Հայերը չէին ուզում զիջել Կարսը, վրացիները՝ Բաթումը. Տրապիզոնի խորհրդաժողովը 1918-ի գարնանը

2199
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018-ին վերահրատարակել է Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերենի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակում է Հայաստանում:

_______________________________

Երրորդ գլուխ

Տրապիզոնի խորհրդաժողովը, մաս երրորդ

(1918 փետրվար 23-ապրիլ 1)

Աստիճանաբար, կովկասյան ճակատում ռազմական գործողությունների զարգացման հետ զուգընթաց, մենք հասանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է որոշ հողային զիջումներ անել թուրքերին: Իսկ երբ այդ համոզմանը եկանք, կովկասյան ազգությունների ներկայացուցիչների միջև սկսվեցին ներքին վեճերը: Վրացիները չէին ուզում զիջել Բաթումը, հայերը չէին ուզում ոչինչ զիջել Կարսից, իսկ թաթարները չեզոք էին այդ խնդիրներում, բացի Շեյխուլիսամովը, որը ընկերվարական էր միշտ հայերի ու վրացիների կողմն էր բռնում:

Շուտով Տրապիզոն եկան Հյուսիսային Կովկասի լեռնականների ներկայացուցիչները՝ Չերմոևը և Բամատովը: Երկուսն էլ միացյալ Կովկասյան Դաշնության կողմնակից էին և իրենց փրկությունը դրա մեջ էին տեսնում: Առհասարակ, պետք է ասել, որ Դաղստանի լեռնականները այն աստիճան թուրքական կողմորոշում չունեին, որքան ադրբեջանցիները: Անկախ Դաղստանի և հերոս Շամիլի հիշատակը դեռ թարմ էր նրանց մեջ: Նրանք փորձեցին մեզ օգնել: Խոսեցին Ռաուֆ բեյի հետ՝ հիշեցնելով, որ նա էլ չերքեզ է, կովկասցի և ուրեմն պարտավոր է օգնել կովկասյան գործիչներին իրենց ժողովուրների ազատության գործում: Բայց նրանց միջամտությունը արդյունք չտվեց: Թուրքերը անդրդվելի էին:

Կովկասյան պատվիրակության նախագահ Չխենկելին, տեսնելով, որ բանակցությունները՝ այսքան հակամարտ տրամադրություններով ու ձգտումներով իր իսկ կազմում, չեն կարող որևէ դրական արդյունք տալ, առաջարկեց Թիֆլիս ուղարկել հատուկ հանձնախումբ, որը պետք է կառավարությանը անձամբ ներկայացներ իրերի վիճակը, պարզել և հատուկ լիազորություններ խնդրեր նախագահի համար՝ «ինքնուրույն քայլեր» առնելու: Այդ հանձնախումբը, որի մեջ մեր կողմից մտավ նաև Քաջազնունին, գնաց Թիֆլիս և Սեյմից արտակարգ լիազորություններ ստացավ Չխենկելու համար՝ Թուրքիայի զիջել Անդրկովկասյան հողամասերի մի մասը:

Երբ հանձնախումբը վերադարձավ, մեր պատվիրակությունը մարտի 23-ին գրված նամակով թուրքերին հաղորդեց, որ համաձայն է Թուրքիային զիջել Կարսի նահանգի որոշ մասերը: Այդ զիջումները չգոհացրին թուրքերին: Նրանք պահանջեցին իրենց բոլոր առաջարկների լիակատար ընդունումը: Կովկասյան պատվիրակությունը միևնույն գրության մեջ թուրքահայկական ամբողջ հարցը վերածում էր հայ գաղթականների վերադարձի և տեղավորման խնդրի՝ դրա հետ կապելով նաև որոշ երաշխիքներ գաղթականների կյանքը ապահովելու համար: Հիշված էին նաև ուրիշ ազգերի գաղթականներ, նկատի էին առնվել հատկապես ասորի գաղթականները:

Պետք է ասել, որ երբ մենք Թիֆլիսից Տրապիզոն էինք մեկնում, ասորիների ղեկավարները դիմեցին մեզ՝ խնդրելով, որ իրենց հարցն էլ պաշտպանենք: Նրանք էլ մեզ նման հուսախաբվեցին:

Թուրքերը շարունակում էին անդրդվելի մնալ: Տրապիզոն եկավ Վեհիբ փաշան և ընդունվեց մեծ հանդիսավորությամբ, երաժշտությամբ ու զորահանդեսով: Հանդիպեց նաև մեզ հետ, հաղորդեց իր ռազմական հաջողությունների մասին: Քաղաքում նկատելի էր որոշ գրգռում: Եվ, իրոք, մարտի 24-ի ուշ երեկոյան, մեր պատվիրակությունը ստացավ Ռեուֆ բեյի հետևյալ նամակը.

«Պարոն նախագահ, օսմանյան կայսերական կառավարությունը պնդում է 1918թ. մարտի 21-ին իր արած հայտարարությունը և խնդրում է Անդրկովկասյան հարգելի պատվիրակությանը վերջնական պատասխան տալ իրեն 48 ժամվա ընթացքում»:

Այս վերջնագիրը շատ լուրջ կացություն էր ստեղծում, որովհետև պարզ էր՝ այն չընդունելու պարագայում պատերազմական գործողությունները պետք է վերսկսեին և Անդրկովկասը գրավվեր: Մեր պատվիրակությունը անմիջապես գիշերը նիստ գումարեց: Արդեն զիջումների ձայներ էին լսվում: Բայց հանձնել Կարսն ու Բաթումը թուրքերին, նշանակում էր Անդրկովկասից պոկել նրա ամենից արժեքավոր մասեր: Մենք փորձ արեցինք փրկել գեթ մի բան: Մարտի 25-ի առավոտյան Չխենկելին հեռագրեց Թիֆլիս՝ հաղորդելով, որ իր կարծիքով, իբրև առավելագույն զիջում թուրքերին պետք է հանձնել ամբողջ Կարսի նահանգը, բացի հայ տարրով բնակեցված նրա արևելյան փոքր սահմանագլուխը, Արդահանի շրջանի հյուսիսային մասերը և Բաթումի նահանգի Արդվինի շրջանը: Մասնավորապես, Չխենկելին ավելացրել էր. «Ես համոզված եմ, որ թուրքերը չեն զիջի նաև Բաթումը: Վեհիբ փաշան հստակ ասաց դա, բայց տարբերությունն այն է, որ գոնե սակարկում են Բաթումի շուրջ: Գալով Կարսին՝ այն դիվանագիտական ճանապարհով պահելը բացարձակապես անհնար է: Կարսի մասին թուրքերը խոսել անգամ չեն ուզում: Ես գիտեմ, որ հարցի այս կերպ դրվելը սպառնում է Անդրկովկասի և Սեյմի միությանը, բայց, դժբախտաբար, այլ ելք չկա: Թուրքերը շատ լուրջ կերպով սկսել են պատերազմ մղել»:

Գիշերը ես հանդիպեցի Չխենկելիի հետ, և երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք է զիջումներ անել, որովհետև պատերազմ չէինք ուզում և չէինք կարող տանել:

Միևնույն ժամանակ, թուրքերը արդել մտել էին Անդրկովկասի սահմանները, նրանց զորամասերը գրավել էին Սարիղամիշը և Բաթումի նահանգի մի մասը: Ուստի, Անդրկովկասի կառավարությունը մարտի 26-ի հեռագրով պատվիրակությանը հրահանգվեց, որ «պետք է հայտնել թուրքական պատվիրակությանը, որ քանի որ զորքերը մտել են Անդրկովկասի սահմանները, հաշտության բանակցությունները պետք է դադարեն և այդ մասին պետք է հաղորդվի Անդրկովկասի ժողովուրդներին»:

Բայց նույն օրը երեկոյան կառավարությունը հաղորդեց, որ ինքը համաձայն է զիջելու Կարսի նահանգը և Արդվինի շրջանը, ավելացնելով, որ հայերը չեն ուզում թուրքերին հանձնել Կարս քաղաքը:

Ժամանակը, սակայն, անցնում էր: Պատվիրակությունը զգում էր, որ թուրքերը ձգտում են արագացնել դեպքերը: Մարտի 26-ին թուրքերը հեռագրեցին կառավարությանը, որ իրերի վիճակը պահանջում է անմիջապես ճանաչել Բրեստ-Լիտովսկի հաշտությունը: Վերցնելով պատասխանատվություն իր վրա, պատվիրակությունը մարտի 28-ին թուրքերին հաղորդեց, որ ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Ես և Քաջազնունին անհրաժեշտ նկատեցինք մեր կողմից անձամբ ազդել Սեյմի ՀՅԴ խմբակցության վրա և այդ նպատակով մարտի 28-ին Գեգեճկորիին և ֆինանսների նախարար Կարճիկյանին հեռագրեցինք հետևյալը. «Անհրաժեշտ ենք նկատում ՀՅԴ ամենալուրջ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելը փոքրագույն չարքիը պետք է համարել»:

Պետք է ասել, որ այդ հեռագրից մեկ շաբաթ առաջ վարչապետ Գեգեճկորին ինձ և Քաջազնունուն հրավիրել էր մտնել կառավարության կազմ: Մենք տվել էինք մեր համաձայնությունը և այդ պատչառով՝ մեր հեռագիրը ուղղել էինք մեր կառավարական ընկերներին:

Թուրքերը, մեր տրամադրությունների վրա առավել ազդելու համար հաղորդեցին մեզ, որ Վերդենը արդեն ընկել է, և գերմանացիները մոտենում են Փարիզին: Մարտի 30-ին թուրքերեը մի վերջնագիր ուղարկեցին Բաթումի հրամանատարին՝ անմիջապես հանձնելու Բաթումի բերդը իր բոլոր ամրություններով և ռազմամթերքով, հակառակ պարագայում սպառնում էին ապրիլի 1-ին գրոհ ձեռնարկել բերդի վրա, որի հետևանքը պետք է լինի «ավերում, արյան թափում և զինվորների գերում»: Իսկ մարտի 31-ին Ռեուֆ բեյը մեր պատվիրակությանը հաղորդեց. «Որպեսզի կարելի լինի բանակցություններին մասնակից դարձնել նաև դաշնակիցներին (գերմանացիներին, ավստրիացիներին և բուլղարներին), անհրաժեշտ է ամեն բանից առաջ Անդրկովկասը հայտարարի իր անկախությունը»:

Մենք տագնապալի վիճակում էինք: Ամեն վայրկյան սպասում էինք Սեյմի հեռագրին: Կարծում էինք, որ Սեյմը պիտի ընդունի Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը: Մինչդեռ Թիֆլիսում շատ մեծ հուզում էր առաջացել. ստացել էին մեր հեռագրերը, և հարցերը լուրջ քննության էին ենթարկում: Մարտի 31-ին, ցերեկվա ժամը 1.50-ին Չխեիձեի նախագահությամբ Թիֆլիսում տեղի ունեցավ մի կարևոր ժողով Սեյմի նախագահության, կուսակցության ներկայացուցիչների և կառավարության մասնակցությամբ: Կառավարության անունից Գեգեճկորին հայտարարել էր, որ զինվորականության կարծիքով Բաթումի պաշտպանությունը ամենալավ վիճակում է: Ծերեթելին հայտնել էր, որ ավելի լավ է մեռնել կռվում, քան մահացու ինքնահարված հասցնել՝ հանձնելով Բաթումը: Կարճիկյանը ևս նույնիմաստ հայտարարություն էր արել: Բոլոր կուսակցությունների խմբակցությունները խոսել էին նույն ոգով, և ժողովը, որ փակվել էր ժամը 2.55-ին, ընդունել էր հետևյալ բանաձևը. «Սեյմին առաջարկել պատվիրակությանը հետ կանչել Տրապիզոնից, երեք հոգուց կազմված մարմին ընտրել՝ նրան տալով արտակարգ լիազորություններ երկրի պաշտպանության գործը վարելու համար և անմիջապես հրավիրել Սեյմի նիստ»:

Այս բանաձևը ընդունվել էր միաձայնությամբ:

Նույն օրը երեկոյան ժամը 7-ին հրավիրվում է Սեյմի նիստ և վրաց սոցիալ-դոմոկրատական կուսացության առաջնորդ Ժորդանիայի առաջարկությամբ միաձայն ընդունվում է բանաձև. «Նկատի ունենալով, որ Թուրքիայի և Անդրկովկասի  միջև հնարավոր չեղավ սահմանների հարցում խաղաղ համաձայնության գալ, Անդրկովկասյան պատվիրակությանը առաջարկվում է անմիջապես վերադառնալ Թիֆլիս»:

Ժորդանիայի բացատրությամբ՝ այդ բանաձևի ընդունումը նշանակում էր պատերազմ հայտարարել Թուրքիայի դեմ: Պատերազմը վարելու համար ընտրվեց արտակարգ լիազորություններով մարմին, որի մեջ մտնում էին վարչապետ և միաժամանակ զինվորական նախարար Գեգեճկորին, ներքին գործերի նախարար Ռամիշվիլին և ելևմտական նախարար Կարճիկյանը:

Ապրիլի 1-ի առավոտյան ժամը 10-ին վարչապետ Գեգեճկորիից պատվիրակությունը ստացավ հեռագիր, որով մեզ հաղորդվում էր Սեյմի ընդունած բանաձևը և հրահանգվում անմիջապես մեկնել Թիֆլիս: Մեր որոշումով՝ Չխենկելին թուրքերին հայտնում է, որ պետք է անմիջապես մեկնենք, բայց ոչ թե հաշտության բանակցությունները խզելով, այլ ժամանակավորապես ընդհատելով: Թեև թուրքերը շատ լավ էին հասկանում, թե ինչ է նշանակում մեր այդ ձևակերպումը, բայց լռությամբ ընդունեց: Նույն օրը երեկոյան նավով մեկնեցինք Տրապիզոնից:

Այսպիսով, հաշտության փոխարեն մենք մեր երկրին Տրապիզոնից պատերազմ էինք տանում: