Արցախում արձանագրում է քաղաքական մրցակցության աճ, քաղհասարակության ակտիվացում. Freedom House

900

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ազատականացումը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ավելացել է մրցակցությունը, ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը։ Նման գնահատական է տալիս Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Ազատությունը աշխարհում – 2020» զեկուցում, որը հրապարակվել է այսօր, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Հեղինակավոր կազմակերպության զեկույցի Հայաստանին վերաբերող մասում ներկայացվում են բացառապես Լեռնային Ղարաբաղում արձանագրված դրական տեղաշարժերը։

Շնորհիվ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ «2019 թվականի սեպտեմբերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Լեռնային Ղարաբաղի տարածքում կար մրցակցության և քաղհասարակության ակտիվության աճ, նաև հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի և խորհրդարանի ընտրություններում այլ փոփոխությունների»։

Զեկույցի հեղինակները միևնույն ժամանակ փաստում են, որ հակառակ պատկերն է Եվրասիական տարածաշրջանի մյուս անջատված տարածքներում: «Եվրասիայի տարածաշրջանի մյուս անջատված տարածքները, որոնք օկուպացված են Ռուսաստանի զորքերի կողմից, շարունակում են մնալ լճացած, այստեղ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել», – համեմատում են Freedom House-ի իրավապաշտպանները։

Կառույցի վարկանիշային աղյուսակում թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը դասվում են մասամբ ազատ երկրների թվին։ Տարածաշրջանում չճանաչված պետությունների ցանկում Լեռնային Ղարաբաղից բացի մասամբ ազատ է գնահատվում նաև Աբխազիան։ Հայաստանը իր ցուցանիշներով գերազանցում է անազատ Ադրբեջանին, սակայն զիջում մասամբ ազատ մյուս հարևանին՝ Վրաստանին։

Զեկույցի հեղինակները փաստում են, որ հիմնականում անազատ Եվրասիական տարածաշրջանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առումով մռայլ պատկեր է հիշեցնում, նկատելով, որ Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում իշխող ուժերը ճնշումների գնով պահպանում են իշխանությունը, Մոլդովայում բարեփոխումները մեկնարկել, սակայն ավարտին չեն հասցվել։

Տարածաշրջանի միակ դրական տեղաշարժերը նկատելի են Հայաստանում և Ուկրաինայում, փաստում է Freedom House-ը: Նոր առաջնորդները, ովքեր իշխանության են եկել համակարգային բարեփոխումների խոստումներով՝ Հայաստանում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայում` նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայում` Մայա Սանդուն, առաջին քայլերն են նախաձեռնել կաշառակեր ուժերին արմատախիլ անելու ուղղությամբ, որոնք վաղուց խոչընդոտում էին իրենց երկրներում ժողովրդավարական ձգտումներին:

Զեկույցի հեղինակները չեն շրջանցել Ադրբեջանում տեղի ունեցած և ոչ մի ներքաղաքական իրադարձություն, որ ուղեկցվել է իշխանությունների կոշտ ճնշումներով: Չնկատելով որևէ դրական բարեփոխում, որի մասին պնդում է Իլհամ Ալիևի վարչակազմը, Freedom House-ը փոխարենը թվարկում է ընդդիմադիր կուսակցությունների, գործիչների, ակտիվիստների, լրագրողների, կանանց իրավունքների պաշտպանների, ընդհուպ՝ արվեստագետների նկատմամբ հաշվեհարդարի տեսակները, որոնք իրականացնում է Ալիևի ռեժիմը: