Անի ու Կարս. Գյուլը՝ Բագրատունյաց մայրաքաղաքներում, հունիս, 2008թ

4186

Այս լուսանկարը (հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան) արվել է 2008-ի հուլիսի 23-ին՝ Բագրատունյաց մայրաքաղաք Անիում՝ այսօրվա Անիի ավերակներում:

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ իր Երևան այցից մեկուկես ամիս առաջ ժամանել էր Կարս՝ մասնակցելու Հայաստանը մեկուսացնող և շրջանցող մեկ այլ տարածաշրջանային նախագծի՝ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հիմնարկեքին:

Այսպիսով, մեկ օրվա ընթացքում նա եղավ Բագրատունիների թագավորության միանգամից երկու մայրաքաղաքներում՝ Կարսում և Անիում:

Այս լուսանկարը և Գյուլի այցի մասին պատմող ռեպորտաժը տպագրվել են Միացյալ Նահանգներում լույս տեսնող The Armenian Reporter-ում, Երևանի ԱԶԳ-ում և Բեյրութի ԱԶԴԱԿ-ում:

Գյուլը Արարատի ստվերի տակ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտեցավ դարավանդի եզրին, հայացք նետեց դեպի կիրճը, որով հոսող Ախուրյանը միմյանցից բաժանում է ժամանակակից Թուրքիան ու Հայաստանը, ապա սկսեց հայացքով զննել միջնադարյան կիսավեր կամուրջը: Հետո, մշտական ինքնագոհ ժպիտը դեմքին, շրջվեց դեպի պատվիրակության մյուս անդամները, թուրքերեն ինչ-որ բան խոսեց:

2008թ. հուլիսի 23-ի մայրամուտին Գյուլը Հայոց Բագրատունյաց չքնաղ մայրաքաղաքում էր: ՙԱնին,- ասաց նա լրագրողներին,- մեզ համար շատ կարևոր վայր է, որովհետև թուրքերը Անատոլիա են եկել այս կողմերով՚:

11-րդ դարում արևելքից Փոքր Ասիա ներխուժեց թուրքական ցեղերի մի հուժկու ալիք: Դրանք սելջուկներն էին` հիմնականում օղուզ ու թուրքմեն ցեղերը, որոնք ՙվճռական դեր են կատարել Անատոլիայի թուրքացման գործում՚: Նրանք գրավեցին Իրանը, այնուհետև Իրաքը, Սիրիան, Հայաստանի մի մասը: 1071թ. բյուզանդական զորքերի դեմ Մանազկերտի մոտ տարած հաղթանակից հետո այլևս ոչինչ չէր կարող փակել սելջուկների ճանապարհը դեպի Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա:

Բագրատունյաց թագավորության մայրամուտին՝ 1045-ին« Անին պաշարեցին բյուզանդական զորքերը: Անիի Բագրատունիների վերջին թագավոր Գագիկ Բ-ն Անիի փոխարեն ստացավ Կեսարիա քաղաքը` Թուրքիայի այսօրվա նախագահ Գյուլի ծննդավայրը:

Կարսն ու Անին իրենց ՙհազար ու մի եկեղեցիներով՚ Հայաստանի մայրաքաղաքներն էին, երբ թուրքական քոչվոր ցեղերը նոր էին հաստատվում միջնադարյան Հայաստանում և նրանից դեպի արևմուտք ընկած տարածքներում: Բագրատունիների անկումից հետո թուրք սելջուկներն անցան Ախուրյանը և գրավեցին քաղաքը: 1064-ին հաղթական Ալփ Արսլանը Անիի Մայր տաճարի գմբեթից հանել տվեց խաչը և այնտեղ նամազ արեց:

Հայոց հին մայրաքաղաքների շարքում հայ ժողովրդի համար ամենասիրված մայրաքաղաք Անին 19-րդ դարի սկզբից մինչև այսօր անմարդաբնակ է ու ավերակ: Քաղաքում՝ պարիսպներից ներս ու դուրս, կիսականգուն կամ փլատակների են վերածվել հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարները: Պատմության շունչն ու ժամանակի Հայաստանի հզորությունը զգալու համար Անի պիտի գնաս միայնակ, բարձրանաս պարիսպների վրա, նայես դեպի հարավ ու պարզկա օրվա մթնշաղին գտնես Արարատի սիլուետը:

Քաղաքի անվան ծագման մասին տարբեր վարկածներ կան: Ենթադրություններից մեկն այն է, որ անունը ծագել է հին հայերի Անահիտ աստվածուհու անունից: Մեկ այլ վարկածով` մայրաքաղաքն իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Իններորդ դարի սկզբներին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնում է Արշարունիք և Շիրակ գավառները ու Անի ամրոցի հետ միացնում իր կալվածքներին: 961թ. Բագրատունյաց Աշոտ Երրորդ թագավորը, որ հայտնի է Աշոտ Ողորմած անունով, մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի: Մեկ տարի անց այստեղ է տեղափոխվում նաև կաթողիկոսությունը: Պատմիչների մատյաններն ասում են, որ Անին ունեցել է մոտ 100 հազար բնակչություն, 12 եպիսկոպոս, 40 վանահայր և 500 քահանա:

2008թ. հուլիսի 23-ի մայրամուտին Անիի ավերակների պարիսպներից ներս մտնելով` նախագահ Գյուլը նախ կանգ առավ 1034թ. կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ: Հետո Թուրքիայի նախագահը շարժվեց դեպի Տիգրան Հոնենցի եկեղեցին, անխոս մի քանի ակնթարթ նայեց դեպի Հայաստանի Հանրապետություն, ապա Կարսի նահանգապետի, քաղաքապետի ու թուրքական պատվիրակության մյուս անդամների հետ մտավ Մայր տաճար: Մինչ նրան թուրքերեն ինչ-որ բան էին բացատրում, Գյուլը հայացքով ՙման էր գալիս՚ եկեղեցու հազարամյա պատերի հայատառ գրերի վրայով:

Տաճարի հարավային ճակատին գրված արձանագրությունն ասում է. ՙԳագիկի՝ հայերի ու վրացիների արքայից արքայի փառավոր իշխանության օրոք, ես՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրս, հայերի թագուհիս, ողորմած Աստծո ներշնչանքով և իմ ամուսին Գագիկ արքայից արքայի պատվերով, կառուցեցի այս սուրբ տաճարը, որը Մեծն Սմբատն էր հիմնադրել՚:

Մայր տաճարի շինարարությունը սկսվել է Սմբատ Երկրորդ թագավորի պատվերով և տևել 12 տարի` 989-1001 թթ: Տրդատ ճարտարապետի նախագծած ու մինչև օրս էլ իր ողջ հմայքով կիսականգուն տաճարը Սմբատ արքան բախտավորություն չունեցավ տեսնել: Նրանից գահը ժառանգած Գագիկ Առաջին թագավորի կնոջ՝ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ ավարտին հասցվեց Մայր տաճարի շինարարությունը:

Թուրք սելջուկները Անին գրավելուց կարճ ժամանակ անց քաղաքը վաճառեցին քուրդ Շադադյան դինաստիային: 13-րդ դարի սկզբին վրաց թագուհի Թամարը իր թագավորության մեջ առավ Անին, իսկ մինչև դարի 40-ական թթ. այն անցավ մոնղոլներին: 14-րդ դարի կեսերին կարակոյունլու թուրքմենական ցեղերն Անին դարձրին իրենց վարչական կենտրոն: 16-րդ դարի վերջին տասնամյակներին Անին ընդարձակվող Օսմանյան կայսրության մաս կազմեց:

Ռուս-թուրքական պատերազմների և պայմանագրերի արդյունքում Անին Կարսի մարզի և Սուրմալուի հետ անցնում էր ցարական Ռուսաստանից Օսմանյան կայսրությանը և հակառակը: 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Անին անցավ քեմալականներին, ապա մաս կազմեց Թուրքիայի Հանրապետությանը:

Գյուլը Թուրքիայի առաջին նախագահն է, որ այցելում էր Անի: Նա կես ժամ շրջեց ավերակներում, զրուցեց և լուսանկարվեց լրագրողների հետ: Մութն ընկնում էր, երբ Անիից շարժվեցինք դեպի Կարս` Բագրատունյաց մեկ այլ մայրաքաղաք, որն ընդամենը իննսուն տարի առաջ` 1919-1920 թթ. Հայաստանի Առաջին հանրապետության քաղաքներից էր:

Թուրքիայի նախագահը Անի էր եկել Կարս այցելության շրջանակներում` մասնակցելու Հայաստանը շրջանցող հերթական տարածաշրջանային նախագծի` Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության թուրքական հատվածի հիմնարկեքին: Ներկա էին նաև Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին ու Իլհամ Ալիևը: Կարսում նախագահ Գյուլին հարցրեցի` պատրաստվում է՞ մեկնել Երևան ու իր հայ գործընկերոջ հետ միասին դիտել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

ՙԵս շնորհակալություն եմ հայտնել նախագահ Սարգսյանին հրավերի համար: Մենք դեռևս որոշում չենք ընդունել: Մեր քաղաքականությունը շատ պարզ է, ուզում ենք լավ համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Կան որոշ խնդիրներ, որոնք պետք է վերացվեն: Մենք ուզում ենք այս տարածաշրջանը տեսնել կայուն և խաղաղ: Բոլոր երկրները կարող են միանալ տարածաշրջանային նախագծերին, բայց պետք է հարգեն այլոց տարածքային ամբողջականությունը՚,- ասաց Գյուլը:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: