Պատերազմը և Հայաստանի պառլամենտը՝ 1920 թվական. Վահան Նավասարդյան

1926

Հատված ՀՅԴ երևելի դեմքերից Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքից, որը պատասխան է Հայաստանի  Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն: 

                                       Անիշխանատենչ իշխանություն

VI

Քաջազնունին ծանրանում է առավելապես մեր մոտավոր անցյալի վրա և հարուցում մի շարք մեղադրանքներ այդ շրջանի գործունեության դեմ:

Այդ մեղադրանքներից մի քանիսն ունեն զուտ ներքին կուսակցական բնույթ, որոնց հարկ է անդրադառնալ ամենից առաջ:

Մեկ հարց դրանց թվում շարունակ խռովել է հանրային միտքը և, ճյուղավորվելով, առիթ տվել անվերջ խոսակցությունների ու զրպարտության:

Քաջազնունին որոշել է առատորեն տուրք տալ ամբոխային այդ թոթովանքներին և իր ուշացած խոստովանություններով յուղ լցնել մաքրած կրքերի վրա:

Իրապես ի՞նչ պետական ձև կար Հայաստանում, ի՞նչ էր Դաշնակցության դերը նրա մեջ և ի՞նչ փոխհարբերություններ գոյություն ունեին կուսակցության գերագույն մարմնի (Բյուրոյի) ու Հայաստանի կառավարության միջև:

«Հայաստանը ռամկավար հանրապետություն էր: Դաշնակցությունը ոչ միայն հակառակ չէր դրան, այլև ինքն էր պահանջում այդ պետական ձևը: Հանրապետությունն ուներ ռամկավար-պառլամենտական պետություններին հատուկ օրգաններ. ժողովրդական ներկայացուցիչներից կազմված մի պալատական օրենսդիր մարմին և պատասխանատու կառավարություն: Խորհրդարանը կազմված էր գոյություն ունեցող չորս քաղաքական կուսակցությունների ու ապա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից: Խորհրդարանին հաջորդող պառլամենտը ընտրված էր ռամկավարական ամենալայն սկզբունքներով (հինգանդամյան ընտրողական օրենք): Կառավարությունը ստանում էր իր լիազորությունը օրենսդիր մարմնից (հանրապետության նախագահ չուներ Հայաստանը), հաշվետու էր ու պատասխանատու նրա առջև:

«Այս էր ձևը:

Բայց ուրիշ էր էությունը»,- ավելացնում է անմիջապես մեր քննադատը:

«Գործնականորեն մեր կուսակցությունը ձգտում էր իրեն ենթարկել, իր հսկողության տակ առնել թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը: Մենք քաջություն չունեինք (ոչ էլ կարողություն) բացեիբաց կուսակցական դիկտատուրա հայտարարելու: Բայց և չէինք ուզում մնալ պառլամենտական կարգերի սահմանի մեջ ու փորձ էինք անում իրականացնել Հայաստանում իթթիհատականների գործելակերպը՝ կուսակցական դիկտատուրա ռամկավարական ձևերի տակ քողարկված»:

Շարունակության մեջ, մեկ այլ տեղ, հիշատակելով այն փաստը թե ինչպես 1919-ի օգոստոս 1-ի ընտրություններվ Հայաստանի պառլամենտի 80 անդամից 72-ը դաշնակցականներ էին, Քաջազնունին ավելացնում է.

«Պարլամենտ չկար Հայաստանում, մի դատարկ ձև էր առանց պարունակության»:

«Պետական հարցերը քննության էին առնվում ու լուծվում դռնփակ, դաշնակցական ֆրակցիայի սենյակում, ու ապա հայտարարվում պառլամենտի ամբիոնից: Իրոք չկար և պառլամենտական ֆրակցիա, որովհետև սա դրված էր Դաշնակցության Բյուրոյի հսկողության տակ ու պարտավոր էր կատարելու նրա հրամանները: Չկար և կառավարություն: Սա ևս ենթարկված էր Բյուրոյին: Բյուրոն մի տեսակ գործադիր մարմինն էր պետության մեջ: Բոլշևիկյան համակարգ էր սա: Բայց այն, ինչ որ բոլշևիկները անում են հետևողականորեն ու բացահայտ, մենք աշխատում էինք քողարկել դեմոկրատական ձևերի տակ»:

Փորձենք հասկանալ մեր հակառակորդին:

Նախ. ինչո՞ւ արդյոք «պառլամենտ չկար Հայաստանում», իսկ եղածն էլ «մի դատարկ ձև էր առանց պարունակության»:

Պարզ այն պատճառով, որ, ըստ Քաջազնունու.

Ա. Ժողովրդական ներկայացուցչության 80 անդամից 72-ը դաշնակցականներ էին,

Բ. Այդ 72-ը մինչև պառլամնետ գնալը ֆրակցիայում դռնփակ քննում և լուծում էին պետական հարցերը,

Գ. Ավելի ճիշտը՝ կատարում էին Բյուրոյի հրամանները,

Դ. Որին ենթարկված էր նաև կառավարությունը և այդ պատճառով՝

Ե. Սա վատագույն տեսակի բոլշևիկյան համակարգ էր:

Այս մեղադրանքների մեջ Քաջազնունին գերազանցել է ինքն իրեն:

Սակայն մինչև այս կոնկրետ կետերին անցնելը, նախապես մի երկու խոսք այս մեղադրանքների ընդհանուր բնույթի մասին:

Անշուշտ, մեր վաղանցուկ պետական կյանքի պատմությունը չի գրվում այն գրչով, որ այսօր, մեր կյանքի այսքան աղետալի մի շրջանում, բոլոր հավատափոխներն ունեն իրենց ձեռքերի մեջ պինդ պահած:

Կանցնեն այս օրերը, ամեն ինչ կմտնի իր բնական հունի մեջ, կմարեն կրքերն ու հանգիստ կառնեն հիվանդոտ ու վառ երևակայությունները և ահա այն ժամանակ, ճշմարտության լույսի տակ, սառն բանականությունը կճշտի մեղավորներն ու նրանց գործած մեղքերը և անաչառորեն պատմությանը կհանձնի իր դատավճիռը նաև այն մասին, թե ինչո՞ւ իրապես այնքան կարճատև եղավ մեր մանուկ հանրապետության կյանքը: Ու մեզ թվում է, մենք համոզված ենք, մենք հավատում ենք այն բանին, որ այդ դատավճռի մեջ տեղ պիտի գտնի նաև այն, որ  Հայաստանն ընկավ, որովհետև նրա անքթիթ պահակը՝ Հ. Յ. Դաշնակցությունը՝ չգնա՛ց այն ճանապարհով, չեղա՛վ այն հանցավորը, տարաբախտաբար, չգործեց այն մեղքերը, ինչ նրան վերագրում են ամեն գույնի ու երանգի Քաջազնունիները:

Դաշնակցության մեջ բույն դրած անհարազատ տարրերը խորտակեցին կուսակցության թափը, եղծեցին նրա դավանանքն ու գործելակերպը, այլասերեցին պետական ու հեղափոխական ամեն ըմբռնում և հաճախ մեղկության դատապարտեցին մեր կյանքի միակ քաղաքական ազդակը՝ հատկապես անկախության շրջանում:

Դաշնակցության մեծագույն հանցանքը մեր խորտակված պետության առջև այն է, որ նա իշխանավոր տվեց առանց իշխանության տենչի, տիրացավ մեր պետական կյանքին, բայց խորշեց այդ պետության գոյության համար անհրաժեշտ նկատված ամենաանմեղ կաշկանդումից իսկ, մնաց տակավին վաղեմի հեղափոխական կուսակցությունը՝ մի՛շտ պատրաստ զոհողության, մի՛շտ խորշող իշխանությունից, միշտ գերի իր գերազանցորեն բարոյական ըմբռնումներին: Եվ այդ պատճառով Հայաստանում ոչ միայն չկար «դիկտատորական իշխանություն», այլ կար ազատության հազվադեպ ազատություն: Մի չարիք, որ չէր կարող մի օր չհարվածել իշխանավորին ու իշխանությանը և մեզ չհասցնել այն անարգ վիճակին, որի մեջ գտնվում ենք մենք այսօր:

Դառն ու կծու հեգնանք է, դաժան ու անխիղճ ծաղր այն դարձվածքը, թե Հայաստանում «դիկտատորական իշխանություն էր» հանձինս Հ. Յ. Դաշնակցության Բյուրոյի:

Եթե այս խոսքերը ճիշտ են իրապես, ապա նշանակում է, թե մարդկային լեզուն իսկապես որ դադարել է մտքեր արտահայտելուց և խոսքերը իսկապես որ կորցրել են ամեն արժեք և նշանակություն:

Քաջազնունիները թույլ չտվին, որ պետականորեն իշխելու կամքը հզորանա երկրի միակ քաղաքական կազմակերպության մեջ, նրանք իրենց կեղծ տեսակետներով (միշտ պետական!!…) վարակեցին մեր շրջապատը, ամեն քայլափոխի հարվածեցին կուսակլցության առողջ բնազդն ու բանականությունը և ստեղծեցին մի մթնոլորտ, ուր իշխանավորը կարծում էր, թե առանց իշխելու կարող է իշխանություն ունենալ մեր մոլորակի վրա:

Եվ եթե Քաջազնունիների «պետական» այսքան «առողջ» ու «պառլամենտար» այսքան «ճշմարիտ» ըմբռնումները չլինեին, մենք համոզված ենք, որ մեր հայրենիքը նաև այնքան եղերական վախճան չպիտի ունենար:

«Եթե ես լինեի այս երկրի միակ իշխանավորը և իմ կամքից կախված լիներ նրա ճակատագիրը, ապա ես այս պառլամենտի առջև կփորեի մի ընդարձակ խարույկ և առանց վայրկյան իսկ տատանվելու այնտեղ կնետեի Հայաստանի բոլոր օրենսգրքերն ու բոլոր նրանց, որոնք այս շվարած երկրի մեջ՝ արևածագից մինչև արևածագ՝ ճառում են շարունակ օրենքի անունից, որոնք ունեն «պետական» տեսակետ, որոնք տառապում են «պետական « հիվանդությամբ:

«Ես համոզված եմ, որ այսպիսով մեծագույն ծառայությունը մատուցած կլինի իմ հայրենիքիս»:

Այս խոսքերը ասել ենք դեռ 1920թ. նոյեմբեր 30-ին, երբ Հայաստանի պառլամենտի սրահում կարդացած մեկ հրապարակային դասախոսության մեջ փորձում էին պարզել Կարսի տակ կրած մեր պարտության պատճառները:

Հիացած խոսքեր (ասված տեղին ու կրկնված հաճախ) հիշատակենք այստեղ պարզ այն նպատակով, որ ցույց տանք, թե ի՜նչ կույր ու մոլեռանդ պաշտամունք կար Հայաստանի դաշնակցական վարիչների մոտ դեպի՝ օրենքն ու օրինականությունը, ինչ վախ ու սարսափ՝ պետության ու պետականության առջև, ինչ անհաղթահարելի դող՝ հանդեպ կամքով հզոր ու վճռականությամբ լեցուն իշխանության:

Այո, Դաշնակցությունը չմբռնեց, որ անակնկալներով հղի պատմության անցողակի շրջաններում, երբ երկիրը ներսից ու դրսից օղակված է դավադրությամբ կրկնակի շղթաներով, երբեմն կարելի է ու պետք է լինել ավելի վճռական, քան «օրենքն» է հրահանգում, ավելի անկաշկանդ, քան «պետական» պարզ իմաստությունն է թույլ տալիս, Դաշնակցությունը չմբռնեց, որ Հայաստանի անկախության փթթման շրջանում երբեմն կարելի էր ու պետք էր լինել ավելին, քան օրինապահ իշխանության տետրակն  է թելադրում, լինել նաև, ինչո՞ւ չէ, «դիկտատորական իշխանություն», երբ նրա կարիքը կա հայրենիքի փրկության համար:

Մեր կյանքի միակ քաղաքական ազդակը Հայաստանի անկախության շրջանում այս ուղիով չգնաց սակայն:

1920-ի հրաշագործ մայիսը ուշացած ասուպի պես եկավ ու անցավ. Քաջազնունիների շնչի տակ «պետական» կեղծ պարկեշտությունը հիմքից խախտեց ամեն առողջ ըմբռնում և մեղկությամբ թունավորեց մեր պետական կյանքը:

                                                    Պատերազմը և Հայաստանի պառլամենտը

VII

«Պառլամենտ չկար Հայստանում, մի դատարկ ձև էր առանց պարունակության»,- հայտարարում է Քաջազնունին՝ հիմք ունենալով հետևյալ մեղադրանքները.

