«Հայաստանի մամուլը 1918-1920 թթ». ԱՆԻ կենտրոնի քննարկումը՝ Գյումրիում

1525

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը սեպտեմբերի 6-ին Գյումրիում կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Հայաստանի մամուլը 1918-1920 թթ» թեմայով: Միջոցառումը տեղի ունեցավ Գյումրիի Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում՝ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի գրասենյակում:

Ի՞նչ թերթեր են լույս տեսել Հայաստանի Հանրապետության գոյության երկուսուկես տարիներին, ինչպիսի՞ն են եղել կուսակցական թերթերը, ովքե՞ր են եղել լրագրողներն ու խմբագիրները, ինչո՞ւ են բոլշևիկյան 5 անուն թերթերը փակվել կամ դադարեցրել տպագրությունը, քաղաքական ինչպիսի՞ դերակատարություն է ունեցել մամուլը:

Այս և բազմաթիվ այլ հարցերի մասին խոսեց ԱՆԻ կենտրոնի համակարգող, լրագրող Թաթուլ Հակոբյանը, որին հետևեց հարց ու պատասխան և քննարկում:

Հակոբյանը առավել մանրամասնորեն կանգ առավ այն թերթերի վրա, որոնք հրատարակվել են Գյումրիում, այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլում: 1918-1920/21 թվականներին ՀՀ-ում հրատարակվել է ավելի քան 40 անուն պարբերական՝ պետական-պաշտոնական, հասարակական-քաղաքական և մասնագիտական:

Մասնավորապես, Ալեքսանդրապոլում են լույս տեսել ՀՅԴ օրգան «Շիրակի աշխատաւորը»՝ 1919-1920 թթ, Հայ ժողովրդական կուսակցության օրգան
«Նոր կեանք» օրաթերթը՝ 1919թ., հայ բոլշևիկների օրգան «Ալիքը», որն ունեցել է միայն մեկ համար և փակվել որպես «հակակառավարական, հակադաշնակցական ուղղության թերթ»:

1918-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործել են 11 տպարաններ, որոնցից 3-ը՝ Ալեքսանդրապոլում:

«Հայաստանի մամուլը 1918-1920 թթ» թեմայով Գյումրիում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն:

ԱՆԻ հիմնադրամի 12 թեմատիկ դասախոսությունները հնարավոր է դարձել իրականացնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում։

Հունիսի 20-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը բավարարել է ԱՆԻ-ի դիմումը և հիմնադրամի հետ ստորագրել 4.8 միլիոն դրամ (10 հազար ԱՄՆ դոլար) տրամադրելու պայմանագիր:

Նախքան Գյումրիի քննարկումը ԱՆԻ հիմնադրամը այս ծրագրի շրջանակներում քննարկումներ է կազմակերպել Աշտարակում և Արտաշատում:

Հուլիսի 22-ին Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց «Հայաստանը և Օսմանյան կայսրությունը՝ պարտադրված դաշնակիցներ. 1918-ի հունիս-նոյեմբեր», իսկ օգոստոսի 1-ին՝
Արարատի մարզային գրադարանում՝ «Հայաստանի խորհրդարանը 1918-1920 թվականներին և ազգային փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմաներով դասախոսություն-քննարկումներ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Գյումրին 2019-ի օգոստոսին, լուսանկարը՝ Արմեն Հակոբյան, ԱՆԻ հիմնադրամ

Կարդալ և դիտել նաև՝