Ծառուկյանը Քոչարյան-Սերժ Սարգսյան պայքարում. ՀՀԿ-ական Նիկոյանի բացատրությունները ամերիկացիներին 2009-ին

2627

WikiLeaks – Armenia 

Փետրվար 18, 2009, անգլերեն բնօրինակը՝ https://wikileaks.org/plusd/cables/09YEREVAN108_a.html

1. Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը փետրվարի 18-ին վստահություն հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ քաղաքական ինտրիգներն իրենց դեկտեմբերյան գագաթնակետից անկում են ապրել: Նիկոյանն ասաց, որ դեկտեմբերի 26-ի Ազգային Ժողովում հարկային օրենսդրական փաթեթի քվեարկությունից հետո, երբ իշխող կոալիցիայի մաս կազմող Բարգավաճ Հայաստանի եւ ՀՅԴ-ի գործընկերները կառավարության հեղինակած օրենսդրության քվեարկության ժամանակ բացահայտ կերպով դեմ դուրս եկան նախագահ Սարգսյանի Հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանը գնացել է նախկին նախագահ Քոչարյանի հետ հանդիպելու: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՅԴ մի քանի պատգամավորներ սաստիկ քննադատության են ենթարկել օրենսդրական փաթեթը, որը միմյանց հետ սերտ կապեր ունեցող օլիգարխների տնտեսական շահերը հարվածի տակ կդներ եւ կբերեր բախման:

Ըստ Նիկոյանի, Սարգսյանը Քոչարյանին ասել է. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ուզում ես, սակայն ստիպված ես լինելու նաեւ նոր նախագահ բերել հրապարակ»:

Հստակ է, որ նախագահ Սարգսյանը չէր հանդուրժի Քոչարյանի շարունակվող քաղաքական մանյովրները Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, եւ քաղաքական գործընկերոջ (Ծառուկյանի.-խմբ) պատերազմների հովանավորությունը շարունակելը պարզապես լայնամասշտաբ առճակատում կնշանակեր:

2. Նիկոյանն իր գնահատականներում նշում է՝ եթե Քոչարյանն իսկապես նպատակ դնի ազատվել վարչապետից ու գրավել նրա տեղը, ապա նա, չնայած նախագահ Սարգսյանի ընդդիմությանը, Ազգային Ժողովում կկարողանա բավական ձայներ մոբիլիզացնել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Այնուամենայնիվ, ներկայումս թվում է՝ Քոչարյանը մտադիր չէ իր նախկին հովանավորյալ Սերժ Սարգսյանի հետ այս հարցի շուրջ բաց քաղաքական առճակատում հրահրել: (Ծանոթագրություն – Իշխող կոալիցիայի ներսում ԲՀԿ-ն ամբողջովին Քոչարյանի գործիքն է: ՀՅԴ-ն ավելի խայտաբղետ եւ անկախ կառույց է, սակայն Քոչարյանի հետ շատ ավելի է կապված, քան Սարգսյանի: Օրինաց երկիրը ներկայումս թվում է՝ Սարգսյանի կողքին է, սակայն դրա առաջնորդն ապացուցել է, որ միշտ պատրաստ է ավելի լավ առաջարկի: Մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը, թվում է, ամբողջովին նախագահ Սարգսյանի, հետեւաբար` նաեւ վարչապետ Սարգսյանի կողքին է, սակայն հնարավոր է հանրապետական կառույցի ներսում ընդհատակյա «խութեր» ի հայտ գան, եթե գործելու ժամանակը գա):

3. Նիկոյանը շարունակում է քննարկել Սարգսյանի կառավարության քայլերը` ուղղված ներմուծման ոլորտի ամենաշահութաբեր բիզնեսները տնօրինող օլիգարխներին հարկային դաշտ բերելուն: Նիկոյանն ասել է, որ «նա» (հավանաբար ի նկատի ունի նախագահ Սարգսյանին, սակայն նմանապես կարելի է հասկանալ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին), ի վիճակի չի եղել անմիջականորեն դուրս գալ օլիգարխների դեմ, ուստի փոխարենը որպես գործիք կիրառում է ՀԴՄ կտրոնների խրախուսական վիճակահանությունը: Նիկոյանը նշում է, որ օլիգարխները երկար ժամանակ ներմուծման ոլորտի իրենց բիզնեսի ահռելի բաժիններ ստվերում են պահել: Մանր բիզնեսին ստիպելով ՀԴՄ կտրոններ տալ (միաժամանակ ծրագիրն առաջ մղելու համար հաճախորդներին գայթակղելով Նիկոյանն ասում է, որ վարչապետի թեժ գիծը, որով տեղյակ են պահում կտրոն չտրամադրող վաճառակետերի մասին, իսկապես թեժ է այս օրերին), հարկային եւ մաքսային կառույցները ի վիճակի կլինեն միմյանց կապել իրապես ներմուծված ապրանքների ծավալները եւ այդ ինֆորմացիան օգտագործել հավաքագրումները բարելավելու համար:

4. Նիկոյանն օրինակ է բերել դեղորայքի մանրածախ առեւտրով զբաղվող իր բարեկամներից մեկին: Նախկինում դեղատունը պատկան մարմիններին տեղյակ էր պահում ամբողջ վաճառքի ընդամենը կեսի մասին, մնացյալը գտնվում էր ստվերում:

Սակայն դա դարձել է անհնար, քանի որ հաճախորդներն այժմ պահանջում են իրենց տրամադրել հարկային կոմիտեի կողմից տպագրված վիճակախաղային համարներով կտրոններ: Քանի որ հայտնի է՝ դեղատան ապրանքի սկզբնաղբյուրը օլիգարխ Սամվել  Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») ներմուծած դեղորայքն է, պատկան մարմինները պատշաճ ժամկետներում կկարողանան ի մի բերել մյուս բոլոր վաճառակետերի տվյալներն ու հստակ պատկեր ստանալ Ալեքսանյանի ներմուծած ապրանքի վերաբերյալ, ըստ այդմ նաեւ համապատասխան ձեւով հարկել նրա բիզնեսը:

5. Մեկնաբանություն.Մենք Նիկոյանին համարում ենք բավականին անկեղծ եւ հեղինակավոր աղբյուր՝ Հանրապետական կուսակցության ներքին խնդիրներին տիրապետելու առումով: Նա միանգամայն Սերժ Սարգսյանի մարդն է: Վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` կուլիսների հետեւում ընթացող պայքարն արդեն հազիվ նշմարվող ակնարկների ու շշուկների մակարդակից վերաճել է վատ պահված քաղաքային գաղտնիքի: Մեր տպավորությամբ, դեպքերի՝ Նիկոյանի վարկածը հաստատված է փորձով. Տիգրան Սարգսյանի վերահաս հրաժարականի մասին շշուկները վերջին մի քանի շաբաթներում նվազել են: Հունվարին քաղաքական շշուկների ջրաղացը եռում էր շշուկներով, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շուտով դառնալու է վարչապետ: Սա զուգորդվում էր նրա արտասահմանյան շրջագայությունների մասին հեռուստատեսային լայնամասշտաբ  լուսաբանումներով: Երկու շաբաթ առաջ Նիկոյանն ինքը հստակորեն չբացառեց նման հնարավորությունը, երբ մենք թերահավատորեն հարցրինք թե արդյոք որեւէ մեկը հավատու՞մ է, որ անկիրթ նախկին ըմբիշը կարող է դառնալ վարչապետ: Այն փաստը, որ նախագահ Սարգսյանը փետրվարի 12-ին մասնակցեց ԲՀԿ համագումարին եւ հանդես եկավ ուղենիշային խոսքով, որի հիմնական կետերը հետագայում թութակի նման կրկնեց Ծառուկյանը, ցույց է տալիս, որ նախագահը, թերեւս ներկայումս, ԲՀԿ-ին իրեն լոյալ ուժ է համարում:

6. Մեկնաբանության շարունակություն.Եթե դա ճիշտ է, ապա բավականին հետաքրքիր է, որ Սարգսյանը ուղղակիորեն առճակատման է գնացել Քոչարյանի հետ վերջինիս քաղաքական մեքենայությունների առումով, եւ որ Քոչարյանը ընկրկել է: Սակայն դա նաեւ անհանգստացնող նշան է, թե որքան կարող են բարդանալ այս երկուսի հարաբերությունները: Մենք կասկածում ենք, որ թերեւս Քոչարյանը կսպասի իր պահին, հավանաբար երբ գալիք տնտեսական ճգնաժամը կհասունացնի երկու Սարգսյանների վարկանիշի անկումը, եւ այդժամ թերեւս նա առավել որոշակի քայլ կանի որեւէ ձեւով իշխանության վերադառնալու համար:

Ջոզեֆ Փենինգթոն