգտվեք րոպեից և ժամանակ չկորցնեք»:

Օգոստոսի 4-ին Թեքինսկին Խան Խոյսկուն տեղեկություններ է հաղորդում հայկական զինվորական տեղափոխությունների մասին, և սրանով վերջանում է նրա դավադրական գործունեությունը Հայաստանում: Հայկական կառավարության պահանջով անգլիացիք քշեցին նրան Երևանից: Ի հատուցումն իր մատուցած ծառայությունների, նա նշանակվեց Ադրբեջանի արտգործնախարարի օգնական: Նրա տեղը Երևան եկավ Ադրբեջանի «ազգային բանաստեղծ» Հախվերդովը, որ անշեղ շարունակեց իր նախորդի քաղաքականությունը:

Բեոյուք-Վեդիի և Շարուր-Նախիջևանի դեպքերը մեծ հուզում առաջ բերեցին Երևանում և Հայաստանի բոլոր կողմերում: Կառավարությունը առավ արտակարգ միջոցներ: Հուլիսի 23-ին Երևանի, Էջմիածնի և Սուրմալուի գավառներում հայտարարվեց 26, 27 և 28 տարեկանների զորակոչ (օգոստոսի18-ին այս որոշումը տարածվեց ամբողջ Հայաստանի վրա): Հուլիսի 24-ին մտցվեց մահապատիժ պետական դավաճանության և դասալքության համար: Նույն օրը որոշվեց ազգաբնակչությունից հարկադրական միջոցներով զենք ու ռազմամթերք հավաքել և սահմանել զինային պարտադիր տուրք: Հուլիսի 25-ին հաստատվեց զինաժողովի կոմիսարի պաշտոնը և Արշակ Ջամալյանը նշանակվեց զինաժողովի կոմիսար: Հուլիսի 28-ին զենքի տակ առնվեցին մինչև 40 տարեկան բոլոր սպաները: Հուլիսի 30-ին կազմվեց երեք հոգանոց Ապահովության կոմիտե՝ վարչապետից և ներքին գործոց ու զինվորական նախարարներից: Ապահովության կոմիտեն պիտի վարեր երկրի պաշտպանության գործը՝ լիազորություն ունենալով դիմելու արտակարգ միջոցների նույնիսկ առանց նախարարական խորհրդի որոշման:

Այս միջոցներն ինքնին բավական են տեսնելու համար, թե ի՜նչ վտանգավոր կացություն էր ստեղծվել Հայաստանում: Կառավարությունն ու ժողովուրդը զգում էին, որ միայն իրենցից կախված փրկությունը և լարում է իրենց բոլոր ուժերը: Կառավարության կոչի վրա, մի քանի օրվա մեջ, Երևանի բնակչույթունը մեծ քանակությամբ փամփուշտ ու հրացան հանձնեց զինվորական իշխանություններին: Ժողովուրդը իր տրամադրությունն արտահայտում էր բազմաթիվ ժողովներով ու բանաձևերով:

Կառավարությունը դիմեց և դաշնակիցներին՝ զինվորական աջակցություն հասցնելու խնդրանքով:

Հուլիսի 26-ին Երևան հասան անգլիական ու ֆրանսիական հրամանատարության ներկայացուցիչներ մի քանի հարյուր հնդիկ զինվորների հետ, և օգոստոսի 2-ին հանդիպում ունեցան ապստամբների պետ Խալիլ բեյի հետ, որը հայտարարեց, թե եղածը ապստամբություն չէ բնավ, այլ ազգային իրավունքների պաշտպանություն: Շարուր-Նախիջևանի թրքությունը մինչև Փարիզի վեհաժողովի վերջնական վճիռը, ուզում է կառավարվել սեփական ազգային խորհրդով, ինչպես Ղարաբաղը կառավարվում է հայկական ազգային խորհրդով:

Անգլիական ու ֆրանսիական սպաների փորձերը ո՛չ մի արդյունք չտվին: Այդ պատճառով, օգոստոսի 10-ի առավոտյան, հայկական զորքերը դիմեցին նոր հարձակման Բեոյուք-Վեդիի վրա և մի շարք հաջող ընդհարումներից հետո, երեկոյան դեմ գրավեցին Բեոյուք-Վեդիից 2 վերստ հեռու գտնվող Կոթուզի բարձրունքները և Գիջա, Շիրազլու, Կարալար, Ճաթղռան և Ռեհանլու գյուղերը: Թուրքերը դիմադրում էին կատաղի կերպով, ռազմագիտական արհեստով փորձված դիրքերից, հրացանների ու գնդացիրների սպանիչ կրակով: Մի քանի օր տևեցին արյունահեղ կռիվներ, որոնց ամբողջ երկիրը լարված հետևում էր: Ամենքը զգում էին, որ պարտությունը Բեոյուք-Վեդիի տակ ճակատագրական հետևանքներ կունանար Հայաստանի համար:

Օգոստոսի 15-ին, Խորհրդարանում, փոխվարչապետ Ա. Սահակյանը զեկուցում տվեց մահմեդական շարժումների մասին. «Մենք,- ասաց նա,- հետզհետե շրջապատվում ենք երկաթե օղակով: Թշնամին ուզում է ներխուժել մեր երկիրը… Կառավարությունը բավարար չգտնելով ներկա զինվորական ուժը՝ կոչ է անում ժողովրդին զոհաբերել իր գույքն ու կյանքը: Այժմ կառավարությունը դիմելով այս բարձր ժողովին՝ հայտնում է, որ կարիք ունի հեղինակավոր գործիչների և պատգամավորներից օգնություն ստանալու հույս ունի»:

Խորհրդարանը ընդառաջ գնաց կառավարության դիմումին և որոշեց՝ 1) հայտարարել հայրենիքը վտանգի մեջ և հրավիրել ժողովուրդը՝ լարել բոլոր ուժերը երկրի պաշտպանության համար, 2) բժ. Հ. Տեր-Դավթյանից, Լ. Թադևոսյանից, Հ. Արղությանից և Հ. Մանուկյանից բաղկացած խորհրդականի մի հանձնախումբ ուղարկել զորաճակատ՝ ողջունելու համար զորքին և բանակի բարելավման ծրագիր բերել, 3) կոչ ուղղել դաշնակից երկրների խորհրդարաններին:

Մի քանի օրվա արյունահեղ կռիվներից հետո, հայկական զորքերը ամրացման դիրքերում Բեոյուք-Վեդիի առջև և վերջ տվին գործողություններին, դրությունը սկսել էր լրջանալ երկրի մյուս մասերում էլ:

Բեոյուք-Վեդիի կռիվների ժամանակ հայ կոմունիստները Երևանում բաց թողեցին կառավարության դեմ ուղղված մի թռուցիկ, որով դասալքության էին հրավիրում զինվորներին: Թռուցիկի հեղինակները ձերբակալվեցին և արտաքսվեցին Հայաստանից:

Շարուր-Նախիջևանի դեպքերը, ամենից առաջ, արձագանք գտան և Սուրմալու-Կողբի շրջանում, ուր հայկական իշխանությունը հաստատվել էր մայիսի 27-ին: Օգոստոսի 7-ին հարձակումները սկսվեցին Կողբից հարավ կանգնած հայկական զորամասի վրա: Առաջին հարձակումը հետ մղվեց, բայց օգոստոսի 18-ին թուրքերը գրոհ տվին նոր թափով: Ապստամբեցին և հայ զորքերի թիկունքում գտնվող Ղամշլու, Ագարակ և Աբաս Գյոլ գյուղերը, և հայկական զորամասը ստիպված եղավ թողնել Կողբն ու քաշվել Արաքսի ափը: Նրանց հետ հեռացան և մոտ 5000 հայ ու եզդի բնակիչներ:

Օգոստոսի 23-ին թուրքերը սկսեցին սպառնալ և Էջմիածնի կայարանին ու սպանեցին շրջակա գյուղերից 8 հայ: Օգոստոսի 24-ին, Ներքին Ղարխուն գյուղի մոտ ընդհարում տեղի ունեցավ ապստամբ թուրքերի և մի հայկական վաշտի միջև, վիրավորվեցին 5 հայ զինվորներ և 1 սպա: Օգոստոսի 25-ին Շոռլու գյուղի բնակիչները հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը: Օգոստոսի 26-ին թուրքերը կրակ բաց արին Էջմիածնից Ղարխուն մեկնող ամերիկացիների վրա: Օգոստոսի 29-ին Ուլուխանլու-Էջմիածին ճանապարհին սպանվեցին հիվանդանոցից իրենց զորամասը վերադարձող 4 զինվորներ: Ամբողջ Զանգիբասարը հայտարարեց իրեն ապստամբ և մերժեց ճանաչել հայկական իշխանությունը: Զանգիբասարցիներին ղեկավարում էր Խալիլ բեյի համհարզ Մահմեդ բեյը և մի շարք թուրք չաուշներ:

Ընդհարումների և կռիվների թատերաբեմ դարձավ և Կարսի նահանգը: Օգոստոսի 18-ին մոտ 1500 զինված քրդեր ու թուրքեր հարձակվեցին Կաղզվանի վրա, բայց հետ մղվեցին: Օգոստոսի 21-ից սկսվեցին մի շարք ընդհարումներ քրդերի և հայկական կանոնավոր ուժերի միջև: Օգոստոսի 22-ին 400 թուրքեր գրավեցին Բայքարա գյուղը, Սելիմից 15 վերստի վրա՝ կամենալով փչացնել երկաթուղին Բեգլի-Ահմեդի մոտ և կտրել Սարիղամիշի հայկական զորամասի հաղորդակցության գիծը: Դևիկի մոտ քրդերը գնդակահարեցին անգլիական մի ինքնաշարժ և վիրավորեցին մի զինվոր: Հայկական հողերի վրա երևացին և թուրքական ուժեր:

Օգոստոսի 30-ին, Սարիղամիշի հայկական զորամասերը անցան հակահարձակման և հաջող կռիվներով հետ շպրտեցին թշնամուն ու գրավեցին նրա դիրքերը Կարաքուրդի շրջանում: Օգոստոսի 31-ին Դևիկի հայկական մասերը գրավեցին Վերիշան, Բաշքեոյ, Բեգքեոյ, Բոզղուտ և Մեխրետ գյուղերը, քրդերը փախան՝ ջարդված: Նույն օրը Կարաքուրդի զորամասը գրավեց Բաշքեոյի դիրքերը և մինչև 1914 թ. սահմանը մաքրեց քրդերից: Անհաջող անցավ նույնիսկ թշնամու փորձը՝ գրավելու Կաղզվանը. մեծ զոհեր տալով՝ փախավ խուճապահար:

Սեպտեմբերի1-ին քրդերն ու թուրքերը շրջապատեցին Կոնզ և Դորդ Կիլիաս գյուղերը և Մերդենիկի զորամասի պետից պահանջեցին՝ մաքրել անհապաղ Մերդենիկի շրջանը և զորքերը հեռացնել Կարս: Պատասխանը եղավ՝ հարձակում Մերդենիկի զորքերի կողմից և թշնամու փախուստը դեպի Կանջուրետի լեռները: Սեպտեմբերի 2-ին Սարիղամիշի հայկական զորամասը կռվով գրավեց Գյումրի սարն ու Ղզըլ Կիլիսա գյուղը: Ապստամբների ղեկավար Էյուբ փաշան փախավ Օլթիի շրջանը, իսկ մի ուրիշ ղեկավար անձնատուր եղավ:

Այսպիսով, իբրև հետևանք հայկական զենքի հաջողության, մահմեդական շարժումը Կարսի նահանգում վերջ գտավ: Դրան նպաստեցին և այն զգույշ ու հաշտասեր քաղաքականությունը, որ վարում էր այստեղ հայկական իշխանությունը: Այնուհետև, եթե չհաշվենք 1920 թվի սկզբի Զարուշատի դեպքերը, Կարսի շրջանում լուրջ հակապետական դեպքեր տեղի չունեցան:

***

Մահմեդական շարժումների ամենատաք շրջանում Հայաստան հասավ Հաշտության վեհաժողովի Հնգի խորհրդի կողմից նշանակված՝ Հայաստանի կոմիսար գնդապետ Ուլիյամ Հասկելը: Նրա ժամանումը մեծ ոգևորություն առաջացրեց հայերի մեջ: Բաթումից մինչև Երևան, ամեն տեղ, նրան ցույց տրվեց խանդավառ ընդունելություն: Ընդունելությունը շատ ջերմ էր, մանավանդ, Հայաստանում:

Օգոստոսի 20-ին գնդապետ Հասկելը իր շքախմբով հասավ Ղարաքիլիսա:

Գնացքը կանգ առավ ծաղիկներով զարդարված կամարի տակ: Հասկելի վագոնի առջև դրվեցին պատվո պահակներ: Կայարան էր հավաքված ահագին բազմություն: Քաղաքացիական և զինվորական պատգամավորները ներկայացան Հասկելին, որը դուրս եկավ վագոնից և ժողովրդի ոգևորված ծափերի ու «կեցցեների» տակ դիտեց շարված զորքը, հարց ու փորձ արեց զինվորներին, հետաքրքրվեց նրանց վիճակով: Որբերի կողմից մի աղջիկ ծաղկեփունջ ներկայացրեց տիկին Հասկելին:

Նույն հանդիսավորությամբ Հասկելը անցավ և Ալեքսանդրապոլից և օգոստոսի 21-ի առավոտյան հասավ Երևան: Քաղաքն ամբողջ զարդարված էր դրոշակներով, գորգերով ու կանաչով: Բոլոր խանութները փակ էին: Փողոցներում տիրում էր արտակարգ եռուզեռ: Ամենքը դուրս էին եկել վեհաժողովի ներկայացուցչին ընդունելու: Վարչապետը, բոլոր նախարարները, Խորհրդարանի նախագահը, զինվորական հրամանատարական կազմը, քաղաքապետը, քաղաքագլուխը, թեմակալ առաջնորդը, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ներկայացուցիչները՝ ամենքը կայարանում էին, ուր շարքով կանգնած էին զինվորները իրենց նվագախմբով: Ընդունելության ծիսական մասը վարում էր մայրաքաղաքի պարետ Ա. Շահխաթունին:

Ընդունելության արարողությունից, վարչապետ Խատիսյանի ողջույնի խոսքից, Հասկելի պատասխանեց ու պատվո պահակի ընդունելությունից հետո, շքերթը մեկնեց քաղաք: Առջևից գնում էին Սասունի և Շատախի ձիավորները՝ ազգային տարազով և դաշնակից պետությունների դրոշակներով: Նրանց հետևում էին Հասկելի ու վարչապետի և մյուս դիմավորողների ինքնաշարժերը: Քաղաքային ինքնավարության շենքի առջև կանգնած էին որբերը թարմ պսակներով: Աբովյան պողոտան լիքն էր անհաշիվ բազմությամբ: Հասկելին հատկացված էր Երևանի լավագույն տներից մեկը, որի առջև կանգնած էին քաղաքազորը, անգլիական հնդիկ զինվորները, համքարությունները իրենց դրոշակներով:

Հասկելի հասնելուն պես նվագախումբը հնչեցրեց «Մեր հայրենիքը»: Հասարակությունը ողջունեց որոտընդոստ ծափերով ու «կեցցեներով»: Հասկելը դիտեց զորքը, հարց ու փորձ արեց զորքի սպառազինության և հագուստի մասին: Զորամասերը հանդիսավոր քայլերով անցան նրա առջևից:

Ապա, բնակարանում, Հասկելը ընդունեց կառավարության, բանակի, քաղաքի և օտար պետությունների ներկայացուցիչներին ու շնորհակալություն հայտնեց իրեն ցույց տրված ջերմ ու սրտաբաց ընդունելության համար: Ժողովուրդը, խռնված նրա բնակարանի առջև, երկար չէր ցրվում: Վերջապես, մեզ էլ հիշեց Վեհաժողովը…

Նույն օրը ևեթ Հասկելը երկար տեսակցություն ունեցավ կառավարության նախագահի հետ: Հուսատու էին նրա խոսքերը. նա հաղորդեց, որ ինքը Վեհաժողովից հանձարարություն ունի պաշտպանելու բոլոր հայերին, ուր և գտնվեն նրանք՝ Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում թե Վրաստանում: Զինվորական օգնություն առայժմ չի կարող տալ, բայց արդեն Փարիզ է ուղարկել 3 սպաներ՝ խնդրելով անմիջապես զորք հասցնել Հայաստան, այլև խնդրել է, որ անգլիական զորքերի մի մասը թողնվի Հայաստանում: Ինքը ամեն միջոց ձեռք կառնի պաշտպանելու համար Հայաստանի սահմանները և կպահանջի, որ Ադրբեջանի կառավարությունը վերջ տա գրգռիչ գործունեության Հայաստանի մահմեդականների մեջ: Ձեռք կառնի նաև կտրուկ միջոցներ, որ Հայաստանը ստանա զենք ու ռազմամթերք և որ վրաց կառավարությունը արգելք չլինի նրանց փոխադրության: Մասնավորապես, կաշխատի ապահովել Հայաստանի պարենավորման գործն ու մթերքի հայթայթումը: Դրա համար նա Բաթումում թողել է իր սպաներից մեկին՝ Հայաստանի համար ստացվող ապրանքները փոխադրելու համար: Շուտով Բաթում կհասնի 7000 տոննա ալյուրով բեռնավորված մի նավ, ապա կստացվեն պահածոներ, մսեղեն, դեղորայք, երկրագործական գործիքներ ու մեքենաներ և այլն: Դրամական օժանդակություն Ամերիկան չի տա, քանի հոգատարության հարցը որոշված չէ, բայց ինքը հույս ունի, որ նպաստամատույցը կտրամադրե մինչև 50 միլիոն դոլար: Հույս ունի նույնպես հայթայթել զորքի, որբերի և գաղթականների հագնելիքը, այլև բանակի համար 150 ջորիներ՝ իրենց սարքով միասին: Մինչև ձմեռ թուրքահայերի ներգաղթը անհնար է, բայց գարնանից նրանք կարող են վերադառնալ իրենց տեղերը: Հայկական հարցի լուծումը Վեհաժողովում որևէ կասկած չի հարուցում. վճռված-վերջացած խնդիր է. մնում է միայն որոշել սահմանները և հոգատար պետությունը:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, Հասկելը ներկա գտնվեց Խորհրդարանի նիստին, ուր նախագահող Հ. Արղությանը ողջունեց նրան ջերմ խոսքերով: Հասկելը պատասխանեց հետևյալ ճառով:

«Ես հասկանում եմ, որ ձեզ բոլորիդ զբաղեցնում է երկրի ապահովության և դաշնակիցների օգնության հարցը: Գուցե տարօրինակ թվա, թե ինչու այսքան երկար է ձգձգվում հայկական խնդրի լուծումը: Ամերիկացիները ընդհանրապես ծանր են շարժվում: Մենք դանդաղ սկսեցինք պատերազմը, դանդաղ վարեցինք այն, բայց ավարտեցինք ամենայն թափով: Դանդաղ ենք շարժվում նաև հաշտության խնդրում: Մինչև որ չվավերացվի հաշտության պայմանագիրը, չընդունվի Ազգերի լիգան, չի կարող լուծվել Հայաստանի մանդատի խնդիրը: Սակայն, դա չի կարող բավարարել ո՛չ ձեզ և ո՛չ ինձ: Հարկավոր է այժմվանից իսկ մտածել՝ ինչպե՞ս օգնել հայ ժողովրդին: Կասկած չկա, որ մեզ անհրաժեշտ է զինված ուժ, ո՛չ թե նրա համար, որ խլենք Վրաստանից կամ Ադրբեջանից նրանց պատկանող անվիճելի հողերը, այլ՝ ապահովելու համար հայ ժողովրդի գոյությունը: Մեզ հարկավոր է զորք պաշտպանելու համար այն ժամանակավոր սահմանները, որոնք ցույց են տրված մեզ: Փարիզում դեռևս մասնակիորեն ծանոթացած չլինելով իրերի դրությունը՝ ես անհրաժեշտ էի համարում զինվորական ուժի ներկայությունը Հայաստանում: Դրա համար ես իմ Հայաստան գալուն իբրև պայման դրի առայժմ անգլիական զորքերի թողնելը Հայաստանում, մինչև որ մի երրորդ ուժ գա նրանց փոխարինելու: Երբ ես Պոլսում լսեցի անգլիական զորքերի Կովկասից հեռանալու մասին՝ հեռագրով բողոքեցի Փարիզ Կլեմանսոյին և Վեհաժողովին այդ որոշման դեմ: Այժմ այդ հարցը քննվում է Փարիզում, և ես հույս ունեմ, որ անգլիական զորքերը կմնան այստեղ: Իսկ եթե նույնիսկ հեռանան էլ, մեր գործը պետք է լինի գտնել դրանց փոխարինող ուրիշ զորքեր:

Երկրի պարենավորման, զինման, ելևմուտքի կարգավորման և այլ խնդիրների մասին ես արդեն կարգադրություններ արել եմ, սակայն, նայում եմ դրանց վրա, իբրև երկրորդական խնդիրների: Անկասկած է, որ Ադրբեջանի կառավարությունը խախտել է անգլիական իշխանությունից ստացած հրահանգները, և այդ խնդիրն է այս րոպեիս ինձ զբաղեցնում: Ես մեկնում եմ Թիֆլիս և կպահանջեմ, որ Ադրբեջանը վերջ տա այդ բանին, հակառակ դեպքում Ադրբեջանի կառավարության անդամները կենթարկվեն անձնական պատասխանատվության:

