15 օր Եվրոպայում. 5 պետություն և 10 քաղաք կամ՝ «Ինչ է փոխվել և ինչ չի փոխվել Հայաստանում»

1316

2020 թվականի հունվարի 31-ից փետրվարի 10-ը «Լեհական ավիաուղիներով»՝ Երևան-Վարշավա-Նյուրնբերգ-Պրահա-Վարշավա-Երևան, այցելելու եմ եվրոպական մի քանի քաղաքներ: Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, Արցախում կայանալիք ընտրությունների թեմաներով ելույթներ եմ ունենալու հայ համայնքների համար:

Առաջին անգամ չեմ նման ճամփորդություններ կատարում Եվրոպա, Մերձավոր Արևելք և Ամերիկա աշխարհամաս: Դրանցից վերջինը մի քանի շաբաթ առաջ էր:

Նոյեմբերի 10-ից 25-ը այցելեցի եվրոպական հինգ երկրներ ու տասը քաղաքներ։ «Ինչ է փոխվել և ինչ չի փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո»․ սա էր իմ հանդիպումների խորագիրը տեղի հայ համայնքներում ունեցած ելույթներում:

Բոլոր քաղաքներում ներկայացնում էի Հայաստանում կատարված, իմ կարծիքով, հինգ փոփոխություն և հինգ կարևոր տեղի չունեցած փոփոխություն, կրկին ի՛մ կարծիքով: Ապա հետևում էր հարց ու պատասխան և քննարկում, իսկ վերջում ներկաները հնարավորություն էին ունենում ձեռք բերել իմ հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերը, որից ստացված գումարներն էլ ծածկում էին, մասամբ կամ ամբողջովին, իմ ճամփորդության ծախսերը:

Անշուշտ, 15-օրյա իմ այցը հնարավոր չէր լինի իրականություն դարձնել, եթե չլինեին իմ ընկերներն ու բարեկամները այդ 10 քաղաքներում:

Շրջապտույտը կազմակերպել էին Փարիզի «Նոր Յառաջ» թերթն ու նրա խմբագիր Ժիրայր Չոլաքեանը՝ համագործակցությամբ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի։

Բրյուսել համով զրույցներ՝ համեղ սեղանի շուրջ

Շրջայցի առաջին կանգառը Բելգիայի մայրաքաղաքն էր՝ Բրյուսելը, որ նաև կարելի է Եվրոպական Միության ու ՆԱՏՕ-ի մայրաքաղաք համարել։ Ամենաճկուն գին առաջարկում էր Լեհական ավիաուղիները, այդ պատճառով՝ Երևանից հասա Վարշավա, ապա, մոտ 10 ժամ օդանավակայանում սպասելուց հետո վերցրեցի Բրյուսելի օդանավը: Բրյուսելի օդանավակայանում դիմավորելու էին եկել Մովսէս Հրայր Տէր-Գէորգեանը և Ժիրայր Չոլաքեանը։

Երկուսն էլ Բեյրութից են։ Ժիրայրը թատերագետ է ու խմբագիր, որ 18 տարեկանից հաստատվել է Փարիզում, Մովսէսը՝ ճարտարապետ։ Ժիրայրին ու ինձ ծանոթացրել է իմ ընկերներից Արենը, իսկ Մովսէսին՝ ֆեյսբուքը: Մովսէսի հետ առաջին անգամ էի հանդիպում, Ժիրայրին ծանոթ եմ կես տարուց ավելի: Երկուսն էլ ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ, այդ պատճառով նաև՝ ընթրիքի սեղանի շուրջ մեր զրույցների թեմաները ներառում էին Հայաստան-Սփյուռք, Մայր Աթոռ-Անթիլիաս, արևելահայերեն-արեւմտահայերեն, աբեղյանական-դասական խնդիրները, Հայաստանի ներքաղաքական վիճակն ու  ճարտարապետությունը։

Ժիրայրն ու ես հյուրընկալվել էինք Մովսէսի ու տիկնոջ՝ Շողերի տանը, որ հենց Բրյուսելի կենտրոնական հատվածում է։ Այստեղ անցկացրեցի երկու գիշեր ու մեկուկես օր, որ բավարար եղավ նաև Մովսէսի հետ քայլել քաղաքի կենտրոնական հատվածում։ Վերջին 20 տարիներին ես բազմաթիվ անգամներ եմ եղել Բրյուսելում, սակայն առաջին անգամ էի այս քաղաքի ճարտարապետության հետ ծանոթանում։ Մովսէսը ցույց տվեց նաև այն տները, որ ինքն է վերականգնել (ռեստավրացիա)։

Եվրոպական շրջագայության ընթացքում Ժիրայրը իմ հետ էր լինելու 4 երկրներում և 7 քաղաքներում, բացի Գերմանիան։ Սակայն նա Բրյուսելի հանդիպում-քննարկումից հետո վերադարձավ Փարիզ, քանի որ հրավեր ուներ մասնակցելու Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, ով այդ օրերին Ֆրանսիա էր այցելել։ Ժիրայրը և ես միացանք Փարիզում՝ Շվեյցարիայի իմ երկու հանդիպումներից հետո։

Բրյուսելի հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ Հայ Տանը նոյեմբերի 11-ի երեկոյան: Հաջորդ օրը, վաղ առավոտյան, Ժիրայրը վերադարձավ Փարիզ, ես ուղևորվեցի Շվեյցարիա:

Ժնև. առաջին ծանոթությունը Շվեյցարիայի հետ՝ Մարալի օգնությամբ

Բելգիայի մայրաքաղաքից Շվեյցարիայի Ժնև քաղաք հասա Բելգիական ավիաուղիների օդանավով: Ժնևի օդանավակայանում ինձ դիմավորեց Արձագանգ թերթի խմբագիր Մարալ Սիմսար Թոմպազեանը: Մարալին առաջին անգամ էի հանդիպում: Էլեկտրոնային նամակով մեզ կապի մեջ էր դրել Ժիրայրը:

Ես առաջին անգամ էի այցելում Շվեյցարիա: Ժնևում և Ցյուրիխում պետք է մնայի մեկական գիշեր, այդ պատճառով, որոշեցինք ժամանակը լավ օգտագործել՝ քաղաքներին ու երկրին ծանոթանալու համար:

Օդանավակայանից Մարալի ավտոմեքենայով անմիջապես ուղևորվեցինք Ժնևի զբոսայգիներից մեկը, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար կանգնեցվել են Հիշողության լապտերներ: Նա ինձ ծանոթացրեց ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցչությունների, Հնչակյանների փողոցի (1887-ին այս քաղաքում է հիմնադրվել ՍԴՀԿ-ն), ՀՅԴ Դրոշակ պարբերականի շենքի, այն սրճարանի հետ, որտեղ ժամանակ է անց կացրել Լենինը:

Մարալը ծնվել է Լիբանանում, լավ ծանոթ է Հայաստանի և Սփյուռքի անցուդարձին, պարբերաբար այցելում է Հայաստան: Առիթ ունեցա ծանոթանալ նրա ամուսնու՝ Արա Սիմսարի հետ, ով ծնունդով Պոլսից է:

Երեկոյան Ժնևում, նախքան իմ երկրորդ դասախոսություն-քննարկումը, որ տեղի ունեցավ տեղի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցուն կից սրահում, նոյեմբերի 12-ին, Մարալի հետ այցելեցինք Հայաստանի դեսպանություն և զրուցեցինք դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:

Գիշերեցի Ժնևի հյուրանոցներից մեկում: Ժնևում գտնվելու մեկ օրը ինձ շատ օգնեցին Րաֆֆի և Անի Կարիպեանները, Մեդա Խաչատուրեանը և այլ մարդիկ:

Ժնևից Ցյուրիխ՝ գնացքով. Մասիս Ինճիճեանի և Անդրանիկ Սաֆարյանի հետ

Հաջորդ օրը կեսօրին Ժնևից գնացքով ուղևորվեցի Ցյուրիխ: Շվեյցարիայի գեղեցկությունը զգալու համար գնացքով ճամփորդությունը նախընտրելի տարբերակ է: Մի քանի ժամ վայելում էի թեք լանջերի խաղողի այգիները, գնացքի ռելսերի երկարությամբ ձգվող լճերը, դեպի հորիզոններ բարձրացող լեռների ձյունապատ գագաթները, աշնանային գույներով անտառներն ու կանաչ բացատները:

Ցյուրիխի կայարանում ինձ դիմավորեց Մասիս Ինճիճեանը: Ֆեյսբուքն է ինձ ու Մասիսին ծանոթացրել: Ծնվել է Պոլսում, ուսում ստացել և աշխատել Գերմանիայում, հաստատվել  Ցյուրիխում: Մասիսը նուրբ հումոր ունի և շատ լավ գիտի Հայաստանի ներքաղաքական կյանքը:

Կայարանից նրա հետ ուղևորվեցինք Մարտինի բար, որտեղ նույն երեկոյան, նոյեմբերի 13-ին, տեղի էր ունենալու հանդիպում-քննարկումը:

Մարտինը Գյումրիից է տարիներ առաջ տեղափոխվել Ցյուրիխ: Նրա մայրը Գյումրիում և Հայաստանում հայտնի կանանցից է՝ Արևամանուկ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը: Մարտինի բարում սուրճ խմեցինք, մի փոքր հանգիստ առանք և ապա մի քանի ժամ քայլեցինք Ցյուրիխով:

Երեկոյան հանդիպում-քննարկմանը եկել էին մի քանի տասնյակ հայեր ոչ միայն Ցյուրիխից, այլ շրջակա քաղաքներից ու Լիխտենշտեյնից: Գիշերեցի Անդրանիկ Սաֆարյանի բնակարանում: Անդրանիկը Երևանից է: Նրա հետ նույնպես Ֆեյսբուքով եմ ծանոթացել: Անդրանիկը աշխատում է շվեյացրական բանկերից մեկում և ինչպես արտերկրում բնակվող հայաստանցիներից շատերը, օրը օրին հետևում է Հայաստանի ներքաղաքական կյանքին:

Թեյի սեղանի շուրջ շարունակեցինք ներքաղաքական Հայաստանի մասին քննարկումը: Հաջորդ առավոտյան մեզ միացավ Մասիսը: Երեքով ուղևորվեցինք Ցյուրիխի օդանավակայան, որտեղից ես շարունակեցի ճանապարհը դեպի Փարիզ:

Փարիզ. Չոլաքեանների հյուրընկալ ընտանիքում

Նոյեմբերի 14-ի կեսօրին հասա Փարիզ: Հինգ-վեց անգամ, գուցե ավելի, եղել եմ Փարիզում: Շառլ դե Գոլի անունը կրող օդանավակայանից գնացքով հասա Փարիզի մետրոյի կայարաններից մեկը, որտեղ ինձ սպասում էր Ժիրայրը: Միասին հասանք քաղաքի արվարձաններից Կրետել, որտեղ Ժիրայրի տունն է և ընտանիքը:

Ձյունն ու անձրևը, ինչպես նաև հոգնածությունը ինձ ստիպեցին մնալ տանը և կարդալ: Կարդում էի Ժիրայրի գրասեղանի գրքերից մեկը՝ Ռուբէն Դարբինեանի «Կյանքիս գիրքէն» հատորը:

Փարիզի հանդիպումը կազմակերպվել էր ՀԲԸՄ սրահում, նոյեմբերի 15-ի երեկոյան: Մինչ հանդիպումը Փարիզի սրճարաններից մեկում ՀՀ դեսպանության աշխատակիցներից Անուշավան Բարսեղյանի հետ հանգիստ առանք և սուրճ խմեցինք, ապա միասին ուղևորվեցինք ՀԲԸՄ կենտրոն:

Փարիզում երկու գիշեր անցկացրի Չոլաքեանների հյուրընկալ ընտանիքում: Երկու օր սենյակից դուրս չեկա և գիրք կարդացի: Այո, այդպես էլ է լինում: Եթե հոգնած ես, իսկ Փարիզում ձյուն ու անձրև է, տանը մնալն ու գիրք կարդալը ևս ընտրություն է:

Փարիզից՝ Լիոն. Հաճելի երեկո՝ Հիլտա և Ռոպեր Չոպոյեանների հարկի տակ

Նոյեմբերի 16-ի առավոտյան արագընթաց գնացքով Ժիրայրի հետ ուղևորվեցինք Լիոն: Առաջին անգամ էի լինելու հայաշատ այդ քաղաքում:

Ի տարբերություն Փարիզի, Լիոնում արև էր՝ աշնանային լավ եղանակ:

Մեր հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ տեղի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցուն կից Կարպիս Մանուկյան սրահում: Այն կազմակերպել էր Ռադիո Հայաստանը: Քանի որ ներկաների մի մասը հայերեն խոսելու դժվարություն ուներ, ինչպես իմ ելույթը, այնպես էլ հարց-պատասխանը հայերենից ֆրանսերեն թարգմանում էր Հիլտա Չոպոյեանը:

Տիկին Հիլտային վաղուց գիտեի, բայց առաջին անգամ էիք հանդիպում:

Ձեռնարկից հետո, երեկոյան նա ինձ և Ժիրայրին հրավիրեց տուն: Ֆրանսիական գինու, պանիրի տեսականիների և Վարդապետի ապուրի սեղանի շուրջ հաճելի զրույց ծավալվեց՝ Հայ դատ, Հայոց ցեղասպանություն, լեզվի հարց, Հայաստան-Սփյուռք, ներքաղաքական Հայաստան, ինչ է փոխվել Հայաստանում 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո և ինչ չի փոխվել: Բավական երկար նստեցինք սեղանի շուրջ:

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան Րոպերը իր մեքենայով ինձ և Ժիրայրին հասցրեց կայարան, որտեղից գնացքով ուղևորվեցինք Մարսել:

Լիոնից՝ Մարսել. Խաչիկ Յըլմազեանը և մյուս հայերը

Ինչպես Լիոնում, այնպես էլ Մարսելում առաջին անգամ էի լինում: Փարիզից բացի Ֆրանսիայում ես եղել եմ Ստրասբուրգ քաղաքում մի քանի անգամ, երբ 2000-ական թվականներին լուսաբանում էի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքները:

Հրաշալի աշնանային, արևոտ եղանակ էր Մարսելում: Կեսօրից հետո պետք է տեղի ունենար իմ ելույթը, որից հետո պետք է վերադառնայինք Փարիզ արագընթաց գնացքով: Եվրոպայում արագընթաց գնացքները շատ տարածված են: Ճիշտ է, օդանավի և հատկապես ավտոբուսների համեմատ գները թանկ են, բայց շատ հարմար փոխադրամիջոց է: Այսպես, Մարսել-Փարիզ մոտ 1000 կիլոմետր ճանապարհը հաղթահարում ես երեք ժամում: Բացի այդ, գնացքները քաղաքի կենտրոնից մյուս քաղաքի կենտրոն են հասնում, ինչը ևս մեկ առավելություն է օդանավերի ու ավտոբուսների համեմատ:

Մարսելի ձեռնարկը կազմակերպել էր տեղի հայկական Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցուն կից գործող երգչախմբի ղեկավար Խաչիկ Յըլմազեանը: Նախքան հանդիպումը մեկ ժամ ժամանակ ունեինք: Խաչիկի հետ ես ու Ժիրայրը քայլեցինք դեպի Միջերկրական:

Բոլոր 10 ձեռնարկները, որ ունեցա եվրոպական հինգ երկրներում, ամենից մարդաշատը Մարսելի դասախոսությունն էր: Մոտ 100 մարդ էր եկել: Ինչպես այլ վայրերում, այստեղ ևս հայերին պայմանականորեն կարել է բաժանել երեք խմբի՝ ոչ հայախոս հին հայեր կամ ավանդական սփյուռք, հայախոս հին հայեր և Հայաստանից հաստատված հայեր:

Մարսելում ևս ստիպված եղանք թարգմանություն ապահովել, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի իմ պարզ արևելահայերենը:

Այստեղ, Մարսելում, ինչպես եվրոպական այլ քաղաքներում, բազմաթիվ հայերի հետ ծանոթացա, այդ թվում՝ հոգևորականների: Նրանց մեծ մասը ինձ գիտեր և հետևում էր ՍիվիլՆեթով: Ուրախ եմ, որ առիթ ունեցա շփվելու և ձեռք սեղմելու այն մարդկանց, որոնք իմ ունկնդիրներն ու ինձ կարդացողներն են:

Ամենուր խոստանում էի կրկին վերադառնալ և խոսել ավելի լավ Հայաստանի մասին:

Ձեռնարկից հետո Խաչիկի և Ժիրայրի հետ ուղևորվեցինք կայարան: Կեսգիշերն անց հասանք Փարիզ՝ Ժիրայրենց տուն:

Հաջորդ ամբողջ օրը՝ նոյեմբերի 18-ին, ազատ էի և որոշեցի շարունակել ընթերցանությունը: Ամբողջությամբ ավարտեցի Ռուբէն Դարբինեանի «Կյանքիս գիրքէն» հատորը:

Փարիզից՝ Միլան. Մինաս Լուռեանը և միլանահայերը

Նոյեմբերի 19-ի առավոտյան Ժիրայրի հետ Շառլ դը Գոլ օդանավակայանից ուղևորվեցինք դեպի Միլան՝ Իտալիա:

Ժիրայրն ու ես մի քանի օր միասին էինք, և դա լավ առիթ քննարկելու զանազան նյութեր: Հումորի պակաս ևս չկար: Բոլոր ձեռնարկների կարևոր և իմ ֆինանսական անկախությունը երաշխավորող մասը իմ հեղինակած և հրատարակած գրքերն են ու դրանց վաճառքից ստացված գումարները: Այդ գրքերի տեղափոխությունը քաղաքից-քաղաք, երկրից-երկիր անսպառ հումորի ու բեռնակրության պատմության թեմա է: Այո, գրքերը օդանավերն ու գնացքներն են տեղափոխում, բայց մի անասելի տանջանք է դրանք տնից կայարան կամ օդանավակայան հասցնելը: Գրքերի պայուսակներով մետրո մտնելը մի այլ պատմություն է, հատկապես մեգապոլիսների մետրոներում, երբ ստիպված ես լինում գծեր փոխել, իջնել կամ բարձրանալ աստիճաններով՝ հետևից քարշ տալով առնվազն 30 կիլոգրամանոց պայուսակ, մեջքին ունենալ 10-15 կիլոգրամանոց պայուսակ, աջ ձեռքին 8 կիոլգրամանոց և նույն քաշի մի չորրորդ պայուսակ ձախ ձեռքին: Բայց սա դեռ ամբողջական պատկերը չէ, եթե անգամ քո կողքից կամ առջևից 30 կիլոգրամանոց պայուսակ է քարշ տալիս Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիրը: Աստված չանի, եթե կոտրվում է քո 30 կիոլոգրամանոց պայուսակի աջ կամ ձախ անիվը: Սա արդեն ողբերգության նման մի բան է:

Ես, անշուշտ, նախապես որոշել էի, որ Ժիրայրը չպետք է իմ գրքերը քարշ տա: Բայց ինչ պարզվեց: Ժիրայրը ևս հայտնի գիրք քարշ տվող է: Դա ակնհայտ դարձավ, երբ տեսա, թե ինչպես էր Ժիրայրը Փարիզի մետրոյի աստիճաններով արագ ու անխոս իջեցնում կամ վեր հանում գրքերով լի ճամպրուկները: Մի պահ ես անգամ սկսեցի նախանձել նրան։

Լիոնում, օրինակ, երբ մենք իջանք գնացքից, պարզվեց, որ մի քանի հարյուր մետր պետք է քայլենք: Ժիրայրին առաջարկեցի, որ ինձ նկարի այն պահին, երբ ես քարշ եմ տալիս միանգամից երկու առնվազն 30 կիլոգրամանոց պայուսակները՝ գումարած, իհարկե, մեջքիս պայուսակը և երկու փոքր պայուսակները, որ կախել էի իմ պարանոցից:

Հումորից զատ Ժիրայրն ու ես դրամատիկ պահ էլ ապրեցինք, երբ Միլանի Մալպենսա օդանավակայանում վայրէջք կատարող և գրեթե թռիչքուղուն հասած մեր Ռայան Էյըրը հանկարծ և միանգամից կրկին օդ բարձրացավ: Վայրկյաններ անց օդանավի անձնակազմը հաղորդեց, որ մենք երկրորդ փորձով պետք է վայրէջք կատարենք:

– Լավ ե՞ս,- հանգիստ հարցրեց Ժիրայրը:

– Լավ եմ,- հանգիստ պատասխանեցի:

Անձրևոտ ու մառախլապատ եղանակ էր: Ես հարյուրավոր անգամ օդանավ եմ նստել, թռել տասնյակ հազարավոր կիլոմետրեր: Օդանավերից, ընդհանուր առմամբ, վախեր չունեմ, բայց ճիշտ է նաև, որ որոշ երկրների օդանավերից չեմ օգտվում կամ խուսափում եմ օգտվել:

Կրկին լսվեց օդանավի անձնակազմի ձայնը.

– Սիրելի ուղևորներ, մենք առաջին փորձից վայրէջք չկատարեցինք, քանի որ պետք է ճանապարհ տայինք շտապ վայրէջք կատարող ինքնաթիռի: Շնորհակալություն:

Մենք պետք է շնորհակալ լինենք, որ գլուխներս չեք ուտում, մտածեցի ես:

Վայրէջը չոր էր, բայց բարեհաջող:

Բարի գալուստ, Իտալիա: Ժիրայրի հետ գնացքով ուղևորվեցինք դեպի Միլան: Պարզվեց, որ Մալպենսա օդանավակայանը Միլանից ավելի քան 50 կիլոմետր հեռու է՝ Շվեյցարիայի սահմանին: Միասին թեթև ճաշեցինք առաջին հանդիպած սրճարանում:

Միլանի կենտրոնում մեզ դիմավորեց Մինաս Լուռեանը՝ Վենետիկից: Նա Իտալիայի Հայոց միության նախագահն է և Հայ Մշակոյթի Ուսումնասիրութեան եւ Վաւերագրումի Կեդրոնի ղեկավարը:

Ձեռնարկը պետք է տեղի ունենար Միլանի Հայ տանը: Այն կազմակերպել էին ՀԲԸՄ-ն և Մինասը: Նախքան միջոցառումը, երեքով ընթրեցինք քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող ճաշարաններից մեկում: Ես նախընտրեցի պիցցա:

Միլանում մի քանի հազար հայ է բնակվում: Ընդհանրապես, Իտալիայում հայերի թվաքանակը մեծ չէ: Իմ ելույթն ու հարց-պատասխանը հայերենից իտալերեն էր թարգմանում Մինասը, քանի որ ներկաների մեծ մասը հայերեն լավ հասկանալու խնդիր ուներ:

Միլանում Ժիրայրը, ես ու Մինասը գիշերեցինք երեքտեղանոց սենյակում՝ մի պարզ հյուրանոցում, որը քաղաքի կենտրոնում էր: Հաջորդ օրը վաղ առավոտյան Ժիրայրը վերադարձավ Փարիզ, իսկ ես պետք է շարունակեի իմ հանդիպում-քննարկումների շարքը Գերմանիայի երեք քաղաքներում:

Բեռլինի ձեռնարկը նոյեմբերի 21-ին էր: Միլանում 42 եվրո վճարեցի և գնեցի Միլան-Բեռլին օդանավի տոմս: Այո՛, Եվրոպայում հնարավոր է շատ ցածր գներով ձեռք բերել օդանավի տոմսեր: Իմ ինքնաթիռը պետք է թռչեր Միլանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերգամո քաղաքից, նոյեմբերի 20-ի կեսգիշերին մոտ:

Մի ամբողջ օր ունեի Միլանում: Առավոտյան նախաճաշից հետո Մինասի հետ մի քանի ժամ քայլեցինք Միլանի փողոցներով և զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ: Ճարտարապետական առումով Միլանը շատ գեղեցիկ քաղաք է:

Երեկոյան կողմ պետք է Միլանի հայկական եկեղեցի այցելեր և ելույթ ունենար պաշտոնական այցով Իտալիա ժամանած ՀՀ վարչապետը: Որոշեցինք միասին գնալ եկեղեցի:

Միլանից՝ Բեռլին. առաջին անգամ Գերմանիայի մայրաքաղաքում

Գերմանիայում եղել էի, բայց չէի եղել մայրաքաղաքում:

Քանի որ կեսգիշեր էր, որոշեցի մնալ օդանավակայանից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հյուրանոցում՝ Մայնինգեր անունով: Վճարեցի 49 եվրո: Լավ հյուրանոց էր, մաքուր և ամենակարևորը՝ մահճակալը շատ հարմար: Հենց պառկում ես, քունդ տանում է: Ինձ զարմացրեց նման հարմար գինը: Մյուս օրը արդեն Բեռլինում ես հասկացա, որ, ի տարբերություն եվրոպական այլ մայրաքաղաքների, Բեռլինը համեմատաբար էժան քաղաք է:

Բեռլինը առաջին տպավորությունից ինձ խորհրդային քաղաք հիշեցրեց: Օրվա ընթացքում, երբ մի քանի ժամ քայլեցի քաղաքի կենտրոնական հատվածում, տպավորությունս փոխվեց. այնքան էլ խորհրդային քաղաք չէր հիշեցնում: Գերմաներենից հետո ամենուր լսվում էր թուրքերենը և ռուսերենը: Բեռլինում և Գերմանիայում ընդհանրապես, շատ թուրքեր կան, նաև՝ ռուսներ:

Երեկոյան կողմ արդեն Բեռլինի իմ հյուրանոց եկավ Հայկ Մարտիրոսյանը, ով իմ ձեռնարկի կազմակերպիչներից էր: Հայկը Հայաստանից է՝ Եղեգնաձորի շրջանից, պատմաբան է, ընտանիքով բնակվում է Պոտսդամում, որ Բեռլինին մոտ քաղաք է:

Միջոցառումը տեղի ունեցավ Բեռլինի եկեղեցական և մշակութային հայ համայնքում, նոյեմբերի 21-ի երեկոյան:

Բեռլինից՝ Աշաֆֆենբուրգ. Խաչատուր Մխիթարյանի հետ

Աշաֆֆենբուրգ քաղաքի մասին առաջին անգամ լսեցի, երբ Գերմանիայի իմ ընկերները առաջարկեցին Բեռլինից և Նյուրնբերգից բացի այցելել և ելույթ ունենալ այդ քաղաքի հայության համար:

Քարտեզի վրա գտա Աշաֆֆենբուրգը՝ մոտավորապես Ֆրանկֆուրտի և Շտուտգարտի մոտ է:

Բեռլինից գնացքով ուղևորվեցի դեպի Ֆրանկֆուրտ, որտեղից փոխեցի գնացքը և հասա Աշաֆֆենբուրգ: Ինչպես Շվեյցարիայում ու Ֆրանսիայում, այնպես էլ Գերմանիայում ճամփորդում էի գնացքով, ինչը պատկերացում է տալիս երկրի մասին: Քո գնացքը անցնում է գողտրիկ գյուղերով, փոքր քաղաքներով, որոնց անունները լսած չկաս, անտառների փեշերով ու մարգագետիններով:

Ֆրանկֆուրտում՝ գնացք փոխելու համար 11 րոպե ժամանակ ունեի՝ ըստ չվացուցակի: Փոքր ինչ նյարդային էի՝ հանկարծ գնացքը չփախցնեմ: Գերմանիայում մարդիկ և պետությունը շարժվում են րոպեի ճշգրտությամբ: Եթե քո տոմսի վրա գրված է, որ գնացքը Բեռլինից Ֆրանկֆուրտ է հասնելու 14.56-ին, ապա ճիշտ այդ ժամին հասնելու է: Գերմանական տնտեսության և հրաշքի գաղտնիքներից մեկն էլ հավանաբար հենց ճշտապահությունն է:

Աշաֆֆենբուրգի կայարանում նոյեմբերի 22-ին ինձ դիմավորեց Խաչատուր Մխիթարյանը, ում հետ ինձ ֆեյսբուքով ծանոթացրել էին Նյուրնբերգի ֆեյսբուքի իմ ընկերները: Ինչպես Խաչատուրի, այնպես էլ Նյուրնբերգի տղաների հետ առաջին անգամ էի հանդիպելու: Ֆեյսբուքը շատ բան է փոխել մեր կայնքում:

Խաչատուրի հետ կայարանից ուղղվեցինք դեպի մոտակա B&B հյուրանոց, ապա քայլեցինք քաղաքում և ճաշեցինք: Շատ սիրուն քաղաք է Աշշաֆենբուրգը, ունի մոտ 70 հազար բնակչություն և մի քանի տասնյակ հայ ընտանիքներ:

Աշաֆֆենբուրգը Բավարիայում է: Սա Բավարիայի այն 4 քաղաքներից է, որտեղ կա ինքնակազմակերպված հայ համայնք, որը ոչ եկեղեցական է, ոչ էլ՝ կուսակցական:

Այստեղ հաստատված հայերը գերազանցապես Հայաստանից են: Երեկոյան միջոցառմանը ներկա էին բացառապես հայաստանցիներ ու մեր բանավեճի, հարց ու պատասխանի հիմնական, կարող եմ ասել՝ միակ թեման հենց այսօրվա Հայաստանն էր ու նրա նոր ղեկավարության վարք ու բարքը:

Աշաֆֆենբուրգից՝ Նյուրնբերգ. Անդրանիկ Միքայելյանի, Գուրգեն Պետրոսյանի և մյուսների հետ

Գերմանիա այցելության հիմնական կազմակերպիչը Անդրանիկ Միքայելյանն էր: Տարիներ առաջ նա օգնել էր, որ ԱՆԻ կենտրոնը վերահրատարակի Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» գիրքը:

Աշաֆֆենբուրգից Նյուրնբերգ հասա գնացքով: Բավարիան շատ գեղեցիկ տեսարաններ ուներ գնացքի իմ պատուհանից: Նյուրնբերգի կայարանում ինձ դիմավորելու էին եկել Անդրանիկն ու Գուրգեն Պետրոսյանը, երկուսն էլ՝ իրավաբաններ Հայաստանից: Անդրանիկը Գյումրիի կողմերից է, Գուրգենը՝ Երևանից։

Կայարանից միանգամից ուղևորվեցինք ճաշարան և ճաշակեցինք բավարական գարեջուրն ու խոզի միսը: Երկուսն էլ շատ համեղ էին: Ապա մեկնեցինք Նյուրնբերգի դատարան: Գուրգենը դետալային մանրամասնությամբ պատմեց Նյուրնբերգյան դատավարությունների մասին: Երեկոյան կողմ քայլեցինք քաղաքի կենտրոնական հատվածում, եղանք բողոքական և կաթոլիկ եկեղեցիներում:

Նոյեմբերի 23-ին ազատ օր էր: Երեքով շրջեցինք Նյուրնբերգի պատմական հատվածում, եղանք այն վայրերում, որոնք կապված են Ադոլֆ Հիտլերի հետ: Նյուրնբերգի ձեռնարկը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ի երեկոյան բողոքական եկեղեցուն կից սրահում: Սա այն եկեղեցին է, որ տեղի հայերը պարբերաբար օգտագործում են պատարագների համար: Գերմանիայի բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում 1990-ական թվականներից ձևավորվել են նոր հայկական համայանքներ: Նրանց մի մասը, հայկական եկեղեցու բացակայության պատճառով, վարձում են բողոքական կամ այլ եկեղեցիներ: Եվ սա միայն Գերմանիայում չէ:

Նյուրնբերգը իմ այցելության վերջին քաղաքն էր: Նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան Անդրանիկն ու Գուրգենը օդանավակայանից ինձ ճանապարհեցին դեպի Վարշավա, որտեղից էլ վերադարձա Երևան:

Եվրոպայի հինգ երկրներում և 10 քաղաքներում գտնվելու օրերին ինձ շատ մարդիկ օգնեցին:

Նրանց մեծ մասին ես կյանքում առաջին անգամ էի հանդիոպում:

Նրանք ինձ օգնեցին անշահախնդիր կերպով:

Ես չեմ ասում շնորհակալություն, քանի որ նրանք արեցին ավելին, քան շնորհակալություն բառի բովանդակությունն է:

Ես ուրախ եմ, որ նոր ընկերներ ձեռք բերեցի:

Թաթուլ Հակոբյան

Երևան-Վարշավա-Բրյուսել-Ժնև-Ցյուրխ-Փարիզ-Լիոն-Մարսել-Փարիզ-Միլան-Բեռլին-Ֆրանկֆուրտ-Աշաֆֆենբուրգ-Նյուրնբերգ-Վարշավա-Երևան

10 նոյեմբեր- 26 նոյեմբեր, 2019 թվական

Լուսանկարը՝ Ժնևում, 12 նոյեմբեր, 2019թ