Եգիպտական բուրգերը, Սալահը և հայերը. երկու օր Աֆրիկայում

1446

Երբ ասում ենք Աֆրիկա՝ հեռու է թվում:

Իրականում, Հայաստանից մինչև Աֆրիկայի հյուսիս-արևելք մոտ է: Երևանից մինչև Բեյրութ օդանավով մեկուկես ժամից մի քիչ ավելի է, Բեյրութից մինչև Եգիպտոսի մայրաքաղաք՝ մեկ ժամից մի քիչ ավելի:

Իմ ճամփորդությունը տևեց 4 օր ընդամենը: Հայաստանը Եվրոպայում է, Լիբանանը՝ Ասիայում՝ Միջին Արևելքում, Եգիպտոսը՝ Աֆրիկայում:

Փետրվարի 19-ի կեսօրին հասա Բեյրութ, նույն օրը երեկոյան Լիբանանի մայրաքաղաքի արվարձան Զալքայի Սուրբ Խաչ Հայ կաթողիկե եկեղեցուն կից սրահում մի քանի տասնյակ հայ ուսանողների և լիբանանահայերի համար ելույթ ունեցա «Արցախյան շարժում-88» թեմայով, պատասխանեցի ներկաների հարցերին, լսեցի նրանց կարծիքներն ու մեկնաբանությունները ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ:

Այս ձեռնարկը կազմակերպել էր Սուրբ Խաչ Հարպոյեան Բարձր. վարժարանի տնօրեն Արամ Գարատաղլեանը: Ինչպես հաճախ է լինում Լիբանան այցելությունների դեպքում, այս անգամ էլ, դիվանապետ Խաչիկ Տէտէեանի օգնությամբ, գիշերեցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքի հյուրատանը:

Հաջորդ օրը Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անունը կրող օդանավակայանից ուղևորվեցի Եգիպտոս:

Առաջին անգամ էի լինելու Եգիպտոսում և Աֆրիկայում:

Եգիպտոս իմ այցելությունը կազմակերպվել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ՀԲԸՄ Երևանի գրասենյակի փոխտնօրեն Յովիկ Եորդեկեանի և ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի և նրա ատենապետ Վիգէն Ճիզմէճեանի համատեղ ջանքերով:

Քանի որ Եգիպտոսի բնակչությունը հասել է 100 միլիոնի, իսկ մայրաքաղաք Կահիրեինը՝ անցել 22 միլիոնից, մտածում էի, որ օդանավակայանը չափից դուրս մարդաշատ ու խճողված է լինելու ու ես կորելու եմ մարդկային ծովում:

Իրականում, սակայն, օդանավակայանի երկրորդ տերմինալը, որտեղ վայրէջք կատարեց իմ ինքնաթիռը, շատ հանգիստ էր և ոչ մարդաշատ: Ինձ դիմավորելու էր եկել Վիգէն Ճիզմէճեանը, որի հետ նամակագրական ծանոթություն էի հաստատել Յովիկ Եորդեկեանի միջոցով:

Եգիպտոս այցելողը, բնական է, ցանկություն է ունենում առաջին իսկ հնարավորության դեպքում տեսնել բուրգերը: Օդանավակայանից մինչը հյուրանոց ճանապահին դոկտոր Ճիզմէճեանը կարճ ներկայացրեց իմ երկօրյա այցի հիմնական կետերը, որոնց մեջ էր նաև բուրգեր մեկնելը:

Հյուրանոցում կարճ հանգիստ առնելուց հետո Կահիրեի Հելիոպոլիս թաղամասի ռեստորաններից մեկում ճաշի սեղանի շուրջ ծանոթացա դոկտոր Ճիզմէճեանի տիկնոջ՝ Ալինի, եգիպտահայ մտավորական Պերճ Թէրզեանի ու տիկնոջ՝ Սեդայի հետ:

Նույն օրը՝ փետրվարի 20-ի երեկոյան, ՀԲԸՄ Պըլըքտանեան սրահում ելույթ ունեցա «1988-ի փետրվարի 20-ը. հայ ժողովրդի արցախյան զարթոնքը» թեմայով: Ձեռնարկին ներկա էին Կահիրեի հայ քաղաքական, բարեգործական, եկեղեցական և մտավորական շրջանակների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ուսանողներ, երիտասարդներ:

Դասախոսության և դրան հետևած հյուրասիրության ընթացքում ծանոթացա Հայ առաքելական եղեկեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, առաքելական և հայ կաթողիկե եկեղեցու սպասավորների, Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի, դեսպանատան աշխատակիցների, Օննիկ և Արշալոյս Պըլըքտանեանների, Կահիրեի հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:

Հաջորդ օրը՝ փետրվարի 21-ի առավոտյան, այցելեցի Եգիպտոսի Հայոց թեմ, զրուցեցի թեմի առաջնորդի հետ, ծանոթացա եկեղեցու, առաջնորդարանի և համայնքի պատմությանը: Ապա եգիպտագետ Արթօ Պըլըքտանեանի հետ ուղևորվեցի բուրգեր:

Կահիրեն այնքան է ընդլայնվել, որ Քեոփսի բուրգը արդեն մայրաքաղաքի ծայրամասում է: Ճանապարհին հանդիպեցինք Նեղոսին: Աշխարհի ամենաերկար այս գետը Եգիպտոսի համար ամեն ինչ է:

Մինչև բուրգեր հասնելը և բուրգերի շրջակայքում քայլելու ընթացքում Արթօն ինձ ծանոթացնում էր Եգիպտոսի հին պատմության հետ: Քեոփսի և մյուս բուրգերը, սֆինքսը, քիչ է ասել՝ տպավորիչ են: Արթօյի պատմությունները ավելի տպավորիչ ու ամբողջական էին դարձնում անցյալը:

Երեկոյան կողմ վերադարձանք Կահիրե: Ինձ սպասում էր հաճելի մեկ այլ ծանոթություն: Սեղանի շուրջ զրուցեցի իմ ընթերցողներից և ինձ Յու Թյուբում հետևողներից գործարար Մարտիկ Պալաեանի ու երաժշտագետ, հրապարակախոս Հայկ Աւագեանի հետ: Մարտիկը հայկական «Ջահակիր» թերթի տնօրենն ու խմբագիրն է, իսկ Հայկը՝ հիմնական հոդվածագիրներից: Ծանրակշիռ պարբերական լինելուց բացի, «Ջահակիրը» վերջին տարիներին հրատարակում է գրքեր: Նրանցից մի քանիսը նվեր ստացա:

Նույն օրը երեկոյան ավելի ուշ ժամին կայացավ իմ երկրորդ ելույթը Կահիրեի հայերի համար, որը կրում էր «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո. սպասումներ և հույսներ» խորագիրը:

Ինչպես նախորդ օրվա ելույթից հետո, այս անգամ էլ եղավ հարց ու պատասխան, բանավեճ: Կահիրեի հայերը օրը օրին հետևում են հայաստանյան իրադարձություններին և լավատեղյակ են: Շուրջ երկու ժամ տևած ձեռնարկի ավարտին տեղի ունեցավ ընթրիք:

Ընթրիքի ընթացքում խոսեցինք բազմաթիվ թեմաների շուրջ: Այսօր Եգիպտոսը աշխարհին հայտնի է ոչ միայն բուրգերով, փարավոններով, Նեղոսով ու պատմական հարուստ անցյալով, այլ ներկայով, որի հիմնական մարմնավորողը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից Մոհամեդ Սալահն է:

Փետրվարի 22-ի առավոտյան Կահիրեից  վերադարձա Բեյրութ, գիշերեցի Անթիլիասի մայրավանքում, իսկ հաջորդ օրը հասա Երևան:

Թաթուլ Հակոբյան