Հայաստան-Վրաստան երկշաբաթյա պատերազմի նախօրեին. 1918-ի հոկտեմբեր

5012
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2018էկլ վերահրատարակել է Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն հրատարակել է Հայաստանում:

_______________________________

Յոթերորդ գլուխ

Իմ մասնակցությունը Քաջազնունու կառավարությանը 

նախորդ մասը կարդալ այստեղ

Տիֆը, հարկավ, չէր կարող կանգնեցնել մեր պետական կյանքի ընթացքը:

Դրոն, հայ զորքերի գլուխն անցած, դեկտեմբերի 6-ին մտավ Ալեքսանդրապոլ, որը մաքրվել էր թուրքերից: Մենք ձգտում էինք օր առաջ մտնել նաև Կարս և պահանջում էինք, որ թուրքերը անմիջապես թողնեն Կարսը, բայց մեր ճիգերը ապարդյուն անցան:

Հաց ստանալու համար ռադիոյով շարունակ կոչեր էինք ուղղում Եվրոպային, սակայն՝ ապարդյուն: Վրաստանը ամեն կերպ դժվարություններ էր հարուցում Թիֆլիս-Ղարաքիլիսա գծի վրա: Օգտվելով մեր նեղություններից և ուժասպառ վիճակից, մեր հարևանները ուզում էին իրենց ի նպաստ լուծել հողային վեճերը՝ գրավելով Բորչալուի և Ախալքալաքի գավառները: Այսպիսով, ստեղծվում էր այն մթնոլորտը, որից ծնվեց հայ-վրացական պատերազմը:

Այդ պատերազմի անմիջական առիթները երկուսն էին.

Ա. Հայաստանը ուզում էր ազատ ելք ունենալ դեպի Բաթում,

Բ. Իրեն կցել Լոռիի և Ախալքալաքի զուտ հայկական գավառները, որոնց վրա իր ձեռքն էր դրել Վրաստանը:

Վրաստանը հաղորդակցության անտանելի դժվարություններ հարուցելով, ձգտում էր ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի մենք հողային վեճերում զիջումներ անենք: Այս պարագաները հարկ եմ համարում շեշտելու, որովհետև ոմանք տարբեր պատճառներ են փնտրում հայ-վրացական պատերազմի բռնկման մեջ, ասելով, թե վճռական դեր են կատարել Հայաստանում գտնվող ռուս սպաների հակավրացական սադրանքները և Դրոյի ռազմատենչ խմբակցությունը:

1918թ. դեկտեմբերի երկրորդ կեսն ամբողջովին անցավ այդ բախումների մեջ: Հենց որ Դաշնակիցների հաղթանակը որոշապես հայտնվեց Կովկասում, Վրաստանի կառավարությունը, որ ավելի լավ ու անմիջական հեռագրական հաղորդակցություն ուներ Եվրոպայի հետ և ազատ էր սովից, համաճարակից ու թուրքերից, ավելի ընդարձակ կերպով կարողացավ նվիրվել դիվանագիտական աշխատանքների:

Այդ ժամանակներում Հայաստանի միջազգային վարկը բավական բարձր էր: Վրացիները ըմբռնում էին դա և ուզում էին իրենց գործը սերտորեն կապել Հայկական դատի հետ, որը վաղուց ի վեր Եվրոպայում  մեծ ժողովրդականություն էր ստացել: Հայերը ևս գիտակցում էին իրենց դատի միջազգային կշիռը և մեծ հույսեր էին կապում դրա հետ: Սակայն, այդ ժամանակներում հայերը որոշապես զգացին, որ իրականում Ռուսահայաստանն է միայն, որ հայ բնակչություն ունի, իսկ Թուրքահայաստանը, զրկված հայությունից և առհասարակ բնակչությունից, միմիայն միջազգային մրցակցության առարկա է: Այսպիսի պայմաններում էր, որ պահանջ էր դրվում ժողովուրդ ունեցող Ռուսահայաստանը միացնել դատարկված Թուրքահայաստանի հետ:

Անդրկովկասյան հանրապետությունների ներդաշնակ գործակցությունը դիվանագիտական ճակատի վրա առաջին քայլը Վրաստանը նախաձեռնեց: Հոկտեմբերի 28-ին վրացական կառավարությունը իր համապատասխան դեսպանների միջոցով ուշագրավ նոտա ուղարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի լեռնականների հանրապետություններին՝ առաջարկելով նոյեմբերի 3-ին Թիֆլիսում գումարել խորհրդաժողով, որի օրակարգում նպատակահարմար էր գտնում քննարկման դնելու հետևյալ հարցերը.

Ա. նորակազմ հանրապետությունների փոխադարձ ճանաչում,

Բ. վիճելի բոլոր, այդ թվում՝ հողային հարցերի լուծում փոխադարձ համաձայնությամբ, իսկ համաձայնության չգալու պարագայում՝ իրավարարությամբ,

Գ. փոխադարձ պարտավորություն՝ չմտնելու համաձայնության մեջ որևէ պետության հետ ի վնաս կովկասյան հարևանների,

Դ. Փոխադարձ պաշտպանություն և միացյալ դիվանագիտական ճակատ Փարիզի հաշտության խորհրդաժողովում՝ հանուն կովկասյան հանրապետությունների անկախության:

Այս նոտային Հայաստանի կառավարությունը Թիֆլիսի իր դեպանի միջոցով հայտնեց, որ Հայաստանը ևս ձգտում է զորացնել իր բարեկամական կապերը հարևան պետությունների հետ, ուստի վրացական կառավարության արծարծած մտքերին ընդհանուր հավանություն է տալիս: Սակայն դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է համարում նախնական բանակցություններ վարել ինչպես խորհրդաժողովի օրակարգի, այնպես էլ ժամանակի և տեղի մասին:

Վրացական կառավարությունը պատասխանեց, որ իր առաջարկած օրակարգը  լոկ նախագիծ է, որ կարող է խորհրդաժողովի մասնակիցների ցանկությամբ փոփոխության ենթարկվել և որ նրանքկարող են դնել այլ հարցեր ևս:

Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ նկատեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև եղած վեճերը չդրվեն խորհրդաժողովի օրակարգի վրա, այլ լուծվեն փոխադարձ համաձայնությամբ երկու պետությունների միջև: Դրանից բացի, Հայաստանի կառավարությունը ուզում էր նախօրոք իմանալ Լեռնային Կովկասի հանրապետության ներկայացուցիչների լիազորության և կազմի մասին, ինչպես նաև՝ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, որ առաջարկում էր խորհրդաժողովը հետաձգել երկու շաբաթով: Բայց վրացիները արդեն հրավիրել էին խորհրդաժողովը և պահանջում էին, որ Հայաստանը անմիջապես ուղարկի իր ներկայացուցիչներին, հասկացնելով, որ եթե Հայաստանը լիազորներ չուղարկի, խորհրդաժողովը պիտի տեղի ունենա առանց նրա մասնակցության: Վերջապես, Հայաստանը համաձայնվեց իր ներկայացուցիչներին ուղարկել, առանց նախօրոք պահանջելու, որ Հայաստանի և Վրաստանի միջև եղած խնդիրները նախապես լուծվեն, պայմանով սակայն, որ դրանք չդրվեն խորհրդաժողովի օրակարգի վրա և խորհրդաժողովը որոշ ժամանակով հետաձգվի, որպեսզի Հայաստանը կարողանա մասնակցել: Վերջապես, Վրաստանը հետաձագեց խորհրդաժողովը մինչև նոյեմբերի 30-ը: