Մարշալ Հովհաննես Բաղրամյանը` Նոյեմբերյանի շրջանում և նախնիների Կոթիում․ 1978թ

3389

Իր ինքնակենսագրական վեպում Նոյեմբերյանի շրջանային կոմիտեի քարտուղար Սայադ Պետրոսյանը գրել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի՝ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղ այցելության մասին, տեղեկացնում է Տեսանկյուն կայքը։

«1978 թվականի ամռանը ես աշխատում էի շրջանի գյուղատնտեսության վարչության պետ։ Կուսշրջկոմից ինձ զանգեցին եւ ասացին, որ հաջորդ օրը մարշալ Բաղրամյանը գալու է Նոյեմբերյան, ուզում է լինել Կոթի գյուղում, նրա պապ Կարապետը շատ տարիներ առաջ արտագաղթել է Կոթիից եւ ինքն ուզում է տեսնել այդ գյուղը։

Սկսեցինք պատրաստվել հաջորդ օրվա հանդիպմանը։

Ոսկեպար գյուղի մոտ առավոտյան ժամը 10-ին դիմավորեցինք մարշալին, որին ուղեկցում էին պաշտոնական հայտնի անձինք, իր թիկնապահ մի գեներալ, բազմաթիվ լրագրողներ։ Միտինգը կարճ տեւեց՝ 10 րոպե։ Մարշալը ողջունեց իրեն դիմավորող նոյեմբերյանցիներին, ճանապարհը շարունակեցինք դեպի շրջկենտրոն։

Բաղանիս գյուղում, որտեղ հավաքվել էր հարեւան Ոսկեւանի եւ Ջուջեւանի բնակչությունը, կանգ առանք։ Մարշալն իջավ մեքենայից։ Հանդիպումը սրտառուչ էր. ժողովուրդը զորավարին դիմավորում էր ծաղկեփնջերռվ, ողջույններով ու ծափահարություններով։ Մարշալը եւս ողջույնի խոսք ասաց հավաքվածներին։

Ես ուշիուշով հետեւում էի նրա ամեն մի քայլին ու շարժմանը, իմ մեջ հպարտանում, որ այդ մեծ մարդու պապն իմ համագյուղացին է։

Մարշալին մոտեցավ Բաղանիսի բնակիչ Գեորգի Բայրամյանը եւ ասաց. «Մարշալ ջան, դու մեր տոհմից ես, երեւի թե՝ նաեւ մեր գյուղացի»։

Մարշալը ժպտում է եւ պատասխանում. «Ո՛չ, իմ նախնիները կոթեցի են, իմ ազգանունն էլ եղել է Բայրամյան, հետագայում է Բաղրամյան դարձել։ Բայց չգիտեմ՝ երկու գյուղի Բայրամյանները կապ ունե՞ն արդյոք…»։

Հասանք շրջկենտրոն։ Այստեղ էլ բազմություն է հավաքվել հրապարակում։ Տեղի ունեցավ միտինգ, մի շարք հռետորներ ամբիոնից ողջույնի խոսքեր ուղղեցին մարշալին։

Այնուհետեւ ինքը հուշեր պատմեց իր մեծ ու հարուստ կյանքից։

Շարժվում ենք դեպի Զեյթուն սովխոզ։ Ճանապարհին Կողբ, Բերդավան, Հոկտեմբեր, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերն անցնում ենք հավաքված ժողովրդի միջով։ Հասնում ենք Զեյթուն։ Նորից ջերմ ողջույններ, սրտառուչ խոսքեր։ Այնուհետեւ շրջում ենք Զեյթունի հեքիաթային այգիներում։ Ճաշկերույթի ենք նստում սովխոզի հիմնադիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Բ. Վարդանյանի կառուցած գողտրիկ տաղավարում։ Շուրջ մեկ ժամ տեւեց այդ ճաշկերույթը, որի ընթացքում կլանված լսում էինք այդ տաղանդավոր ու հմայիչ մարդու ամեն մի բառը։ Ցանկացած թեմայի մասին խոսելիս դրսեւորում էր խոր գիտելիքներ, համոզվածություն, ուղղակի՝ կենդանի հանրագիտարան էր։ Խոր հիացմունքով էր խոսում նաեւ գեներալ թիկնապահը։

Զեյթունից մեկնեցինք Կոթի։ Ժամը 4-ին Կոթի հասանք։ Հրապարակը զարդարված էր բազմաթիվ պաստառներով ու շքեղ գորգերով, ժողովուրդը ծովացած էր, նվագում էր գյուղի հայտնի նվագածուն։ Պատերազմի բազմաթիվ մասնակիցներ մոտեցան, գրկախառնվեցին մարշալի հետ։ Նրանցից էին բանակի սպա Գեղամ Ջանվելյանը, պատերազմում մի ոտքը կորցրած Հմայակ Մամյանը, Շահվեզադ Նազարյանը, շատ ուրիշներ։ Մարշալը ելույթ ունեցավ, ողջունեց հավաքվածներին եւ պատմեց, թե ինչն է առիթը եղել իր՝ Կոթի գալու համար։

Բառացիորեն ասաց հետեւյալը. «Իմ պապը Կոթիից գնացել է Կիրովաբադ՝ աշխատելու, ես ծնվել եմ Կիրովաբադ քաղաքի երկաթգծի կայարանում, ուր ապրում էր մեր ընտանիքը՝ վագոն-տնակում, հայրս երկաթգծի բանվոր էր։ Տարիներ հետո, երբ մենք տեղափոխվեցինք Չարդախլու, հայրս ինձ ասաց, որ ես իմ արմատներով կոթեցի եմ…»։

Մարշալը եկել էր, որ վերագտնի եւ վերահաստատի իր այդ իրավունքը։ Եվ հռչակավոր զորավար Հովհաննես Բաղրամյանը դարձավ կոթեցի։ …

Չլռող ծափահարությունների ուղեկցությամբ իջավ բեմահարթակից, զուռնա-դհոլի նվագի տակ սկսեց պարել մարտական ընկերների ու ժողովրդի հետ։ Պարեց, արտասվեց, հանգստացավ, սկսեց զրույցը։

Այն հարցին, թե ինչո՞ւ է այդքան ուշ ժամանել իր պապի գյուղը, պատասխանեց. «Ես միշտ ցանկացել եմ այցելել եւ տեսնել պապիս գյուղը, հայրս ինձ նաեւ ասել էր, որ մեր ազգանունը ի սկզբանե եղել է Բայրամյան։ 1930 թվականին, երբ ես ծառայում էի Լենինականում, ինձ մոտ կար Կոթի գյուղից մի զինվոր։ Ես նրան հարցրի, թե ձեր գյուղում Բայրամյաններ կա՞ն եւ ի՞նչ մարդիկ են նրանք։ Ասաց՝ նրանք բոլորը ղաչաղ ու ավազակ են, ընկեր հրամանատար։ Այդ պատասխանից հետո ես մոռացա գյուղ գալու մասին, սակայն ահա կյանքիս վերջին տարիներն են եւ որոշեցի ամեն դեպքում լինեմ իմ նախնիների ծննդավայրում»։

Ժողովուրդը չէր ուզում բաժանվել զորավարից, սակայն օրը վերջանում էր, նա պետք է գնար Իջեւան։ Գյուղից դեպի Ոսկեւան գնացող ճանապարհին, «Ճանճանոց» կոչվող բարձունքի վրա, կանգ առավ, նայեց հեռվում փռված Կոթիին, իր մոտ հրավիրեց նվագախմբի տղաներին (Բենիկ Աբովյան, Նարիման Մեջինյան եւ Շահվեզադ Շահումյան) եւ ասաց. «Բենիկ ջան, կարո՞ղ ես մի հատ ձիավորի նվագել»։

Բենիկը սիրով ազատություն տվեց իր թոքերին ու զուռնայի ձայնը հասավ գյուղ, Սուրբ Սարգսի վանք, սփռվեց ամբողջ հովտով։ Մարշալը լուռ լսում էր իր համար սիրելի երաժշտությունը եւ ո՞վ գիտե՝ մտքով ուր էր գնացել-հասել։ Հացի չնստեց, մթնում էր։ Մենք նրան ուղեկցեցինք մինչեւ այնտեղ, որտեղ դիմավորել էինք։ Մեզ հետ անցկացրած մի քանի ժամվա ընթացքում այդ մեծ մարդուց լսեցինք իր կյանքի շատ հետաքրքիր դրվագներ, որոնցից մեկը ոսկե մեխի նման խրվել է հիշողությանս մեջ.

«1943 թվականին ինձ շտապ հրավիրեցին Մոսկվա՝ Գերագույն հրամանատար Ստալինի մոտ։ Գիշերվա ժամը 3-ին նա ինձ ընդունեց։ Հատ-հատ արտասանելով բառերը, հարցրեց, թե ինչպե՞ս է տրամադրությունս։ Պատասխանեցի, որ հայրենիքի համար պատրաստ եմ ամեն ինչի։ Այլեւս ոչ մի հարց, ասաց՝ առավոտյան ժամը 8-ին մեկնում եք Մերձբալթյան ռազմաճակատ՝ ստանձնելու նրա հրամանատարությունը։ Ես դուրս եկա ընդունարան։ Օգնականը մի քանի հանձնարարականներ տվեց եւ ասաց, թե ինչ տրանսպորտով եւ ինչպես պետք է մեկնեմ։ Այդ պահին մի միտք սկսեց ինձ տանջել՝ թե գուցե դա իմ վերջին ուղեւորությունը լինի, այլեւս չվերադառնամ, ու իմ մեջ մեծ ձգտում առաջացավ հանդիպելու եղբորս, որին չէի տեսել երկար տարիներ։ Նա դատված էր, գտնվում էր բանտում ու ոչ մի լուր չունեինք նրա մասին։ Օգնականին խնդրեցի հաղորդել Ստալինին, որ ասելիք ունեմ։ Նորից ինձ ընդունեց, հաղորդեցի նպատակս եղբորս տեսնելու մասին։ Ոչինչ չպատասխանեց, միայն ասաց՝ սպասեք դրսում։ Օգնականի մոտ նստած, մտածում էի, թե ինչու այդպիսի քայլ կատարեցի, հիմա կձերբակալվեմ՝ եւ վերջ։ Ներս հրավիրեց օգնականին։ Վերջինս դուրս եկավ եւ ասաց՝ ձեր ուղեւորությունը հետաձգվում է (մտածեցի, որ հիմա կգան ու կտանեն) մինչեւ վաղը չէ մյուս օրը։ Զանգեց ներքին գործերի նախարարին, հանձնարարեց պարզել եղբորս տեղն ու վիճակը եւ եթե կա՝ կազմակերպել հանդիպումը։ Հաջորդ գիշեր հանդիպեցի եղբորս, իսկ մյուս օրը մեկնեցի Մերձբալթիկա…»։

Նրա այս պատմությամբ ուշ երեկոյան մենք բաժանվեցինք տաղանդավոր զորավարից։ Եվ այդ օրը, հպարտ եւ անջնջելի այդ օրը հավիտյան մնալու էր բոլորիս հիշողության մեջ»: