Հետթավշյա մեդիա. Գեղամ Վարդանյանի հոդվածը «Անալիտիկոն» հանդեսում

1245

Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (International Republican Institute) «Հանրային կարծիքի հետազոտությունը» Հայաստանում հետհեղափոխական մեդիայի մասին մի քանի հարցերի պատասխան է տալիս։ Այն անցկացվել է 2018-ի հոկտեմբերի 9-29-ը, Երևանում և 11 մարզերում՝ գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից մոտ 6 ամիս անց։

Քննարկենք հարցման բազմաթիվ արդյունքներից երեքը։

Ա. Հարցվածների 68%-ի կարծիքով՝ Հայաստանում մեդիան 2018-ի ապրիլից հետո առաջընթաց է ապրել, 3%-ի կարծիքով՝ հետընթաց։

Բ. Հարցվածների 24%-ն ասել է, որ հայաստանյան մեդիան  բաց և թափանցիկ է աշխատում, 43%-ը՝ մասնակի բաց ու թափանցիկ, իսկ 23%-ը համարել է, որ Հայաստանում մեդիան ընդհանրապես բաց ու թափանցիկ չի աշխատում: Գ. Հարցվածների 79%-ը նշել է, որ քաղաքական տեղեկություն ստանալու համար նախընտրում է հեռուստատեսությունը, 66%-ը՝ ինտերնետը։

Հարցումը փաստում է, որ հեռուստատեսությունը դեռ ամենալայն տարածում ունեցող մեդիա տեսակն է Հայաստանում։ Միևնույն ժամանակ, ինտերնետը որպես ինֆորմացիայի աղբյուր աստիճանաբար ավելի կարևոր դեր է ստանում։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի արած հետազոտության մեջ նշվում է, որ 2016-ի դեկտեմբերի տվյալներով՝ հեռուստատեսությունը որպես ինֆորմացիայի աղբյուր դիտարկողների թիվը 2010-ի համեմատ նվազել է 3%-ով, իսկ ինտերնետը որպես ինֆորմացիայի աղբյուր դիտարկողների թիվը եռապատկվել է ու 16%-ից հասել է 50%-ի։ Այնպես որ, զարմանալի չէ, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին հեռուստացույցը պարտվեց ինտերնետին։

2002-ից հետո, երբ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, Հայաստանում հեռուստատեսությունը համարվում էր գործող իշխանության համար կարևոր ու վերահսկողության տակ գտնվող մեդիայի տեսակ։ Տարիներ շարունակ իշխանությունը հենց հեռուստատեսութանն էր դեր տվել ու որպես հասարակության հետ հաղորդակցության (կամ քարոզչության) միջոց դիտարկել էր հենց հեռուստացույցը։ Սակայն, թավշյա հեղափոխության օրերին այդ հաշվարկը չաշխատեց։ Մարդիկ նախընտրեցին ինտերնետը, սոցիալական ցանցերը և հատկապես` ուղիղ հեռարձակումները։ Հեռուստատեսությունը պատրաստ չէր այդ մրցակցությանը։

Հայաստանում հեռուստատեսային ալիքների այդ գարնանային ձախողման հետևանքներից մեկը սեփականատերերի վերաձևումների ու փոփոխությունների շքերթն է։ Այստեղ պետք է հիշենք հետազոտության մյուս արդյունքը՝ Հայաստանում մեդիայի աշխատանքի թափանցիկության խնդիրը։

Հեռուստատեսությունների իրական սեփականատերերի անունները ոչ միշտ են հայտնի։ Այն դեպքերում, երբ հեռուստաընկերության գրանցման ձևը ՍՊԸ-ն է, կարելի է ստանալ սեփականատերերի անունները։ Հայաստանի օրենսդրությունը դրա համար 3200 դրամ վճար է սահմանում։ Սակայն շատ դեպքերում հեռուստատեսությունները գրանցված են որպես ՓԲԸ-ներ։ Օրենսդրությունը թույլ է տալիս չհրապարակել Փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի անունները։ Այդ պատճառով Հայաստանում անընդհատ գրվում էր ու խոսվում էր, թե ով է, օրինակ, «Արմենիա» հեռուստաընկերության իրական սեփականատերը (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը), սակայն այդ մասին ոչ մի փաստաթղթային ապացույց չկար։

Վերջին ամիսներին Հայաստանում հեռուստատեսության սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ իրար հաջորդող մի քանի նորություն հայտնվեց։ Դրանց շարքում առանձնանում է Հայաստանի ամենախոշոր մեդիա հոլդինգի՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեության դադարեցումը։ Ընկերությունների այդ խումբը, որի կազմում էին երեք հեռուստատեսություն, երկու ռադիոկայան, լրատվական կայք, թերթ, մասնատվեց ավելի փոքր մեդիա խմբավորումների: Տարածված պաշտոնական հայտարարությունում ասված է, որ «համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել»։ Այդ նույն հայտարարության մեջ հրապարակված են նոր սեփականատերերի անունները։ Եթե նախկինում կարելի էր միայն կռահել  հեռուստատեսությունների տերերի անունները, ապա հիմա դրանք կարելի է կարդալ։

«Պանարմենիան Մեդիա Գրուպից» առաջինն անջատվեցին «Թերթ.am» լրատվական գործակալությունը, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, «Ռադիո 107 ՖՄ» ռադիոկայանը: Նրանք միասին կազմեցին «Քառյակ մեդիա» անունով ընկերությունը։ Այդ լուրը 2019-ի հունվարի սկզբին հայտնեցին նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Բեքարյանը և Արման Սաղաթելյանը: Հաղորդագրություն մեջ նրանք նշեցին, որ «մեդիան համարում են իրենց կյանքի ու ընտրած ուղու անքակտելի մաս» և չորսով դառնում են նոր հոլդինգի սեփականատերեր: Ճիշտ է, գործարքի ֆինանսական մանրամասներից հանրությունը տեղեկություններ չստացավ։

Հաջորդ քայլով հայտարարվեց, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպի» ամենամեծ լսարանն ունեցող ու հայտնի մեդիա բրենդը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը, դարձել է Ռուսաստանի «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը: Այժմ հայտնի է, որ «Արմենիա»-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռուսաստանում բնակվող այդ գործարարին։ Ջանիբեկյանը նաև «Պանարմենիան Մեդիա Գրուպի» մեկ այլ մեդիա կազմավորման՝ «Ռադիո Ջան»-ի բաժնետոմսերի 100%-ի տերն է։ Ընդ որում, հաղորդագրութայն մեջ չի նշվում, թե ումից և որքան գումարով է Արթուր Ջանիբեկյանը գնել բաժնետոմսերը։

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» կազմում գտնվող մեկ այլ հեռուստաընկերության՝ «Ա Թի Վի»-ի բաժնետոմսերի 51%-ի սեփականատեր դարձավ գործարար, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան Թի Վի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ բաժնետոմսերի 49%-ի սեփականության իրավունքը փոխանցվեց ամերիկյան Panarm Inc. ընկերությանը: Այս դեպքում էլ գործարքի մանրամասները ֆինանսական գաղտնիք մնացին։

Թե ինչպես կփոխվի «Արմենիա»-յի, «Ա Թի Վի»-ի և «Քառյակ մեդիա»-յի կազմում գտնվող «Արմնյուզ»-ի քաղաքականությունը՝ դեռ կերևա առաջիկա ամիսներին։ «Արմնյուզ»-ը պատրաստվում է լինել լրատվական ուղղվածության ալիք և օգտագործել  նույն մեդիա միավորման կազմում գտնվող «Թերթ.am»-ի ներուժը, որը Հայաստանում մեծ լսարան ունեցող կայքերից մեկն է։

Հեռուստատեսային դաշտում մեկ այլ փոփոխություն արդեն իրեն զգացնել է տալիս։ «Արարատ» հեռուստատեսությունը, որը ֆիզիկապես նախկին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի շենքում էր, վաճառվեց գործարար Արմեն Թավադյանին և հիմա եթերում է «TV5» անվանումով։ Մամուլը գրեց, որ «TV5»-ի նոր տերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտ գործարարներից է։ «TV5»-ը եթերում եղած մի քանի ամսվա ընթացքում արդեն հայտնի է դարձել որպես Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանը քննադատող հիմնական ալիքներից մեկը։

Հեռուստատեսային դաշտում մեկ այլ փոփոխություն էլ է եղել։ «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ կապվող «Հ3» հեռուստատեսությունը վերափոխվել է motv-ի՝ փորձելով Յություբի ու Ինստագրամի բովանդակությունը տեղափոխել եթեր ու երիտասարդ լսարան գրավել։ Սեփականատիրոջ փոփոխության մասին դեռ չի հայտարարվել։

Հիմա կարող ենք փաստել՝ «հ2»-ի սեփականատերը թավշյա հեղափոխությունից հետո քրեական հետապնդման ենթարկված ու կալանքի տակ եղած գործարար Սամվել Մայրապետյանն է։ «TV5»-ն անթաքույց ընդդիմադիր է։ «Արմնյուզ»-ը նախկին ՀՀԿ-ական գործիչների մեդիա միավորման մասն է։ «Երկիր Մեդիա»-ն ԱԺ չանցած ու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՀՅԴ-ի հետ է ասոցացվում, «Կենտրոն»-ը՝ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի ու պաշտոնապես ընդդիմության՝ ԲՀԿ-ի։ Քաղաքական ուղղվածություն ունեցող մյուս  հեռուստատեսային ալիքները կարելի է Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ չեզոք դիտարկել։

Այստեղ է, որ պետք է հիշենք հետազոտության մյուս կետն այն մասին, որ Հայաստանում մեդիան 2018-ի ապրիլից հետո առաջընթաց է ապրել։ Այդ առաջընթացը նկատի ունենալով էր, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց, որ հիմա մեդիայի 90%-ը նախկին իշխանություններին են պատկանում։ Վարչապետը նաև մի քանի անգամ ասել է, որ Հայաստանում մեդիա դաշտը հիմա ավելի ազատ է, քան երբևէ։

Կկարողանա՞ Փաշինյանը շարունակել դիմանալ մեդիա դաշտում իր քաղաքական հակառակորդների ծանրակշիռ ներկայությունը։ Այստեղ գլխավոր հարցերից ու թեմաներից է Հանրային հեռուստատեսությունը։ Հանրային հեռուստատեսության լրատվական-քաղաքական հաղորդումների վրա աշխատող թիմը գրեթե ամբողջությամբ փոխվել է։ Չի՞ փորձի վարչապետը մեդիա պատերազմներում օգտագործել հանրային մեդիա ռեսուրսը։ Առայժմ նա շարունակում է օգտագործել հանրության հետ իր ուղիղ կապը՝ սոցիալական մեդիան։ Պատահական չէ, որ նույնիսկ Հանրային հեռուստատեսությամբ նա առանձին հարցազրույցներ չի տալիս ու նախընտրում է ուղիղ եթերը Ֆեյսբուքում։ Սակայն, պարզ է, որ իր քաղաքականությանը Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի աջակցությունը վարչապետը ավելորդ չէր համարի։

Իշխող քաղաքական ուժը հեռուստատեսության դաշտում առաջիկա տարիների համար երկու կարևոր փորձություն ունի։ Ա. Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն իրոք հանրային դարձնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ ու հստակ քաղաքականություն։

Բ. 2020-ին հեռուստատեսային հեռարձակման լիցենզավորման մրցույթներն են։ Այնպես անցկացնել այդ մրցույթները, որ քաղաքական ճնշումների համար անգամ խոսակցության առիթ չլինի։

Եթե այս երկու կետերը կատարվեն, ապա Հայաստանում մեդիայի ազատության ու աննախադեպ ազատ մեդիա դաշտի մասին թեզը ամրապնդելու նոր հիմքեր կլինեն։

Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի
Media.am կայքի խմբագիր
Երևան

ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, փետրվար, 2019