Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին (2). Յովհաննէս Քաջազնունի

1293

ԱՆԻ կենտրոնը մաս-մաս հրատարակում է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Պոլսի ՃԱԿԱՏԱՄԱՐՏ թերթի մայիս-հունիս 6 համարներում: Սա երկրորդ մասն է: Այն ամբողջապես տեղ է գտել ԱՆԻ կենտրոնի կողմից օգոստոսին հրատարակված Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի հատորում: 

—-

Ուրեմն դաւանանքի ու վարդապետութեան հիմնական հարցերը չեն, որ պիտի առնուին վերաքննութեան, այլ պարզապէս ընթացիկ քաղաքականութիւնն է, օրուայ գործելակերպը, որ պէտք է որոշուի անմիջական գործադրութեան համար՝ հայկական իրականութեան մէջ ու Հայաստանի սահմաններում:

Ժամանակն է, որ հարցին տանք մի պարզ ու յստակ պատասխան: Ժամանակն է, որ վերացնենք կուսակցական շարքերում տիրող շփոթը, փոխադարձ անհասկացողութիւնը: Ժամանակն է նաեւ, որ կուսակցութիւնից դուրս գտնուող տարրերը հասկանան մեզ, գիտենան թէ ի՛նչ մեր այսօրուայ պահանջը եւ ո՛րն է մեր ընտրած ճանապարհը,- ուրեմն եւ գիտենան՝ ով է որ պիտի դաշնակցի մեզ հետ եւ ո՛վ զինուի մեր դէմ:

Ներկայ յօդուածաշարքում կը ծանրանամ մասնաւորապէս ներքին ընկերային քաղաքականութեան վրայ, որ ամենից աւելի կարօտ է լուսաբանութեան:

Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ իր դաւանած վարդապետութիւնով՝ ընկերվարական կուսակցութիւն է: Բնական է ուրեմն, որ նրա վարած քաղաքականութիւնն էլ լինէր զուտ ընկերվարական: Բայց Հայաստանը դեռ շատ խակ է ընկերվարական կարգերը իւրացնելու համար… Ահա այն հիմնական դրութիւնը, այն անհերքելի ու անխորտակելի փաստը, որ ժայռի պէս կանգնում է Դաշնակցութեան առաջ, կտրում է ճամբան եւ ստիպում կողմնակի ուղիներ որոնելու:

Ամէն մի կուսակցութիւն պէտք է պարզ հաշիւ տայ իրեն ու լա՛ւ գիտակցի, երբեք չմոռանայ այս ամենազօրեղ փաստը, որովհետեւ սա՛ է, որ պիտի որոշի կուսակցութեան ընթացիկ քաղաքականութիւնը, նրա պետական գործունէութիւնը:

Հայաստանում չկան այն այն հասունցած ու կազմակերպուած հակամարտ ուժերը, որոնք կարողանային բախում առաջ բերել դասակարգերի միջեւ եւ յեղափոխել կամ յեղաշրջել երկրի ընկերային տնտեսական կեանքը՝ համաձայն ընկերվարական պահանջների:

Պրոլետարիատ, իբրեւ դասակարգ, գոյութիւն չունի Հայաստանում:

Այն երեք-չորս հազար բանուորները, որ ցրուած են երկաթուղային գծի վրայ եւ մի քանի մանր-մունր գործարաններում, չեն կազմում դասակարգ: Այդ փոքրաթիւ հայ բանուորութիւնը շարունակում է մնալ սերտ կապուած գիւղացիութեան եւ քաղքենիութեան հետ, ժամանակ չի ունեցել անջատուելու, զտուելու, կերպարանափոխուելու, պրոլետարական ուրոյն տիպ կազմելու: Հոգեբանօրէն նա մնում է նոյն գիւղացին կամ նոյն քաղքենին, ինչպէս եւ տնտեսապէս մնում է կապուած բազմաթիւ կապերով գիւղային կամ քաղաքային մանր տնտեսութեան հետ: Նա չունի ո՛չ դասակարգային գիտակցութիւն, ո՛չ էլ դասակարգային իտէոլոգիա, թէեւ հետեւելով արդիւնաբերական մեծ կեդրոններում կազմակերպուած ու գիտակից բանուորութեան օրինակին՝ շատ սիրում է կրկնել դրսից լսած ընկերվարական ֆորմուլներ:

Բայց որպէսզի այդ թոթովանքները վերածուին գիտակցութեան ու հրապարակ գան որպէս քաղաքական գործօն, պէտք է որ ներկայումս Հայաստանում գոյութիւն ունեցող տնտեսական կեանքը եւ հանրային շերտաւորումները փոխուին հիմնովին: Իսկ սրա համար ժամանակ է հարկաւոր: Ամէն մի ժողովուրդ ունի իր ընկերային հասակը, իր զարգացման աստիճանը, որ սահմանւում է բազմաթիւ պայմաններով: Բարի ցանկութիւնով կամ բռնի ոյժով չի կարելի փոխել հասակը: Կարելի է եւ պէտք է փոխել կեանքի պայմանները, որպէսզի արագանայ հասունանալու գործողութիւնը, բայց դրա համար դարձեալ ժամանակ ու երկարատեւ աշխատանք է հարկաւոր:

Անկախ այս հանգամանքից, բանուորների թիւը այնքան չնչին է Հայաստանում (ազգաբնակութեան կէս տոկոսից էլ պակաս), որ բանուորութիւնը՝ եթէ նոյն իսկ ունենար դասակարգային ամենաբարձր գիտակցուիւն եւ ամենակուռ կազմակերպութիւն, դարձեալ պիտի չարողանար ներկայացնել քաղաքական որեւէ ոյժ եւ յամենայն դէպս պիտի չկարողանար թելադրել երկրին իր կամքը:

Գիւղացիութիւնը, որ կազմում է Հայաստանի ազգաբնակչութեան ճնշող մեծամասնութիւնը եւ որին պատկանելու է վճռական խօսքը պետական կեանքում, շատ հեռու է ընկերվարական ձգտումներից:

Հայաստանը չունի – կամ համարեա չունի – գիւղական պրոլետարիատ: Գիւղական պրոլետարիատը ծնունդ է առնում այնտեղ միայն, ուր կայ ծոշոր կալուածատիրութիւն եւ դրամատիրական խոշոր տնտեսութիւն կամ գոնէ գիւղացիական հարուստ, զանգուածներից անջատուած դասակարգ – գիւղական բուրժուազի:

Մեր երկրում չկայ ո՛չ մէկը, ո՛չ միւսը եւ ոչ երրորդը:

Հայ գիւղացին – շատ չնչին բացառութիւններով – նստած է կա՛մ պետական կամ սեփական հողի վրայ եւ վարում է իր տնտեսութիւնը սեփական միջոցներով: Ի՛նչ խօսք, որ կան գիւղացիներ աւելի կամ պակաս ունեւոր (ճիշդը կը լինէր ասել՝ աւելի կամ պակաս չքաւոր), բայց այս հանգամանքը չի փոխում նրա ընկերային դիամգիծն ու էութիւնը. նրանք մնում են սեփականատէրեր,- թէեւ ազքատ, բայց սեփականատիրոջ յատուկ հոգեբանուիւնովու ձգտումներով:

Հայաստանը չունի նաեւ բուրժուազի, իբրեւ ընկերային դասակարգ, որ հակադրւում է աշխատաւորութեան առ հասարակ եւ պրոլետարիատին մասնաւորապէս, այսինքն՝ փոքրամասնութիւնից կազմուած մի զօրեղ դասակարգ, որ կեդրոնացրել է իր ձեռում երկրի հարստութիւնը եւ դրամատիրական խոշոր ձեռնարկների միջոցով շահագործում է ժողովրդական աշխատաւոր զանգուածները: Բուրժուազին ու պրոլետարիատը ծնունդ են նոյն ընկերային-տնտեսական կառուցուածքի, պայմանաւորում են մէկը միւսին, անբաժան են մէկը միւսից եւ հասկանալի է որ ուր չկայմէկը, չկայ եւ միւսը:

Մեր երկրում չկան ո՛չ խոշոր կապիտալ, ո՛չ խոշոր կապիտալիստներ: Չկային արդէն նախապատերազմական շրջանում, իսկ պատերազմի ընթացքում ոչնչացան նաեւ այն հատուկտոր սաղմերը, որ նոր սկսել էին ծիլ տալ հայ հողի վրայ:

Այն չնչին կապիտալը, որ ներկայումս գոյութիւն ունի Հայաստանում, բաժանուած է, մանրուած, փոշիացած բազմաթիւ ձեռքերի մէջ:

Չկան դրամատուներ ու սեղանաւորներ, չկան գործարաններ ու խոշոր արհեստանոցներ, չկայ կեդրոնացած արդիւնաբերութիւն: Չկան մասնաւոր սեփականութիւն կազմող կամ մասնաւոր դրամագլուխով շահագործուող հանքային հարստութիւններ: Չկան մասնաւոր ընկերութիւնների պատկանող երկաթուղիներ ու ջրանցքներ, հեռագրական ու հեռախօսական գծեր, չկան խոշոր առեւտրական տներ կամ առեւտրականների միութիւններ, չկան հում նիւթերի կամ պատրաստ ապրանքի պահեստներ,- մի խօսքով՝ չկան իրն ու իրատէրը, կապիտալն ու կապիտալիստը, որոնց դէմ աշխատաւորութիւնը պիտի ուղղի իր հարուածը եւ՝ խորտակելով հինը՝ ընկերային նոր կարգեր հաստատի: