Իրան. առաջին պետությունը, որին ծանուցվեց Հայաստանի հիմնադրման լուրը

8442

1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը իրեն հռչակեց հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան կայսրությունն էր՝ հունիսի 4-ին Բաթումում, երբ Հայաստանը ստորագրեց առաջին միջազգային, միջպետական պայմանագիրը: Իսկ առաջին պետությունը, որին ծանուցվեց Հայաստանի հիմնադրման մասին, Պարսկաստանն էր՝ այսօրվա Իրանը:

Հունիսի 13-ին, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ ծանուցում ուղարկվեց Թիֆլիսում պարսից հյուպատոսին, որում ասվում էր. «Անդրկովկասյան Հանրապետության լուծարման հետևանքով Կովկասի Հայոց ազգային խորհրդի [1918թ] մայիսի 28-ի իր ժողովում, հայ ժողովրդի կողմից իրեն տրված լիազորությունների հիման վրա, որոշեց հռչակել հայկական պետության անկախությունը և հիմնել Հայկական Դեմոկրատական Հանրապետություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի այդ մասին հայտնել Ձերդ Գերազանցությանը և խնդրել այդ մասին տեղեկացնել Պարսկական կայսերական կառավարությանը»:

1918-1920 թվականներին, երբ Հայաստանն անկախ էր և 1920-1922-ին, երբ դեռ մաս չէր կազմում ԽՍՀՄ-ին, Երևանն ու Թեհրանը ունեին դիվանագիտական հարաբերություններ և հյուպատոսություններ կամ դեսպանություններ: Անմիջական հարևաններից միակը Իրանն էր, որի հետ Հայաստանը չուներ տարածքային վեճեր, ի տարբերություն Օսմանյան կայսրության, Ադրբեջանի և Վրաստանի, որոնց հետ, հենց տարածքային վեճերի պատճառով, Հայաստանը ստիպված եղավ պատերազմել հանրապետության երկուսուկես տարիների գոյության ընթացքում:

Ներկայացնենք մի շարք առանցքային դրվագներ 1918-1922 թվականների հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից՝ օգտվելով հանգուցյալ հայ դիվանագետ, դեսպան Գառնիկ Բադալյանի գրություններից:

Հանրապետության հիմնադրման սկզբնական շրջանում հայ-իրանական հարաբերությունները ավելի շատ կրում էին առևտրային բնույթ: Հայաստան է այցելում իրանական մի պատվիրակություն առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Վերադարձին նրան է միանում հայկական կառավարական պատվիրակությունը, որը Մակուի խանությունում հացահատիկ և անասուն է գնում սովից ու համաճարակներից օրեկան հարյուրավոր զոհեր տվող հանրապետության բնակչության համար:

1919թ. հունիսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը Պարսկաստանի կառավարության նախագահ Վոսուղ էդ Դովլեի հետ գրագրություն է հաստատում: Ուղիղ մեկ շաբաթ անց Երևանում Պարսկաստանի հյուպատոս Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը Խատիսյանին է հանձնում Պարսկաստանի կառավարության պատասխան հեռագիրը:

Հուլիսի 7-ին Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում նրա հետ:

Օգոստոսի 1-ին Խատիսյանը հեռագրում է Թեհրան՝ Պարսկաստանի կառավարությանը տեղեկացնելով, որ իշխան Հովսեփ Արղությանին նշանակում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան: 1920 թվականի հունվարի առաջին օրերին Արղությանը հասնում է Թեհրան: Նույն տարվա հոկտեմբերին Թավրիզում բացվում է Հայաստանի հյուպատոսությունը: Հյուպատոս է նշանակվում Մուշեղ Տեր-Զաքարյանը:

Իրանը Անդրկովկասում դեսպանություն չի ունեցել: Դեսպանական գործառույթներ էր իրականացնում Թիֆլիսի պարսկական հյուպատոսությունը: Գլխավոր հյուպատոսը նաև համադրում էր Կարսի, Երևանի և Բաքվի հյուրատոսությունների աշխատանքները, կատարում դեսպանության գործառույթներ և ուներ լայն լիազորություններ:

Հայաստանի խորհրդայնացումից օրեր առաջ՝ 1920թ. նոյեմբերին, Հայաստանի կառավարությունը, ելնելով նյութական միջոցների սղությունից, լուծարում է Թեհրանում Հայաստանի ներկայացուցչությունը և դիվանագիտական անձնակազմին հետ կանչում Երևան: Արղությանին հրահանգ է տրվում գործերը հանձնել տեղացի հայի՝ նշանակելով նրան ՀՀ պատվավոր ներկայացուցիչ, առանց պետական գանձարանից վճարումներ ստանալու իրավունքի:

Դեսպան Արղությանը այլևս չի վերադառնում Հայաստան: Մինչև 1922-ը մնալով Թեհրանում, նա ընտանիքով տեղափոխվում է Փարիզ, որտեղ մահանում է 1925-ին:

1920թ. դեկտեմբերի 6-ին հատուկ հրահանգով Հայհեղկոմը դադարեցնում է արտասահմանյան երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների լիազորությունները:

1921թ. փետրվարին, երբ Հայաստանում վերականգնվում է նախկին իշխանությունը Սիմոն Վրացյանի գլխավորությամբ և Հայրենիքի փրկության կոմիտե անունով, Իրանի վարչապետ Սեյեդ Զիյա էդ Դին Թաբաթաբային այցելում է Թեհրանում ՀՀ դեսպանություն և իր աջակցությունը հայտնում հայ ժողովրդին՝ բոլշևիկների դեմ պայքարում:

Ապրիլին Հայաստանը կրկին դառնում է բոլշևիկյան: Մայիսին Խորհրդային Հայաստանի ատգործժողկոմի տեղակալը հուշագիր է ուղարկում Իրանի արտաքին գործերի նախարարին, նշելով, որ շուտով Խորհրդային Հայաստանի կառավարությունը իր լիազոր ներկայացուցչին ուղարկելու է Թեհրան, իսկ մինչև նրա ժամանումը Հայաստանին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնին:

Նույն հուշագրով խնդրվում է Հովսեփ Արղությանին դիտել որպես բոլոր լիազորություններից զրկված մասնավոր անձ: Արղությանը, սակայն, հրաժարվում է Խորհրդային Հայաստանի կառավարության պահանջը կատարելուց և մի որոշ ժամանակ շարունակում իր դիվանագիտական գործունեությունը:

Պարսկական կառավարության թողտվությամբ անհասկանալի վիճակ է ստեղծվում հայ-իրանական հարաբերություններում: Թեհրանում միաժամանակ գործում են Հայաստանի երկու դիվանագիտական ներկայացուցչություններ:

1921թ. հունիսին Թավրիզ է ժամանում Խորհրդային Հայաստանի հյուպատոս Եզեկել Երզնկյանը:

1921թ. օգոստոսի վերջերին պարսկական կառավարությունը Արղությանին հարկադրում է գործերը հանձնել Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնին:

Սեպտեմբերի 19-ին Խորհրդային Հայաստանը Իրանում լիազոր ներկայացուցիչ՝ դեսպան է նշանակում Լևոն Սարգսյանին: Նա պաշտոնավարում է մինչև 1922թ. նոյեմբեր ամիսը:

1921թ. նոյեմբերի 9-ին դեսպան Սարգսյանը իր հավատարմագրերն է հանձնում պարսից շահին, ինչպես նաև՝ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի գրավոր ուղերձը: Դեսպան Սարգսյանին նույն օրն ընդունում են նաև երկրի վարչապետն ու արտգործնախարարը:

Նոյեմբերի 29-ին Թեհրանում տեղի է ունենում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունն ու ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության ժամանակ ելույթ են ունենում Լևոն Սարգսյանն ու Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Ռոտշտեյնը: Արարողությանը մասնակցում են Պարսկաստանի կառավարության մի շարք անդամներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչը, հնչակյան կուսակցության, դաշնակցության կուսակցությունից անջատված թևի, մի քանի դպրոցների և հաստատությունների ներկայացուցիչներ: Երեկոյան տեղի է ունենում ընդունելություն, որին մասնակցում են վարչապետ Ղավամ օլ Սալթանեն, մեջլիսի նախագահը, պատերազմի նախարար Ռեզա խանը՝ ապագա շահ Ռեզա Փահլավին, նախարարներ, Պարսկաստանի նախկին վարչապետներ, Ռուսաստանի, Անգլիայի, Նորվեգիայի, Աֆղանստանի դեսպանները:

Նույն օրը` նոյեմբերի 29-ին, Թավրիզում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հյուպատոսության բացման արարղությունը, չնայած հյուպատոսությունը արդեն գործում էր շաբաթներ:

1922թ. գարնանը անդրկովկասյան հանրապետությունները որպես մեկ միավոր Մոսկվայում բանակցություններ են սկսում Իրանի կառավարական պատվիրակության հետ առևտրատնտեսական ուղղակի կապեր հաստատելու նպատակով:

1922թ. Մարտին Անդրֆեդերացիայի, իսկ դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ կազմավորումից հետո արտաքին քաղաքականություն իրականացնելու մենաշնորհը հանձնվեց Մոսկվային:

Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին 1991-ի դեկտեմբերին, իսկ ամիսներ անց Թեհրանը Երևանում բացեց իր դեսպանատունը: 1992-ի վերջին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանատունը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ տեսարան 19-րդ դարի Երևանից