Էրզրումը և Տրապիզոնը թուրքերին թողնելը համարում էինք իբրև զիջում. Ալեքսանդր Խատիսյան

2845
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն 2018-ի ամռանը հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Տասնչորսերորդ գլուխ

Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը

Նոյեմբերի 24-ի առավոտյան ժամը 6-ին, մեր պատվիրակությունը հասավ Ալեքսանդրապոլի կայարան, որտեղ թուրքական զորաբանակի գլխավոր հարմանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի ներկայացուցիչը դիմավորեց, ողջունեց և հայտնեց, որ ավտոմեքենաները պատրաստ են՝ պատվիրակներին իրենց համար հատկացված բնակարանը տանելու: Բնակարանը սպայական շինության ներսում էր, որը գտնվում էր քաղաքից դուրս:

Անմիջապես գնացինք բնակարանը, և առավոտյան ժամը 10-ին, կամենալով որքան կարելի է շուտ սկսել բանակցությունները, այցելեցինք Քյազիմ Կարաբեքիր փաշային: Մոտ հիսուն տարեկան մարդ էր,  բավականին ազատ խոսում էր ֆրանսերեն և, ինչպես բոլոր թուրք պաշտոնյաներն ու դիվանագետները, արտաքուստ չափազանց սիրալիր էր:

Մեր խոսակցությունը տևեց մեկուկես ժամ: Ինչպես այդ տպավորությունները, այնպես էլ հետագա բանակցությունների ամբողջ ընթացքը ես, իր ժամանակին, մանրամասն ներկայացրել եմ Պոլսի հայ մամուլում և այնտեղ հրատարակվել են 1921թ-ի հունվար-փետրվարին: Իսկ մեր պատվիրակության անդամ Ստեփան Ղորղանյանը՝ Կարսի նախկին նահանգապետը, ներկայացրել է Թիֆլիսի «Մշակ» լրագրում՝ 1920 թվականի դեկտեմբերի 22-ին և 23-ին՝ թիվ 163-ում և 164-ում: Սույն գլխում ես ստիպված եմ մասամբ կրկնել, մասամբ լրացնել այն, ինչը մամուլում հաղորդվել է Ալեքսանդրապոլի բանակցությունների մասին:

Սովորական քաղաքավարական հարցերից այն մասին, թե ինչպե՞ս ճամփորդեցինք և գոհ ե՞նք արդյոք մեր բնակարանից՝ Կարաբեքիր փաշան ծանոթացրեց մեզ թուրքական պատվիրակության կազմին և խնդրեց հայտնել հայկական պատվիրակության կազմը: Թուրք պատվիրակության մեջ մտնում էին նախագահ կամ, ինչպես ընդունված է ասել, առաջին պատվիրակ, զորավար Քյազիմ Կարաբեքիր փաշան և երկու անդամներ՝ Էրզրումի բերդապետ Խալիդ բեյը և Անկարայի Ազգային ժողովի անդամ, էրզրումի պատգամավոր Նեջաթի Բեյը: Ինչպէս հետո տեղեկացա, թուրքերը դիտմամբ իրենց պատվիրակության կազմում մտցրել էին Էրզրումի ներկայացուցիչներ՝ ընդգծելու Սևրի դաշնագրի անարժեք լինելը իրենց աչքին. դաշնագրի զորությամբ և Վիլսոնի իրավարարության որոշմամբ Էրզրումը անցնում էր Հայաստանին:

Խոսակցության սկզբում Կարաբեքիր փաշան ընդգծեց, որ Թուրքիան հայերի նկատմամբ չի տածում որևե հարձակողական դիտավորություններ, ցանկանում է Հայաստանի բարգավաճումը և այդպիսի տրամադրություններով է սկսում խաղաղության բանակցությունները, բայց, միևնույն ժամանակ նկատեց, որ ներկա բանակցությունները կարելի էր սկսել շատ ավելի վաղ, եթե միայն Հայաստանի կառավարությունը ընդառաջ գնացած լիներ այն առաջարկներին, որոնք եղել էին Անկարայի  կառավարության կողմից, և դրանով վերջին պատերազմի բոլոր սարսափների առաջը կառնվեր: Բայց քանի որ անցածը այլևս հնարավոր չէ փոխել, պետք է խորապես ներշնչվել այն գաղափարներով, որ անհրաժեշտ է ամուր հաշտություն կնքել երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև: Թուրքիան իր կողմից, ասաց Կարաբեքիրը, պատրաստ է ամուր և երկարատև հաշտություն կնքել Հայաստանի հետ: Ես պատասխանեցի, որ նույն է նաև հայկական կառավարության և հայ ժողովրդի ցանկությունը և որ երկուստեք այդպիսի զգացմունքներով հնարավոր է կայուն հիմք դնել երկու հարևան ազգերի խաղաղ համակեցության համար:

