Մարտի 1-ի զոհերից՝ Զաքար Հովհաննիսյան․ գերդաստանի վերջին շառավիղը

1565

2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի քույրը սպասում է մեղավորների պատժի ժամին։

Նա լրատվամիջոցների հետ շփվել չի սիրում և միայն այսօր՝ ոստիկանության շտաբի նախկին պետի ձերբակալությունից հետո, համառոտ բացառություն արեց․ – «2008-ից հետո երեկվա ձերբակալությունը միակ դեպքն էր, որ ինչ-որ հույսի նշույլ իմ մեջ առաջացավ, որ իրոք կարող ա մեղավորները պատժվեն: Որովհետև ես լրիվ հույսերս կտրել էի, որ էդ գործը երբևէ կբացահայտվի: Իմ համար Մարտի 1-ի բացահայտումը գերխնդիր ա, որովհետև ես կորցրել եմ իմ գենի վերջին շառավիղը»: 

31-ամյա Զաքարը ցուցարար չէր և գաղափարների համար չէր հայտնվել քաղաքի ամենաթեժ կետում: Քույրը պատմում է, որ Զաքարը Փակ շուկայի տարածք էր գնացել ընկերոջը՝ Դավիթ Պետրոսյանին տուն բերելու համար:

Շարունակությունը արդեն դատաբժշկի եզրակացության մեջ է: Զաքարի մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Մահվան պաշտոնական վարկածը սուր արյունահոսությունն է:

Զաքար Հովհաննիսյանի հարևանները ցավով են հետևում, թե ինչպես է դանդաղ սարդոստայնների ցանցով պատվում ու քայքայվում Հովհաննիսյանների տունը: Դալմայի կոլտնտեսության ղեկավարը Զաքարի պապն էր, ընտանիքը՝ թաղի երևելիներից: Զաքարը այս տան վերջին շառավիղն էր:

«Ընտանիքին էս թաղամասում բոլորն են ճանաչել: Շատ բարեկիրթ, շատ բարի մարդիկ էին: Երեխաները իրանց՝ Բենիկը, Զաքարը մեր հետ մեծացել են: Բենիկը պատերազմում զոհվեց, Մարտակերտում ինչքան գիտեմ, 19 տարեկան», – ասաց հարևաններից Արևիկ Հարությունյանը:

Զաքարի միակ եղբայրը՝ Բենոն կամավոր արցախյան ճակատ էր մեկնել ու անհայտ կորած է: Մայր չուներ 3 տարեկանից:

Զաքարի սպանությունից կարճ ժամանակ անց մահացավ նրա հիվանդ հայրը՝ Սարիբեկ Հովհաննիսյանը:

Անշնչացած տան հարևանները Զաքարի ու նրա ընտանիքի մասին միայն լավ հիշողություններ ունեն և սպասում են արդար դատավարության:

Զաքարի քույրը՝ Մարինե Հովհաննիսյան է տուժողի իրավահաջորդը: Նա ասաց, որ դատական բոլոր նիստերին մասնակցելու է՝ պարզելու, թե այդ ինչպես մարդը ֆիզիկապես ոչնչացվեց իր երկրում և հենց այնպես:

Սուսան Բադալյան

Ազատություն