Հովվի եկեղեցին և Հոռոմսը (Խոշավանք). «Անիում»

1472

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:

Հրաժեշտ տալով Գագկաշենի ավերակներին, քայլում ենք դեպի Հովվի եկեղեցին: Նա գտնվում է Անի քաղաքի հյուսիսային պարիսպներից դուրս մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Ահա կանգնած ենք այդ գողտրիկ կառուցվածքի առջև: Այդ եռահարկ, փոքրիկ հուշարձանը ոչ մի քանդակ չունի: Նա իր ծավալներով ու ձևերով բարդվելով մեկը մյուսի վրա, կազմել է գեղակերտ, փոքրիկ մի մարմին՝ պարզության մեջ պարուրված:

Յուրաքանչյուր այցելուին զարմանք է պատճառում հուշարձանի ներքին կառուցվածքը: Վեց որմնասյուներ բարձրանալով աղեղվում են և կենտրոնում միանալով իրար, կազմում են մի խուրձ և կանթեղի ձևով կախվում փոքրիկ մատուռի կենտրոնում:

Մեզ ծանոթ լինելով Թորմանյանի հոդվածը Հովվի եկեղեցու մասին, տպված «Գեղունի»-ում «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» խորագրով, որտեղ գիտնական ճարտարապետը հանգամանորեն նկարագրում ու բարձր գնահատական է տալիս այս փոքրիկ եկեղեցուն (կարելի է ասել մատուռ), որպես բացառիկ մի գոհար պատմական հայ ճարտարապետության: Եվ ահա այդ գողտրիկ կոթողը, որպես մի հսկա, իր ամբողջ մեծությամբ կանգնում է մեր առջև և համակում մեզ դեպ իրեն երկյուղածություն ու հարգանք:

Ժողովրդական ավանդություն է հյուսվել այս գեղակերտի շուրջը և անվանել նրան Հովվի եկեղեցի, որը սերնդե-սերունդ հասել է մեզ:

Չնայած ժամանակը սուղ էր, բայց մի՞թե Միքայելը կարող էր անտարբեր անցնել մարդուս զարմանք ու հիացմունք պատճառող այդ դյութիչ կերտվածքի մոտից, որն իր աստղաձև հատակագծով ու նազելի մարմնով, որպես խոշտանգված, թախծոտ մի կույս, կանգնած է բաց դաշտի ամայության մեջ և կաշկանդում է մեզ իր մասերի հմայիչ ներդաշնակությամբ:

Միքայելը ձեռքն առավ թուղթն ու մատիտը և ավարտելով իր գործը, շարունակեցինք մեր ճանապարհը:

Քայլում էինք ոգևորված դեպ Հոռոմս (Խոշավանք):

Անցնում ենք «Աղվեսի» ձորակը, որը դեպ Հոռոմս ձգվող ճանապարհի կեսն է: (Անիից Հոռոմոս մոտ 7-8 կիլոմետր է): Մի փոքր էլ քայլելուց հետո հեռվում երևում են Խոշերը: Դա ենթադրյալ հաղթական մի կամար է՝ կառուցված Անի-Հոռոմոս ճանապարհին: Այստեղ ես բարի երթ մաղթելով ընկերոջս՝ վերադառնում եմ Անի:

Միքայելը Խոշավանքում մնաց երկու-երեք օր, վերադարձավ Անի, բերելով իր հետ անջնջելի մի դրոշմ զարմանքի ու հիացմունքի:

Եվ մեր հանճարեղ նախնիների ստեղծագործ մտքի հրաշք գործերը, որպես աննախընթաց արվեստի ինքնուրույն արտահայտություններ, իրենց ազդու և հմայիչ տաք շնչով դյութում, կռում էին ապագա Միքայել ճարտարապետի հոգին բարձր ճաշակի ու ազնիվ արվեստի մեծ գաղափարներով:

Եկավ հրաժեշտի ժամը:

Նվիրական քաղաքի յուրաքանչյուր թիզն անգամ սրբագործված է… Դժվար է, շատ դժվար դուրս գալ այդ կախարդական օղակից… Ոտներդ չեն ենթարկվում քեզ, հազիվ ես շարժվում տեղից: Ասես մի աներևույթ ուժ կաշկանդում է քեզ, ասես քաղաքի «Զառամյալ ծերունիները» իրենց պատկառելի հասակներով ու ծանրանիստ կեցվածքներով, որոնց մարմինները ակոսված են խոր կնճիռներով, թաղված մեծ խորհուրդների մեջ, իրենց խորահայաց կերպարանքներով, ուր ամեն ինչ միշտ նոր է ու թարմ, գամում են քեզ դյութական հմայքով ու անբացատրելի, աներևույթ կապանքներով կաշկանդում հոգիդ:

Տխուր է ընկերս ու թախծոտ:

Ահա վշտակիր հայցքով մեկիկ-մեկիկ հրաժեշտ է տալիս սգավոր քաղաքի խորհուրդների մեջ ընկղմած պատկառելի «ծերունիներին»:

Մենք անցանք Անիի Անայի (Մայր, խոսքը Մայր տաճարի մասին է) մոտով, ապա մեր ետևը թողինք Փրկիչն ու ավերակները և փոքրիկ զառիվայրը իջնելով, մեր առջև կանգնեց Տիրան Հոնենցի գեղակերտ եկեղեցին: Անցանք «Տիգրանի» դռնով, կտրեցինք Գլիձորն ու դուրս եկանք Ախուրյանի ձորի աջ փեշի շառավիղը: Այստեղ ընկերս վերջին մի թախծոտ հայացքով հրաժեշտ տվեց Ավերակների քաղաքին:

Շարունակում ենք մեր ընթացքը նեղ շառավիղով: Ընկերս լուռ է… Խոսակցությամբ աշխատում եմ փարատել նրա տրտմությունը:

Խարկով գյուղի տակ, Ախուրյան գետի ափին, հրաժեշտ ենք տալիս միմյանց:

Նավավար Տիգրանը անցկացրեց  Միքայելին գետի մյուս ափը:

Փոքրիկ ճամպրուկը ձեռին, ուր զետեղված էր Միքայելի եռամսյա վաստակը, ապառաժների միջով ձգվող ճանապարհով նա բարձրանում է դեպի Խարկով գյուղը: Ես կանգնած գետի աջ ափին, հայացքով ուղեկցում եմ նրան:

Միքայելը անհետացավ իմ տեսադաշտից:

Ես վերադարձա Անի: