Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:
ԳԼՈԻԽ Է
Բայց ի՞նչ էր ներկայացնում այդ ժամանակ Անդրկովկասը: Որքա՞ն ընդունակ էր նա դիմադրելու թուրքերին:
Տեսանք արդեն, որ նոյեմբերի 27-ին Անդրկովկասյան հատուկ կոմիտեն փոխարինվեց Անդրկովկայան կոմիսարիատով: Այս փոփոխությունը, սակայն, իրական բարելավում չբերեց: Ճակատի ու թիկունքի քայքայումը շարունակվեց անարգել՝ միշտ ընդարձակվելով ու խորանալով: Գրեթե ամբողջ ժամանակ կառավարությունը զբաղված էր բանակի նահանջի ու մահմեդական շարժումների հետ կապված խնդիրներով, պարենավորման ու ելևմտական տագնապի դեմ կռվելով, պատերազմի հաշվեհարդարին վերաբերող և նման հարցերով: Կազմակերպական և շինարար աշխատանք կատարելու հնարավորություն չէր մնում: Միակ «շինարար» աշխատանքը եղավ անդրկովկասյան բոների հրատարակությունը փետրվարի 6-ին, որ մասամբ մեղմացրեց դրամական սովը:
Անդրկովկասյան կոմիսարիատը ներքնապես էլ ներդաշնակ ու հաշտ չէր: Ազգային ներհակությունները մաշում էին նրա հիմքը: Իշխանության իրական ուժը ավելի և ավելի տեղափոխվում էր ազգային խորհուրդների մեջ, որոնցից յուրաքանչյուրը իր ազգի շահն էր պաշտպանում: Դրան մեծապես նպաստում էր և կովկասյան ժողովուրդների քաղաքական հակումի՝ օրիենտացիայի տարբերությունը: Մինչ հայերը և, որոշ չափով, վրացիները համարվում էին հակաթուրքական կողմ, մահմեդականները շեշտված թուրքասերներ էին և Թուրքյաի գործերը շատ մոտ էին ընդունում իրենց սրտին: Հակումի ներհակությունից առաջ էին գալիս և Անդրկովկասյան կոմիսարիատի ներսում աճող սուր անհամաձայնությունները պատերազմի խնդրում: Կոմիսարիատի մահմեդական անդամները ամեն գնով աշխատում էին արագացնել հաշտությունը թուրքերի հետ՝ Թուրքիայի համար նպաստավոր պայմաններում, նույնիսկ Կովկասի շահերին ի վնաս:
Այսպիսի հանգամանքներում գործող մի իշխանություն, իհարկե, չէր կարող երևան բերել ուժ ու հեղինակություն, իսկ նրա կառավարված երկիրը չէր կարող լինել խաղաղ ու բարգավաճ: Եվ, իրոք, երկիրը ներկայացնում էր քաոսային մի վիճակ:
Սեյմի փետրվարի 13-ի նիստում Գեգեչկորին այսպես էր բնորոշում Անդրկովկասի դրությունը դեկտեմբեր-հունվար ամիսներին. «Մեր ընդարձակ և բազմացեղ երկրի բոլոր կետերում, բոլո՛ր շրջաններում առաջ էին գալիս թյուրիմացություններ ու բռնություններ թե ազգային հողի վրա և թե հեռացող զորքերի ու տեղական բնակչության միջև պատահող ընդհարումների պատճառով: Այստեղ ու այնտեղ բռնկվում էին հրդեհներ, որ ստիպված էինք հանգցնել մեր փոքրիկ ուժերով, որովհետև Անդրկովկասյան կոմիսարիատը, պնդում եմ, չուներ այն, որ կազմում է հիմքը յուրաքանչյուր իշխանության՝ հարկադրող ուժ: Անդրկովկասյան կոմիսարիատը հնարավորություն ու միջոց չուներ անհապաղ և անշեղ գործադրել տալու իր պահանջները, որովհետև թեև գոյություն ունեին ազգային զորամասեր, բայց նրանք ո՛չ մի ուժ չէին ներկայացնում: Մի մասը բռնված էր ճակատում, մյուս մասը անկազամակերպ էր, իսկ երրորդը՝ գոյություն ուներ միայն թղթի վրա»:
Ի՞նչ կարելի էր պահանջել այսպիսի իշխանությունից: Շատ քիչ բան: Ավելի ևս անհույս էր, որ նա ի վիճակի կլինի կազմակերպելու և վարելու պատերազմի գործը: Այդ պատճառով, Վեհիբ փաշայի դիմումը հաշտության բանակցություններ սկսելու մասին, Թիֆլիսում նկատվեց իբրև մի ելք ստեղծված անտանելի կացությունից: Փետրվարի 1-ին, թուրքերի հաշտության բանակցությունների առաջարկն ընդունելուց հետո, Անդրկովկասյան կոմիսարիատը կազմեց մի հանձնախումբ՝ հաշտության խորհրդաժողովի համար նյութեր պատրաստելու նպատակով: Եվ միաժամանակ միջոցներ ձեռք առավ արագացնելու Սեյմի գումարումը:
Անդրկովկասյան սեյմ գումարվեց փետրվարի 10-ին հետևյալ կազմով:
Ամենամեծ խմբակցությունը սոցիալ-դեմոկրատ մենշևիկներինն էր՝ 32 անդամ, որից 25-ը վրացի, 4 հայ (Ա. Զոհրաբյան, Հ. Բեգզադյան, Ղ. Տեր-Ղազարյան, Ս. Փիրումյան), 2 ռուս և 1 գերմանացի: Այս խմբակցությունը հարուստ էր փորձված քաղաքական գործիչներով, որոնցից շատերը աչքի ընկնող դեր էին կատարել Պետական դումաներում և համառուսական քաղաքական կյանքում՝ Ծերեթելի, Գեգեչկորի, Զոհրաբյան, Սկոբլև, Չխենկելի, Ժորդանիա և այլն:
Պատգամավորների թվով երկրորդ տեղը գրավում էր «Մուսավաթ և անկուսակցականների խմբակ» խմբակցությունը՝ 30 անդամ, որի մեջ մտնում էին ադրբեջանցի ամենաաչքի ընկնող գործիչները՝ Թոփչիբաև, Ջաֆարով, Ռասուլ-Զադե, Ուսուպբեգով, Աղաև, դր. Սուլթանով, Խան-Խոյսկի, Մելիք-Ասլանով:
ՀՅ Դաշնակցության ֆրակցիան ուներ 27 պատգամավոր՝ Ռոստոմ Զորյան, Մ. Հովհաննիսյան, Կ. Համբարձումյան, Հ. Օհանջանյան, Կ. Ղազազյան, Ս. Վրացյան, Ա. Խատիսյան, Ա. Նալչաջյան, Գ. Խատիսյան, Ս. Խաչատրյան, Գ. Ձամոյան, Խ. Կարճիկյան, Մ. Հարությունյան, Հ. Յաղջյան, Խ. Համասփյուռ, Հ. Չոլախյան, Ա. Չիլինգարյան, Գ. Տեր-Հարությունյան, Վ. Խորենի, Մ. Արզումանյան, Տ. Ավետիսյան, Ա. Սահակյան, Պ. Լևոնյան, Գ. Մանդալյան: Առաջին երեքը, ինչպես և Ա. Չիլինգարյանը, բացակա էին Թիֆլիսից, ոչ մի նիստի չմասնակցեցին և հետագայում փոխարինվեցին ուրիշներով:
7 պատգամավոր ուներ մահմեդական ընկերվարական բլոկը, 5 պատգամավոր՝ սոց. հեղափոխականների կուսակցությունը, 4՝ սոց.-դեմ. Հումմեթը, 3՝ Ռուսաստանի մահմեդականության Իթթիհատ-Իսլամ կազմակերպությունը, 1՝ ռուս ժողովրդ. ազատության կուսակցությունը, 1՝ վրացի սոց.-ֆեդերալիստները, 1՝ վրացի սոց.-ֆեդերալիստները, 1՝ վրացի ազգային-դեմոկրատները:
Սեյմի երրորդ (15 փետրվարի) նիստում կուսակցություններն արեցին իրենց հայտարարությունները: Դաշնակցության բաղձանքներն արտահայտեց Հ. Քաջազնունին, հետևյալ հայտարարությամբ. «ՀՅ Դաշնակցությունը ողջունում է հայ դեմոկրատիայի կողմից Անդրկովկասյան սեյմը:
Սերունդների երազը՝ Համառուսական սահմանադիր ժողովը մի օրվա համար դարձավ իրական փաստ: Ժողովրդի ընտրյալները հավաքվեցին արդեն, որպեսզի իրականացնեն նրա վեհ կամքը և դնեն պետական և ընկերային կեցության նոր հիմքերը: Բայց, ընդհանրապես, բոլոր ընկերային-քաղաքական խորունկ շարժումներին հատուկ անխուսափելի հիվանդագին թեքումը պառակտում մտցրեց հեղափոխական շարժման առողջ ընթացքի մեջ և բռնությամբ ընդհատեց Սահմանադիր ժողովի աշխատանքը հենց սկզբից: Քանի որ կենտրոնական համապետական իշխանությունը բացակա է, ժողովուրդներն ու երկիրները հարկադրված են տեղերում սեփական ուժերով լուծելու կյանքի հրամայական ընթացքով առաջ եկած ամենաանհետաձգելի խնդիրները: Կարգավորելով իրենց կյանքը տեղերում՝ ժողովուրդներն ու երկրները դրանով հենց դնում են ամուր հիմքը մեծ ամբողջի՝ մեկ համառուսական ռամկավար դաշնակցային հանրապետության կառուցման: Նման կազմակերպող կենտրոններից մեկը պետք է դառնա Անդրկովկասյան սեյմը:
Կանգնած լինելով անդրկիովկասյան դեմոկրատիայի մեկ և ընդհանրական շահերի պահպանության տեսակետի վրա և հենվելով նրա հեղափոխական մարմինների՝ զինվորական, բանվորական ու գյուղացիական խորհուրդների վրա՝ Անդրկովկասյան սեյմը կոչված է, մի կողմից, վերականգնել երկրի կարգն ու անդորրությունը, դուրս բերել նրան հարաճուն, քայքայող անիշխանության շրջանից և դնել հեղափոխական նվաճումների ամրապնդման ճանապարհի վրա, մյուս կողմից՝ հենարան տալ Ռուսաստանի հանրապետությանը, որի մեջ Անդրկովկասը, իբրև մասնիկ հզոր ամբողջության, պետք է գտնի արժանավոր տեղ:
Մեկնելով Անդրկովկասյան սեյմի նպատակների նման հասկացողությունից՝ Դաշնակցության ֆրակցիան դնում է հերթից դուրս պատերազմը վերջացնելու և Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիայի ազդարարած սկզբունքներով հաշտություն կնքելու հարցը՝ հաշտություն առանց բռնագրավումի և ռազմատուգանքի՝ ժողովուրդների ինքնորոշման հիմունքներով: Մեր ճակատում այս սկզբունքը պետք է հանգի Թուրքահայաստանի ինքնավարության ստեղծման:
Պատերազմի հաշվեհարդարի խնդրի հետ միասին անհապաղ պետք է լուծվի Անդրկովկասի կենտրոնական իշխանության և տեղական իշխանությունների կազմակերպման հարցը, իշխանությունը պետք է լինի միատարր՝ ընկերվարական, որովհետև միայն այդպիսի՛ իշխանությունը կարող է իրականացնել աշխատավոր ժողովրդի ակնկալությունները և անհնար դարձնել քաղաքական պատեհապաշտության և ընկերային ճահճացման սկզբունքների վերադարձը: Եվ հաշվի առնելով օրվա ամենահետաձգելի պահանջները՝ երկրի իշխանությունը պետք է ձեռք առնի շտապ և իրական միջոցներ՝ վերականգնելու հաղորդակցությունը, լուծելու պարենավորման ու ելևմտական տագնապը:
Վաղուց ի վեր հասունացած հողային խնդիրը պետք է լուծում ստանա հողային մասնատիրության իսպառ վերացումով և բոլոր հողերը անհապաղ և անվճար աշխատավոր ժողովրդին հանձնելով՝ հողից հավասարաբար օգտվելու սկզբունքով (ծափեր):
Հետո, նույն ընկերային օրենսդրության ասպարեզում, Դաշնակցության խմբակցութոյւնը ձգտելու է իր նվազագույն ծրագրի իրականացմանը նրա բովանդակ ծավալով՝ առաջին հերթին դնելով օրենսդրական կարգով 8 ժամվա աշխատանքի օրվա հաստատման, աշխատանքի պետական հովհանավորության և բանվորների ապահովության պահանջը (ծափեր):
Քաղաքատնտեսական բարենորոգումների բնագավառում ֆրակցիան պահանջելու է պետական նշանակություն ունեցող և ընկերվարական արտադրելակերպի համար բավականաչափ հասունացած խոշոր ֆինանսական, արդյունաբերական և առևտրական ձեռնարկությունները հասարակության սեփականություն դարձնել, այլև արդյունաբերության վերահսկողության և ընդհանուր աշխատավորական պարտավորության հաստատում:
Վերոհիշյալներին զուգընթաց, օրվա մեծագույն քաղաքական խնդիրն է Անդրկովկասյան ճիշտ սահմանաբաժանումը, ժողովուրդների ինքնուրույն կանտոնների ստեղծումը և նրանց միացումը Անդրկովկասյան ընդհանուր դաշնակցության մեջ: Նոր կարգի ամրությունն ու կայունությունը, երկրի ներքին խաղաղությունն ու բովանդակ բարեկեցությունը ամենասերտ կերպով կապված են այս բարդ խնդրի բավարար լուծման հետ, ուստի և պահանջվում է նրա հանդեպ առանձնապես ուշադիր վերաբերում:
Հիշված խնդիրների իրականացմանը Դաշնակցությունը կնվիրի իր բոլոր ուժերը՝ երկրի բոլոր դեմոկրատների հետ կատարյալ համերաշխության և բարեկամական գործակցության մեջ:
Միաժամանակ Դաշնակցությունը, իբրև միջազգային ընկերվարական անդամներից մեկը, անհողդողդ հավատ ունի, որ Անդրկովկասյան սեյմը իր հետագա զարգացման ընթացքում կդառնա ընկերվարական մտքի ու ստեղծագործության հնոց և միջոց Անդրկովկասյան ընկերվարական միջազգայինի (ծափեր)»:
Այդպիսով Դաշնակցությունը առաջադրում էր օրվա հրատապ նշանակություն ունեցող չորս խնդիրները. 1) Ինքնուրույն Անդրկովկասը համարվում է մասնիկը Ռուսաստանի. 2) Պատերազմը վերջացնելու պայման՝ դրվում է Թուրքահայաստանի ինքնավարությունը. 3) Անդրկովկասի վերաբաժանումը ազգային կանտոնների և 4) Միատարր-ընկերվարական իշխանության կազմակերպումը:
Այս չորս պայմաններն էլ հանդիպեցին Ադրբեջանի ներկայացուցիչների բուռն դիմադրությանը: Նրանց կողմից հայտարարություն անող Աղաևը գտնում էր, որ Սեյմը պետք է լինի Սահմանադիր ժողով՝ լուծելու համար Անդրկովկասի ճակատագիրը, որը կտրված է Ռուսաստանի ընդհանուր ճակատագրից: Ճիշտ է, Աղաևը դեռ խոսում էր «Ռուսաստանի ազատ ժողովուրդների», «դաշնակցության», «Ադրբեջանի ազգային-քաղաքական ինքնավարության» մասին, բայց այդ, ավելի շուտ, տուրք էր օրվա ընդհանուր տրամադրություններին:
Պատերազմի խնդրում Աղաևը ևս պահանջում է «ռամկավար հաշտություն, առանց բռնագրավումների և ռազմատուգանքի, ժողովուրդների ինքնորոշման հիմունքվ», բայց և շտապում է ավելացնել, թե «չպետք է խառնվել հարևան պետությունների ներքին գործերին», այսինքն՝ ձեռք քաշել թուրքահայկական դատից:
Կառավարության կազմության հարցում Աղաևը դնում է «խիստ իրական համեմատությունը»: Միատարր-ընկերվարական իշխանությունը, անընդունելի է միանգամայն: Պատճառը հասկանալի է. մահեմդականների մեջ տիրող տարրը բերգերն ու կալվածատերեն էին:
Անդրկովկասի վարչական բաժանման [հարցից] Աղաևը անցնում է լռությամբ,բայց ադրբեջանցիների ընդհանուր քաղաքականությունից գիտենք, որ նրանք վճռականապես հակառակ էին հայկական ծրագրին, որի դեմ պայքարում էին 1916-ի զեմստվոյական խորհրդակցություններից սկսած:
Վրացիների բաղձանքները արտահայտեց Ժորդանիան, որ իր առաջադրած խնդիրներով ավելի մոտենում էր ադրբեջանցիներին, թեև խոսքերով աշխատում էր ցույց տալ հակառակը:
Ռուսաստանի հարցում նա, ըստ էության, կանգնեց Աղաևի տեսակետի վրա. «Ժողովրդական կոմիսարների խորհրդի ընդունած հաշտության վերջին պայմանները, որոնք ամբողջ Ռուսաստանը մատնեցին գերմանացի իմպերիալիստների քաղաքական ու տնտեսական գերությանը, է՛լ ավելի կտրեցին մեզ Ռուսաստանի հետ կապող թելերը: Եվ մեր Սեյմը այժմ իր համար հիմնական նպատակ պետք է դնի սեփական ուժերով այս երիտասարդ երկիրը՝ Անդրկովկասը վերածել իրավականորեն կազմակերպված Անդրկովկասյան Հանրապետության»: Ա՛յս կետում տարբերություն չկար ժորդանիայի և Աղաևի միջև:
Հետո, Անդրկովկասյան Հանրապետության սեյմը, առաջին հերթին, պետք է հաշտություն կնքեր թուրքերի հետ, բայց ո՛չ այնպիսի հաշտություն, որպիսին ստորագրեցին բոլշևիկները. «Մենք այդպիսի հաշտություն չենք ստորագրի և կարծում ենք, որ ավելի լավ է մեռնել պատվով դիրքերում, քան խայտառակվել և սերունդների անեծքին ենթարկվել»: Այս կետում, Ժորդանիան Քաջազնունու հետ է. նա պահանջում է «պատվավոր հաշտություն», թեթև հետագա դեպքերը ցույց տվին, որ Ժորդանիայի «պատվավոր հաշտությունը» շատ քիչ է տարբերվում Աղաևի «անպատիվ» հաշտությունից:
Իշխանության կազմության խնդրից Ժորդանիան անցավ լռությամբ: Զգայուն դրություն էր, եթե պահանջեր միատարր-ընկերվարական կառավարություն, ինչպես պահանջում էր հեղափոխական խորհուրդների կենտրոնում, դժգոհ կլինեին ադրբեջանցիները, եթե պահանջեր կոալիցիոն կառավարություն, ինչպես գործնականորեն անց էր կացնում Սեյմի կուլիսներում, դժգոհ կմնային հեղափոխական խորհուրդները: Ահա մի տեղ, որտեղ լռությունը իսկապես ոսկի էր:
Անդրկովկասի սահմանների վերաբաժանման հարցում Ժորդանիան պաշտպանում էր Դաշնակցության տեսակետը. «Հենվելով հողային սկզբունքների վրա՝ մենք պետք է գոյություն ունեցող ազգերը սահմանաբաժանենք այնպես, որ միմյանց չխանգարեն, հակառակը, որ նրանք կարողանան աջակցել միմյանց և միացյալ ու ընդհանուր ջանքներով դուրս բերեն մեր երկիրը քաղաքակրթության և ազատության ճանապարհի վրա»: Բայց սահմանների վերաբաժանումը Ժորդանիան հասկանում էր բոլորովին հակառակ Դաշնակցության պաշտպանած ծրագրից այնպե՛ս, որ կովկասում միայն Վրաստանն էր դառնում ազգային միություն. «Մենք ստիպված պիտի լինենք Անդրկովկասի հողից ձևել սահմանափակ մեծություն ունեցող ազգային հողային միավորներ, այսինքն, թերևս, պետք լինի, որ մի ազգ (օրինակ, հայերը, վրացիները կամ թաթարները), կտրատվեն մի քանի ինքնավար միավորների և որ այդ ազգը ապրի իր ազգային շատ կանտոններում: Եթե առնենք Արևելյան Անդրկովկասը, կտեսնենք, որ այստեղ այդպես պետք պիտի լինի վարվել, որովհետև ոչ մի կերպ հնարավոր չէ ձևել այնպիսի միապաղաղ ազգային-հողային միավոր, որը ընդգրկեր մեկ ազգություն և չընդգրկեր մեծ քանակությամբ ուրիշ ազգություն»:
Այսպիսով, Սեյմի գոյության առաջին իսկ օրից երևան եկավ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդների մտածողության ու ձգտումների ներհակությունը: Եվ այն անհամաձայնությունները, որ կային Սեյմից առաջ, Անդրկովկասյան կոմիսարիատում, վեճի ու պայքարի բոլոր առարկաները, կիրքն ու նախանձը, չկամությունն ու թշնամանքը մեքենայորեն մուտք գործեցին և Սեյմ: Հետագա դեպքերը և միացյալ աշխատանքը Սեյմում ո՛չ միայն չմեղմացրին, այլ ավելի ևս սաստկացրին հակամարտությունը:
Տարակարծությունների հրատապ առարկաներից մեկն էր Անդրկովկասի քաղաքական կազմակերպության՝ անկախության խնդիրը, որով Սեյմը զբաղվեց փետրվարի 22-ի նիստում:
Այդ առթիվ երկար ճառեր արտասանեցին վրացիների կողմից Ժորդանիան, ադրբեջանցիներից Խան-Խոյսկին: Երկուսն էլ անվերապահ վճռականությամբ պաշտպանում էին Անդրկիովկասը անկախ հայտարարելու պահանջը: Ժորդանիան շեշտում էր, որ Ռուսաստանը ինքն է հեռացել Կովկասաից, և կովկասյան ժողովուրդները պետք է իրենք տնօրինեն իրենց ճակատագիրը, որի համար ուրիշ ելք չի մնում, քան անկախություն հայտարարելը, այլապես կգան թուրքերը և կգրավեն Անդրկովկասը: Թուրքերի հետ հաշտություն կնքելու միակ միջոցը Անդրկովկասը անկախ հռչակելն է, պնդում էր Խան-Խոյսկին: Նրանց պատասխանեց ռուս Սեմյոնովը. «Անդրկովկասը Ռուսաստանից անջատելով՝ դուք կերթաք ավելի առաջ, դուք ստիպված կլինեք Արևելյան Անդրկովկասը՝ Ադրբեջանը և Վրաստանը անջատել Անդրկովկասից, իսկ հետո, գուցե, Վրաստանն էլ բաժանել մասերի՝ Իմերեթիայի, Քարթալինիայի և կվերադառնաք 13-րդ դարին… Անկախություն հայտարարելուց հետո, դուք կմտնեք թուրքական օրիենտացիայի մեջ, ակամա կդառնաք Թուրքիայի մեկ մասը կամ՝ նրանից կախված, նրա հովանավորության տակ… Թուրքական օրիենտացիա ընդունելով՝ դուք կընկնեք պետությունների այն խմբի մեջ, որը պատերազմում է Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ»:
Սեմյոնովը ճիշտ էր արտահայտում իրերի ընթացքը: Անդրկովկասը արագ քայլերով շարժվում էր դեպի Թուրքիայի գիրկը: Հայերը պայքարում էին դրա դեմ, և նրանց ընդդիմության պատճառով անկախության հարցի լուծումը հետաձգվեց:












