Հունիսի 16-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և քրեական մեղադրանք առաջադրելու մասին:
Հայաստանի 30-ամյա պառլամենտարիզմի պատմության մեջ սա առնվազն ութերորդ դեպքն է, երբ պատգամավորը իր գործընկերների կողմից զրկվում է ազատությունից:
Երեկվա քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորները, իսկ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեցին՝ տեղի ունեցողը համարելով քաղաքական ֆարս:
Ինտրիգ չեղավ: «Իմ քայլի» 88 պատգամավորներից մասնակցեցին 86-ը և բոլորն էլ կողմ քվեարկեցին: 87-րդ կողմը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր, որը պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան»-ից, սակայն հեռացել է:
«Իմ քայլ»-ից խորհրդարանում ներկա չէին երկու պատգամավոր՝ Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանը և նախկին լրագրող Թագուհի Թովմասյանը: Նրանցից ոչ մեկը դեռ չի մեկնաբանել, թե ինչու ներկա չէր երեկվա քվեարկությանը:
Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն կողմ քվեարկեցին երեք իմքայլականներ, որոնցից երկուսը եղել են նվիրյալ ԲՀԿ-ական, երրորդը՝ առատորեն օգտվել է Ծառուկյանի դրամական և այլ շռայլությունից:
Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, թեև չի եղել ԲՀԿ անդամ, սակայն եղել է Ծառուկյանի սիրելիներից մինչև 2018-ի հեղափոխությունը: Գյումրեցի ըմբիշը նախքան «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր ընտրվելը դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
Նախկին ԲՀԿ-ական Վիկտոր Ենգիբարյանը, որ նաև եղել է Ծառուկյանի խորհրդական, ԱԺ պաշտոնական կայքում դրված կենսագրության մեջ ջնջել է ԲՀԿ-ական անցյալը և շատ անմեղ բառ օգտագործել՝ անկուսակցական:
Պաշտոնական կենսագրությունը ԲՀԿ-ական անցյալից նույն կերպ է մաքրել նաև նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Նա, ինչպես և Ենգիբարյանը, ընտրվել են իշխանական «Իմ քայլի» ցուցակով: Մամուլը գրել է, որ Համբարձումյանը ԱԺ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ընտանիքի հետ ՀԷԿ է շահագործում:
«Իմ քայլի» նախընտրական ցուցակը կազմել է Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խումբը՝ այսօրվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Իշխանական այս խմբակցությունը կազմված է առնվազն չորս խմբավորումներից (պայմանական) և ավելի փոքր խմբերից, ինչպես օրինակ՝ Սասուն Միքայելյան – Թագուհի Թովմասյան «խումբն» է, որը չմասնակցեց երեկվա նիստին:
Թաթուլ Հակոբյան
ՍիվիլՆեթ