Թիֆլիսում ես կհանդիպեմ զորավար Հարբորտին, որը Ֆրանսիայում գործող ամերիկյան բանակի սպայակույտի պետն է: Ես նրա հետ պիտի խորհրդակցեմ այն հարցի մասին, թե ի՞նչ ձևով պետք է օգնել Հայաստանին: Այս վայրկյանիս Փարիզից ճանապարհ են ընկել մի խումբ սպաներ, մասնագետներ՝ զինվորական և այլ ճյուղերի վերաբերմամբ: Եթե տարածությունը խանգարի իմ հարաբերություններին Փարիզի հետ, ես ինքս անձամբ կմեկնեմ Սև ծովում գտնվող ամենարագընթաց ականակիրով Մարսել- Փարիզ՝ զեկուցելու Վեհաժողովին և խնդրելու Վեհաժողովից և ամերիկյան ժողովրդից շուտափույթ օգնություն հասցնել հայ ժողովրդին: Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի և կառավարության վերաբերմունքը դեպի իր հարևանները պետք է լինի բարյացակամ, որպեսզի հարևանները պարենավորման և այլ խնդիրներում դժվարություններ չհարուցեն: Ես միանգամայն կախված եմ ժողովրդի և կառավարության աջակցությունից: Այժմ քաղաքական վեճերի ժամանակը չէ: Պետք է մտածել ժողովրդի փրկության մասին:

Ո՛չ մի նշանակություն չպետք է տալ այն բանին, որ այս կամ այն երկիրը խլում է մյուսից մի քանի վերստ հողամաս: Այդ հանգամանքը ոչ մի նշանանկություն չի կարող ունենալ այս կամ այն երկրի սահմանները վերջնականապես որոշելու համար Փարիզում. ինչպես որ եղավ Բելգիայի և Ռումելիայի վերաբերմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդին մնում է սպասել դաշնակիցների օգնությունը: Շնորհակալ եմ ինձ ցույց տրված ջերմ ընդունելության համար և ցանկանում եմ ձեզ եռանդ և ոգևորություն»:

Օգոստոսի 23-ին Հասկելը շտապով մեկնեց Թիֆլիս և այնտեղից Բաքու Ադրբեջանի կառավարության հետ կարգադրելու համար Շարուր-Նախիջևանի հարցը: Եվ օգոստոսի 29-ին, Ուսուպբեգովի հետ ստորագրեց մի պայմանագիր, որ բոլորովին հակասում էր Երևանում տված խոստումներին:

Այդ պայմանագրի համաձայն, «Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառներում պիտի հաստատվի չեզոք շրջան», որի կառավարությունը պիտի հանձնվի գնդապետ Հասկելի նշանակած ընդհանուր նահանգապետին: Երկու կողմերն այդ շրջանից հանում են իրենց զորքերին ու գործակալներին, և կազմակերպվում է տեղական իշխանություն:

Այսպիսով, Շարուր-Դարալագյազ-Նախիջևանի շրջանները հայտարարվում էին վիճելի, որով գնդապետ Հասկելը յուրացնում էր ադրբեջանյան տեսակետը:

Ավելին դեռ. պայմանագրի 9-րդ կետը ասում էր. «Հայաստանի կառավարությունը պիտի գործադրի իր ամբողջ ազդեցությունը հանգստացնելու համար հայ ազգաբնակչությունը չեզոք շրջանում և Զանգեզուրում»: 12-րդ կետով «Ադրբեջանի կառավարությունը համաձայնում է ամեն կերպ դյուրացնել Ամերիկյան նպաստամատույցի պարենավորման և սնունդ տալու գործը Շուշիի և Զանգեզուրի շրջանների ազգաբնակչությունը»: 15-րդ կետով «Բաքու-Ջուլֆա շինվող երկաթուղագիծը պիտի լինի բացառապես Ադրբեջանի կառավարության իշխանության տակ և ոչ ոք չպիտի խառնվի նրա կառուցման գործում»: 16-րդ կետ. «Հայաստանի և չեզոք շրջանի սահմանը պիտի լինի այն տեղը, որը կոչվում է Գայլի Դրունք»:

Այդպիսով, «Հայաստանի գերագույն կոմիսարը» Ղարաբաղ-Զանգեզուրն էլ տալիս էր Ադրբեջանին: Ու հասկանալի է այն զարմանքն ու ցասումը, որ պատեց ամենքին Երևանում, երբ ստացվեց Հասկելի կարգադրությունը՝ «առանց դանդաղելու ստորագրել և հետ ուղարկել» պայմանագիրը: Չկամություն ու թշնամանք փնտրելը Հասկելի քայլի մեջ անտեղի էր, իհարկե, այնքան բաց էր կատարված խաղը: Մարդը պարզապես զոհ էր իր անգիտության ու դյուրահավատության և Բաքվում լարված մեքենայություններին: Նրան ամեն կողմից ներկայանում էին թուրք պատգամավորություններ՝ գանգատով ու բողոքով Հայաստանի իշխանության դեմ. Ադրբեջանի կառավարությունը նրան հաղորդում էր ընդվզեցուցիչ փաստեր ու թվեր, և խեղճ մարդը չգիտեր՝ ո՞ւմ հավատալ, ի՞նչ անել:

Այսպես, սեպտեմբերի 9-ին Հասկելին ներկայացան «Հարավ-Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչները և հանձնեցին 10 կետից բաղկացած մի հուշագիր, որի մեջ գրում էին.

