Հայ եւ Թուրք «Իտտիհատ»ականները. Հայկական կոտորածների շրջան՝ 1895-1896

1597

ԴԱՍԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՇՐՋԱՆԸ.- Ձմրանն ենք, 1895-1896: Հայկական կոտորածներ: Զէյթունը կռւում է, բայց լուրը չկայ: Հայ պահպանողական, հակայեղափոխական մասը սաստիկ բորբոքուել է Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան՝ մանսաւորապէս նրա ղեկաւարիչ «Ռուսահայերի» դէմ: Սուլթան Համիդը մոռացված էր, ամէն դժբախտութիւն վերագրւում էր մեր Կուսակցութեան. ձախողուածքի պատասխանատուն մէն մինակ նա էր:

Պարիզի «Ուսանողական Յանձնախմբի» կողմից, Լոնտոնից հրաւիրուեց ընկեր Աւետիս Նազարբէկը: Դասախօսութիւնը տեղի ունեցաւ «Գրանդ օրիանի» սրահներից մէկի մէջ: Ահագի՜ն բազմութիւն: Ներկայ էին Հայ եւ Թուրք բոլոր «Իտտիհատ»ականները: Եկել էին մի կարգ հայ «ջոջեր» եւ թունդ հակայեղափոխականներ, բայց «հայրենասէրներ», իրենց մեծ ու փոքր հետեւորդներով, գայթակղութիւն յարուցանելու եւ ծեծկռտուք առաջ բերելու: Սրանք մեր այն դիւանագէտները եւ նրանց հարազատ ժառանգնորդներն էին, որոնք մատը մատին տալը վնաս էին համարում. ուզում էին Հայկական Խնդիրը լուծել՝ աղաչելով, դիւանագիտական ձեռնարկներ անելով:

Երկուստեք լարուած տրամադրութիւն:

Որպէս նախագահ, բացման խօսքի մէջ ասացի, որ ընկեր Նազարբէկը հրաւրիուած էր՝ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան դիրքի պարզելու եւ Կուսակցութեանս գաղափարաբանութիւնը ներկայացնելու այժմէական հրատապ խնդիրների մասին: Դասախօսութիւնը լրանալուց յետոյ՝ խօսք պիտի տրուէր ընդդիմախօսներին:

Դասախօս ընկերը յայատարարեց, որ ինքը Յեղափոխութեան տնտեսութեան մասին չպիտի խօսէր, այլ միայն ա՛յն, ինչ որ կար, ինչ որ եղաւ: Ու հակիրճ բառերով, բայց զգայուն շեշտով՝ ներկայացրեց Հայ եւ Թուրք ժողովրդի դարեւոր փոխ-յարաբերութեանց քաղաքական, տնտեսական ու ընկերային պայմանները: Բացատրեց Հայի անտանելի վիճակը, երեւան հանեց նրա կենսունակութիւնը, խաղաղ զարգացման ճանապարհների փակ լինելը եւ Յեղափոխական Շարժման բնակութիւնը, անխուսափելիութիւնը: Յիշեց այն գրողները, բանաստեղծները, վիպասանները, որոնք պատկերացնել, թռիչք էին տուել Հայի ցաւերին եւ նրա իղձերին: Պատմեց եւ Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան ծնունդի պարագաները:

«Կար մի ժամանակ, ասաց, որ երբ Հայի գլխին զարկում էին, նա սմքում, կծկւում, պզտիկանում, աղաչում, պաղատում, երկրպագում, ոտք, ձեռք էր համբուրում, գթութիւն հայցում. բայց հիմա այդպէս չէ՛. հիմա Հայը կռւում է, յեղափոխական կարմիր դրօշ է ծածանեցնում. եթէ մեռնում է, ապա մեռնում է ո՛չ թէ ստրուկի, այլ ազատ մարդու մահով, որոշեալ իրաւունքի եւ նպատակի համար… «:

Ունկնդիրները բաւականին ելեքտրացել էին. բայց դեռ վճռական նշանը չէր գալիս, մանաւանդ որ «Իտտիհատ»ականները քմծիծաղներ էին արձակում:

Ու յանկարծ, ծոցի գրպանից հանեց, Էդհէմ Փաշայի բանակների դէմ ամիսներից ի վեր կուրծք տուող, Զէյթունի մարտիկներից եկած, կարմիր թանաքով գրուած նամակը, որ այսպէս էր սկսւում. «Յաղթեցի՜նք, յաղթեցի՜նք…»:

Դահլիճը աննկարագրելի ոգեւորութեան մէջ մտաւ, – ծափահարութիւնը, ուրախութիւնը, արտասուքը, ցնծութիւնը թեւ առան:

Հազիւ խաղաղութիւնը տիրեց, երբ Ահմէտ Րիզան երկերաձայն բացագանչեց. «Թող կ’ուրանայ Սուլթան Համիդը. երբ մի երկրի զինուորները փոխանակ Մերսին հանելու, նաւավարը ճանապարհը կորցնելով՝ նրանց Սուէզ է տանում, հարկաւ վերջը այս կը լինի…»: Ու գլուխը կախ, փնթփնթալով՝ դուրս գնաց: Եթէ Հոմերոսի լեզուով խօսէինք, պիտի ասէինք թէ՝ Ահմէդ Րիզան՝ «Մրրատեսակ մոլորեալ ի վեր, փրփրադէզ մռմռալով», խոյս տուաւ:

Զարթեց ցեղի ոգին, ասենք: Հայ «Իտտիհատ»ականների մեծ մասը չհետեւեցան իրենց պարագլուխներին. հեռացողները աւելի Թուրքերը եղան:

Դասախօսութիւնը շարունակուեցաւ. վերջացաւ: Ընդհանուր հրճուանք: Ու նրանք, որոնք եկել էին Ս. Դ. Հնչակեաններին ծեծելու, նրանց «Երեսին թքելու», ինչպէս իրենք էին յայտարարել, յառաջ անցան, գիրկընդխառնուեցան եւ պահանջեցին հանգանակութիւն բանալ:

-Ամէնից շատ տուեցին նրանք, որոնք ամէնից աւելի թունդ հակա-Հնչակեաններ էին եւ մտադրուած էին եղբայրադաւ կռուի առաջին ըմբիշը հանդիսանալ:

Հայ պահպանողականութիւնը մի րոպէ սթափուեց: «Իտտիհատ»ականութիւնը բարոյական ծեծը կերաւ. նրա շարքերը նօսրանալ սկսան՝ գէթ հայերից:

Խնդիրը այդ տեղ չմնաց:

Ռոշֆորը դեռ նոր էր վերադարձել Լոնտոնի իր աքսորավայրից. օրուան մարդն էր՝ ամէնից աւելի ժողովրդկանաութիւն վայելողը: Իր ի ծնէ բանակռուողի անսպառ եռանդը, խանդը, խարազանողը գրիչը մեզ պէտք էր: Դիմեցինք իրեն, խնդրեցինք մեր սարքելիք հրապարակային ժողովի նախագահութիւնը ընդունել:

Խոստացաւ՝ շատ մեծ պարտականութեամբ:

Ժողովը տեղի ունեցաւ «Հօթէլ տէ Սօսիէտէ Սաւանտ»ի մեծ սրահի մէջ: Խօսողներն էին, ի թիւս այլոց ե՛ւ Ժիւլ Ռոշը, Մինաս Չերազը:

Ատենախօսութեան տաք ժամանակին, երբ վեր էր հանւում Թուրք գազանութիւնը՝ Հայկական առաջին կոտորածների ատեն, մի Թուրք՝ «Իտտիհատ»ական իրեն զսպել չկարողացաւ, պոռաց, որ այդ բոլոր լուրերը սուտ, շինծու, յերիւրածոյ են «Հնչակեանների» սարքածները, ու մի քիչ առաջ երթալով՝ ծանր ակնարկներ, հայոյանքներ արեց Հայ Ազգի եւ մեր Կուսակցութեան հասցէին: Բանախօսութիւնը ընդհատողի կողքին էր նստած Ահմեդ Րիզան՝ իր սպայակոյտով: Մեր կողմից պատասխանը սլացաւ: Ժողովը մի րոպէ խանգարուեց. մեր ընկերները վրայ վազեցին, կռիւը սկասաւ, -Թուրքի գլուխը, թեւքը կոտրելով՝ դուրս նետեցին եւ մի քիչ յետոյ՝ ամէն բան խաղաղուեց, ժողովը շարունակուեց:

«Մէշվէրէթ»ը հայոյանքի բերանը բաց արաւ՝ «Հնչակեան բռնութիւնների դէմ»: – Այս էլ՝ այսպէս:

Պէտք էր անպատճառ շարժել ֆրանսիական հասարակական կարծիքը:

Անատօլ Լըռուա – Բոլիոն Պարիզի «Քաղաքական գիտութեանց վարժարան»ի նշանաւոր ուսուցչապետներից էր. ունէր անվիճելի ազդեցութիւն ֆրանսիական մտքի եւ գիտական աշխարհի վրան: Դասախօսում էր «Ժամանակակից Եւրոպայի քաղաքական, տնտեսական, ընկերային կազմը»: Իւրաքանչիւր երկրի մէջ գործող քաղաքական կուսակցութիւնների ծրագիրը, արարքները վերլուծելիս՝ չէր մոռանում Հայակական կեանքը: Հայ Ազգի կացութիւնը, նրա ազգային հաստատութիւնները, իրաւական դրութիւնը, Ռուսաստանի եւ Տաճկաստանի մէջ, ամենայն մանրամասնութեամբ իր ունկնդիրներին էր ներկայացնում.- ձեռնահաս էր, հեղինակութիւն էր կազմում՝ իր մերձեցած բոլոր խնդիրների մէջ: Նա աշխարհին էր տուել, ի թիւս ա՛յլ մնայուն գրուածքների, եւրոպական բոլոր լեզուներով թարգմանուած՝ իր եռահատոր «Ցարերի Կայսրութիւնը», որ դասական գրքերի ցանկի մէջն էր մտել եւ սերունդների տեղեկութիւնների աղբիւրն էր դարձել: Եւրոպական պետական, հրապարակախօսական գլուխների մէջ նա առաջինն էր եղած եւ գրեթէ միակը, որ «Միտհատեան Սահմանադրութեան» երեւման օրից, մանրամասն վերլուծումի ենթարկելով՝ ցոյց էր տուել նրա ծածուկ նպատակը, ձուլիչ, ազգայնական ոգին եւ թելադրել էր ո՛չ միայն դիւանագիտական այդ խաղին, զարթնող, ազատագրուելիք ազգերի դահիճը հանդիսանալ ուզող թղթի այդ թակարդին չհաւատալ, այլ նրա դէմ պայքար մղել, եւ ինչ որ ինքը արած էր՝ դեռ 1876-1877ից սկսած: Նա հետեւում էր «Մէշվէրէթ»ի ֆրանսերէն հրատարակութեանը. սաստիկ հակառակ էր նրա ուղղութեանը եւ ընդգրկած սկզբունքներին՝ ինչ վերաբերում էր բաղկացուցիչ ազգութիւնների իրաւունքներին. ջերմ պաշտպան էր Ազգութեանց սկզբունքին. ամենայն մտադիւրութեամբ հետեւած էր Հայակական Խնդրի գրականութեանը, ու դրանց հետ միասին՝ համոզուած, ջերմ հայսէր էր: Ռուսա-Հայաստան, Տաճկաստան ճանապարհորդելով, երիտասարդութեան առաջին տարիներին, ամէն ինչի հետ ծանօթացել էր տեղին վրայ, իր տեղեկութիւնները, ուրեմն, երկրորդ ձեռքից չէին գալիս:

Մտքի այդ հսկան հարկաւոր էր հրապարակ հանել. նրա անհրաժեշտ պահանջը զգացւում էր:

Դիմացի իրեն, որպէս ամենաթանկագին ուսուցչապետիս, խնդրելով մի դասախօսութիւն յանձն առնել՝ Հայկական Խնդրի մասին: Վերջնական խօսք տալուց առաջ՝ ուզեց նախ տեսնել արտաքին գործոց նախարարա Պ. Հանոտոյին, քանի որ պատասխանատու դերի մէջ պիտի մտնէր եւ իրեն հրապարակապէս կապէր: Իր մտադրութիւնն էր ֆրանսիական օրուան քաղաքականութիւնը շօշափել:

Նախարարը ժամանակ էր խնդրել մտածելու եւ իր պաշտօնակիցների կարծիքն առնելու. բայց առաջին անգամից, որպէս թռուցիկ տեղեկութիւն, խորհուրդ չէր տուել հրապարակ գալ. որովհետեւ ֆրանսիական շահերը կարող էին վնասուիլ. չէ՞ որ ռուսական, գերմանական, անգղիական դիւանագիտական հակամարտութիւնները դժուարութիւնների կարող էին մատնել:

Մի քանի խնդիրների նկատմամբ վաւերական տեղեկութիւններ առնելով՝ Լըռուա-Բոլիոն իր վճռականութիւնն է յայտնում հրապարակ գալ, առարկելով որ ֆրանսիացիները արդէն շատ ուշացել են եւ հէնց դրա համար էլ կորցնում են իրենց աւանդական ազդեցութիւնը:

Այդ օրերը, «Ռըվիւ դը Պարի»ի մէջ՝ Պ. Հանոտոն, եռաստղ ստորագրութեան տակ՝ թրքասիրական մի յօդուած էր գրել եւ գովաբանել Սուլթան Համիդի քաղաքական կորովամտութիւնը եւ «նուրբ մատները» – իր պաշտօնակիցների կարծիքը առնելուց յետոյ՝ այցելել էր Լըռուա-Բոլիոյին եւ խնդրել չափաւոր լեզու գործածել:

Դասախօսութիւնը կազմակերպուեց «Հօթէլ դէ Սօսիէտէ Սաւանտ»ի մեծ սրահի մէջ:

Դասախօսութեան ժամանակ՝ Միւնիր Բէյը վարձած, ուղարկած անիշխանակալները, բան ու գործ չունեցող՝ պատերազմների մէջ թափառող, բայց լաւ ուտող-խմող, ամենավերջին ճաշակով հագնուող երիտասարդները ուզեցին աղմուկ բարձրացնել: Ահմէդ Րիզան՝ իր ընկերներով՝ այդ աղմկարարների մէջն էր, եւ զարմանալին էր, որ այդ շրջանից մի կին պոռաց թէ՝ մի՞թէ վայել է մի մեծ գիտնականի խօսիլ «Կրօնական մի ազգի մասին»:

«Իտտիհատ»ականների ատամները, Միւնիր Բէյով սրուած, այդ օրն էլ մի բան անել չկարողացան, թէեւ իրենց ձեռքից եկածը չխնայեցին:

Դասախօսութիւնը վերջացաւ եւ իր յարատեւ ազդեցութիւնը բարեւ ո՛չ միայն ներկաների, այլեւ ամբողջ ֆրանսիայի մտածող աշխարհի վրան: Այդ դասախօսոըւթիւնը, «Հայաստան ու Հայկական Խնդիր», տպագրուեց տասը հազար օրինակ եւ ձրի տարածուեց ամէն խողմեր: Հասարակական խնդիրներով պարապող մէկը չմնաց, որ մեծանուն դասախօսի մտքերին հաղորդակից չլինէր:

Հարկաւոր էր դարձեալ յառաջ երթալ:

Դեռ մեր Հարցը բազմակողմանի կերպով պարզաբանուած չէր:

Մասնակի՞, թէ՝ ընդհանուր բարեկարգութիւն. ո՞րն էր պատմականը, իրերի բնաւորութեան համապատասխանը: Այդ կէտը լաւ պէտք էր լուսաբանել, քանի որ Մայիս 11-ի ծրագիրը բանակցութիւնների, նոր առաջարկների եւ հակաառաջարկների առարկայ էր կազմում: Այդ մասին դիմեցի Ալբէրտ Վանդալին:

Ալբէրտ Վանդալը (կոմս), յայտնի պատմաբան, Ակադեմիայի անդամ,  «Քաղաքական գիտութեանց վարժարան»ի մէջ դասախօսում էր  «Արեւելյան Խնդիրը»: Նա երկար ժամանակ, պաշտօնով ապրել էր Կ. Պոլիս: Ո՛չ միայն Արեւելյան Խնդրի մէջ մասնաւոր ձեռնհասութիւն ունէր, այլ ֆրանսիական օրուան նախարարութիւնները՝ առանց նրա կանխախորհրդին ոչինչ չէին անիլ. նախ նրա կարծիքը պիտի շօշափէին: Ունէր ընկերային բարձր դիրք, վճռական ազդեցութիւն թէ՛ կառավարական եւ թէ՛ մտաւորական խաւերի վրան:

Լսած լինելով որ Վանդալը մտադրութիւն ունի դասախօսութիւն կարդալ Հայկական Խնդրի առթիւ, Պ. Հանոտոն տեսակցութիւն էր ցանկացել: Ֆրանսիական շահերի անունով ուզեցել էր,  որ դասախօսը շատ խիստ յարձակողական դիրք չբռնէր թէ՛ դէպի Թուրք ժողովուրդը եւ թէ՛ դէպի Ռուսիան: Բացի դրանից՝ իր կողմից խնդրել էր «շարժման մէջ եղող հայ պարագլուխներին յայտնել, որ Պարսկաստանի սահմանագծերի վրայ հաւաքուած 300-ի չափ հայերին արգիլիլ, թոյ չտան իրեն մտադրուած «խոնթուկ արշաւանքը կատարելու», քանի որ այդ տեղից Հայկական Խնդիրը, վնասից զատ ուրիշ որեւէ դրական օգուտ չպիտի ստնար»:

Խնդրի այդ մասը մենք ժամանակին յայտնեցինք Դաշնակցութեան մի քանի պատասխանատու անձերին՝ դեռ «Խանասորի արշաւանքը» կատարելուց 3-4 ամիս առաջ:

Դասախօսութիւնը կայացաւ Կոմս դը Մէոնի նախագահութեան տակ, «Պարիզի աշխարհագրական ընկերութեան» սրահին մէջ: Պարիզի մէջ գտնուող քաղաքական բոլոր անձերը, դեսպանները, պետական բարձրաստիճան պաշտօնակալները, գիտնականները, մամուլի ղեկաւարները ներկայ էին: Մասնաւոր տեղ ունէր գրաւած ռուսական դեսպանատան քարտուղար՝ Պ. Նարիշկինը, որ անդադար ծանօթագրութիւններ էր վերցնում: Լոբանովեան քաղաքականութեան օրերն էին:

Դասախօսը պատմական փաստերով, ֆրանսիական է՛ն բարձր պերճախօսութեամբ, ցոյց տուեց, որ մասնակի բարեկարգութիւնների եւ ինքնաւարութիւնների դրութեամբ միայն կարելի էր մօտենալ թուրք պետութեան վերաբերեալ քաղաքական խնդիրներին:

Այդտեղ էր որ նա աշխարհին ժառանգ թողեց «Կարմիր Սուլթան» մակդիրը, որ շատերը սխալմամբ Գլադստոնին են վերագրում: Այդտեղ էր, որ «մամուլի դաւադրութեան» արտայայտութիւնը նուիրագործեց:

Բայց ինչ որ մեզ հետաքրքրում է այս րոպէիս, դա այն է, որ այդ երեկոյ՝ Ահմէտ Րիզան, իր ընկերներով, նստել էր յոյն Նիկոլայիդէսի կողքին «Լ’Օրիան» թերթի խմբագիր որ Սուլթան Համիդի առաջին հաւատարիմ ծառան էր, պաշտօն ունէր մամուլի ներկայացուցիչներին կաշառելու, մեզ հետապնդելու եւ սեւացնելու:

Որքան որ մեծանուն դասախօսը սկզբից ի վեր յայտարարեց, որ ինքը «Իսլամի» դէմ ո՛չ մի խօսք պիտի ունենար եւ խնդիրը պահել էր իր գիտական բարձրութեան վրան, այնուամենայնիւ՝ «Իտտիհատ»ականները, թունաւորուած կապիկների նման, ո՛չ միայն նստած տեղերից վեր էին թռչում, այլ դուրս գալուց յետոյ՝ իբրեւ պարտականութիւն՝ չմոռացան Ս. Դ. Հնչակեանների հետ տուր ու դմբոց ունենալու՝ որպէս փողոցային վերջաբան:

Վանդալի այդ համբաւաւոր դասախօսութիւնը, «Թիւրքիա եւ Հայկական Բարեկարգութիւններ» 15 հազար օրինակ տպագրուեց եւ բոլորովին ձրի, կամ շատ արժանագին՝ մատչելի դարձուեցաւ ժողովրդի բոլոր խաւերին: Եւրոպայի մէջ շատ ու քիչ ծանօթ բոլոր դիւանագէտներին, պետական մարդոց, հրապարակախօսներին, մամուլի ներկայացուցիչներին մի մի օրինակ նուէր ուղարկեցինք:

Ընդհանուր բարեկարգութեան թէզը  այլեւս մեռած էր:

Դիրքերը բավականին ճշդուած էին:

Բայց դեռ հարկաւոր էր է՛լ աւելի առաջ երթալ:

Միտք  յղացանք՝ Պարիզի մէջ հռչակաւոր սալոնների տէր՝ նշանաւոր բոլոր տիկիններից մի բացառիկ ժողով կազմել: Այդպէս էլ եղաւ. 300 տիկիններ արձանագրուեցան: Պարիզի բարձր ընկերութիւնը վարող դքսուհի դ’Իւզէսն անգամ իր մասնակցութիւնը բերեց: Նպատակն էր Հայկական Խնդրին ծաւալ տալ եւ Մայիս 11ի ծրագրի ժողովրդականացումը յաջողցնել:

Ժողովը տեղի ունեցաւ, նորից, «Հօթէլ դէ Սօսիէդէ Սաւանտ»ի մեծ դահլիճի մէջ: Պարիզի մէջ շատ ու քիչ հասարակական դիրք, ազդեցութիւն ունեցող մի տիկնիկ բացակայ չէր:

Ատենախօսներից մէկն էր՝ յայտնի գրագիտուհի՝ Տիկին Հիւդրի Մէնոս: Մոռանալ նրան անկարելի է: Այդ օրերում՝ Տիկին Բարտուն, որի ամուսինը ներքին գործոց նախարարն էր, Սուլթան Համիդից ստացել էր «շէֆաքաթ»ի շքանշանը: Ֆրանսիական ճոխ լեզուից ամրացած ճարտարախօսութիւնը դուրս թափելուց, հանդիսատեսների զգացմունքները, ուղեղը լարել, պրկելուց յետոյ՝ յարգելի Տիկինը կանգ առաւ եւ կարդաց թերթերի այն յայտարարութիւնը, ուր ասւում էր թէ Տիկին Բարտուն «շէֆաքաթ» էր ստացել, ու յուզուծ շեշտով բացագանչց. – «Դա ֆրանսիական կանանց ամօթի վկայականն է. դա մի թքաման է, որ Տիկին նախարարուհին իր կուրծքին պիտի կախէ. դա հայ որդեկորոյս մայրերի, խողխողուող հայ կիների, մեր քաջարի քոյրերի բողոքները լռեցնելու մագաղաթն է, որ մի ֆրանսիացի կին համարձակուել է ձեռք բերել: Մայրական զգացում ունեցող, ֆրանսիացաի կին, ոտքի՜, եւ բողո՛ք»:

Դահլիճը ցնցուեց եւ թուքի հեղեղ թափուեց:

Տիկին Շէլիգան, լեհական ծագում ունեցող մի ազնուատոհմ տիկին, դուստր 60ական թուականների մի յայտնի ապստամբապետի, խօսեց ինչպէս պիտի խօսէր Սասնոյ Շաքէն:

Հանդիսականների ցրուած էինք յայտագիրը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԻՆ» վերտառութեամբ: Մի կողմը նկարուած էր Յեղափոխական մարտիկ զինուորը, միւսին՝ յօշոտուած կանանց, երեխայոց դիակները:

«Իտտիհատ»ական պարագլուխները պատիւ ունեցան յայտագիրը առնելու եւ գաղտնի պատռելու. բայց մի՞թէ դրանով խնդիրը վերջանում էր:

Հետեւեալ օրը Միւնիր Բէյի ծառայութեան մէջ եղող լրագրերը ասացին, որ տիկնիկները մեծապէս վնասում են ֆրանսիական դիւանագիտութեան՝ իրենց անխոհեմ խօսուածքներով: «Մէշվէրէթ»ն էլ ուրացաւ, որ հայերը վիպասաններ, բանաստեղծներ, դասական եւ նոր գրականութիւն են ունեցել: Թերթերի խմբագիրը ցաւ էր յայտնում, որ կիներն անգամ կողմնակալութիւն են անում եւ խառնւում այնպիսի գործերի, որ իրենց չի վերաբերում եւ վիրաւորում են օսմանեան վեհապետութեան պատիւը, ազգի բարի համբաւը:

Եթէ յիշատակութեան արժանի մասնաւոր մի պարագայ էլ կայ, այդ այն է, որ թրքական դեսպանը, «Իտտիհատ»ականներն էլ միասին, ամէն լարեր ձեռք առան, որ նշանաւոր գործիչ, իրական ազդեցութիւն ու հեղինակութիւն ունեցող՝ Տիկին Շմալը չմասնակցէր, ու յաջողեցան:

Եւ եթէ մի ուրիշ կսկիծ էլ մնաց մեր սրտին, դա այն է, որ այդ դասախօսութիւնները անկարող եղանք ժամանակին հրատարակել՝ նիւթականի պակասութեան պատճառով, թէեւ ջանք չխնայեցինք:

Բարձր դահլիճների դռները մեր առաջ բաց էին, այնուհետեւ ամէն անգամ, երբ մանաւանդ զրուցատրութեան առարկան պիտի լինէր Հայ ազգը, նրա դատը, Արեւելյան Խնդիրը: Ս. Դ. Հնչակեանութիւնը այդտեղ էլ իրեն բաժին ընկած պարտականութիւնը կատարեց:

Այդ օրերից՝ չպիտի մոռացուի յիշել ե՛ւ յոյն ծագում ունեցող՝ Տիկին Արժիրիադէսին, կին յայտնի սոցիալիստ Արժիրիադէսի, որ շատ յաճախ, դիտմամբ՝ բազմամարդ հաւաքոյթներ էր կազմում իր շքեղազարդ դահլիճի մէջ՝ Հայկական Խնդիրը ժողովրդականացնելու նպատակով:

Ինչո՞վ կռուեց մեր դէմ, այդ օրերում «Իտտիհատ»ը:

Նա հրապարակ դրեց, տասնեակ հազար օրինակներով տպուած, Մինասեան Կարապետ անունով մի հայ սպայի ներբողոքական ոտանաւորը, ուղղուած Օսմանեան «մեծահզօր» ազգին, նրա «վեհապանծ» Սուլթաններին, մեծ ու փոքր «արդարադատ» պաշտօնակալներին, որոնց շնորհիւ Հայերը «երջանիկ» ապրել էին «ազգային» գոյութիւնը պահել: Քերթողը անիծում, նախատում էր նրանց, որոնք գալիս էին իրենց անքակտելի հաւատարմութեան մասին կասկած յարուցանելու «առ Օսմանեան փառապանծ գահը»: Ուռուցիկ բառերով նկարագրւում էր Հայի երջանկութիւնը, բախտավորութիւնը, գոհ վիճակ ունենալը: Ցաւ էր յայտնւում, որ արտաքին ձեռքերից դրդուած՝ հայ անունը «անարժանաբար» կրող անհատներ ուզում են խռովութիւններ հանել եւ «հաւատարիմ» հայ ժողովրդին ուծացնել իր «համբերատար», «գթառատ» բարերարներից: Ահա այդ հայերի վրան էր ընկնում թափուած արեան պատասխանատութիւնը, եւայլն, եւայլն:

Գրուածքի ոճը, ոգին ա՜յնքան ստրկական էր, ցա՜ծ, որ մարդու զզուանք էր գալիս՝ կարդալիս:

Ինչ ասել կ’ուզէ որ դա թխուած, «Իտտիհատ»ական «հալոցներում» պատրաստուած մի բան էր. բայց այդ իրողութիւնը ի՞նչպէս հասկնար ամէն մի օտարական ի՞նչպէս կռահէր՝ թէ  դա ի՛նչ չար, յետին նպատակով գրուած՝ հրապարակ էր նետուած: – Ահա ժանգոտած զէնքը, որով մեզ դէմ կռւում էր «Իտտիհատ»ը:

Դեռ այդ ոչինչ:

Կեսարացի, բժշկական ուսանող Նալպանտեանը, ջերմ «Իտտիհատ»ական, տարիներից ի վեր մեզ դէմ պայքարողը, իրեն վերեւի ցրուած կարգախօսին համաձայն, իր մեծերի դրդումով՝ թրքութիւն ընդունեց:

Միւնիր Բէյը մի առանձին հանդիսաւոր արարողութեամբ կատարել տուեց թլփատութեան ծիսակատարութիւնը. նորահաւատը կոչուեցաւ Մէհմէտ Ալի, որպիսի անունով ապրում է մինչեւ ցարդ:

Այդ եղելութեանը մեծ տեղ տուեց թէ՛ ֆրանսիական եւ թէ մանաւանդ անգղիական մամուլը:

Նպատակը, դաւը պարզ էր:

Հեղինակները աշխարհին ուզում էին ցոյց տալ՝ թէ Հայերը թրքանում են ո՛չ թէ բռնի, այլ իրենց յօժար կամքով, – ապացոյց՝ որ նոյն իսկ ազատ Ֆրանսիայի մէջ, Պարիզի համալսարանի մի ուսանող, վերջապէս զարգացած մի երիտասարդ՝ ինքնաբերաբար ընդունում է իսլամական կրօնը: Ուրեմն՝ անհիմն էին յայտարարւում այն բոլոր փաստերը, որոնք գալիս էին ասելու, որ ո՛չ միայն կոտորածներ էին տեղի ունենում, այլեւ բռնի իսլամացումներ:

Հարկաւ՝ Միւնիր Բէյի եւ իր միւս երկրների պաշտօնակիցների տրամդրութեան տակ եղող միջազգային մամուլը այդ բացատրութիւններն էր տալիս: Նոյնը, աւելի մանրամսն պատմութիւններով, անում էր հայր «Մէշվէրէթ»ը, անշուշտ՝ մի քիչ աւելի պարծենկոտ, յաղթական ոճ դնելով:

Սա քաղաքական ազնիւ հակառակորդի դե՞ր էր. բայց մի՞թէ «Իտտիհատ»ի բառգրքի մէջ դա գոյութիւն ունէր:

Անցնինք մեր գործին, թողնենք մեռելներին: