«Քաղբանտարկյալի պատմություն». Զուրաբ Գոգիա

637

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» հատորից մի կտոր: Գիրքը այս տարվա մայիսին հրատարակել է ԱՆԻ կենտրոնը:

—–

Զուրաբ Գոգիա

Զուրաբի իսկական անունը Սուլիկո էր, բայց ինքն այդ անունը չէր սիրում։ Բոլորը նրան որպես Զուրաբ գիտեին՝ ե՛ւ Վրաստանում, ե՛ւ այստեղ՝ կալանավայրում։ Իր երկու ընկերների՝ Վախթանգ Ճիտավայի եւ Վաժա Ժղենտիի հետ միասին կազմակերպություն էին ստեղծել, ու Վրաստանի անկախության պահանջով թռուցիկներ էին տարածել։ Զուրաբը մասնագիտությամբ լրագրող էր, ծնվել էր 1946-ին։ Վախթանգը բանասեր էր, ծնվել էր 1939-ին, իսկ Վաժան 1938-ին ծնված մաթեմատիկոս էր։ Հետաքրքիրն այն էր, որ երեքն էլ՝ մինչեւ 1980-ի ապրիլին իրենց կալանավորումը, եղել էին կոմունիստական կուսակցության անդամներ։ Զուրաբը ստացել էր 5 տարի ազատազրկում, Վախթանգը՝ 5 տարի ազատազրկում եւ 2 տարի աքսոր, իսկ Վաժան՝ 6 տարի ազատազրկում եւ 3 տարի աքսոր։ Երեքն էլ արժանապատիվ մարդիկ էին։ Վախթանգը, որ 37-րդ կալանավայրում էր գտնվում, առանձնանում էր իր լրջությամբ, արդարամտությամբ ու խիզախությամբ։

Զուրաբն աներեւակայելի կենսախինդ անձնավորություն էր՝ սրամիտ ու կատակասեր։ Նրա սրամտությունները տպավորվել ու մնացել են ոչ միայն իմ, այլ նրան ճանաչողներից շատերի հիշողություններում։ Նա հավատացած էր՝ հայերի մոտ ամեն ինչ թարս է։ Անգամ թարս են խաչակնքում։ Ամենայն լրջությամբ բոլորին ասում էր․

-Դուք չեք պատկերացնի, ողջ Խորհրդային միությունում միայն Հայաստանում գործարան կա, որտեղ ձախ պարուրակով բոլտ ու գայկա են արտադրում։

Մարդկանց անընդհատ՝ տարբեր ու ամենաչնչին պատճառներով պատժիչ մեկուսարան են տանում։ Իրենց այդ գործն էլ ավելի հեշտացնելու համար ադմինիստրացիան սկսեց պահանջել, որ ծխենք միայն համապատասխան վայրերում, ու մի քանի տեղ ցուցանակ փակցրին. «Ծխել միայն այստեղ»։ Դե, բնական է, ծխում ես՝ որտեղ որ պատահի։ Աչալուրջ հսկիչները նկատում՝ զեկուցագիր են գրում, ու պատժիչ մեկուսարանի 10-15 օրն ապահովված է։ Ակտիվ կալանավորներից շատերին են այս եղանակով պատժել, իսկ Զուրաբը հանգիստ ծխում էր։ Շատ ավելի ուշ պարզվեց, որ Զուրաբը պատրաստել էր ճիշտ նույնպիսի վահանակ, որի վրա գրված է. «Ծխել միայն այստեղ», ու որտեղ որոշում էր ծխել՝ այնտեղ կախում էր։ Տեսնելով ցուցանակը՝ հսկիչներնանցնում-գնում էին։ Հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես բացահայտվեց նրա այս խորամանկությունը, եւ Զուրաբին պատժիչ մեկուսարան տարան։

Ինձ, Ստեփան Խմարային ու Զուրաբ Գոգիային հանձնարարել են խոր առու փորել։ Նախորդ օրերին արդեն ուրիշները փորել էին առուն, մենք պետք է շարունակենք։ Յուրաքանչյուր օր 3 հոգու ընտրում են այդ գործի համար։ Հսկիչը քայլերով չափել է, թե ինչքան աշխատանք պետք է անենք օրվա ընթացքում եւ առվի երկայնքով շարված սյուներից մեկի վրա բահով նշան է արել․

-Ահա, մինչեւ այս սյունը կփորեք, – հանձնարարել ու գնացել է։

Գարնանային արեւը հաճելի տաքացնում է, աշխատելու ոչ մի ցանկություն չկա։ Ես ու Ստեփանը քննարկում ենք, թե ինչպես կարելի է կրճատել աշխատանքի ծավալը։ Զուրաբը վերցնում է բահը, մոտակա սյուներից մեկի վրա ճիշտ նույնպիսի նշան է անում, ինչպես որ արել էր հսկիչը, իսկ հսկիչի արած նշանին ցեխ է քսում։ Օրվա ընթացքում ցեխը չորանում է, ու սյունը դառնում է ճիշտ նույնպիսին՝ ցեխոտ ու ճաքճքած, ինչպես մյուս սյուներն են, եւ միայն մի սյան վրա է երեւում բահով արված նշանը։ Երեկոյան կողմ հսկիչը զարմացած է՝ աշխատանքը շատ առաջ չի գնացել, բայց հասել է այն նշանին, որն արել էր ինքը։

Զուրաբն ինչ-որ հանդեսում կարդացել է, թե իբր շատ հարուստ մի անգլիացի գիտնական երկար տարիներ աշխատել է հին աշխարհի ինչ-որ սեպագիր արձանագրություն վերծանելու վրա, բայց չի կարողացել։ Գերլարված վիճակում եւ հուսահատ, որ չի կարողանում, իբր գրություն է թողել այն մասին, որ իր ողջ հարստությունը կտակում է նրան, ով կկարողանա վերծանել այս արձանագրությունը։ Հանդեսում նաեւ արձանագրության լուսանկարն է։ Զուրաբն օրերով զբաղված է դրա վերծանմամբ։

-Զուրաբ, – ասում եմ, – դատարկ գործով ես զբաղված, քեզ ոչ ոք գումար չի տալու, ու ողջ այդ պատմությունը հեքիաթ է։

-Աշխարհում քեզ նման անհավատները շատ են։ Գնա, մի խանգարիր։ Երբ այդ գումարը կստանամ, քեզ մի կոպեկ անգամ չեմ տա։

Հսկիչները նկատում են, որ Զուրաբն օրերով ինչ-որ գրառումներ է անում։ Հերթական խուզարկության ժամանակ, որ նրանք անում էին հնարավոր բոլոր առիթներով կամ անառիթ, տանում են Զուրաբի գրառումները եւ, որ ավելի կարեւոր է, հանդեսից պոկված էջը, որտեղ տպագրված է արձանագրության լուսանկարը։ Զուրաբը վրդովված է․

-Պետ, վերադարձրու հանդեսի էջը։ Այնտեղ սեպագիր արձանագրություն է, այլ բան չկա։

Իսկ հսկիչը՝ ազգությամբ թուրքմեն Ալիկ Աթաեւը, որ ռուսերեն աներեւակայելի վատ է խոսում, պատասխանում է․

-Ոչինչ, կստուգենք, կվերծանենք, եթե դրա մեջ հակասովետական ոչինչ չլինի՝ կվերադարձնենք։

Յուրաքանչյուր կալանավոր օրական ստանում է մոտ մեկ թեյի գդալ շաքարավազ։ Իմ շաքարավազը ես չեմ օգտագործում ու հավաքում եմ։ Մի բավականին մեծ, փակվող կափարիչով աման ունեմ, որն ինձ դեռ 37-րդ կալանավայրում Անատոլի Կորյագինն էր նվիրել կնոջ հետ տեսակցությունից վերադառնալուց հետո։ Սա երեւի նրա առաջին ու վերջին տեսակցությունն էր։ Նվիրեց մեկ փայտե գդալ եւ այդ ամանը։ Ահա այդ ամանի մեջ ես մշտապես բերնեբերան շաքարավազ եմ ունենում։ Հաճախ եմ լինում պատժիչ մեկուսարաններում ու հաճախ եմ զրկվում գնումներ կատարելու իրավունքից։ Ինձ այլք են ծխախոտ  ու սնունդ տալիս։ Որոշել էի, որ շաքարավազն էլ իմ օգնությունն է լինելու այլոց։ Երբ որեւէ մեկի պետք էր լինում, ես ուրախությամբ նրանց համար շաքարավազ էի լցնում։ Նորիկ Գրիգորյանն իր հուշերի գրքում լավ է նկարագրել շաքարավազի իմ այս պատմությունը։

Ինձ է մոտենում Զուրաբը։

-Վարդան, ինչքա՞ն շաքարավազ ունես։

Գիտի՝ ունեմ այնքան, որքան պետք է։ Իսկ նա ամբողջն է պահանջում։

-Հասկանու՞մ ես, գինի եմ սարքելու։ Հետո կխմենք։

Գարուն է։ Ինչպես կալանավայրը շրջապատող ողջ անտառը, այնպես էլ  կալանավայրը ծաղիկներով է ծածկված։ Զուրաբը հավաքել է քաղցր նեկտար պարունակող խատուտիկների մի մեծ խուրձ։ Պատրաստվում է դրանք լցնել եռացրած ջրով լի ամանի մեջ, ապա ավելացնել իմ հավաքած ողջ շաքարավազը եւ դնել մի թաքուն ու տաք տեղ։

-Մի 10-15 օրից գինի ենք խմելու, – ոգեւորված ասում է նա։

Ամանը բոլորից գաղտնի տեղավորել է ձեղնահարկում։ Այնտեղ երբեք մարդ չի մտնում։ Արեւի ջերմությունից տաքացած տանիքը ձեղնահարկին հսկայական ջերմություն է հաղորդել։ Գինի հաստա՛տ խմելու ենք։

Ու հանկարծ, շատ անսպասելի, երկու էստոնացու՝ անտառային եղբայրներից մեկին ու մեկ երիտասարդի հանձնարարում են ձեղնահարկում շինարարական աշխատանքներ կատարել։ Էստոնացիները, անկասկած, վստահելի են, նրանց կարելի է ասել։ Զուրաբը տեղեկացնում է նրանց, որ ձեղնահարկում մեր ապագա գինին է թաքցրած, ու երիտասարդ էստոնացուն հանձնարարում է ուշադիր լինել, ու երբ նկատի, որ գինին արդեն եռում է, տեղեկացնի իրեն։

Մի երեկո բակում երեկոյան ստուգումից առաջ հավաքվել են կալանավորները։ Այնտեղ են նաեւ Զուրաբը եւ մի հսկիչ։ ДПНК-ին են սպասում։ Դռնից անակնկալ դուրս է գալիս էստոնացին ու առանց շուրջը նայելու իր էստոնական առոգանությամբ կանչում է․

-Զուրաբ, գինիդ եռում է։

Զուրաբին պատժախուց տարան։ Գինին էլ, երեւի, իրենք խմեցին։ Մենք ոչ ամանը տեսանք, ոչ էլ գինին։ Շաքարավազն էր ափսոս։

Ավելի ուշ Զուրաբին 36-րդ կալանավայր տեղափոխեցին, որտեղ նաեւ ես էի։ Մեր բարեկամությունը շարունակվեց։ Իսկ ազատ արձակվելուց հետո նրան հանդիպեցի Վրաստանում, Ռուսթավիի իր բնակարանում։ Երբ տեղեկացավ, որ Թբիլիսիում եմ, անչափ ոգեւորվել էր ու իր տուն տարավինձ։ Եկավ նաեւ Վաժան, ու երեքով մի ամբողջ գիշեր զրուցեցինք ու վերհիշեցինք։ Վախթանգը չկար։ Այդ շրջանում Գամսախուրդիան զրկվել էր իշխանությունից ու իր զինակիցների հետ սարերն էր քաշվել։ Վախթանգը նրանց մեջ էր։ Երկար Ժամանակ նա թաքնված մնաց եւ միայն 1990-ականների վերջերին վերադարձավ։ Նա արդեն վախճանվել է։ Իսկ Զուրաբը 90-ականներին մահացավ ավտովթարից։ Երեք ընկերներից ողջ է միայն Վաժա Ժղենտին։