Տիգրան Հոնենց և Գագկաշեն

1950

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Արտաշես Վրույրի «Անիում» աշխատությունը («Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979): Առանձին կտորների վերնագրերը դնում է ԱՆԻ-ին:

Տիգրան Հոնենցի քանդակազարդ եկեղեցու արևմտյան դռնից մտնում ենք ներս: Մեր առջև բացվում է որմնանկարների մի ամբողջ պատկերասրահ: Նրանք արտացոլում են հեռավոր անցյալի գիրկն ընկած պատմության զանազան դրվագներ՝ պատկերված վառ գույներով: Նրանց վրա դարեր առաջ մեր հմուտ վարպետներն աշխատել են ներկ ու վրձինով, չխնայելով իրենց շնորհքն ու եռանդը:

Հետքերը ցույց են տալիս, որ Տիգրան Հոնենցի եկեղեցին կառուցելիս նախատեսված չի եղել պատերը ( ներքուստ) ծածկել որմնանկարներով: Այդ հղացումը վերջն է եղած, երբ եկեղեցին արդեն կառուցված էր: Պատերի թափված ծեփերից երևում է, որ եկեղեցու պատերը (ներքուստ) շարված են եղել սրբատաշ քարերով, այնպես, ինչպես մեր բոլոր հուշարձանները: Իսկ հետագայում, երբ որոշում են որմնանկարներով պատել եկեղեցու ներսը և գավիթը, սվաղը պատին պահելու համար ստիպված են եղել սրբատաշ քարերը բրիչով խորդուբորդել, որպեսզի ծեփը նստի: Այդ հետքերը պարզ երևում են պատերի թափված ծեփերից: Նույնը տեսնում ենք Անիի բոլոր այն հուշարձանների վրա, որոնք ունեն որմնանկարներ կամ միայն ծեփ:

Ասես մագնիսական մի զորություն կաշկանդեց Մազմանյանին դարավոր արվեստի այդ գողտրիկ  տաճարի պատերի մեջ, և նա կլանված նայում էր դարերի միջից մեզ հասած այդ մեծ արժեքներին:

Ես զգում էի ընկերոջս հուզված հոգին և աշխատում էի չխանգարել նրա փոթարկվող ներաշխարհը:

Պատերի վրա պարապ տեղ չկար: Եկեղեցու գմբեթից մինչ վար պատած են որմնանկարներով:

Տիգրան Հոնենցի եկեղեցին կրում է Գրիգոր Լուսավորիչ անունը և բնականաբար որմնանկարների զգալի մասը նվիրված է նրա կյանքին ու գործունեությունը: Այնտեղ գույներով պատկերված են Լուսավորչի տասներկու չարչարանքները: Լուսավորիչը Խոր Վիրապում, մի կին հաց է նետում վիրապի մեջ: Լուսավորչին բերում են դատավորի՝ Տրդատ թագավորի առջև և այլն: Կան նաև բազմաթիվ կրոնական բովանդակություն ունեցող որմնանկարներ:

Մոտ մի ժամ ուշադիր զննելով որմնանկարները, ընկերս գամվեց եկեղեցու հյուսիսային պատին պատկերված մի որմնանկարի առջև. դա Տրդատ թագավորի շքերթն էր վրաց, աբխազաց և աղվանից թագավորների ու թիկնապահների հետ:

Եկեղեցու հնամաշ գրքակալը դարձնելով իրեն սեղան՝ Միքայելը սկսեց իր աշխատանքը այդ որմնանկարից: Արվեստի հուրը բորբոքում էր պատանի նկարչին և ջերմություն տալիս նրա գեղարվեստական շնչին: Իր բազկի բեղուն շարժումներից վրձինը թափ էր առնում վստահ ու համարձակ և թղթի վրա պատկերվում էր Տրդատ թագավորի շքերթը:

«Տրդատի շքերթը» նկարելիս ես դուրս էի եկել եկեղեցուց՝ թողնելով նկարչին առանձին:

Ավարտելով իր առաջին գործը Տիգրան Հոնենցի «Պատկերասրահում»՝ Միքայելը դուրս եկավ եկեղեցուց դադար առնելու: Նա ինձ պատմեց այն սարսափի րոպեները, որ ինքը զգացել էր աշխատանքի միջոցին: Կլանված աշխատանքով՝ նա ինքնամոռացության մեջ ուշադրությունը կենտրոնացրել է միայն ու միայն «Տրդատի շքերթի» վրա:

Դեռ նոր ավարտելու մոտ էր աշխատանքը, երբ զգում է ծանր շնչառություն հևք: Սարսուռ է անցնում մարմնի միջով: Պաղ քրտինքը պատում է ճակատը… Նա քարացած մնում է տեղում: Ասես հեքիաթների մեջ պատկերվող գերբնական զորությունները բույն են դրել այս մեկուսացված եկեղեցու մռայլ կամարների տակ: Ասես մի ինչ-որ աներևույթ, մութ արարած շնչում է ծանր շնչով և եկեղեցու դատարկ տարածությունը արձագանքում է ճնշող խուլ շնչով ու մահասարսուռ տհաճ զգացողությամբ ծանրանում վրան: Նա սարսափից չի համարձակվում ետ նայել: Արդեոք իրականությո՞ւն է, թե՞ երազ…

Շունչը պահած, լսողությունը լարեց: Ո՛չ, ծանր շնչառության հևքը շարունակվում էր: Այժմ այն ավելի պարզ լսելի էր: Նա նույնիսկ արտաշնչման տաք, բայց անդուրեկան օդի հոսանքը զգում է ծոծրակի վրա: Այո, մոտիկ, շատ մոտիկ, ուղիղ ետևը:

Ո՞վ, ի՞նչ գերբնական զորություն է, որ այս գերեզմանային պաղ լռության մեջ թաղված տաճարում, որպես անվախճան մի արարած, արթնացած խոր քնից ահաբեկում է նրա հոգին մահագույժ սարսափով…

Սոսկումի վայրկյանները անցնում էին դանդաղ և տենդով բռնված նրա մարմնի բոլոր մասնիկների միջով անդուրեկան պաղ հոսանք էր անցնում…

Ճիգ գործադրելով հավաքեց իր ուժերը և համարձակվեց ետ նայել:

Եվ ի՞նչ… ետևը կանգնած էր արևակեզ դեմքով, լայնաթիկունք, բարձրահասակ մի քուրդ՝ բրդոտ երեսով ու հսկա կերպարանքով: Գլխին ուներ քրդական սպիտակ քոլոզ, որի տակից խառնիճաղանջ դուրս էին ելել նրա երկար մազերը: Ընկերս ցնցվում է հանկարծակիի եկած անսպասելի այցելուի ներկայութիւնից և նրա կերպարանքից:

Եվ երբ իր հայացքը հանդիպում է նրա աչքերին, նա այդ սարսափելի կերպարանք ունեցող մարդու աչքերի մեջ տեսնում է ապշանք, հիացմունք ու ժպիտ: Նա հանգստանում է և մի խորը շունչ քաշում:

Ժպտում էին նրա աչքերը. նա զարմացած նայում էր, թե ինչպես պատի վրայի գունավոր մեծ նկարը, նույն գույներով տեղափոխվել է փոքրիկ թղթի վրա և այդ ամենը կատարում է մի պատանի:

Նա մի քանի բառ է արտասանում Միքայելին անծանոթ լեզվով: Սակայն ընկերս կարողանում է հասկանալ: Նրան պատասխանում է ժպիտով՝ ցույց տալով նրան խոշոր որմնանկարը և նույն նկարի փոքրադիրը:

Նա իր ժպտուն աչքերով ու զարմանք արտահայտող դեմքով մի քանի բառ ևս արտասանում ու գլուխը թափահարելով դուրս է ելնում եկեղեցուց:

Դադարից հետո Միքայելը անցնում է ուրիշ որմնանկարների, որից հետո ձեռնամուխ է լինում եկեղեցու արտաքին գեղեցիկ քանդակներին:

Միքայելը մոտ վեց օր աշխատեց Տիգրան հոնենցի եկեղեցու «Պատկերասրահում»:

Մազմանյանի կողմից վերարտադրված «Տրդատ թագավորի շքերթը» անմիջապես հրատարակվեց Գարեգին Լևոնյանի «Գեղարվեստ»-ի թիվ 6-ում, 1917 թ. իսկ բնագիրը նա նվիրեց Գարեգին վարդապետին (հետագայում կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո), նրա խնդրանքով, ինչպես և Տիգրան Հոնենցի դամբարանի կորագիծ առաստաղի վրա նկարված երկու դեհիսուսներ: Երանի թե կորած չլինեն այս ունիկալ նկարները գիտնականի արխիվում:

Պարապուրդիս օրերը մեկը մյուսի ետևից գլորվում էին աննկատելի: Ես շրջագայում էի անհանգիստ ընկերոջս հետ արվեստի այդ մեծ կաճառում, որտեղ ամեն մի կոթող, ամեն մի բեկոր, որոնց ես առիթ էի ունեցել բազմիցս տեսնելու, յուրաքանչյուր այցիս նրանք կանգնում էին իմ առջև իրենց հմայիչ տեսքով և ներկայանում էին գեղեցկության ու վարպետության նոր խոսքով, նոր ձևով:

Այդ կախարդական քաղաքը իր հմայիչ շնչով խտացնում էր ընկերոջս հոգու մեջ գեղեցիկ, աննախընթաց վսեմ արվեստի հասկացողությունն ու մեծ ճաշակը:

Ես նկատում էի, որ Միքայելը տարված իր շրջապատով, ասես կաշկանդված աներևույթ կապանքներով, մոռացության էր մատնել ամեն ինչ: Նա չէր զգում ժամանակի արագ ընթացքը, անոթություն ու հոգնածություն այդ ծանրանիստ, զառամյալ կոթողների, գեղակերտ քանդակների ու բնության ձեռքով կերտված բազմազան գեղեցիկ տեսարանների շրջապատում, որոնք միաձուլվում էին մարդկային հանճարի կերտվածքների հետ ու ստեղծում գեղեցիկ մի ամբողջություն, ահա այդ բոլորը պատանի Միքայելի համար թե սնունդ էր և թե ներքին լիցքի հզոր մի շունչ, որը մղում էր նրան հախուռն կերպով ընկալել այդ արվեստն ու տոգորվել նրա գեղեցիկ շնչով:

Քայլում ենք…

Անցնում ենք Ապուղամրենց եկեղեցու մոտով: Նրա թմբուկի նեղ ու երկար լուսամուտները նմանում են անթարթ աչքերի, որոնց շուրջը երիզվում են զույգ որմնանկարներ, նման վեր բարձրացրած ապշահար հոնքերի, և ասես իրենց զարմանք արտահայտող աչքերով նայում թափուր մայրաքաղաքի ամայացած տարածության մեջ:

Ահա և Գագիկ Ա. թագավորի հոյակերտ, բոլորակ տաճարի փլատակները: Այն 10-րդ դարում վեր է խոյացել իր վիթխարի հասակով, որի սիգապանձ գլուխը հանդուգն կերպով նստած էր իր կառուցվածքի ծայրին և իր տիրոջ նման հպարտ նայում ու տիրապետող հայացք էր նետում մայրաքաղաքի տարածության վրա, որպես կուռ կամքի ու կորովության մի սիմվոլ:

Տաճարի կառուցվածքի այդ ուրույն ձևը, որը դեռ 7-րդ դարում ծնունդ էր առել մեր մայր հողում, նրա կործանվելուց հետո, նույնանման ձևն ու ծավալը խոյանում էր շնչող մայրաքաղաքի սրտում: Սակայն անցնում է ժամանակը և այդ սիգապանծ հսկան նույնպես կործանվում է՝ թաղելով իր փլատակների մեջ իր հպարտ գլուխը:

Պատմագիր Ասողիկը Գագիկի կառուցած տաճարի մասին համառոտակի հիշատակում է իր ժամանակագրության մեջ, թե Անի քաղաքի որ մասում կառուցվեց Գագկաշենը:

«Յայնմ ժամանակի, յորում լնոյր լրութեամբ ամն Ռ. (1000)… Գագիկ արքայ հայոց խորհուրդ բարի ի յանձին կալիալ զմեծաշէն եկեղեցին, որ ի քաղաքուդաշտի, անւամբ սրբոյն Գրիգորի շինեալ, որ էր փլեալ և կործանեալ, կամեցավ նոյնաձև չափով և հորինվածքով ի քաղաքին Անւոյ հիմնարկեալ ի կուսե Ծազկոցաձոր ձորւոյն, ի բարձրավանդակ տեղւոջն…»:

Արամ Վրույրը Էջմիածնի մոտ պեղումներից ի հայտ եկած գեղասքանչ Զվարթնոցի ավերակները տեսնելուց հետո՝ 1904 թվականին կարողացավ գտնել այդ տեղը: Նա իր գտած վայրի մասին, որը մի խոշոր բլուր էր, Ասողիկի նկարագրած տեղում (Անիում) իր կարծիքը հայտնեց ճարտարապետ Թորամանյանին, որը քաջ ծանոթ լինելով Զվարթնոցի կառուցվածքի և մանրամասնի հետ, հաստատեց Վրույրի ենթադրությունը և ապա Վրույրը այդ մասին հայտնեց պրոֆ. Մառին, որը և ձեռնամուխ եղավ 1905-1906 թթ. և պեղեց այդ աչքի զարնող բլուրը, որի վրա որպես համոզեցուցիչ ապացույց ընկած էին Զվարթնոցի խոյակներին նմանող երկու խոյակ:

«…Раскопки архимандрита Хачика близ Вагаршапата дали материал для более верного определения места развалин Гагикова храма. Воспользовавшись им, Вруйр, посвятивший свои досуги снимкам анийских дреностей, первым указал на тот холм над Цветниковым ущельем, где должны были находиться остатки Храма, копии Нерсесовой постройки». (Н. Я. Марр – «Ани», стр. 55, Огиз Ленинград-Москва, 1934г)

Գագկաշենի փլատակների միջից պրոֆ. Մառը գտավ Գագիկ Ա. Բագրատունի թագավորի արձանը: Նա կանգնած էր տաճարի ներսը, հյուսիսային մասում: Շենքի փլուզման ժամանակ արձանը փշուր-փշուր էր եղել՝ վերածվելով քառասունութ կտորի: Բարեբախտաբար արքայի գլուխը մնացել էր անվնաս:

Անիի գիտարշավի անդամ նկարիչ Պոլտարացկու հմուտ ձեռքերը արձանի կտորները ի մի հավաքելով ամբողջացրին նրան, որը իր պատվավոր տեղն էր գրավել Անիի Հնադարանում:

Գագկաշեն ս. Գրիգոր բոլորակ տաճարի ամբողջական տեսքի և մանրամասնի մասին մենք վառ պատկերացում ունենք Թ. Թորմանյանի վերակազմած նախագծից, որը լույս էր տեսել «Հուշարար» թատերական-գրական-գեղարվեստական երկշաբաթաթերթի 1908 թվականի համարներից մեկում: