Զանգի-Բասարը (Մասիս) Երևանի խանության օրոք

4036

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից երկրորդը Զանգի-Բասարի մահալը (շրջան) էր: (Առաջինի՝ Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/10/kanaker-1832/, հինգերորդ՝ Շարուրի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/09/sharur-nakhijevan-1921/, վեցերորդ՝ Սուրմալուի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/08/arart-igdir-surmalu-khanate-of-yerevan/):

Զանգի-Բասարի, այսօրվա Մասիսի շրջանի կենտրոնը և ամենամեծ բնակավայրը Ուլուխանլուն (այսօրվա Մասիս քաղաքն) էր 1.737 բնակիչներով, բոլորը՝ մահմեդականներ: Մահալն ուներ 26 բնակավայր, ընդհանուր բնակչությունը 8.376 էր, որից մահմեդականները՝ 5.413, հայերը՝ 2.963 հոգի: Այս 2.963-ից 2.360-ը Զանգի-Բասար էր տեղափոխվել 1827-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում և անմիջապես հետո Պարսկաստանից: Դրանք այն հայերի ժառանգներն էին, որոնց նախնիները բռնի տեղահանվել էին 1604 թվականին Շահ Աբասի հրամանով:

Այսպիսով, նախքան Հայկական մարզի (1828-1840) ձևավորումը` 1828 թվականը, Զանգի-Բասարի մահալում հայերի թիվը, համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, կազմում էր 603 հոգի: Տեղացի հայերը բնակվում էին Շենգավիթում (48 հոգի), Նորագավիթում (158), Կալալիում (150), Շիրաբադում (215), Գյոք-Գունբադում (32):

Խանության կենտրոնը Երևան քաղաքն էր 11.417 բնակչությամբ, որից 7.286-ը`մահմեդականներ, 3.937-ը` հայեր: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Նկարում՝ Շենգավիթի հնավայրը