Ա. Ժողովրդական ներկայացուցչության 80 անդամից 72-ը դաշնակցականներ էին,

Բ. Այդ 72-ը մինչև պառլամենտ ֆրակցիայում դռնփակ քննում  և լուծում էին պետական հարցերը,

Գ. Ավելի ճիշտը՝ կատարվում էին Բյուրոյի հրամանները,

Դ. Որին ենթարկված էր նաև կառավարությունը և այդ պատճառով,

Ե. Սա վատագույն տեսակի բոլշևիկյան համակարգ էր:

Հարցի լուսաբանության համար մի քիչ կանգ առնենք այս կետերի վրա:

Հայաստանը ինչպես հայտնի է, հռչակվեց իբրև ժողովրդավար (դեմոկրատիկ) հանրապետություն և յուրացրեց պետական պառլամենտար ձևը:

Այս երկու սկզբունքներն էլ գործնականորեն անծանոթ էին հայության երկու հատվածներին, որոնցով բնակեցված էր անկախության շրջանի Հայաստանը: Ո՛չ արևելահայը և ոչ էլ արևմտահայը փորձառաբար գիտեին, թե ինչո՞վ են տարբերվում հանարապետական կարգերը միապետական կարգերից և թե ինչո՞ւմ է գաղտնիքն ու խորհուրդը պառլամենտարիզմի:

Սակայն ընդունենք, որ ի վերջո ավելի դյուրությամբ կարելի էր ընտելանալ «ժողովրդավար հանրապետության» գաղափարին, քան «պառլամենտարիզմի» սկզբունքին, որ ինքնին պետությունը կառավարելու մի չափազանց նուրբ ու բարդ արվեստ է արդեն: Ավելին. որքան «ժողովրդավար հանրապետությունը» համապատասխանում էր մեր ժողովրդի դեմոկրատիկ կենցաղին, սովորույթներին ու բարքերին, այնքան ավելի խորթ էր նրա ազգային նկարագրին ու հիվանդագին կերպով զարգացած անհատականության «պառլամենտարիզմի» սկզբունքը: Սակայն փաստն այն է, որ Հայաստանը որոշեց հետևել մեր դարի ամենից լուսավոր ու առաջադեմ ճանաչված գաղափարներին: Կամ, ավելի ճիշտ, ժամանակ չունեցավ մտածելու և հետո որոշելու: Նա հետևեց ուրիշներին և յուրացրեց այն, ինչ հարգի էր մեր դարում:

Իսկական ընտրությունն անխուսափելիորեն պետք է կատարվեր հետագայում: Երբ ավելի խաղաղ ու բնականոն պայմաններում հարվիրեր Հայաստանի միակ լիազոր  ու օրինավոր տերը՝ նրա Սահմանադիր ժողովը:

Սակայն սկզբնական շրջանի համար որոշումը տրված էր արդեն և մնում էր հետևյալ նրան՝ ամենայն զգուշավորությամբ:

Որոշման սկզբնական մասը կիրառվեց «դյուրությամբ»:

Մեր ծայրահեղորեն դեմոկրատիկ բարքերի, իշխելու բնազդների բթացման ու դարավոր ստրկական անցյալից ժառանգած «առաքինությունների» հետևանքով այնպիսի զտարյուն ու բյուրեղացած դեմոկրատիզմ հաստատվեց Հայաստանում, որից խորշեց անգամ ինքն ամենից խստապահանջ դեմոկրատիզմը: Իշխանավորի հասկացողությունը գոլորշիացավ հպատակի մոտ, իսկ հպատակինը՝ չքացավ իշխանավորի աչքից և ստեղծվեց մի չնաշխարհիկ երկիր, ուր բոլոր մարդիկ, բոլոր դեպքերում ու բոլոր պայմանների տակ հավասարապես թե՛ իշխող են, և թե՛ իշխվող: Այսպես չէր մնա անշուշտ, սակայն այսպես էր անկասկած: Պիտի ենթադրել, որ նաև Հայաստանի հայը (ու նաև դաշնակցականը) հետագայում ձեռք կբերեր իշխելու և՛ գիտակցությունը, և՛ բնազդները: Պետք է ենթադրել, որ նա ևս գեթ մի չափով կսիրեր «դիկտատորական իշխանությունը», կփորձեր սահմանել իշխանավորի ու քաղաքացու իրավունքների  և պարտականությունների սահմանները և պահել ազատությունն ու դեմոկրատիզմը իրենց պատշաճ սահմաններում:

Բայց այս ամենը, նորից ենք կրկնում, հետագայի գործ էր: Սրա իրագործումը, դժբախտաբար, այնքան դյուրին չէր, որքան կարծում է մեր պարզամիտ քննադատը՝ հավատալով և հավատացնելով ուրիշներին, թե «Հայաստանը ռամկավար հանրապետություն էր: Դաշնակցությունը ոչ միայն հակառակ չէր դրան, այլ ինքն էր պահանջում այդ պետական ձևը»:

Դիտմամբ կրկնեցինք այս կտորը, որպեսզի միանգամայն ակնբախ լինի այն ընդարձակ տարածությունը, որ կա Քաջազնունու հավակնոտ լեզվի և նրա հայտնաբերած տգիտություն միջև, մասնավորաբար, պետական հարցերում:

Մեր քննադատը իր գրքույկի մի շարք էջերում շարունակ հոլովում է «պառլամենտ» ու «պառլամենտական» խոսքերը, առանց սակայն թափանցելու նրանց ներքին արժեքը:

Միանգամայն անկասկած է, որ իր շոշոփած հարցին անտեղյակ է նա, կամ, ինչպես ռուսն է ասում՝ «լսել է զանգը, սակայն չգիտի, թե որտեղից է ձայնը»:

Մեր քիչ վերը հիշատակած քաղվածքում Քաջազնունին փորձել է խտացրած ձևով տալ հայկական պետության բնորոշումը: Եվ նա տվել է, առանց, սակայն, «փիղը նշմարելու»:

Միանգամայն ճիշտ է, որ «Հայաստանը ռամկավար հանարապետություն էր», ինչպես ճիշտ է և այն, որ այդ պահանջն էր Հ. Յ. Դաշնակցության:

Սակայն այս, նախ՝ հարցի միայն մեկ մասն է, և ապա՝  «ռամկավար հանրապետությունը» բնավ «պետական ձև» չէ: Պետական հասկացողություններն իրենց որոշ տերմիններն ունեն, որոնք պետք է գործածվեն տեղին ու որոշ:

Այս պահանջը արդար է մասնավորաբար մեկից, որ գրավել է Հայաստանի վարչապետական աթոռը երեկ և որ պետական իմաստության դասեր է տալիս այսօր:

Պետության ընդհանուր տեսության մեջ ընդունված է տարբերել «պետական ձևը» (պառլամենտարիզմ, դուալիզմ, կոնգրեսիոնալիզմ, շվեյցարական ուրույն ձևը և այլն) «պետական կարգերից (հանրապետական, միապետական, միապետական-սահմանադրական և այլն), ինչպես նաև «կառավարելու համակարգը» (ցենտրալիզմ, դեցենտալիզմ և այլն) իշխող ռեժիմից (բռնակալական, բյուրոկրատական, ռամկավար և այլն): Այս հասկացողությունները հաճախ շփոթում են մարդիկ և անիմաստ կերպով գործածում փոխն ի փոխ: Սակայն ինչ ներելի է մեկին, երբեք ներելի չէ մյուսին:

Հասկացողությունները պետք է իրենց իմաստը պահեն գեթ այն դեպքերում ու գոնե նրանց  կողմից, որոնք հավակնություն ունեն աջ ու ձախ մեղադրանքներ կարդալու և ամենքին անխտիր պետական իմաստության դասեր տալու:

Սակայն բոլորովին դիպվածական չէ, որ Քաջազնունու բնորոշման մեջ «ռամկավար հանրապետությունը» դարձել է «պետական ձև», իսկ «պետական ձևն» էլ՝ անհատ գոլորշացել:

Ըմբռնումների և հասկացողությունների այս աղաղակող շփոթն ու թերին մենք մեր քննադատի մոտ նշմարում ենք ոչ առաջին անգամ:

Եվ ճիշտ այս պատճառով է նաև, որ հետագայում, երբ նա անհարկի կերպով սկսում է խաղալ «պառլամենտ» ու «պառլամենտական» խոսքերի հետ, նա հանդես է բերում այնքան բացահայտ տգիտություն:

«Պառլամենտ չկար Հայաստնում», այլ, ըստ Քաջազնունու (մի անգամ էլ կրկնենք) կար «դատարկ ձև առանց պարունակության», որովհետև Հայաստանում «դիկտատորական իշխանություն էր, որ տալիս էր Դաշնակցության Բյուրոյին Հայաստանի պառլամենտը (այսինքն՝ դաշնակցական ֆրակցիան, այսինքն՝ Բյուրոն)»: Այսինքն՝ պարզ բառախաղություն, որի և ոչ մեկ խոսքը ո՛չ տեղին է, և ո՛չ էլ՝ համապատասխան իրականություն:

Սակայն ամենից դժվարը պարլամենտարիզմի հիմնական սկզբունքները յուրացնելն ու գործադրելն էր կյանքում:

Այս հարցը մեր պետական ըմբռնողության փորձաքարը պիտի դառնար:

Պառլամենտար պետական ձևը, իբրև նախապայման, ենթադրում է, մասնավորաբար, երկու հիմնական նախադրյալ: Պառլամենտարիզմը, նախ՝ գերազանցորեն կուսակցական պետական ձևը է, և, երկրորդ՝ նրա իշխանությունը կրում է բացահայտորեն քաղաքական բնույթ: Պարլամենտարիզմը ոչ թե ներկայացուցչական մարմինների միջոցով կառավարելու ձև է, այլ, ընդհակառակը, ներկայացուցչական մարմինները միջոց են, որպեսզի կուսակցությունները կուսակցական դահլիճներով կարողանան երկիրը կառավարել: Պառլամենտարիզմի բնույթը գծելու ժամանակ շեշտը պետք է դնել ո՛չ թե «ռամկավարության», ո՛չ թե «հանրապետականության», և ո՛չ էլ «ներկայացուցչականության» վրա, այլ միայն և բացառաբար տվյալ պետական ձևի (կամ, ավելի ճիշտ՝ նրա իշխանության) կուսակցականության վրա: Ծանրության կենտրոնը, հիմնականն ու բնորոշը, էականն ու հատկանշանականը այստեղ է և ոչ մեկ որևե ուրիշ տեղ: Մեկ որևէ երկիր կարող է լինել հանրապետական, բայց ոչ՝ պառլամենտար, ինչպես, օրինակ Ամերիկան է, և կամ, ընդհակառակը՝ լինել ոչ հանրապետական, բայց պառլամենտար, ինչպես, օրինակ, Բելգիան է: Կարող է որևե երկիր ամենակատարյալ տեսակի ներկայացուցչական մարմին ունենալ, բայց հեռավոր աղերսն անգամ չունենալ պառլամենտարիզմի հետ, ինչպես, օրինակ, Շվեյցարիան է, և կամ ունենալ եղծված ներկայացուցչություն, բայց պառլամենտար ձև, ինչպես, օրինակ, Իտալիան է: Կարող է, վերջապես, որևե երկիր լինել իբրև ռամկավարության դասական օրրանը, բայց հեռու մնալ պառլամենտարիզմից, ինչպես, օրինակ, աշխարհիս երկու ամենից ռամկավար երկրներն են՝ Ամերիկան և Շվեյցարիան, և կամ, ընդհակառակը, լինել պառլամենտար, բայց ոչ ռամկավար, ինչպես, օրինակ, Բալկանյան մի շարք պետություններն են:

Այնպես որ, ասել, թե՝ «Հայաստանը ռամկավար հանրապետություն էր, Դաշնակցությունն էլ ոչ միայն հակառակ չէր դրան, այլ ինքն էր պահանջում այդ պետական ձևը», սա կնշանակի, ըստ էության, բացարձակապես ոչինչ չասել (շոշափած հարցի տեսակետից), շփոթել բոլոր գաղափարները միմյանց հետ և հիմն ի վեր շրջել ամեն հասկացողություն:

Մեր որդեգրած պետական դավանանքի մեջ (կարևորը հո «հանրապետությունը» չէ՞ր (մենք արքաներ չունեինք), ոչ էլ ռամկավարությունը (որ աստիճանաբար պիտի պետական առողջ առաքինություն դառնար), կամ ժողովրդական ներկայացուցչությունը (որ հասկանալի է ինքնին): Կարևորն ու էականը պառլամենտար պետական ձևն էր, որ յուրացրեց մեր մանուկ հանրապետությունը և այնքան մեծ փափկանկատությամբ գործադրեց կյանքում:

Որովհետև, յուրացնելով պառլամենտարիզմի սկզբունքը, մենք այդպիսով ինքնին արդեն հարազատած էինք կուսակցությունների միջոցով մեր երկիրը կառավարելու պետական ուղին:

Ահա թե ուր է թագնված խնդրի ծանրության կենտրոնը: Մեր ընդգծած պարագան այնքան կարևորագույն արժեք ունեցող խնդիր է, որ պառլամենտարիզմի դասական օրրան երկու մեծ երկիրների անվանի պետականագետները հաճախ իրենց երկրներին «կուսակցական կառավարություն» անունն են տալիս: «Պառլամենտարիզմ» ու «կուսակցական կառավարություն» խոսքերը միանգամայն հոմանիշ են իրար, փոխարինում են միմիյանց և գործածվում փոխն ի փոխ, առանց որևե մեկի լսողությունը վրդովելու (մեր խոսքը, անշուշտ, Քաջազնունիների մասին չէ):

«Պառլամենտար կառավարությունը անհրաժեշտորեն կուսակցական կառավարություն է: Սա նույնիսկ այն անունն է, որ նրան տալիս են՝ party government»:

Ասում է պառլամենտարիզմի անվանի տեսաբաններից մեկը՝ Էսմէնը:

«Անգլիացիները պառլամենտար կառավարությունը անվանում են կուսակցական կառավարություն՝ le gouvernement de parti, նույն ուսումնասիրության մեջ մեկ այլ տեղ ասում է նույն Էսմենը, խոսելով պառլամենտարիզմի դասական երկրի՝ Անգլիայի մասին:

Նման կարծիքների շարանը կարելի էր անվերջ երկարել, առանց հարցի էությունը փոխելու: Պառլամենտար կառավարությունը ինքնին արդեն ենթադրում է նրա կուսակցական լինելը, կամ, ավելի ճիշտ, եթե կառավարությունը պառլամենտար է, ապա նա անհրաժեշտորեն արդեն կուսակցական է. այս է առողջն ու բնականը, ճշմարիտն ու իրավացին: Ավելի որոշ, եթե մի որևե երկիր պառլամենտար պետական ձև ունի, ապա նրա կառավարությունը ոչ միայն կուսակցական է, այլ այդ կառավարությունը, կառավարական դահլիճը պատկանում է միայն մեկ կուսակցության: Հակառակը՝ շեղումն է ճշմարիտ պառլամենտարիզմից, դեմ է նրա ներքին էությանը և չի բխում նրա հիմնական սկզբունքներից: Սակայն Քաջազնունին այլ կերպ է խորհում: Նա մեղադրում է Դաշնակցությանը այն բանի մեջ, որ վերջինս ինքն է վարել երկիրը, կառավարությանը տալով կուսակցական բնույթ, իսկ Մայիսյան շարժումների ընթացքում էլ, իբրև բացառություն, ամբողջությամբ իր ձեռքն է առել կառավարության ղեկը: Մեղադրում է, հավատացած անշուշտ, թե խոսում է հանուն «պառլամենտարիզմի», հանուն «պառլամենտար» ճշմարիտ ըմբռնումների: Չէ՞ որ, վերջապես, խոսողը Հայաստանի անդրանիկ վարչապետն է, որի կոչումը իրեն «իրավունք» է տալիս «պետականության» դասեր տալու մեզ, իսկ մեզ էլ պարտավորեցնում է՝ իրեն լսելու:

Մեկ հիշեցնում ևս:

Պառլամենտարիզմը ենթադրում է ոչ միայն կուսակցական կառավարություն, այլև մի այնպիսի խորհրդարան, ուր կողք-կողքի կեցած են երկու հոսանքներ, որոնցից մեկին՝ մեծամասնության՝ ամբողջությամբ ու բացառաբար պատկանում է կառավարական դահլիճը, իսկ մյուսին՝ փոքրամասնության՝ առաջին ընդիմադիր թև կազմելու իրավունքն ու պարտականությունը:

Բայց մի՞թե այս սկզբունքը խախտեց Դաշնակցությունը: Կովկասյան իրականության մեջ կային երեք ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ՝ մենշևիկ սոցիալ-դեմոկրատները՝ վրացական ժողովրդի մեջ, Դաշնակցությունը՝ հայության, իսկ Մուսավաթը՝ թաթարների մոտ: Այս փաստը ակնբախորեն երևան եկավ Համառուսական Սահմանադիր ժողովի ընտրության ժամանակ, երբ ընտրությունները շահեցին պայքարող կուսակցություններից միայն երեքը. մենշևիկ սոցիալ-դեմոկրատները (12 տեղ), Մուսավաթը (10 տեղ) և Հ. Յ. Դաշնակցությունը  (9 տեղ):

«Հայության ներսում այս ընտրությունները եկան մեկ անգամ ևս ապացուցելու, կրկնենք հենց իր՝ Քաջազնունու խոսքերը, որ ամենից զորեղ, ավելի ճիշտը՝ միակ զորեղ, միակ կազմակերպված կուսակցությունը Հ. Յ. Դաշնակցությունն է»:

Արդ, քանի որ ա՛յս էր կացությունը կովկասահայ իրականության մեջ ու քանի որ Քաազնունին կշտամբանքի և ո՛չ մեկ խոսք ունի Սահմանադիր Ժողովի ընտրությունների առիթով, այդ պարագայում ինչո՞ւ զարմանալ, որ Հայաստանի պառլամենտի ընտրությունների ժամանակ Հայաստանը ստեղծող ու Հայաստանը պահող միակ կազմակերպությունը՝ Հ. Յ. Դաշնակցությունը՝ պատգամավորական 80 տեղերից շահեց 72-ը: Ինչո՞ւ Հայաստանի ընտրություններում ուրիշ բան տեսնել և այդ ընտրությունների առիթով էլ Դաշնակցության այլ վերագրումներ անել: Ինչո՞ւ արդյոք: Ինչո՞ւ չնդունել, որ «ամենից զորեղ, ավելի ճիշտ՝ միակ զորեղ, միակ կազմակերպված կուսակցությունը՝ Հ. Յ. Դաշնակցությունը, անխուսափելիորեն ընտրական այդպիսի արդյունքի պիտի հասներ: Մի՞թե Դաշնակցությունը պատասխանատու է նաև նրա համար, որ իրենից դուրս, դժբախտաբար, ուրիշ կազմակերպված ուժ չկար ու չկա հայ կյանքում: Մի՞թե պատասխանատվությունը երբևե կարելի է այսքան այլանդակ չափերի հասցնել:

Սակայն պետք է ընդունել միաժամանակ, որ ընտրական այս արդյունքը մի չափով պատահական էր: Դաշնակցությունը 80 տեղերից շահեց 72-ը առավելապես այն պատճառով, որ Ժողովրդական կուսակցությունը խռովեց ընտրություններից, բոյկոտեց այն և «ասպետականորեն» քաշվեց ասպարեզից: Եթե ժողովրդականները մասնակցեին ընտրություններին, հավանաբար, պիտի շահեին մինչև 20 տեղ, կազմելով այսպիսով, մնացյալ 8 ոչ դաշնակցական պատգամավորների հետ մի չափազանց զորավոր ընդդիմադիր թև: Չմոռանանք, որ դաշնակցական 72 պատգամավորներից առ առավելը 50 հոգի գտնվում էին Հայաստանի սահմաններում, իսկ մնացյալները այլևայլ կարևոր հանձնարարություններով երկրից դուրս էին:

Մեր մատնանշած պայմաններում Հայաստանի խորհրդարանում ուժերը պիտի բաշխվեին հավանաբար հետևյալ ձևերով.

դաշնակցականները- 50,

ընդիմադիրները- 30:

Այսպես պիտի լիներ, անշուշտ, և այսպես էլ կլիներ՝ գերազանցորեն պառլամենտար մեկ կազմ:

Սակայն Դաշնակցության հակառակորդները այդպես չարեցին: Նրանք նախընտրեցին քաշվել ասպարեզից, ըստ ավանդության միայն ձգտել հայ կյանքի միակ քաղաքական ազդակը՝ հետագայում նրա քննադատների դիրքը ավելի «ամրացնելու» համար:

Մի քանի խոսք ևս:

Մենք ասացինք, որ պառլամենտար կառավարությունը ո՛չ միայն անհրաժեշտորեն կուսակցական կառավարություն է, այլև, միաժամանկ, գերազանցապես քաղաքական մարմին է: Նաև այս ճշմարտությունը չկարողացան ըմբռնել «պետական իմաստության» տիրացած մեր հակառակորդները: Նրանց համար կշտամբանքի ու զրպարտության անվերջ աղբյուր էր այն, թե Հայաստանի ելևմտական նախարարը իրավաբան է, զինվորական նախարարը՝ քիմիկոս, արդարադատությանը՝ ընկերաբան. այսպես նաև մյուսները: Այո՛, չմբռնեցին, որ պառլամենտար պետական ձևն իր նախարարից քաղաքական ստաժ, քաղաքական հասունության վկայական է պահանջում միայն, բայց ոչ երբեք՝ մասնագիտական:

Նրանք պառլամենտար ձև պահանջեցին Հայաստանի համար, իսկ ուրիշ երգ երգեցին քննադատելու ժամանակ: Նրանք պարզապես նմանվեցին Մոլիերի այն հերոսին,- ասա՛ ու կրկնիր,- որ քառասուն տարի «արձակ» է խոսում, առանց գիտակցելու սակայն, որ խոսածը «արձակ» է:

Շարունակելի, նախորդ հատվածը՝ https://www.aniarc.am/2015/12/22/vahan-navasardian-part-12/