«ՀՀ արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ». Թաթուլ Հակոբյանի ելույթը ՄԱՀՀԻ-ում. տեսանյութ

1403

Հունվարի 17-ի երեկոյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ), «Հայաստանի արտաքին քաղաքականությունը 1918-1920 թթ» թեմայով դասախոսություն կարդաց Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող, ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Երեկոն բացեց ՄԱՀՀԻ-ի հիմնադիր և Հանրային խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Թաթուլ Հակոբյանը իր ելույթում անդրադարձավ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններին իր անմիջական հարևանների՝ Օսմանյան կայսրության, Պարսկաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Մասնավորապես, նա ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Երևան-Պոլիս հարաբերություններից, երբ, ըստ էության, Հայաստանն ու Օսմանյան կայսրությունը պարտադրված դաշնակիցներ էին մինչև 1918թ. նոյեմբեր, երբ թուրքերը իրենց պարտված ճանաչեցին Առաջին աշխարհամարտում:

Հակոբյանը անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Եվրոպական դաշնակիցներ դիվանագիտական հարաբերություններին, Սևրի ու Ալեքսանդրապոլի դաշնագրերին:

Ելույթից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում, իսկ ավարտին՝ հյուրասիրություն։

Երեկոյին ներկա էին ուսանողներ, փորձագետներ և թեմայով հետաքրքրվողներ:

2019-ի հուլիսից մինչև 2020-ի հուլիս, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ներկայացնում է դասախոսությունների շարք, որոնք ունեն թեմատիկ բնույթ և վերաբերում են Հայաստանի և հայ ժողովրդի վերջին 100-130 տարիների պատմության վիճահարույց, քիչ լուսաբանված, տաբու դրվագներին, ի մասնավորի՝ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը՝ 1918-1920/21 թվականներին:

ՄԱՀՀԻ-ում տեղի ունեցածը այս շարքի յոթերորդ միջոցառումն էր: Մինչ այդ Թաթուլ Հակոբյանը ելույթներ էր ունեցել Աշտարակում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Կապանում:

Եվս հինգ ձեռնարկներ տեղի կունենան Արմավիրի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և Երևանում:

Այս ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության օժանդակության շնորհիվ:

ԱՆԻ կենտրոնը 2019 թվականի ապրիլի 22-ին դիմել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությանը՝ դրամաշնորհ ստանալու նպատակով: Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:

«Այլընտրանքային պատմություն». ԱՆԻ կենտրոնի 12 ձեռնարկները Հայաստանի մարզերում և Երևանում