Անցնելով իր հարձակման պատմությանը՝ Կարաբեքիր փաշան ասաց,  որ ռազմական գործողությունների սկզբում նա չէր մտածում գրավել Կարսը, այլ նպատակ ուներ վերցնել Օլթիի շրջանը, բայց տեսնելով, թե ինչ դյուրությամբ էին հայերը հողերը զիջում իր ճնշման տակ, նա ավելի և ավելի առաջացավ: Մյուս կողմից, նա բարեմիտ ձևով հիշատակեց հայ երիտասարդ զինվորների թերի պատրաստությունը: Ասաց, թե հայերը չէին օգտվում բնական պաշտպանության հարմարություններից, խմբերով կանգնում էին բարձրությունների վրա և այդպիսով մատնում  իրենց զորամասերի դիրքերը: Սա, իհարկե, վերաբերում էր մեր նորակոչիկներին, որոնք ժամանակ չէին ունեցել մարզվելու:

Գալով բանակցությունների եղանակին, Կարաբեքիր փաշան միանգամից և կտրական ձևով հայտարարեց, թե բանակցությունները կարող են տեղի ունենալ հայերի և թուրքերի միջև միայն և առանց ռուս ներկայացուցիչների որևէ մասնակցության: Ես հատկապես շեշտում եմ այս հայտարարությունը, որովհետև Ալեքսանդրապոլի բանակցությունների շրջանում չափազանց շատ է խոսվում և գրվում ռուսական ազդեցության մասին այն մտքով, որ բոլշևիկները իբր թե «փրկեցին Հայաստանի դրությունը»: Բացարձակապես հայտարարում եմ, որ թուրքական պատվիրակության միակողմանի հայտարարությունը բավական եղավ, որպեսզի թույլ չտրվեր ռուս բոլշևիկ ներկայացուցիչ Բուդու Մդիվանու մասնակցությունը, և նա ոչ մի անգամ չմասնակցեց մեր բանակցություններին և ոչ մի ազդեցություն չունեցավ դրանց վրա: Սա բացարձակ ճշմարտություն է և վիթխարի կարևորություն ունեցող պատմական փաստ: Ես առարկեցի և պայքարեցի դրա դեմ և ամեն ճիգ թափեցի, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցի մեր բանակցություններին, բայց չկարողացա փոխել թուրքերի վճռական դիրքը:

Այդ նախնական բանակցություններից հետո մենք անցանք բուն խնդրին և առաջին նիստը նշանակեցինք հետևյալ օրը: Կարաբեքիր փաշային տված այցելությունից հետո ես հանդիպեցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բուդու Մդիվանու հետ: Նա ապրում էր նույն շինության մեջ, որտեղ և մենք: Հանդիպեցինք երկու անգամ և երկար խոսակցություն ունեցանք: Ես նրան ասացի, որ թուրքերը չեն ընդունում նրա մասնակցությունը: Նա նույնպես հանդիպել էր Կարաբեքիր փաշայի հետ և նրանից լսել նույն բանը: Ես հարցրեցի՝ ի՞նչ է մտածում անել այդպիսի վիրավորանքից հետո: Մդիվանին պատասխանեց, որ այդ մասին կհաղորդի Մոսկվա, բայց քանի որ թուրքերը թույլ չեն տալիս իր մասնակցությունը, նա, իհարկե, չի կարող մասնակցել: Այնուհետև, ես նրանից խնդրեցի բոլոր հնարավոր միջոցներով օգնել մեր գործին: Նա ինձ խոստացավ նիստից դուրս ի նպաստ մեզ ազդեցություն գործադրել Կարաբեքիր փաշայի վրա:

Այս առիթով, սակայն, հարկ եմ համարում վճռականապես հայտարարել, որ նա շատ ավելի խանգարեց մեզ քան օգնեց: Խանգարեց այն բանով, որ ինչպես Ալեքսանդրապոլում, այնպես և Կարսում՝ կազմակերպում էր հանրահավաքներ, ճառեր արտասանում մեր դեմ, պախարակում Հայաստանի կառավարությանը, պատվիրակությանը քարոզում էր բոլշևիկյան ծրագրեր և, այսպիսով, ցույց էր տալիս թուրքերին, թե նա իրոք մեր դեմ է և ոչ թե մեզ հետ: Ինքը լինելով վրացի, սաստիկ հարձակվում էր Վրաստանի մենշևիկյան կառավարության վրա, գտնելով, որ նրանք Վրաստանը տանում են դեպի կորուստ և որ Վրաստանի փրկությունը բոլշևիկացման մեջ է միայն: Նման զրույցներ նա ունեցավ նաև մեր պատվիրակության խորհրդական Վահան Մինախորյանի հետ, որը նկարագրել է Մդիվանու հետ ունեցած իր խոսակցությունը ռուսական Սոցիալիստ-հեղափոխական կուսակցության պաշտոնաթերթում՝ «Հեղափոխական Ռուսաստան»-ում: Այսպիսով, ես կարող եմ հաստատել, որ Ալեքսանդրապոլում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը բացարձակապես ոչ մի օգնություն ցույց չտվեց:

Հաջորդ օրը Կարաբեքիր փաշան փոխայցելություն տվեց Հայաստանի պատվիրակությանը: Այդ այցելության ընթացքում նորից արտասանվեցին թուրքերին հատուկ շատ սիրալիր խոսքեր, որոնք սակայն միանգամայն հակասում էին իրականությանը: Այդ ժամանակ պայմանավորվեցինք, որ խաղաղության խորհրդաժողովի առաջին պաշտոնական նիստը կայանա նոյեմբերի 25-ին, ցերեկվա ժամը 5-ին, այսինքն՝ փոխայցելության օրը:

Երբ թուրքերը գնացին, մեր պատվիրակությունը զբաղվեց այն պայմանների ձևակերպումով, որոնք պետք է պաշտպաներ խորհրդաժողովի ընդացքում: Անշուշտ, եթե պատվիրակությունը այն ժամանակ կանգնած լիներ բացառապես հաղթողներ և պարտվողներ տեսակետի վրա, ապա այդ պարագայում Հայաստանը, իհարկե, պարտված կողմն էր: Նա պետք է համաձայներ, որ խոսք կարող է լինել միայն ամենահամեստ սահմանների մասին, քանի որ թուրքերի կողմից հենց Բաթումի դաշնագրի սահմանների պահպանման պահանջն էր, որ եղել էր պատերազմի պատճառը: Բայց մեր  պատվիրակությունը կարծում էր, որ թուրքերը ցանկանում են կենսունակ Հայաստանի ստեղծումը, որը օգտակար էր իրենց պետական շահերի տեսակետից, ինչպես որ այդ մասին շարունակ հայտարարում էին թուրք պետական գործիչները: Հայաստանի կառավարության կողմից մեզ տրված հրահանգների համաձայն, մենք վճռել էինք պաշտպանել Հայաստանի սահմանները՝ մտցնելով նրա մեջ ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանը, Մուշը, ամբողջ Վանա լիճը, Ռիզե նավահանգիստը՝ Էրզրումը և Տրապիզոնը թողնելով թուրքերին: Էրզրումը և Տրապիզոնը թուրքերին թողնելը մենք մեր կողմից համարում էինք իբրև զիջում:

Ճիշտ նույն ժամանակները նախագահ Վիլսոնը հայտնել էր իր իրավարար ծանոթ վճիռը, որի հիման վրա Հայաստանը պետք է ունենար 180.000 քառակուսի կիլոմետր՝ իր սահմանների մեջ ներառելով Վանը, Մուշը, Էրզրումը և Տրապիզոնը:

Երբ մենք վերջացրեցինք մեր պահանջների ձևակերպումը, ես դուրս եկա բնակարանից և գնացի փողոց զբոսնելու: Այնտեղ խոր ձյուն էր և սաստիկ սառնամանիք: Իմ ուշադրությունը գրավեցին երկու պատկերներ: Առառին. ես տեսա երիտասարդ հայերի խմբեր թուրք ասկյարների ուղեցկությամբ, որոնք ուղարկվում էին Կարսի կողմը: Պետք է հիշել, որ Կարսի նահանգի սահմանը սկսվում էր Ալեքսանդրապոլից 2 կիլոմետր հեռավորությունից: Ալեքսանդրապոլի գավառը Կարսի նահանգից բաժանում էր Արփաչայ գետը, իսկ այդ գետը անցնում էր Ալեքսանդրապոլի մոտով: Պարզվեց, որ թուրքերը, պատրվակ բերելով բանվորների կարիքը, Ալեքսանդրապոլի իշխանություններից պահանջում էին իրենց տալ 10 հազար երիտասարդներ՝ երկաթգծի վրա աշխատանքների համար նրանց ուղարկելու Սարիղամիշ, Կարաուրգան և Էրզրումի գիծը: Այդ ժամանակ Ալեքսանդրապոլում իշխանությունը փաստորեն բոլշևիկյան կոմիտեի ձեռքում էր: Եվ Ալեքսանդրապոլի բոլշևիկյան իշխանությունն էր, որ հայ երիտասարդներին հանձնում էր թուրքական իշխանություններին: Հետագայում, մեկ տարուց և դրանից հետո, այդ երիտասարդներից վերադարձան ընդամենը 230 հոգի միայն: Մյուսները մեռել էին ցրտից, քաղցից կամ ուղղակի սպանվել էին:

Երկրորդ պատկերը ներկայացնում էր թուրքական իշխանությունների կազմակերպած կողոպուտի տեսարանը: Նրանք տներից հանում էին պատուհանները, դռերը, դուրս էին տանում կահ-կարասին, իրերը բարձում էին ժողովրդից բռնի կերպով վերցված սայլերի վրա և այդ ամենը շտապ տեղափոխում էին Կարս, իսկ փայտե մասերը, որոնք տանելու համար պիտանի չէին, իբրև վառելիք էին օգտագործում:

Այս տպավորություններից ճնշված՝ ես վերադարձա տուն, և մենք սկսեցինք պատրաստվել առաջին նիստին:

Լուսանկարում՝ Կարինից հայերին քշում են դեպի անապատներ