Ադրբեջանի համար հայկական ժողովրդավարության մարտահրավերները. Անալիտիկոն

890

Ի՞նչ մարտահրավերներ առաջ բերեց հայկական ժողովրդավարությունը ավտորիտար Բաքվի համար

ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ադրբեջանագետ
Երևան

 

 

2018-ը հետաքրքիր տարի էր նաև Ադրբեջանի համար. նախագահական արտահերթ ընտրություններ, խռովության փորձեր, սրվող ներկլանային պայքար և հայկական հեղափոխության հետևանքով առաջացած նոր մարտահրավերներ Բաքվի ավտորիտար վարչակարգի համար։

Դեռևս այս տարվա փետրվար ամսին հայտնի դարձավ, որ հոկտեմբերին Ադրբեջանում նախատեսված նախագահական հերթական ընտրությունները արտահերթ կարգով կկազմակերպվեն ապրիլին։ Ադրբեջանցի հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովան այդ առնչությամբ նշել էր՝ Ալիևը այս քայլով ցույց է տալիս, որ որևէ մեկին հաշվի չի առնում երկրում և կվարվի այնպես, ինչպես ցանկանում է. «Նման որոշում ընդունվում է պատերազմի, բնական աղետի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում: Իսկ իրենք առանց որևէ բացատրության ու քննարկման նման որոշում են ընդունում»[1]:Արտաքուստ անհասկանալի թվացող այս որոշման հիմքում ընկած էին ներքին և արտաքին մի շարք պատճառներ։ Ներքաղաքական դաշտի առումով վերջին շրջանում, հատկապես Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, սրվել է ներկլանային պայքարը Նախիջևանյան և Փաշաևների կլանների միջև[2]։ Ուստի կար վարկած, որ Ալիևը գնում է արտահերթ ընտրությունների՝ մտավախություն ունենալով, որ  ներկլանային պայքարի հետագա սրումը լրացուցիչ խնդիրներ կստեղծի իր համար։ Մյուս կողմից՝ եթե հետևենք նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքին, ապա կտեսնենք, որ ստեղծվում էին նախադրյալներ հետընտրական շրջանում Արցախի հարցում դիրքորոշման կոշտացման համար[3]։ Օրինակ՝ ընտրությունները բոյկոտած ընդդիմադիր ուժերն իրենց բողոքի ակցիաների շրջանակներում Ալիևի իշխանության հասցեին ուղղված մեղադրանքների հետ մեկտեղ հնչեցրեցին նաև հակահայկական կոչեր։ Ավելին՝ Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին իր ելույթներից մեկում նշում էր, որ իրենք «Իլհամ Ալիևից և միջազգային հանրությունից պահանջում են Ղարաբաղը»[4]։ Դրան զուգահեռ նախընտրական շրջանում Իլհամ Ալիևը ևս զերծ չմնաց պատերազմական հռետորաբանությունից և Երևանի ու Զանգեզուրի հանդեպ «հավակնություններ» արտահայտելուց։ Թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական քարոզչության ուսումնասիրությունը հիմք էր տալիս կանխատեսելու, որ հետընտրական շրջանում Ադրբեջանն էլ ավելի կոշտ դիրքերից կփորձի հանդես գալ և հնարավորության դեպքում գնալ նաև ռազմական արկածախնդրության։ Սակայն, Հայաստանում ընթացող զարգացումները՝ «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը» և Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը փոխեցին Բաքվի ծրագրերը՝ առաջ բերելով նոր մարտահրավերներ Ալիևի վարչակարգի համար թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական հարթակներում։

Հայկական հեղափոխության հանդեպ ադրբեջանական արձագանքները միանշանակ չէին[5]։ Մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Փաշինյանը մեկնեց Արցախ և Ստեփանակերտում հայտատարեց, որ «փոխզիջումների մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», ավելին՝ «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»[6]։ Այդ հայտարարությունից հետո Բաքուն կրկին ակտիվացրեց հակահայկական հռետորաբանությունն ու պատերազմական կոչերը, որոնք ցցուն արտահայտվել էին դեռևս Իլհամ Ալիևի 4-րդ ընտրության համար ընթացող նախընտրական փուլում։

Իրավիճակը շարունակվեց մնալ լարված մինչև հուլիս ամիսը, երբ մահափորձ իրականացվեց Գյանջայի քաղաքապետի նկատմամբ։ Ի պաշտպանություն մահափորձի մեջ մեղադրվող Յունիս Սաֆարովի՝ Գյանջայում հավաքվեցին ցուցարարներ, ինչի արդյունքում բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ։ Բախումների հետևանքով դանակահարվեց երկու բարձրաստիճան ոստիկան։ Դժվար է միանշանակ գնահատական տալ այս դեպքերին, սակայն առնվազն անհասկանալի էր, թե ինչպես էին զինված ցուցարարները հայտնվել փողոցում, երբ Ադրբեջանում յուրաքանչյուր զանգվածային հավաքից առաջ ոստիկանները մեկ առ մեկ ստուգում են մասնակիցներին։

Այս դեպքերին հաջորդեց հետապնդումների մի նոր ալիք։ Ընդ որում, իշխանությունների կողմից այս դեպքերը որակվեցին որպես «ծայրահեղ կրոնական», ինչին հաջորդեցին քայլեր «ահաբեկիչներին» բռնելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Գյանջայի դեպքերի մեջ կասկածվող «ահաբեկիչների» մեծ մասը ոչ թե բռնվել և հարցաքննվել է, այլ միանգամից սպանվել հայտնաբերված վայրում։ Այս երևույթը ևս բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ տեղիք տալով մտածել, որ իշխանությունները հետաքրքրված չեն դեպքի մանրամասների բացահայտմամբ, ավելին՝ ցանկանում են կոծկել դրանք։ Բացի այդ, հարցաքննվել են բազմաթիվ լրագրողներ, որոնք եղել են դեպքի վայրում, նրանցից ոմանց դեմ հարուցվել է քրեական գործ «պետության դեմ ուղղորդված հակաքարոզչության», «դիրքի չարաշահման» և այլ հոդվածներով[7]։ Գյանջայի դեպքերը եկան փաստելու Ադրբեջանի ներքին կյանքում առկա բազմաթիվ խնդիրների մասին, որոնք տարիներով ճնշվում են ավտորիտար իշխանության կողմից։ Ավելին, երբ փակվում են բողոքի արտահայտման բոլոր ժողովրդավարական և քաղաքակիրթ խողովակները, փնտրտուք է սկսվում ավելի ռադիկալ ճամբարներում։

Հայկական հեղափոխության ազդեցության և դրա արդյունքում Ալիևի վարչակարգի համար առաջ եկած նոր մարտահրավերների մասին են փաստում վերջին շրջանի մի շարք զարգացումներ։ Մի կողմից՝ միջազգային ճնշման ներքո Ալիևը հարկադրված էր պայմանականորեն ազատ արձակել իր դեմ խիստ քննադատություններով հանդես եկող «REAL» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին։ Վերջինս ազատության մեջ հայտնվելուց կարճ ժամանակ անց հայտարարեց, որ շարունակելու է ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին, ավելին՝ նշեց, որ իրենք փորձելու են շարժվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու ճանապարհով[8]։ Մյուս կողմից՝ Բաքվի վարչակարգը հասկանում է, որ պետք է ավելի մեղմ փորձի արձագանքել սոցիալական հենքի վրա արտահատվող դժգոհություններին[9]՝ թույլ չտալով, որ դրանք ստանան քաղաքական «աստառ»։ Զուգահեռաբար, Ալիևը փորձում է հասկանալ, թե անհրաժեշտության դեպքում որքանով հնարավոր կլինի մոբիլիզացնել հասարակությանը Ղարաբաղի շուրջ՝ խուսափելով հակաիշխանական դրսևորումներից[10]։ Բացի այդ, պահելով Դուշանբեի պայմանավորվածություններն ու խուսափելով իրավիճակի սրումից՝ Ալիևի վարչակարգը փորձում է դիրքավորվել որպես ավելի «կառուցողական», մինչդեռ վերջերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն իր հարցազրույցների մեկում նշել էր, որ «Հայաստանի ցանկացած պարտություն քաղաքական, դիվանագիտական, տնտեսական կամ մեկ այլ հարթակում գնահատվում է որպես Ադրբեջանի հաղթանակ»[11]՝ այսպիսով ակնհայտ դարձնելով, որ բնավ էլ չեն հրաժարվել իրենց թշնամական քաղաքականությունից, այլ ընդամենը փորձում են մարտավարական որոշակի փոփոխություններով քողարկել դա՝ շարունակելով նախկին քաղաքական գիծը։

Այսպիսով, հայկական հեղափոխությունից հետո, դիտարկելով ադրբեջանական ներքաղաքական «կոնյուկտուրան»,  կարող ենք հստակ նկատել, որ հարևան երկրում սկսվել է գործընթացների փնտրտուք, կարծես թե՝ Իլհամ Ալիևը ցանկանում է հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել կամ ո՞րը պետք է լինի այն ճանապարհը, որը կօգնի դիմակայել, եթե ադրբեջանական հասարակությունն էլ ընթանա ցույցերի և դժգոհության արտահայտման ուղով։ Մյուս կողմից՝ Ալիևը փորձելու է մարտավարական որոշակի փոփոխություններով խնդիրներ ստեղծել Հայաստանի նոր վարչակարգի համար արտաքին քաղաքական հարթակներում՝ արտաքուստ ներկայանալով ավելի «կառուցողական», իսկ գործնականում չհրաժարվելով խնդրի ռազմական լուծման վերաբերյալ իր պատկերացումներից։

Ամփոփելով նշենք, որ թեև ադրբեջանական պաշտոնական մամուլը փորձում է հնարավորինս բացասական գնահատականներ տալ հայկական ժողովրդավարական զարգացումներին, այդ թվում՝ դեկտեմբերի 9-ի ժողովրդավարական ընտրություններին, այդուհանդերձ՝ այլախոհ և ըննդիմադիր զանգվածը հասկանում է, որ այս գործընթացները կարևոր են նաև ԼՂ հարցի տեսանկյունից։ Ինչպես նշել է ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «այժմ աշխարհը ԼՂ գործընթացը ընկալելու է որպես բանակցություն ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև»։

 

 

__________
[1]Մանրամասն տես՝ «Ինչու՞ Ալիևը գնաց արտահերթ ընտրությունների. պարզաբանում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը», 05.02.2018, https://armedia.am/arm/news/57285/inchu-alievy-gnac-artahert-yntrutyunneri-parzabanum-e-adrbejanaget-tatev-hayrapetyany-harcazruyc.html

[2]Նշենք, որ Ալիևան փորձում է պետական ապարատը համալրել գերազանցապես իր կադրերով, որոնք ավելի երիտասարդ, արտերկրում ուսում ստացած և Փաշաևներին լոյալ ուժեր են, մինչդեռ անվտանգային և պաշտպանական ոլորտը շարունակում են վերահսկել Նախիջևանյան կլանի ներկայացուցիչները, որոնց դիրքերը գնալով թուլանում են։

[3]Մանրամասն տես՝ Ararat TV, Ալիևն Արցախի հարցում կկոշտացնի դիրքորոշումը, 16.04.2018, https://www.youtube.com/watch?v=HVrcc61OZrY&app=desktop, 29.04.2018:

[4]Մանրամասն տես՝ Հետընտրական շրջանում Ադրբեջանն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը ԼՂ բանակցային գործընթացում. ադրբեջանագետ, 10.04.18, https://www.tert.am/am/news/2018/04/10/tatev-hayrapetyan/2659489, 4.12.2018։

[5]Հայրապետյան Տ.,Հայկական հեղափոխության ադրբեջանական արձագանքները, մայիս 2018, http://theanalyticon.com/?p=10655, 4.12.2018:

[6]Փոխզիջումների մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը պատրաստ լինի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Փաշինյան, 9 Մայիս, 2018, https://armenpress.am/arm/news/932932.html, 05.12.2018.

[7]Տես՝ Gəncə olayları – daha bir jurnalist prokurorluğa çağırılıb, Dekabr 05, 2018, https://www.azadliq.org/a/anar-mammadov/29639450.html, 11.12.2018:

[8]Released from prison, Azerbaijani opposition leader girds for political fight, Sep 28, 2018, https://eurasianet.org/released-from-prison-azerbaijani-opposition-leader-girds-for-political-fight?fbclid=IwAR10Pg0nsfw9s8HtUxU_NKcgAngKz65O7FBnWd26zr4hnRFMv_u7FeK9lKw, 9.12.2018.

[9]Օրինակ՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքվում ընթանում են ցույցեր սոցիալական հենքի վրա։ Ընդ որում, ցուցարարները գերազանցապես կանայք են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ և այժմ պահանջում են վճարել խոստացված միանվագ նպաստը։ Ուշագրավն այն է, որ թեև Ալիևը դեռ չի հանդիպել ցուցարարների հետ, բայց նրանց հետ հանդիպել և խոսել են Միլլի մեջլիսի պատգամավորներ՝ հորդորելով համբերել։ Վերջիններս շարունակում են պահանջել հանդիպում Ալիևի հետ:

[10]Դրա վառ ապացույցներից մեկն է սեպտեմբերի 29-ին կազմակերպված «Ղարաբաղ ցույցը»։ Նշենք, որ ցույցի կազմակերպիչների կողմից հայտարարվել էր, որ որևէ քաղաքական բնույթի խնդիր չեն պատրաստվում բարձրաձայնել։ Ցուցարարների հիմնական ուղերձն էր՝ «կամ Ղարաբաղ կամ մահ՝ այլ ուղի չկա»։ Ըստ էության, սեպտեմբերի 29-ի ցույցի կազմակերպման հիմնական նպատակն էր հասկանալ, թե որքանով է հնարավոր մոբիլիզացնել հասարակությանը հանուն Ղարաբաղի՝ մի կողմ թողնելով Ալիևի և նրա վարչակարգի հանդեպ առկա դժգոհությունը։ Սա շատ ռիսկային քայլ կլինի, քանի որ անգամ ավտորիտար վարչակարգի առկայության և հայատյացության քարոզի պայմաններում ոչ մի երաշխիք չկա, որ առաջին իսկ անհաջողության դեպքում դա չի ուղղվի հենց իշխանությունների դեմ։

[11] Хикмет Гаджиев: На мероприятии в Санкт-Петербурге Президент Ильхам Алиев побеседовал и с Николом Пашиняном, 7 декабря 2018, https://www.trend.az/azerbaijan/politics/2990637.html, 10.12.2018.