Քաջազնունի. ՀՅԴ-ն Բաքվում 1918-ին

1971

Հատված Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից

1917 թվականի սեպտեմբերի վերջերին Թիֆլիսում տեղի ունեցավ հայ Ազգային Համագումարը: Կազմվեց Ազգային ժողով և իբրև գործադիր մարմին՝ Ազգային կենտրոնական խորհուրդ:

Այս ազգային խորհուրդն էր, որ հետագայում խոսեց Անդրկովկասի հայ ժողովրդի անունից ու ասպարեզ եկավ իբրև համազգային լիազոր ներկայացուցչություն:

Թե համագումարում, թե ժողովում և թե խորհրդում գերիշխող տեղը պատկանում էր Հ. Յ. Դաշնակցությանը:Նույն տարվա վերջերին Անդրկովկասում տեղի ունեցան պատգամավորական ընտրությունները՝ Համառուսական Սահմանադիր ժողովի համար:

Պայքարող կուսակցությունների մեջ ամենից ավելի տեղ շահեց մենշևիկ սոցիալ-դեմոկրատականը (12 տեղ), ապա Մուսավաթը՝ (10 տեղ) ու Հ. Յ. Դաշնակցությունը (9 տեղ): Հետո գալիս էին աննշան թվերով ուրիշ կուսակցություններ:

Երեք գլխավոր կուսակցությունները ներկայացնում էին Անդրկովկասի երեք գլխավոր ազգությունները, որոնք, ըստ քաղաքական կշռի, դասավորվեցին այսպես՝ վրացի, թաթար, հայ:

Իսկ հայության ներսում այս ընտրությունները եկան մեկ անգամ ևս ապացուցելու, որ ամենից զորեղ, ավելի ճիշտ՝ միակ զորեղ, միակ կազմակերպված կուսակցությունը  Հ. Յ. Դաշնակցությունն է:

Համառուսական Սահմանադիր ժողովը չգումարվեց: Հոկտեմբերին բռնկվեց բոլշևիկյան հեղափոխությունը, հաղթանակեց Պետրոգրադում ու Մոսկվայում, հայտարարեց խորհրդային իրավակարգ և թույլ չտվեց, որ հավաքվի դեմոկրատական սկզբունքներով ընտրված Սահմանադիր ժողովը, նկատելով այն բուրժուական հաստատություն:

Անդրկովկասը հավատարիմ մնաց փետրվարյան հեղափոխությանը և չուզեց ճանաչել խորհրդային կարգերն ու իշխանությունը:

Ի՞նչու:

Որովհետև մեր ծայրագավառում գերիշխող կուսակցությունները կանգնած էին լայն ռամկավարական տեսակետների վրա, ուստի և չէին կարող ընդունել դասակարգային ու մանավանդ կուսակցական դիկտատուրա: Ապա համոզված էին, որ կոմունիստական կամ նույնիսկ պարզ սոցիալիստական հասարակարգի համար երկիրը չի հասունացած տակավին (էլ չեմ ասում, որ Մուսավաթը բնավ չուներ սոցիալիստական դավանանք, Հ. Յ. Դաշնակցության սոցիալիստականությունը մակերևույթային էր, ուղեղային, կուսակցական զանգվածներում առանց խոր հիմքերի. իսկ վրացի մենշևիկների շարքում շատ ուժեղ էր ազգայնական, հակառուսական հոսանքը):

Երկրորդ. բոլշևիկյան Մոսկվան անջատված էր Անդրկովկասից հակաբոլշևիկյան Դոնով, Կուբանով և Հյուսիսային Կովկասով: Սկսվել էր քաղաքացիական կռիվ: Հեռավոր Մոսկվան չէր կարող թելադրել իր կամքը Անդրկովկասին, ոչ էլ օգնության գալ նրան, մինչդեռ մեր անմիջական հարևանները՝ Կուբանի կազակները և Ալեքսեև-Դենիկինյան հակաբոլշևիկյան բանակը ամեն օր կարող էին դարձնել իրենց զենքը մեր դեմ:

Երրորդ. Անդրկովկասի քաղաքականության ուղղություն տվող վրացի մենշևիկները, կուսակցական [տեսանկյունից] կատաղի հակառակորդ էին իրենցից անջատված բոլշևիկներից: Հավատարիմ իրենց դավանանքին ու կուսակցական ընդհանուր քաղաքականության, մենշևիկները մեր երկրում վարում էին նույն պայքարը, ինչ իրենց ռուս ընկերները Ռուսաստանում: Մուսավաթը, մտահոգված Բաքվին տիրանալու խնդրով ու տարված պանթուրքական իդեալներով, ձգտում էր օր առաջ կտրել բոլոր կապերը Ռուսաստանի հետ: Հ. Յ. Դաշնակցությունը, որ Բաքվում, վախենալով թուրքական տիրապետությունից, բավականին սերտ կապակցություն ուներ տեղական բոլշևիկների հետ ու նույնիսկ գործակցում էր նրանց [հետ], Թիֆլիսում չէր կարող վարել վրացիներին ու թուրքերին հակառակ՝ հակաբոլշևիկյան քաղաքականություն: Չէր կարող, եթե իսկ ցանկանար: Բայց ցանկություն էլ չուներ, որովհետև ոչ բոլշևիկյան գաղափարախոսությունը, ոչ էլ գործելակերպը չէին հրապուրում իրեն:

Մեր կուսակցությունը հակաբոլշևիկյան բանակում էր՝ մասամբ իր ներքին համոզումներով, մասամբ էլ արտաքին պայմանների ճնշման տակ:

Ի դեպ է հիշեցնել այստեղ այն միջին ու տատանվող դիրքը, որ բռնել էին մեր ընկերները Բաքվում:

Արդյունաբերական Բաքուն իր բազմահազար բանվորությունով ու բանվորական ուժեղ կազմակերպություններով ամենից ավելի նպաստավոր պայմաններ էր ներկայացնում. բոլշևիզմի զարգացման համար սա միակ վայրն էր Անդրկովկասում, ուր բոլշևիկները, հեղափոխության առաջին իսկ օրերից, հաստատուն ապաստան ու հենակետ էին գտել:

Ձևականորեն, Բաքուն չէր բացառում Անդրկովկասյան Կոմիսարիատի իշխանությունը, նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, բայց, փաստորեն, գործերը վարում էին երկու տեղական հաստատություններ՝ Հասարակական հիմնարկությունների խորհուրդը և Բանվորական պատվիրակների խորհուրդը:

Առաջինում գերիշխում էր հակաբոլշևիկյան հոսանքը, երկրորդում՝ բոլշևիկյանը:

Մեր կուսակցությունը ուներ իր ներկայացուցիչները թե առաջինի և թե երկրորդի մեջ:

Այս երկու միմյանցից անկախ ու տարբեր բնույթ ունեցող մարմինները բացահայտ մրցման մեջ էին իշխանության տիրապետելու համար: Առաջին շրջանում ուժը Հասարակական հիմնարկությունների ձեռքին էր (այստեղ չափավոր սոցիալիստները լռելյայն բլոկ էին կազմել լիբերալ բուրժուազիայի հետ՝ բոլշևիկների դեմ), բայց բանվորական խորհուրդը զորեղանում էր օր օրի վրա և 1918թ. հունվարին դրության տերն էր արդեն:

Խորհրդին ուղղություն տվողը բոլշևիկյան հատվածն էր:

Մեծ ուժ չէին ներկայացնում այն ժամանակ բոլշևիկները, նրանց հաջողությունը հիմնված էր գլխավորապես այն փոխադարձ անվստահության վրա, որ տիրում էր հակառակ բանակի ներսում:

Բոլշևիկներին իրական ուժ կարող էին հակադրել երկու կուսակցություն միայն. թաթարական Մուսավաթն ու հայկական Դաշնակցությունը: Բայց հակադրելու և հաջողություն ունենալու համար պետք էր, որ սրանք անվերապահորեն միանային, մի բան, որ անկարելի էր, որովհետև չկար փոխադարձ հավատ ու վստահություն: Դաշնակցությունը հասկանում էր, որ Մուսավաթին հարկավոր է իր բարեկամությունը այնչափ միայն, որչափ գոյություն ունի բոլշևիկյան սպառնալիքն ու վտանգը: Բոլշևիկներին չեզոքացնելուց հետո Մուսավաթը, երկրորդ հերթին, ասպարեզից վերացնելու էր նաև Դաշնակցությանը: Կասկած չկար, որ նույնը անելու են և բոլշևիկները, երբ Դաշնակցության զինված խմբերի օգնությամբ խորտակեն Մուսավաթը: Բայց Բաքվի հայ ազգաբնակչության ապահովության տեսակետից բոլշևիկյան դիկտատուրան շատ ավելի ընդունելի էր (կամ պակաս անընդունելի), քան Մուսավաթինը:

Այս էր պատճառը, որ մերոնք Բաքվում ավելի ու ավելի տարվում էին բոլշևիկյան հոսանքով ու մի տեսակ հենարան էին դառնում բոլշևիկների համար:

Ինչպես Թիֆլիսում մենք ակամայից ընկել էինք վրացի մենշևիկների հեգեմոնիայի տակ, ճիշտ այնպես էլ Բաքվում ընկել էինք ռուս բոլշևիկների հեգեմոնիայի տակ: Երկու դեպքում էլ մեզ կաշկանդողը թուրք-թաթարական սպառնալիքն էր:

Մեզ վրա հենված, բոլշևիկները Բաքվում խորտակեցին Մուսավաթի ուժը 1918 թվականի մարտին, իսկ մենք՝ հենված բոլշևիկների և առհասարակ ռուս տարրի վրա և սրանց հետ միասին, կարողացանք Բաքուն պաշտպանել թուրք-թաթարական հարձակումներից:

Ապա, արդեն մեր նախաձեռնությամբև հակառակ բոլշևիկների կամքի, անգլիական զորքեր բերինք Պարսկաստանից (դա վերջին ժամին էր, երբ բոլշևիկները պատրաստվում էին փախչել Ռուսաստան ու արդեն նստել էին նավերը):

Եթե անգլիացիները լրջորեն ամրանային Բաքվում, հավանական է, որ անցքերը մի քիչ տարբեր ընթացք ունենային: Բայց անգլիական փոքրաթիվ զորքերը շուտով լքեցին քաղաքը, նստեցին նավերն ու վերադարձան Պարսկաստան:

Մենք մնացինք մենակ և ուրիշ բան չէինք կարող անել, քան հետևել անգլիացիների օրինակին՝ փախչել Պարսկաստան:

Ադրբեջանի կառավարությունը, որ մինչ այդ նստած էր Գանձակում, թուրքական բանակի ու զինված խուժանի հետ միասին մտավ Բաքու: Տեղի ունեցավ հայ բնակչության անխնա ջարդը (ինչպես մարտ ամսին՝ բոլշևիկ-մուսավաթական կռվի ժամանակ տեղի էր ունեցել, պակաս չափերով, թուրք ազգաբնակչության ջարդը):

Այս դեպքերը կատարվում էին Հայաստանից դուրս՝ թաթարական մի հեռավոր վայրում, բայց անմիջապես անդրադառնում էին մեր քաղաքական կացության վրա, բարդացնում և դժվարացնում այն:

Թաթարները շարունակ թուրքերին գրգռում էին մեր դեմ, շտապեցնում էին նրանց առաջխաղացումը՝ Բաքուն օր առաջ ազատելու համար և վարպետորեն շահագործում էին մարտ ամսվա կոտորածները՝ վերագրելով այն բացառապես հայերին: Վրացիները, բնականորեն, չէին հավանում մեր գործակցությանը բոլշևիկների հետ, ծուռ աչքով էին նայում մեզ, կասկածելով, թե հարմար առիթիի ենք սպասում, որպեսզի բաց անենք Անդրկովկասի դռները ռուս բոլշևիկների առջև: Ապա բերել անգլիական զորքերը այն ժամանակ, երբ Թիֆլիսում նստած էին գերմանացիները, որոնց հետ վրացիները սիրային ֆլիրտի մեջ էին, սա նկատվում էր դավաճանություն վրաց-գերման, թուրք-թաթարական քաղաքականության [նկատմամբ]:

Բաքվում բռնած մեր դիրքը մեզ անվստահելի դաշնակից էր դարձրել մեր կասկածոտ հարևանների աչքում և ենթակա՝ սրանից բխող բոլոր դժվարությունների:

Իսկ Բաքվի մեր ընկերները շարունակում էին տանել իրենց սեփական քաղաքական գիծը նաև այն հաշվով, թե, ամրանալով Բաքվում ու իրենց վրա քաշելով թուրք-թաթարական ուժերը, ազատած կլինեն Հայաստանի մնացորդը թուրքական արշավանքից:

Բաքվի էպիզոդիկ խնդիրը միանգամից սպառելու համար պատմությունը շատ առաջ տարա, մինչև 1918թ. աշունը: Վերադառնում եմ ժամանակագրական կարգին: