Մայիս 28, 1918. հայ կուսակցությունները ինչպե՞ս են քվեարկել թուրքական վերջնագրին

3097

1918 թվականի Մայիսի 28-ը թեև համարվում է Հայաստանի անկախության օր, իրականում այդ օրը միայն անուղղակի կապ ունի անկախության հետ:

1918-ի Մայիս 28-ը այն օրն է, երբ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը՝ բազմակուսակցական մի մարմին, քվեարկությամբ որոշեց ընդունել թուրքերի վերջնագիրը և Բաթում ուղարկել պատվիրակություն, որն էլ հունիսի 4-ին Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Հայաստանի Հանրապետության անունից:

Թուրքական վերջնագիրը կազմված էր երկու հիմնական կետից. Հայաստանը հռչակել անկախ և բանակցությունների նպատակով պատվիրակություն ուղարկել Բաթում:

Մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդն ու օրվա հիմնական քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, քվեարկությամբ դեմ էին արտահայտվել թուրքերի վերջնագրին՝ Հայաստանը հռչակել անկախ: ՀՅԴ-ն անկախությանը դեմ էր արտահայտվել 8 դեմ և 2 կողմ քվեով:

Նույն օրը, երբ ՀՅԴ-ականներ Ալեքսանդր Խատիսյանն ու Հովհաննես Քաջազնունին, ովքեր ժամ առաջ էին վերադարձել էին Բաթումից (որտեղ Անդրկովկասյան պատվիրակության կազմում բանակցություններ էին վարում թուրքերի հետ), հորդորեցին կուսակիցներին, որ Հայաստանի անկախության հռչակումն ու թուրքերի հետ բանակցելու վերջնագիրը ընդունելը այլընտրանք չունեն, կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունվեց թուրքերի վերջնագիրը:

Ապա տեղի ունեցավ քվեարկություն Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդում, որը հայ քաղաքական-հասարակական կյանքի գերագույն մարմինն էր: 8 կողմ և 6 դեմով ընդունվեց թուրքական վերջնագիրը:

Բազմակուսակցական մարմնում ձայները բաժանվեցին այսպես.

ՀՅԴ՝ 6 կողմ,

Հայ ժողովրդական կուսակցություն՝ 2 կողմ,

Սոցիալ դեմոկրատներ՝ 2 դեմ,

Սոցիալիստ հեղափոխականներ՝ 2 դեմ,

Անկուսակցականներ՝ 2 դեմ:

Ահա այսպես ընդունվեց թուրքական վերջնագիրը, և նույն օրն իսկ Խատիսյանը, Քաջազնունին և ժողովրդական Պապաջանյանը ուղևորվեցին Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու:

Հայաստանի անկախության տեքստը՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի, ընդունվեց 1918-ի Մայիսի 30-ին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար

Հայոց Ազգային խորհուրդ

1918թ. մայիս 30, Թիֆլիս

Նյութի աղբյուրը՝ Հայաստանի Ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 8, թերթ 100-133, պատճեն, մեքենագիր: Խատիսյանի օրագրությունը հրատարակության է պատրաստվել 1919թ. բնագրից կատարված մեքենագրության հիման վրա: