«Թավշյա» խորհրդարան. ովքեր են լինելու նոր Ազգային ժողովի ուժերը

2417

Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Թավշյա հեղափոխությունից հետո սրանք երկրորդ ընտրություններն են և ինչպես սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի Ավագանու ընտրություններում, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, բացահայտ առավելությամբ հաղթանակ է տանելու:

Ինչպես Ավագանու դեպքում, դեկտեմբերյան ընտրությունները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու: 1990 թվականի խորհրդարանական և 1991-ի նախագահական ընտրություններից հետո դրանք լինելու են ընտրություններ, որոնց օրինականությունը և արդարությունը կասկածի տակ չի դրվելու բնակչության մեծամասնության կողմից:

Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր տրամաբանությունը: Գրեթե հնարավոր չէ մի իրավիճակ, երբ հեղափոխություն իրականացնող հիմնական ուժը չհաղթի ընտրություններում:

Ովքեր են լինելու նոր խորհրդարանում ներկայացված հիմնական ուժերը:

Անկասկած, Քաղաքացիական պայմանագիրը, որ կարող է հանդես գալ դաշինքով և այլ անունով, ինչպես Ավագանու ընտրություններում՝ Իմ քայլը, հաղթելու է քվեների մեծամասնությամբ: Այդ հաղթանակը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու կազմել միակուսակցական կառավարություն:

Ցանկալի կլիներ, եթե Փաշինյանը զերծ մնար կոալիցիոն, ազգային կամ այլ անունով կառավարություններից: Քաղաքականությունը ունի տրամաբանություն և կանոններ. երբ ընտրությունների արդյունքերը թույլ են տալիս կազմավորել միակուսակցական կառավարություն, ապա այդպես էլ պետք է անել: Այսինքն, մեծամասնություն ես կազմում խորհրդարանում, ձևավորում ես կառավարություն և ստանձնում ամբողջական պատասխանատվություն:

Առաջին անգամ Հայաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորվել է 2002 թվականի կեծված խորհրդարանական ընտրություններից հետո: Հետագա խորհրդարանական ընտրություններից հետո էլ, որոնք ընթացքում տեղ են գտել համատարած կեղծիքներ ու ընտրողների կաշառում, ՀՀԿ-ն ցանկություն է հայտնել կոալիցիա կազմել ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ: Այս կոալիցիաները եղել են արհեստական, քանի որ ՀՀԿ-ն միայնակ կարող էր ձևավորել կառավարություն:

Դեկտեմբերին սպասվող ընտրություններում խորհրդարան անցնելու շեմը հավանաբար կկարողանա հաղթահարել նաև ԲՀԿ-ն: Ավագանու ընտրություններում օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած ուժը ստացավ 7 տոկոս քվե: Անցնող շաբաթներին ԲՀԿ-ն անուղղակի սիրախաղերի մեջ էր ՀՀԿ-ի հետ, միացավ վերջինիս նախաձեռնած քվեարկությանը ԱԺ-ում, ապա Ծառուկյանը ստիպված հուշագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ: Այս ամենը, անկասկած, ավելի հեղինակազրկեց կուսակցությանը: Դեկտեմբերյան ընտրություններում ԲՀԿ-ին թույլ չի տրվելու նախընտրական բարեգործություններ անել, թույլ չի տրվելու կաշառել ընտրողներին: Այդուհանդերձ, ԲՀԿ-ն հավանաբար կկարողանա ներկայացված լինել նոր՝ հետհեղափոխական ԱԺ-ում:

Եթե Ավագանու ընտրությունների արդյունքները վերցնենք մեկնակետ, ապա նոր խորհրդարան անցնելու հնարավորություն կունենա նաև Ելք-ից անջատված Լուսավոր Հայաստան-Հանրապետություն կուսակցությունների դաշինքը:

Մյուս կուսակցությունները, եթե, անշուշտ, չձևավորեն տրամաբանական դաշինքներ, ապա դժվար թե հաղթահարեն խորհրդարան անցնելու շեմը:

ՀՀԿ-ն, որը ունի համապետական և տեղական ընտրությունները կեղծելու հարուստ անցյալ, դեկտեմբերյան ընտրություններում, եթե մասնակցի, դժվար թե կարողանա ստանալ խորհրդարան անցնելու քվեներ: Ապրիլյան հեղափոխությունից հետո նրանք ունեին արժանապատիվ կերպով հեռանալու, կուսակցական շարքերը մաքրելու և կրկին վերադառնալու հնարավորություններ, սակայն Սերժ Սարգսյանի մնալը կուսակցության ղեկավարի պաշտոնում, ՀՀԿ-ի անվերապահ աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև այս կուսակցության հակահեղափոխական շարժումներն ու իրավիճակի ոչ ճիշտ գնահատումը ամբողջովին վարկաբեկեցին նրան:

Դժվար կացության մեջ է նաև ՀՅԴ-ն, որը, թեև խոսքով աջակցեց Թավշյա հեղափոխությանը, մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն նախորդ հինգ ամիսների ընթացքում թույլ տվեց մարտավարական սխալներ, ինչպես Ռոբերտ Քոչարյանին աջակցության պահն էր կամ ՀՀԿ-ին միանալը խորհրդարանական վերջին քվեարկության ընթացքում:

ՀՅԴ-ն Ավագանու ընտրություններում ստացավ քվեների 1.5 տոկոսից քիչ ավելին, ինչը ամենացածր արդյունքն է կուսակցության՝ ընտրությունների մասնակցության պատմության ընթացքում: Սրա պատճառը, անշուշտ, միայն ՀՅԴ-ի, ավելի ճիշտ՝ Հայաստանի ՀՅԴ-ի հեղինակության անկումը չէ, այլ հետհեղափոխական վիճակը՝ էյֆորիան, Նիկոլ Փաշինյանի չափազանց բարձր վարկանիշը:

Դեկտեմբերյան ընտրություններում ՀՅԴ-ին դժվար թե հաջողվի անցնել խորհրդարան: Հավանաբար արդարացված կլինի, եթե այս կուսակցությունը, որ նաև Սփյուռքում գործող ամենացանցային և տարածում ունեցող միավորումն է, բաց թողնի գալիք ընտրությունները, զբաղվի կուսակցական սերնդափոխությամբ և նախապատրաստվի հաջորդ ընտրություններին:

Ավագանու ընտրություններում մոտ 1.5 տոկոս ստացած ՕԵԿ-ը և Երկիր Ծիրանին ևս չեն կարողանա հաղթահարել անցողիկ շեմը:

Մինչև դեկտեմբեր քիչ ժամանակ է մնացել և այդ ընթացքում քաղաքական ուժերը դժվար թե հասցնեն ձևավորել դաշինքներ:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