«Նկատի ունենալով, որ ամեն ազգ իրավունք ունի անկախության և իր ձեռքն առնելու իր իրավունքներն ու ճակատագիրը, Սուրմալուի, Վեդի-Բասարի, Միլիստանի, Շարուրի, Նախիջևանի և Օրդուբադի շրջաններն իրեն համարում են անբաժանելի մասն Ադրբեջանի»: Այդ շրջանների ժողովուրդը «պահանջում է թե Ադրբեջանի կառավարությունից և թե Անդրկովկասի գերագույն կոմիսարից, որ այլևս նրան չենթարկեն Հայաստանի հպատակ լինելու դրության», այլապես՝ նա «կնախադասի զենքը ձեռքին պատվով մեռնել, քան անպատիվ կերպով ոչնչանալ դաշնակցական ավազակների ձեռքից»: Հուշագիրը համաձայնվում էր, որ, մինչև Փարիզի Վեհաժողովի վերջնական կարգադրությունը, հաստատվի ժամանակավոր մի դրություն գերագույն կոմիսարի հակակշռի տակ, պայմանով, որ վերոհիշյալ շրջանները չանջատվեն Ադրբեջանից: Միաժամանակ, հուշագրի հեղինակները պահանջում էին կազմել «մի խառն քննիչ մարմին բոլոր դաշնակիցների ներկայացուցիչներից»՝ քննելու համար «Հայ ավազակ դաշնակցականների կատարած բռնությունները Երևանի վիլայեթի ադրբեջանցիների դեմ»: (Բաքվի «Ադրբեջան», 1919թ, թիվ 176):

Հուշագրի պատճենը ուղարկեցին և անգլիական ներկայացուցիչ Ուորդրոպին և Ադրբեջանի կառավարությանը: Ներկայացուցիչները տեսակցություն ունեցան և Ադրբեջանի վարչապետի և Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ Սուլթանովի հետ, որոնք այդ միջոցին Թիֆլիսում էին:

Մի քանի օր հետո, գնդապետ Հասկելին հուշագիր ներկայացրին և «Երևանի նահանգի վաղեմի բնակիչ թուրքերը», որոնք գանգատվում էին հայերի դեմ և խնդրում ամերիկացիների միջամտությունը: Հուշագրին կցված էր մի ցուցակ, որի համաձայն հայերը Երևանի նահանգում ավերել էին 88 մահմեդական գյուղեր, այրել 1920 տուն և սպանել 131 970 մարդ:

Ադրբեջանի կառավարությունը հաղորդում էր, որ «1918 թ. հունվարից սկսած, նախքան թուրքերի Երևանի նահանգ գալը՝ հայերը քանդեցին ավելի քան 300 գյուղեր՝ կոտորելով այդ գյուղերի մահմեդականների մեծ մասը… Թուրքերի Երևանի նահանգից հեռանալուց հետո, 1918 թվի դեկտեմբերին Սասունի գունդը զինաթափեց Երևանի գավառի Ղարախաչի և Վեդի-Չայի գյուղական համայնքների մահմեդականներին և քանդեց Ղադելու, Շահարլու, Ղարախաչ, Դահնազ, Ղարաբեգլյար, Աղասի-Բեգլի և այլ գյուղերը՝ կոտորելով հիշյալ համայնքների բոլոր մահմեդականներին: Նույն ճակատագրին ենթարկվեցին Միլլի Դարասի շրջանի մի շարք գյուղերի մահմեդականները: Համարյա միաժամանակ, հայ զորքերը շրջապատեցին Բասար-Գեչարի ավաններն ու կոտորեցին Կըզըլ-Վան, Սուրաթան, Զագալու, Շահաբ և այլ գյուղերի մահմեդականներին՝ բռնաբարելով կանանց և Շահաբ գյուղի բազմաթիվ երեխաներին այրեցին թոնիրներում: Բնաջնջեցին և Էջմիածնի ու Սուրմալուի գավառների մահմեդականներին: Օգոստոսի 17-ին հայկական վարչությունը հայկական միլիցիայի անմիջական մասնակցությամբ սկսեց բնաջնջել Էջմիածնի, Սուրմալուի, Երևանի և նոր Բայազետի գավառների մահմեդականներին… Հայկական վարչությունը օգոստոսի 17-31-ի կարճատև միջոցում կարողացել է ջարդել և կոտորել Էջմիածնի, Սուրմալուի, Երևանի և Նոր Բայազետի գավառների միջև 50 գյուղ մահմեդականներին»: («Աշխատավոր», 27 սեպտեմբեր, 1919թ):

Հասկանալի է, որ նման դիմումներն ու փաստերը պիտի ազդեին ամերիկացի Հասկելի վրա, որը ո՛չ ծանոթ էր կովկասյան պայմաններին ու բարքերին, ո՛չ էլ գաղութներ կառավարելու վարժությունն ունեցող անգլիացու խորագիտությամբ էր օժտված:

Հասկելի գրությունը քննվեց Խորհրդարանում ու կառավարության մեջ և որոշվեց Հասկելի մոտ ուղարկել մի հանձնախումբ՝ պարզելու համար դրությունը: Սեպտեմբերի կեսերին Թիֆլիս մեկնեցին Ա. Խատիսյանն ու Ռ. Տեր-Մինասյանը, որոնց բացատրությունները լսելուց հետո՝ Հասկելը չեղյալ համարեց Ուսուպբեգովի հետ կնքած պայմանագրի Ղարաբաղին ու Զանգեզուրին վերաբերվող կետերը: Բայց այս անգամ էլ Ադրբեջանը մերժեց ընդունել այդ համաձայնությունը:

Երկար բանակցություններից ու ձգձգումներից հետո, սակայն, Հասկելը պնդեց իր տեսակետի վրա, և, Նախիջևանի ամերիկացի նահանգապետ նշանակելով՝ կարգադրեց մտցնել այնտեղ ամերիկյան իշխանություն:

Հոկտեմբերի 16-ին նրա ներկայացուցիչ գնդապետ Ջեյմս Ռեյը Նախիջևանի զորամասի հրամանատարին ու մահմեդական ազգային խորհրդին ուղղեց մի նամակ, որով, ի միջի այլոց, ասում էր. «Իբրև ներկայացուցիչ դաշնակիցների գերագույն կոմիսարի, նրա բացակայության ժամանակ, պատիվ ունեմ հայտնելու ձեզ, որ Նախիջևանի և Շարուրի շրջաններում խաղաղություն հաստատելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնության են եկել, որ այդ երկու շրջանները առաջիկայում ևս մնան դաշնակցական վարչության շերտում, ամերիկյան նահանգապետի վարչական իշխանության ներքև: Միացյալ Նահանգների բանակի երկրաչափ գնդապետ Էդմոնդ Լ. Դեյլին նշանակված է նահանգապետ: Նրա՝ իր պարտականություններին անցնելը ենթադրվում է հոկտեմբերի 23-ին Նախիջևանում: Միաժամանակ ենթադրվում է շրջանի կառավարության վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի՝ դաշնակիցներին գերագույն կոմիսարի հետ կապված համաձայնության հայտարարումը: Մի խումբ մարդիկ, որոնց թվում ես և սպայակույտի սպաները, գնդապետ Դեյլին ու իր սպայակույտը և Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչները, Նախիջևան կժամանեն հոկտեմբերի 23-ին՝ հիշյալ արարողությանը մասնակցելու համար: Հրավիրում ենք Նախիջևանի մահմեդական ազգային խորհրդին, այլ զինվորական ու քաղաքացիական ներկայացուցիչներին նույնպես ներկա լինել»:

Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները խոստացել էին նշանակել երեքական ներկայացուցիչներ՝ գնդ. Դեյլիի հետ Նախիջևան գնալու համար, բայց Ադրբեջանի կառավարությունը, վերջին րոպեին, մերժեց նշանակել: Գնդապետ Դեյլին իր գործակիցներով Երևանից դուրս եկավ հոկտեմբերի 24-ին և Նախիջևանում ընդունվեց պատշաճ ձևով: Նրա նահանագապետությունը, սակայն, իրական փոփոխություն չմտցրեց դրության մեջ. Նախիջևանը փաստորեն մնաց ինքնավար, մինչև 1920 թվի ամառվա դեպքերը: