«Կա անմեղության կանխավարկած, մենք չենք լսել դեռ մյուս՝ Գրիգորյանների կողմին»

869

«Եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է կարծում եմ, որ դրան արդարացում չկա, սա է իմ գնահատականը»,«Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, համաձայն որի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն «ապրիլյան քառօրյա պատարեզմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդն օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու համար»։

«ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողնել որևէ հայ մարդու։ Այժմ պետք է հայտարարեմ, որ խնդիրը բացառապես գտնվում է իրավական տիրույթում, և պետք է հնարավորություն տալ նախաքննությանն՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել գործողություններ։ Բնականաբար այն, ինչ-որ հրապարակվեց մի բառով ասելը շատ դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն… եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ, որ դրան արդարացում չկա, սա է իմ գնահատականը, ով ուզում է դա անի՝ ես կանեմ, Դուք կանեք, մեկ ուրիշը կանի, հերոս կանի, ես կրկնում եմ, այն ինչ-որ հրապարակվեց, դա մտահոգիչ է, հիասթափեցնող է, վրդովմունք է առաջացնում», – ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ բանակի փայը գողացողը, բանակից մի հատ լումա վերցնողը ամենախիստ գնահատականին է արժանի։

«Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ կա անմեղության կանխավարկած, մենք չենք լսել դեռ մյուս կողմին՝ Գրիգորյանների կողմին։ Հետևենք գործի նախաքննությանը տեսնենք, թե ինչ է պարզվում, դատարանի վճիռը կլինի, կտեսնենք, բայց, կրկնում եմ, եթե ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում առկա նյութերը, նրանց իսկությունը՝ պարզվի, որ դրանք իրական են, և այն, ինչի համար, որ մեղադրվում է պատգամավորն իրականությանը համապատասխանում է, ես բառ չեմ կարող գտնել՝ ամենախիստ գնահատականին արժանի արարք է։ Ես արարքին եմ որակում տալիս։ Ես բազմաթիվ անգամ նշել եմ, նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից, որ բանակի փայը գողացողը, բանակից մի հատ լումա վերցնողն ամենախիստ գնահատականին է արժանի՝ անկախ նրանից մի հատ նասկի կգողանա զինվորից, թե՝ մի տոննա տուշոնկա, ինձ համար գնահատականը սա է»,- ասել է Շարմազանովը։