Հայաստանի հատուկ ծառայությունների օրը. դեկտեմբերի 20

1805

ՊԱԿ-ի օրը

Հայաստանի հատուկ ծառայությունների՝ Պետական անվտանգության մարմինների ստեղծումը հասնում է մինչև 1918 թվական, երբ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում սկսեց գործել հետախուզական բաժանմունքը: 1918 թվականի օգոստոսի 8-ին Ռազմական նախարարության Գլխավոր շտաբում ծառայության նշանակվեց պորուչիկ Արտեմի Հովհաննիսյանը, ով Գլխավոր շտաբում հակահետախուզական բաժնի առաջին ղեկավարն էր: Իսկ հետախուզական աշխատանքների գծով առաջին ղեկավար է դարձել փոխգնդապետ Ալեքսանդր Շնեուրը:

Համաձայն Հայաստանի ԱԱԾ կայքի, 1919 թ. սեպտեմբերից մինչև 1920 թ. ապրիլ հետախուզական բաժանմունքը ղեկավարել է կապիտան Վահագն Մուրադյանը, որին այնուհետ փոխարինել է կապիտան Տիգրան Դևոյանը: Նշված բաժանմունքում եղել են հետախուզությամբ, հակահետախուզությամբ, ինչպես նաև գործակալների աշխատանքի ղեկավարմամբ զբաղվող ստորաբաժանումներ:

Ռազմական նախարարության Գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքը փորձում էր աշխատանքներ ծավալել նաև արտասահմանում, առաջին հերթին՝ Անդրկովկասում, Ռուսաստանի հարավում և Հյուսիսային Կովկասում: Արտասահմանում, այդ թվում Օսմանյան կայսրության և Իրանի տարածքում հակահետախուզություն իրականացնելու նպատակով կարևոր դեր էր վերապահված արտգործնախարարությանը և դեսպանատներին ու հյուպատոսություններին։

1920 թ. դեկտեմբերի 6-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հասատատվելուց 4 օր անց Հայհեղկոմի դեկրետով ստեղծվեց Խորհրդային Հայաստանի Արտակարգ հանձնաժողովը, որը տխուր դերակատարություն է ունեցել իշխանությունից հեռացված ՀՅԴ-ականների նկատմամբ իրականացված բռնությունների մեջ:

Խորհրդային Հայաստանի Արտակարգ հանձնաժողովի առաջին նախագահ է նշանակվել Նիկոլայ Այվազովը: 1921 թ. հունվարից այն ղեկավարում էր ճանաչված բոլշևիկ Շավարշ Ամիրխանյանը (մինչև 1924 թ.), որի տեղակալն էր Սերգեյ Մելիք-Օսիպովը (1924-1929 թթ ղեկավարել է համակարգը):

1929 թ. մարտից մինչև 1930 թ. հոկտեմբեր ընկած կարճ ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայությունները ղեկավարել են  Սեդրակ Մարգարյանը, Հայկ Պետրոսյանը, Սեդրակ Օթյանը, որոնք, ինչպես նաև Սերգեյ Մելիք-Օսիպովը 1937-1938 թթ. դարձան ստալինյան տեռորի զոհեր:

Հայրենական պատերազմի տարիներին Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել է գեներալ-մայոր Գեորգի Մարտիրոսովը: Մինչև 1991 թվականը, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարել են գնդապետ Նիկիտա Քրիմյանը, Գեորգի Մարտիրոսովը՝ երկրորդ անգամ, Սերգեյ Կորխմազյանը, Գեորգի Բադամյանցը, Արկադի Ռոգոզինը, Հրայր Միքայելյանը, Մարիուս Յուզբաշյանը, և Վալերի Բադամյանցը:

Մարիուս Յուզբաշյանը սպանվեց 1993 թ. ամռանը Երևանում։

Հայաստանի անկախությունից հետո անվտանգության մարմինների առաջին ղեկավար դարձավ Հուսիկ Հարությունյանը (1991-1992), ով 2006-ի մայիսի 3-ին դարձավ Երևան-Սոչի օդանավի աղետի զոհերից։ Նրան հաջորդեց Վալերի Պողոսյանը (1992-1993), ապա Էդուարդ Սիմոնյանցը (1993-1994)։ Վերջինս մահացել է տարիներ առաջ հիվանդությունից։

Ապա Հայաստանի անվտանգության մարմինները ղեկավարեցին Դավիթ Շահնազարյանը (1994-1995), Սերժիկ Սարգսյանը (1995-1999), Կառլոս Պետրոսյանը (1999-2004) և Գորիկ Հակոբյանը (2004-2016)՝ Հայաստանի բոլոր ժամանակների ամենաերկարակյաց անվտանգության մարմինների ղեկավարը։ Նա մահացել է բոլորովին վերջերս՝ ծանր հիվանդությունից հետո։

2016-ի փետրվարի 12-ից համակարգը գլխավորեց Գեորգի Կուտոյանը: Հայաստանում 2018-ի ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո ՊԱԿ-ի ղեկավար նշանակվեց Արթուր Վանեցյանը: