«Իտտիհատ»ասիրութիւնը հայոց մէջ

2301

Ներկայացնում ենք հատված Հնչակյան նշանավոր գործիչ Ստեփան Սապահ-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ գրքից: Այս հատորը 2017-ին Երևանում վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը: Ներկայացվող հատվածում վերնագիրը ԱՆԻ-ի կողմից է:

ԵՐԷԿՈՒԱՆ  ՀՈԳԵԲԱՆՈՒԹԻՒՆԸ.- Մի՞թէ «Իտտիհատ»ը շատ երկար տարիների  ընթացքում՝ իր սնուցած գաղափարներով, տածած  մտքերով, ընդերկրեայ անխոնջ գործունէութեամբ՝ բաւականաչափ ապացոյցներ չէր տուել, իրողութիւններ չէր յառաջացրել, որպէսզի այսօրուայ լալկանները, սուգ ու շիւան բարձրացնողները, միայն  այժմս նրան ճանաչողները՝ վաղուց ի վեր տեսած, լսած, շօշափած,  հասկացած, ճանաչած լինէին, որ առաջին  պատեհութեամբ՝ նա ինքն էր, որ պիտի  մտնէր արեան այն լայն ուղիին մէջ, ուր է հիմա.- մի ուղի՝  որ մարդկային պատմութեան մէջ, ուր է  հիմա.-մի ուղի՝  որ մարդկային  պատմութեան   մէջ,  ամենահին դարերում իսկ, հազիւ թէ նմանութիւն բերողը լինէր, չափի ու ծաւալի  տեակէտից: Գուցէ, միայն, Ասորա-Բաբելական  պատմութան էջերը հանգիտութիւն ունենան՝ շատ ու քիչ: Ինչո՞ւ, ուրեմն, այն ժամանակուայ, երէկուայ «Իտտիհատ»ասիրութիւնը, չափազանցութան հասնող գգուանքը, ընդհանուր  փայփայանքը: Չէ՞ որ երէկ էլ նա նոյն խայտուցները ունէր, ինչ որ այսօր:

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ.- Եթէ եղան բթամիտներ, քաղաքական ամենափոքր հոտառութիւնից զուրկ՝ սոսկական անհատներ եւ դասակարգային որոշ շերտաւորումների, խմբաւորումների արտայայտիչներ, որոնք անկարող գտնուեցան, ինքնաբերաբար, իրենց բանականութեան օրէնքների գործունէութեամբը, գիտակցելու, ճանաչելու, վերլուծել հասկանալու «Իտտիհատ»ի  էութիւնը եւ միայն այսօր է, որ իրենց աչքերը բացւում են, երբ թշնամին արդէն զարկել, գետն է անցել ու իր մահասփիւռ գործն է տեսնում,- ապա ինչո՞ւ նրանք, այդպիսիները՝ ժամանակին, դեռ շա՜տ առաջները, իրենց ականջները խցեցին, աչքերը փակեցին, չլսեցին, չտեսան, աչքի առաջ չունեցան Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան անկեղծ, անկաշառ, անվերապահ, է՛ն յանդուգն,  է՛ն անվեհեր ձայնը, նրա  բոցավառ խօսքը, արձակած ճիչը. երբ նրա մամուլը, մեծ ու փոքր գործիչները, իր պատասխանատու մարմինները՝ ամէն տեղ, ուր Հայկական Դատի համար բաբախող սիրտ կար, ուր  ազգային, ժողովրդական ազատագրութեան թրթիռ գոյութիւն ունէր, – բոլոր այդ վայրերում դեռ շատ երկար ժամանակներից ի վեր, նրանք ասում, գոռում, փաստում, աղաղակում, բացատրում էին՝ թէ ո՞վ է, ի՞նչ է, ի՞նչ նպատակների, քաղաքական որպիսի՞ փիլիսոփայութեան, պետական  ինչպիսի՞ տեսութիւնների է հետապնդում «Իտտիհատ»ը: Կա՞յ մի անկիւն, որ  Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան բարձրագոչ ձայնը հնչած, վերահաս վտանգի մահերգակը ղօղանջած չլինէր: Կա՞յ մի  տեղ, ուր նա  վ՜եր, շա՜տ վեր իր միջավայրից, արհամարհելով ամէն վտանգ, պատրաստ ամէն զոհաբերութեան, մօտալուտ տագնապի աղաղակը արձակած չլինէր եւ նախազգուշութեան, ինքնապաշտպանութեան կոչը բոլորի էլ ականջներին հասցրած: – Ո՛չ ոք այդ մասին չի կարող ո՛չ մի բառ արտասանել: Մարդկային ո՛չ մի ամբարիշտութիւն կայ ուրանալու, ժխտելու, չի խոոստովանելու, որ Ս. Դ. Հնչակեանութիւնը, որպէս Կուսակցութիւն, այդ  նկատմամբ, իր վրայ ընկած  պարտականութիւնը կատարեց, եւ լիովին կատարեց:

Եւ սակայն ինչո՞ւ նրան չլսեցին, ինչո՞ւ չհետեւվեցին. ի՞նչ  կար փտած, նեխած, ապականուած, ճահճացած՝ մեր հայ իրականութեան մէջ:

Եւ ո՞վ, ովքե՞ր են  այդ  ինչո՛ւ-ի պատասխանատուները. թող բոլոր դրանք մէջտեղ գան, գէթ որպէս նմոյշներ եւ իրենց երէկուայ անցեալը՝ այսօրուան դիրքերի հետ  զուգակշռելով՝ դատեն, ճանաչեն, գիտակցեն իրենք իրենց. պէտք չէ՞ այդ: Խղճի խայթ պիտի  զգա՞ն:

Ս. Դ. Հնչակեանութիւնը ցոյց տուեց, ապացուցեց, որ մեր իսկական, անվերածելի թշնամին  «Իտտիհատ»ն  էր. եւ նրա գլխին էր, որ պէտք էր զարկել, հարուածել  առանց  խնայելու, առանց սպասելու՝ առաջին վայրկեանից ի՛սկ, թոյլ չտալու, որ նա զարգանար, ուռճանար եւ իր ցանցերով պատէր երկրի չորս  կողմերը, իր դիրքը ամրապնդէր. երբ յետոյ՝ այլեւս ո՜ւշ, շա՜տ դժուար կը լինէր նրան գլորել, տապալել,  ոտքի տակ առնել, տրորել:

Ուրեմն, մենք պակաս տեղ չէինք թողած «Իտտիհատ»ական հրէշը, քաղաքական այդ ճիվաղը՝ իր բոլոր գունաւորումներով, իր մտքի ամբողջ  լարուածութեամբ, ջիղերի  գալարումովը, ցնցումովը՝ իր ադամային մերկութեանը մէջ ներկայացնելու: Մենք  ջնջել, սրբել, վայր էինք առել, նրա երեսից, իր եւրոպական շպարը եւ ծարիրով  ծածկուած ասիականութիւնը, թրքականութիւնը ցուցադրել, հանդէս էինք բերել  իր իսկական շապիկովը, իրական կեղեւի մէջ, որպէս պամութեան դատապարտութեան սիւնին գամուելու արժանի մի  ծնուած ոճրագործ. ամէն սերունդների նողկանքի,  ամենածանր հարուածների մի առարկայ, նշաւակ:

Եւ  ի՞նչ եղաւ պատասխանը, հետեւանքը:

Ճանաչեցի՞ն նրան: – Ո՛չ եւ ո՛չ:

Արձագանքեցի՞ն մեր ասածներին: – Հազիւ  երբեք:

Եթէ  ճանաչողներ էլ եղան, նրանք մտան կեղծաւորութեան քղանցքի տակ եւ անձնական, դասակարգային ամենագծուած հաշիւներով առջնորդուելով՝ համակերպեցին, թոյլ տուեցին, օգնեցին իսկ, որ չարագործը զարգանար, մեծանար,  դառնար ա՛յն, որից, այսօր, բոլորն էլ սոսկում են, որի դէմ հիմա է, որ ամէնքն էլ ատամներ են կրճտացնում, բայց խածնելու, հերձելու, պատառոտելու անզօր ատամներ՝ դժբախտաբար:

Կարդացէ՛ք «Հնչակ»ը, մասնաւորապէս 1899-ից ի վեր. թղթատեցէ՛ք «Երիտասարդ  Հայաստան»ը. նորից աչքի անցրէք մեր «Երիտասարդ Թիւրքիա»ն. թերթեցէ՛ք «Նոր  Աշխարհ»ը. տեսէ՛ք, մի բառ, կէտ, գիծ, մի միտք անգամ պակաս թողա՞ծ ենք՝  «Իտտիհատ»ի ամբողջութիւնը, թուրք ազգայնականութիւնը, թուրք ազգային  քաղաքականութիւնը ճանաչեցնելու, արձանագրելու երկարաշունչ գործի մէջ:  Նկատեցէ՛ք, թէ այսօր, ինչպէս եւ երէկ, տեղի չէի՞ն ունենում, չէի՞ն կատարվում այն բոլորը, ինչ որ մենք շատ տարիներ առաջ ասել, գրել, փաստել, յուշաբերել,  եզրակացրել էինք՝ ամենայն մանրամասնութեամբ: Մենք չէի՞նք ասել, որ նրա այսօրուայ արած, կատարածը, կազմում էր իր ծրագրային փիլիսոփայութեան անփոփոխ, անխախտ, մնայուն մի մասը: Պակաս տեղ թողա՞ծ էինք:

Եւ  սակայն իրականութիւնը, ճշգրիտ կեանքը մոռացւում էր, դեր էր խաղում թանձրամտութիւնը, շահամոլութիւնը, ռայեկան հոգին, ղեկավարում էր թրքական սուտակասպասութիւնը, ու մեր կոչերին, մեր ասածներին առընթեր լսւում էին բոլորովին հակառակ, դիմադրձ ձայներ:

ՀԱԿԱՌԱԿ ՁԱՅՆԵՐ.- Ու ի՞նչ էին ասում:

Տուեցէ՛ք ձեր քուէն «Իտտիհատ»ին:

Ուժեղացրէ՛ք նրան:

Նա  Թիւրքիան պիտի նորագունացնի:

Նա  սահմանադրական կարգերը պիտի հաստատի, ամրապնդի:

Նա օսմանան ազգ յառաջ պիտի բերի, ու մենք էլ նրա մի տարրը, կտորը, ցեղամասը պիտի կազմենք:

Նա մեր հողային հարցը պիտի լուծի, երբ է՛լ աւելի զօրանայ եւ կառավարական բոլոր ուժերը իր ձեռքն առնի:

Նրա համար աշխատելը՝ Հայի համար աշխատել է:

Սրանք էին մեր յայտնի ու անյայտ հակառակորդների, ընդդիմախօսների արձակած  խժալուր ձայները, նրանց ընդհանուր նշանաբանները. բացառութիւնը,  աններդաշնակութիւնը, անմիաբանութիւնը շատ քիչ  էր այս անգամ. եղածները մատի վրայ կը համրուէին:

Դրանք սրտակեղէք վայրկեաններ, աւելի քան յուզիչ տեսարաններ շատ են տուել. երբ եղբայրը եղբօրը չէր հասկանում կուրօրէն. երբ կեղծիքը, խարդաւանանքը,  արատն էր թագաւորում, յաղթութիւն  տանում՝ ի գին Հայ Ապագայի:

Նմոյշները թող խօսեն: