Սահմանադրական դատարանը փակում է արդարության ճանապարհը. Ռաֆայել Թեյմուրազյան

1983

«Այո՛ արդարությանը», «Այո՛ հեղափոխությանը», «Այո՛ Նոր Հայաստանին», «Այո՛ այսինչին կամ այնինչին» ֆեյսբուքյան ստատուսները ոչինչ չասող, շարքային քաղաքացու համար անբովանդակ բառեր են։

«Այո»-ին բովանդակություն է պետք հաղորդել։ Մարդկանց մի ստվար զանգված անկեղծորեն չի հասկանում, թե ինչո՞ւ «հանկարծ» ՍԴ հարց առաջացավ, ու թե դա ինչ կապ ունի իրենց կյանքի հետ (կարծեք թե ԱԺ պատգամավորների մի մասն էլ չի հասկանում):

Մարդիկ հեղափոխությանն «այո» ասել են երեք անգամ՝ 2018-ի ապրիլին, հոկտեմբերին ու դեկտեմբերին։

Եվ հիմա կարիք կա այդ մարդկանց շատ կոնկրետ բացատրել, թե ինչո՞ւ է պետք նորից այո ասել։ Ինչո՞ւ է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումն օրհասական, ինչո՞ւ է դրանից այդքան շատ բան կախված, ինչո՞վ է ՍԴ-ի այս կազմը խոչընդոտում վերոնշյալ արդարությանը, հեղափոխությանը կամ Նոր Հայաստանին։ Սրա փոխարեն քարոզարշավի առաջին 17 օրում ամենաքննարկվող հարցը եղել է ինչ-որ երգ ու լոգո։

Հարգելի քաղաքացիներ, Սահմանադրության անցումային դրույթներում կա բաց. չի հստակեցվում ՍԴ անդամների դերը ՍԴ-ում։ Սրանից օգտվելով ՍԴ անդամները որոշումներ են հրապարակում ՍԴ անունից։ Վերջին 1-1.5 տարում ՍԴ անունից այնքան բան է արվել, որ եթե այս հարցը չլուծվի, երկիրը ներքաշվելու է լրջագույն քաղաքական ճգնաժամի մեջ. ՍԴ-ն տապալելու է ԱԺ ընդունած բարեփոխումների փաթեթները, փակելու է արդարության ճանապարհը՝ հակասահմանադրական ճանաչելով բոլոր այն քրեական հոդվածները, որոնցով մեղադրվում են նախկին պաշտոնյաները, արգելափակելու է վատ դատավորներին համակարգից հանելու ճանապարհը…

Որտեղի՞ց գիտենք, որ նման բաներ է անելու. որովհետև արդեն իսկ արել է։ Օրինակ՝ ՍԴ-ն սահմանափակել է դատավորների լիազորությունը դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի իրավունքը, վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռ.Քոչարյանի դիմումը, երբ դրա իրավունքը չուներ, քանզի դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, և այլն։

Եվ եթե առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է վերանայվել վերաքննիչ դատարանում, վերջինիս որոշումը՝ վճռաբեկում, իսկ վճռաբեկից հետո կարելի է անգամ Եվրոպական դատարան դիմել, ապա ՍԴ որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։ Չկա մի ատյան, որն իրավասու է վերանայել, շտկել կամ մեկնաբանել ՍԴ որոշումները։ Հենց այստե՛ղ է վտանգը։ Հենց սա՛ է ՍԴ ճգնաժամը վերացնելու անհրաժեշտությունն օրհասական դարձնում։

Հանրաքվեով, ահա, առաջարկվում է վերացնել Սահմանադրությունում առկա բացը, որը ճգնաժամի պատճառ է դարձել։ Գործող Սահմանադրության մեջ սա միակ ճգնաժամային դրույթը չէ, բայց ամենահրատապ կարգավորում պահանջողն է։ Պարտադիր պետք է գնալ ընտրատեղամաս և այո քվեարկել՝ անկախ ամեն ինչից։ Սա չափազանց կարևոր հարց է և լուրջ է պետք վերաբերվել։ Հանրաքվեն ՍԴ ճգնաժամը կարգավորելու վերջին փամփուշտն է։ Այն չի կարող վրիպել։ #Այո

Ռաֆայել Թեյմուրազյան

Պորտուգալիայի Կոիմբրա համալսարանի պրոֆեսոր

Աղբյուրը՝ Facebook