Հայկական բանակը շարժվում է դեպի Շարուր, Նախիջևան և Գողթն. 1920թ. ամառ

1760

1919 թվականի գարնանը բրիտանացիների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը իրեն միացրեց Նախիջևանը: Վարչապետ Խատիսյանը զորավար Դրոյի հետ մասին մայիսին գնացքով մեկնեց Նախիջևան՝ իր հետ տանելով նաև այնտեղ նշանակված նահանգապետ Գևորգ Վարշամյանին: Հայաստանը միայն երկու ամիս կարողացավ վերահսկողություն ունենալ Նախիջևանում: Թուրքերը հարձակվեցին, հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը՝ կարողացավ նահանջել: 1919-ի հուլիսի վերջերին Նախիջևանը այլևս չէր գտնվում Հայաստանի կազմում և այդպես շարունակվեց մինչև 1920 թվականի անկումը: Բացառությամբ Շարուրի, որը Հայաստանի կազմում էր մինչև 1920-ի աշուն:

ԱՆԻ կենտրոն

ՇԱՐՈՒՐ-ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ԵՒ ԳՈՂԹԱՆԻ ՎԵՐԱԳՐԱՒՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետութեան հերոսական բանակը Բոյուք–Վեդին գրաւելուց յետոյ կայծակի տրամաբանութեամբ շարժւում է առաջ, գրաււած է արդէն ամբողջ Շարուրը, նախկին դիրքերից մօտաւորապէս 75 վերստ երկարութեամբ մի տարածութիւն. մինչ մեր երկաթգծի կետ կայարանը՝ Ջուլֆան մնում է անցնել մօտաւորապէս. նոյնպէս հաւատացած ենք, որ մեր քաջարի բանակը նոյն արագութեամբ շարժւելով մօտ օրերս կը վերականգնի Հայաստանի օրինական իշխանութիւնը հայկական հինաւուրց Գողթանի և Նախիջևանի գաւառում:

Հայ զինւորը վերջ է դնում այն խայտառակ և մինչ այժմ անհանդուրժելի համարւած կացութեանը, որով մի ամբողջ տարի մայր երկրից կտրւել էր մեր պետութեան անվիճելի մասը կազմող Շարուր-Նախիջևանը: Հայ զինւորը վերջ է դնում համիսլամականութեան գործակալների շնորհիւ առաջացրած թաթարների ապստամբութեանը յիշեալ գաւառներում:

Երբ առաջին անգամ անգլիացիների աջակցութեամբ կցւեց մեր երկրին Նախիջևանը, կառավարութիւնը, կարծես, չկարողացաւ գնահատել այդ շրջանի ահագին տնտեսական  և ռազմական նշանակութիւնը մեր պետութեան համար, չգործադրեց ամեն մի միջոց պահպանելու նրան մեր ձեռքին: Սակայն մի տարւայ ընթացքում Պարսկաստանից մեր կտրւած լինելը արևի պէս պարզեց թէ ինչպէս անկախ Հայաստանին դժւար է ապրել, չը լինելով սահմանակից դրացի և բարեկամ Պարսկաստանին: Այժմ, կարծես, պարզւել է, որ այդ սահմանակցութիւնը և Ջուլֆայի կայարանը ոչ պակաս կարևոր են մեր հանրապետութեան խաղաղ և նորմալ զարգացման համար, որքան և ելքը դէպի ծովը և սեփական նաւահանգիստ ունենալը: Ընդունւած է, որ մարդ գնահատում է այն, ինչ որ չունի կամ ինչ որ կորցնում է:

Մեր հանրապետութեան կառավարութիւնը այժմ պարտաւորէ գործ դնել դիւանագիտական հմտութիւն և վարչական (ադմինիստրատիւ) խելացիութիւն, որպէսզի ի չիք չդարձւի մեծ յաջողութեամբ պսակւած մեր զօրքի ջանքերը. զէնքին օգնութեան պիտի գան խելքն ու փորձը:

Պէտք է համապատասխան միջոցներով ապահովել երկաթուղու ամբողջ գիծը մինչև Ջուլֆա, հաստատելով կանոնաւոր հաղորդակցութիւն: Այդ գծով Հայաստանը խոշոր տրանզիտային նշանակութիւն է ստանում հիւսիս-արևմտյան Պարսկաստանի համար և դառնում է այն ինչ մինչ այժմ եղել է մեզ համար Վրաստանը: Պէտք է այդ նոր շուկայում մեր տնտեսական շահերը ապահովել հայ-պարսկական առևտրադաշնով:

Պէտք է ստեղծել օրինաւոր, ամուր և լաւ իշխանութիւն վերագրաււած շրջաններում: Պէտք է խուսափել արկածախնդիր քայլերից: Վատ վարչութիւնը կարող է հիմք ծառայել մեր թշնամիների դաւերին: Սակայն և նոր իշխանութիւնը պէտք է ցոյց տայ, որ ապստամբութեան և անկարգապահութեան ամեն թոյլ փորձն իսկ կը յանդիպի ուժեղ ճնշման:

Շարուր-Նախիջևանի գաւառը կառաւարելու համար ազգաբնակութեան մէջ պէտք է ունենալ ամուր յենարան, այդպիսին հանդիսանալու են սկզբնական շրջանում ոչ այնքան նորաբնակ հայ գաղութներու որքան յիշեալ գաւառների այժմ տեղահան եղած ու գաղթած հայ տարրը՝ Նախիջևանի և Գողթանի տեղական հայութիւնը, ահա ով առաջին հերթին պիտի վերաշինի Հայաստանի այդ հարուստ ու կարևոր անկիւնը: Ոչինչ չը պիտի խնայել մեր հանրապետութեան հարաւ-արևելեան մասի ֆօրպոստ կազմող և մինչ այսօր արիւնաբար ինքնապաշտպանւող, սակայն կիսով չափ աւերւած երբեմնի ծաղկած Գողթանի վերականգման և ուժեղացման համար: «Ժողովրդի» էջերում մեր արտայայտւած յոյսը, թէ միացեալ Հայաստանի հետ պիտի յարութիւն առնի և Գողթանը, իրականանալու վրայ է:

Եղբայրակից և հարևան Պարսկաստանը մեր անկեղծ բարեկամներից է և մօտ ապագայում հայ պարսկական սահման պաշտպանելու համար մենք կարիք չպիտի զգանք մեծ քանակութեամբ զօրակայանում ոյժ ունենալուն, սակայն դեռ ևս վերագրաււած վայրերում պէտք է թողնել բաւականաչափ ոյժ, որպէսզի չը թոյլատրել մեր արտաքին և ներքին թշնամիներին իրանց դաւադրական փորձերը կատարեն մեր պետութեան այդ անվիճելի երկրամասում:

Շարուր Նախիջևանի և Գողթանի նշանակութիւնը մեծ է մեզ համար, նրանց պահպանութիւնը ևս պահանջելու է մեզնից մեծ ջանքեր:

Շարուր Նախիջևանի վերաբերմամբ հայ զինւորը պարզերես է անում մեզ աշխարհի առաջ և ցոյց է տալիս, որ գիտակից հայրենասիրութեամբ կարող է պաշտպանել ոչ միայն մեր բազմաթիւ և բազմապիսի թշնամիներից այժմեան հանրապետութիւնը, այլև իրականութիւն է դարձնելու միացեալ Հայաստանի անկախութիւնը:

Փարիզի մեր պատւիրակները կարող են բաց ճակատով և աւելի համարձակ դուրս գալ դիւանագէտների առաջ, իսկ Վիլսոնն ու Անտանտը թող աւելի վստահ ձեռքով գծեն միացեալ և անկախ Հայաստանի սահմանները:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/117.pdf

Ժողովուրդ, թիվ 117, չորեքշաբթի, 21 հուլիսի, 1920

Լուսանկարում՝ Նախիջևանը մեր օրերում, լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի