Կենաց ծառ, խաչքար, տոնածառ. Հայոց մեջ տարածված խորհրդանշաններ

14718

Կենաց ծառը երևակայական բույս է դրախտում (երկնքում)՝ աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար: Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում: Նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և, մասնավորապես, ոռոգվող երկրագործության շնորհիվ:

Եգիպտական Օզիրիս աստծուն համարում էին երկրագործության հիմնադիր, ուսուցիչ և հաճախ նրան ուղղակի կոչում Կենաց ծառ: Հնդկական Ռիգվեդայում Կենաց ծառը Սոման է, իրանական Ավեստայում՝ Խոմը (Հոմը) կամ Խոման:

Arbre de vie à l'entrée de la grotte principale de Taq-e Bostan, Kermanshah, Iran
Կենաց ծառը սասանյան արվեստում, Arbre de vie à l’entrée de la grotte principale de Taq-e Bostan, Kermanshah, Iran

Հայ իրականության մեջ Կենաց ծառի գաղափարը շատ վաղ ծագում ունի: Նրա հին վերարտադրություններին կարելի է հանդիպել մ. թ.ա. երրորդ-երկրորդ հազարամյակների «վիշապ» քարակոթողների, մ. թ. ա. 9-7-րդ դարերի Վանի թագավորության հուշարձանների վրա, մ. թ. ա. 8-րդ դարի Էրեբունիի գունագեղ որմնանկարներում:

Ուրարտուի hողմի և անձրևի աստված Թեյշեբան կենաց ծառի մոտ
Ուրարտուի hողմի և անձրևի աստված Թեյշեբան կենաց ծառի մոտ

 

Հեթանոս արևորդիները պաշտում էին բարդու ծառը , Արմավիրի քրմերը գուշակություններ էին անում սոսիների (չինարի) օգնությամբ, Անահիտ աստվածուհուն նվիրաբերում ծաղկեպսակներ և թարմ ճյուղեր:

Բարդի Արարատի խորապատկերին
Բարդիներ Արարատի խորապատկերին

Հայերենում դրախտ հասկացությունը այդպես է կոչվել Կենաց ծառի պատճառով՝ ծառ, ծառաստան-draxt, իսկ մանրանկարիչները կոչվել են ծաղկող, որովհետև բույսեր ու ծաղիկներ են նկարել:

Սխտորաշենի տնջրի
Սխտորաշենի տնջրին, Արցախ

Քրիստոնեությունը, որդեգրելով Կենաց ծառի գաղափարը, այն առնչեց Հեսու նախնու (Դավթի հոր), նրա “արմատից բխած” Քրիստոսի, խաչի, խաչափայտի և այլ հասկացողությունների հետ: Այստեղ էլ Նոր տարին դիտվեց իբրև աստծու ծնունդ և նշանավորվեց Կենաց ծառի՝ տոնածառի շուրջ խմբվող հանդեսներով:

Տոնածառը Երևանի Հանրապետության հրապարակում
Տոնածառը Երևանի Հանրապետության հրապարակում

Կյանքի ծառը իր բնորոշումներն ունի Աստվածաշնչում. «Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տեր Աստված երկրից բուսցրեց նաև ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, իսկ կենաց ծառը և չարի ու բարու գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում» (Ծննդ. 2.8–9): Անբաժան են այստեղ մարդը և կյանքի ծառը: Կյանքի ծառից զրկվելով՝ մարդը զրկվում է հավիտենական կյանքից՝ հրե սպառնալիքի տակ: Կյանքի ծառը այնուհետև հիշատակվում է Սողոմոնի առակներում (Առակ. 3.18, 11.30, 13.12, 15.4), որտեղ իմաստուն և արդար այրը (Հիսուսի նախատիպը)՝ «… կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (3.18), որ՝ «Կյանքի ծառը բուսնում է արդարության պտղից» (11.30):

խաչ
Խաչ՝ հաղթության և հավիտենական կյանքի խորհրդանիշ

Հայտնության գրքում ավելի է հարստանում կյանքի ծառի գաղափարը, լրանում Աստծո դրախտի մեջ գտնվող «կենաց փայտով» (այսինքն՝ խաչով)՝ փոխարենը արևելքում տնկված դրախտի կյանքի ծառի: Հայտնության կյանքի ծառը տալիս է տասներկու պտուղ՝ ըստ ամիսների թվի, իսկ «… ծառի տերևը ազգերի բուժման համար էր» (Հայտն. 22.2): Մի այլ անգամ Հիսուսի անունը հիշատակվելուց առաջ խոսվում է պատվիրանները պահողների մասին, որոնք «իրավունք ունեն ուտելու կենաց ծառից» (22.14): Հիսուսն իրեն համարում է «արմատ եւ սերունդ [ազգ]… Դավթից» (22.16), որ անվանվում է «Հեսսեի ծառ» և XIX դարից նկարվում է իբրև տոհմածառ Մատթեոսի (երբեմն նաև Ղուկասի) Ավետարանի անվանաթերթում:

Զարդարվեստի բուսական մոտիվների ամենագլխավոր արտահայտությունը կյանքի ծառն է: Այն ունի հիմնական մոտիվներ, աճի հետ կապված՝ բույսի ամենագլխավոր օրգանները՝ հատիկի (սերմի), ծաղկի և վարսանդաառէջքային օրգանների գաղափարապատկերները:

Ձեռագիր Ավետարանների խորանապատկերներում, անվանաթերթերում և այլուր, ինչպես նաև խաչքարերի վրա է՛լ ավելի է ընդլայնվում կյանքի ծառի գաղափարը՝ տարածվելով նռնենիների, ձիթենիների, խաղողի որթի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը՝ կապված նահապետների, մարգարեների, ճգնավորների դասերի, առաքյալների հետ:

SONY DSC
Գեղարդ, Խաչը Կենաց ծառի պտուղն է, որը խորհրդանշում է Արեգակը և նրա կարևորագույն հատկանիշը՝ լույսը

Կյանքի ծառի և ծաղկող խաչի հետ կապված գաղափարները նախնական իմաստներից (աճ, տերև, վարսանդ, առէջքներ, ծաղիկներ, ծնող զույգ և այլն) հոգևոր վերելք են ապրում նաև հայ և քրիստոնեական միջնադարյան պոեզիայում: Կյանքի ծառի նախնական իմաստները (զուգավորման, բազմացման) ավելի ցայտուն են ժողովրդական երգերում («Ջան գյուլումներ», խաղեր, էպոս և այլն), որտեղ հետագայում խառնվում է կրոնական-հոգևորը:

Գրիգոր Նարեկացու Վարդավառի և Հայտնության (Ավետիսի) տաղերում առավելագույնս արտահայտված է կյանքի ծառի այն գաղափարը, որն առկա է մանրանկարչության մեջ (հատկապես կիլիկյան՝ Հեսսեի ծառի պատկերի լավագույն օրինակներում), ճոխացված գրական շքեղ խորհրդավոր պատկերներով, որոնք դժվար է արտահայտել մանրանկարչության մեջ: Գրիգոր Նարեկացու բարձր ոճն ավելի մտերմիկ ու հուզական երանգ է ստանում ժողովրդական կամ միջին հայերենով մեզ հասած «Ավետիսներում», «Ծովին և նավին» ու «Կարոս Խաչին» տաղերում:

Լուսանկարում՝ Սարդուր II թագավորը կենաց ծառի մոտ

Ըստ Հայկական Սովետական և Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանների և Ինտերնետի բաց աղբյուրների նյութեր