1918 թ. մայիսի 15-ի առավոտյան՝ կարճատև ռմբակոծումից հետո, թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլ (այսօր՝ Գյումրի) քաղաքն ու համանուն գավառի մեծագույն մասը։ Շուրջ 6 ամիս Ալեքսանդրապոլը մնաց թուրքական օկուպացիայի տակ՝ մինչև 1918-ի դեկտեմբերի սկիզբը։
1918թ. սեպտեմբերի 4-ին Ալեքսանդրապոլում բացվում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը և գործում է մինչև 1919թ. հունվարի 25-ը: Մինչև 1919թ. փետրվարի 1-ը` ներկայացուցչության լուծարումը, այն շարունակել է տեղի թուրք ներկայացուցչի միջոցով հարաբերություններ պահպանել ու բանակցությունների մեջ լինել Օսմանյան կայսրության կառավարության հետ, փաստորեն հանդիսանալով բոլոր մինիստրությունների տեղական ներկայացուցիչը:
Ներքո հրապարակումը վերցրել ենք «Պոլիտիկա կենտրոն»-ից: Այն Ալեքսանդրապոլի գավառում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Գ. Խոյեցյանի զեկուցագրերն է ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ներկայացուցչության գործունեության և Ալեքսանդրապոլի գավառի իրադրության վերաբերյալ։
Խոյեցյանի զեկուցագրերը տալիս են թուրքական ռազմակալման շրջանում Ալեքսանդրապոլի գավառում տեղի ունեցած դեպքերի ամբողջական պատկերը և իրական կյանքն Ալեքսանդրապոլում՝ թուրքական ռազմակալման շրջանում: Դրանք առաջին անգամ հրապարակվել են Կարինե Ալեքսանյանի հեղինակությամբ՝ Բանբեր Հայաստանի արխիվների հանդեսում։
ՀՀ-ն ճանաչած առաջին պետությունը Օսմանյան կայսրությունն էր: Երևանում գործում էր թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն: Օսմանյան կայսրության առաջին դեսպանը ՀՀ-ում Ալի Մեհմեդ փաշան էր:
***
17 հոկտեմբերի 1918թ., Ալեքսանդրապոլ
Աւելորդ չեմ համարում իրազեկ կացուցանել քաղաքի կեանքի ներկայ պայմաններին: Բազմաթիւ թաթար (այսօր՝ ադրբեջանցի – խմբ. ԱՆԻ-ի) գաղթականութիւնը գրաւել է քաղաքի համարեայ կէսը և քաղաքը կորցրել է իր զուտ հայկական բնոյթը: Թաթարները գրաւել են քաղաքի ռուսական թաղամասը և ամենայարմար գեղեցիկ շէնքերը, որոնց տէրերը` քաղաքի երևելի հարուստ դասը փախել է քաղաքից: Վաճառականութիւնը նոյնպէս կամաց-կամաց անցնում է եկւոր թաթարների ձեռքը: Մինչ հայ վաճառականը իր ունեցած հին ապրանքներն ու գաղթողների իրերն է աշխատում ծախել, նորը հնարաւորութիւն ու ցանկութիւն չունենալով ստանալ, թաթարը որոշ չափով կարողանում է այդ, քանի որ ապահով է ճանապարհին, աւելի ազատ երթեւեկութեան հնարաւորութիւն ունի, Թիֆլիսից, Թաւրիզից, Ղարսի, Երևանի, Կաղզւանի շրջաններից կարողանում է ազատ բերել մթերքներ, ապրանքներ:
Բացի վերև յիշւած յանգամանքներից կայ և մի ուրիշը` հայ գիւղացին ոչինչ կամ համարեայ ոչինչ չունի ծախելու: Մինչդեռ թաթար գիւղացու մօտ են նրա անասունների մի մասը, նրա արտերի, այգիների բերքը, նրա անտէր թողած տների կահ-կարասին ու իրերը: Ու էս բոլորը թաթարը ծախում է քաղաքում: Թաթար ինտելիգենցիան է գրաւում և մեր պաշտօնները պետական և մասամբ հասարակական հիմնարկութիւններում: Երկու ժողովուրդների հարաբերութիւնները շնորհիւ Օսմանեան իշխանութեան խստութիւնների արտաքուստ բարեկամական են, որքանով այդ հնարաւոր է տիրող ու նվաճւած ժողովուրդների մէջ:
Հայը խեղճ է, ոգին ընկած է ու համակերպւող, միշտ թաթարն իրեն աւելի հզոր է զգում, թէև նրանց էլ տաճիկ իշխանութիւնը շատ երես չի տալիս: Սրանով է բացատրւում, որ անկարգութիւնների ու նման յանցանքների մէջ համարեայ միշտ մեղադրւում ու պատժւում են թաթարները: Զօրքն ընդհանրապէս իրեն լաւ է պահում և ավելի մարդավայել վերաբերմունք է ցոյց տալիս դէպի հայը: Նոյնը չի կարելի ասել տաճիկ պաշտօնէութեան մասին: Ինչ որ կատարւում է քաղաքում, չի կարելի արդարացնել ոչ դաշնագրով, ոչ միջազգային որևիցէ օրենքով: Թէև ըստ Բաթումի դաշնագրի ոչ ոք չի զրկւում իր սեփականութեան իրաւունքից, բայց օսմանեան իշխանութիւնը քաղաքի գրաւման հէնց առաջին օրերից յայտարարում է, որ օսմանեան զորքերի կողմից քաղաքի գրաւման օրը քաղաքից բացակայողների գոյքը գրաւում է յօգուտ պետութեան:
Սեփականատէր ճանաչւում է միայն այն մարդը, որի անունը նշանակւած է քաղաքի ստացւածոց մատեանում՝ իբրեւ այդպիսին, նոյնիսկ ծնողների, որդոց կամ ընտանիքի այլ անդամների ներկայութիւնը կամ քաղաքի գրաւումից շատ առաջ քաղաքից հեռանալու պարագան չեն փրկում գոյքը գրաւումից: Տանում են ամբողջ շարժական գոյքը, իսկ շէնքը տալիս են վարձով կամ կապալով: Այս բանը նրանք բացատրում են հետեւեալ կերպով, ռուսները հեռացել են Անդրկովկասից մօտաւորապէս 1918թ. սկզբին: Այդ ժամանակամիջոցից յետոյ քաղաքից հեռանալը չպէտք է դիտել իբրեւ տաճիկների գալուց երկիւղի հետեւանք, ուստի և յունւարից այս կողմ հեռացողների գոյքը իբրեւ պատիժ պիտի գրաււի, իսկ յունւարից առաջ հեռացողներինը` ոչ: Տեղի իշխանութեան նախագահի կարգադրութեամբ անշարժ կայքերից վերցւող հարկը տալու համար ամեն մի ստացւածատէր Քաղաքային վարչութիւնից պիտի ստանայ վկայագիր, որ ինքը նշանակւած գոյքի տէրն է, իսկ եթէ հաւատարմատարն է` հաւատարմաթուղթը տրւած է 1918թ. յունւարից առաջ: Ով բացակայում է քաղաքից, կամ նոր է վերադարձել, այդպիսիններին կալւածքից հարկ չի տրւում: Այդպիսինների գոյքը կառավարութիւնը տալու է վարձով կամ կապալով՝ յօգուտ իրեն: Քաղաքային վարչութիւնը ներկայացրել էր քաղաքի գրաւումից առաջ հեռացողների ցուցակը, բայց այդ ցուցակը չէր ընդունւել իբր «ղաչաղների»:
Այս առթիւ պաշտօնական դիմում ու հարցապնդում է արւած իմ կողմից՝ Խալիլ փաշային և Տեղական իշխանութեան նախագահին: Վերջինս բացատրում է, որ այդ Շէֆքի փաշայի12 կարգադրութեամբ է արւում: Պոլսի կոնֆերէնցիայից յետոյ, եթէ քաղաքը վերադարձւի Հայաստանի Հանրապետութեանը` կւերադարձնեն և հարկերը, ստացւած կապալագինը և վարկը: Կարգ ու կանոն չկայ նաև գնացքների երթևեկութեան ու ճանապարհների յարմարութիւններ տալու գործում: Մեծ դժւարութեամբ վերցնում են անցագրեր, օրերով սպասում են կայարանում, գիշերում այստեղ ու երբ վերջապէս գալիս է ցանկալի գնացքը՝ հսկայական ջանքերով ու նեղութիւններով հազիւ մի քանիսը նրանցից կարողանում են տեղ գտնել գնացքում: Ապրանքատար վագօնների դռները չեն փակւում ու ճանապարհին իրերից շատերը կորչում են: Վերջին օրերս սկսել են խուզարկել իրերը, գրաւում են այն ամենը, ինչ համարում են պետական կամ կենսամթերքը: Վերցնում են նաև տաճկական ու ռուսական հին թղթադրամը:
Իսկ այժմ տեղի է ունենում մի այլ երևոյթ. քաղաք չեն թողնում Թիֆլիսից եկողներին, եթէ նոյնիսկ նրանք ունեն անցագրեր՝ Օսմանեան կառավարութեան ներկայացուցիչներից: Ճանապարհորդները ձերբակալւում են, օրերով քաղցած ու ծարաւ պահւում ցուրտ սենեակում: Իմ բոլոր դիմումներն այդ մասին մնացին անհետևանք, պատճառաբանւում են, որ կարգադրութիւն է եղել Շէֆքի փաշայից ոչ ոքի չթողնել Ալէքսանդրապոլ: Այդ կարգադրութեան առթիւ այսօր ևէթ դիմեցի Խալիլ փաշային, որից այսօր հեռագրով ստացւած կարգադրութեամբ բոլոր ձերբակալւածները ազատ արձակւեցին և վերացւում են բոլոր սահմանափակումները և արգելքները օրինաւոր անցագրեր ունեցողների վերաբերեալ:
Իսկ ձերբակալւածներին ցոյց տրւեց իմ կողմից հնարաւոր օգնութիւն հացով և այլն: Պարենաւորման գործը կաղում է: Կենսամթերքները թանկանում են օր աւուր: Քաղաքի պահեստները դատարկւում են, իսկ ստանալ նորը հնարաւորութիւն չկայ: Քաղաքային վարչութեան գործակալները գնել են Շարուրում մօտ 12 վագօն ալիւր, որը մինչև օրս բերելու հնարաւորութիւն չկայ, որովհետև վագօն չեն տալիս: Գանձակ ուղարկւած գործակալները դէռ չեն վերադարձել, հաց գնելու փորձեր են անում նաև Ախալքալաքի շրջանում: Գործը դժւարացնում է նաև այն յանգամանքը, որ ալիւր և կենսամթերքներ վաճառողները պահանջում են տաճկական և առաւելապէս ռուսական դրամ, կովկասեան բոները համարեայ բոլորովին չեն ընդունում: Իւղ, պանիր, ձու բոլորովին չկայ, կայ միայն թաթարական գիւղերում, գնալ գիւղ սիրտ չեն անում, իսկ իրենք գիւղացիներն էլ չեն բերում, որովհետև քաղաքում հաստատված սակագնով ծախել չեն ուզում:
Մինչ այդ սակագնի յայտարարելը դեռ կարելի էր որոշ կենսամթերքներ ճարել և բաւականին էժան, իսկ այժմ ամեն ինչ թաքցնում են, իսկ ծածուկ ծախում եմ շատ թանկ: Փայտ նոյնպէս չկայ, միայն թաթարները սայլերով բերում են տան ծածկի գերաններ գիւղերից ու ծախում բաւականին թանկ գներով: Հայ ազգաբնակչութիւնը տնտեսապէս բոլորովին քայքայւած է:
Գաղթը, Ղարաքիլիսայի (այսօր՝ Վանաձոր – խմբ. ԱՆԻ-ի) թալանը, որին ենթարկւել են քաղաքացիներից շատերը, միւս կողմից անտէր մնացած տների թալանը քաղաքում մնացած հէնց իրենց հարևանների կողմից` չքաւորութեան են մատնել ազգաբնակչութեան մեծ մասը: Աղքատութիւնը, գաղթականութիւնը, կեանքի թանգութիւնը և սանիտարական առողջապահական պայմանների բացակայութիւնը մեծապէս նպաստում են տարափոխիկ հիւանդութիւնների տարածմանը և մահացմանը սոսկալի տոկոսով: Սոսկալի չափերի է հասնում նաև պոռնկութիւնը: Բացի քաղաքում մնացած բազմաթիւ ռուս պոռնիկ կանանցից, տեղական ու գաղթական հայութիւնը նոյնպէս այդպիսինների մեծ տոկոս է տալիս: Վերջին օրերս նկատւում է ներգաղթի ուժեղացում շնորհիւ քաղաքական դրութեան փոփոխման: Խանութների ու բնակարանների վարձը նկատելի բարձրանում է:
Ներկայացուցիչ Գ. Խոյեցեան











