Ժամանակակից Ադրբեջանի կազմավորումը

23181

Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ գծվել է 1918 թվականին: Երբ Ռոմանովների ռուսական կայսրությունը անկում ապրեց, Անդրկովկասյան երեք հիմնական և թվաքանակով ամենամեծ ժողովուրդները՝ մահմեդականները (կովկասյան թաթարներ կամ թուրքեր), վրացիները և հայերը հռչակեցին իրենց անկախ հանրապետությունները: Եթե Հայաստանն ու Վրաստանը հազարամյակներ ունեցել էին իրենց անկախ պետականությունները, ապա Ադրբեջան անունով պետությունը նորություն էր:

Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի կազմավորումը սկսվել էր 1918 թվականից մոտ մեկ դար առաջ, երբ ցարական Ռուսաստանը 19-րդ դարի սկզբից մեկը մյուսի հետևից Պարսկաստանից պատերազմով նվաճեց այն խանությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ, պետք է դառնային Խորհրդային Ադրբեջանի բաղկացուցիչ մասը՝ Գյանջան, Ղարաբաղը, Շաքին, Ղուբան, Շիրվանը, Բաքուն, Թալիշը:

Երբ 1828-ին ռուսները գրավեցին ողջ Անդրկովկասը՝ Երևանի և Նախիջևանի նախկին պարսակական խանությունները նույնպես, նրանք Անդրկովկասը բաժանեցին երեք հիմնական նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական: Կասպյան նահանգը տարածքով  մոտավորապես համապատասխանելու էր Խորհրդային Ադրբեջանին: Զանգեզուրը մաս էր կազմում Կասպյան նահանգի, իսկ ժամանակակից Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մի շարք շրջաններ՝ Ղազախ, Թովուզ, Աղստաֆա, Գետաբեկ, Գյանջա, մաս էին կազմում Վրացական նահանգի:

1840 թվականի նոր վարչական բաժանման արդյունքում Կասպյան նահանգի տարածքը զգալիորեն մեծացավ, քանի որ նրան կցվեց Դաղստանի մի մասը: Հինգ տարի անց ռուսները նոր բաժանում կատարեցին՝ վերացնելով Կասպյան նահանգը: Նրա տեղում ստեղծվեց Շամախիի նահանգը, որը տարածքով համապատասխանում էր 1828-ի Կասպյան նահանգին: Դաղստանի մասը առանձնացավ և ստացավ Դերբենդի նահանգ անունը: Զանգեզուրը և Ղարաբաղը մտնում էին Կասպյան, ապա Շամախիի նահանգի վարչական կազմ:

1868-ին Շամախիի նահանգը բաժանվեց երկու մասի՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների: Զանգեզուրը և Ղարաբաղը մնացեին Ելիզավետպոլի նահանգի կազմում: Ավելին, մինչև այդ Թիֆլիսի նահանգի մեջ մտնող և այսօրվա Հայաստանի Հանրապետության մաս կազմող Լոռու և Տավուշի մարզերի տարածքները ևս անցան Ելիզավետպոլի նահանգի կազմ: Այս վիճակը շարունակվեց մինչև 1918 թվական, երբ անդրկովկասյան երեք հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը:

Այսօր Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանը երբեք չի եղել ոչ Կասպյան, ոչ Շամախիի և ոչ էլ Ելիզավետպոլի նահանգի կազմում և միայն 1921-ին է միացվել Խորհրդային Ադրբեջանին՝ բոլշևիկների և քեմալականների պայմանավորվածության արդյունքում: Մինչ այդ Նախիջևանը և նրան կցված Շարուրը եղել են Հայկական մարզի և Երևանի նահանգի կազմում:

1919 թվականի կեսերին, ընդամենը երկու ամիս, Նախիջևանը եղել է ՀՀ կազմում: Շարունը ՀՀ կազմում եղել է ավելի երկար՝ մինչև 1920-ի հոկտեմբեր:

Եվ Նախիջևանը, և Շարուրը, ինչպես նաև Կարսն ու Սուրմալուն, մենք՝ հայերս ենք կորցրել Հայաստանի Հանրապետության տարիներին՝ 1918-1920/21 թվականներին: Նախիջևանը և Շարուրը մեզանից գրավել են թուրք-թաթարական ուժերը, իսկ Սուրմալուն և Կարսը՝ քեմալականները:

Ժամանակակից Ադրբեջանի առաջին մայրաքաղաքը եղել է Գյանջան (Գանձակ, Ելիզավետպոլ, Կիրովաբադ), քանի որ, երբ 1918-ի մայիսին Վրաստանի ու Հայաստանի հետ հռչակվեց Ադրբեջանը, Բաքուն գտնվում էր Ստեփան Շահումյանի Բաքվի կոմունայի վերահսկողության տակ:

1918-ի սեպտեմբերին թուրքական զորքերի օգնությամբ և մասնակցությամբ գրավվեց Բաքուն, տեղի հայերը ենթարկվեցին կոտորածի (առնվազն 9000 հայ է կոտորվել): Գյանջայում գտնվող Ադրբեջանի կառավարությունը հաստատվեց Բաքվում:

Թաթուլ Հակոբյան