Հայաստան – 100` մեր պատմության 1000 օրերը. ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումների շարք

1073

Գալիք շաբաթվանից ՍիվիլՆեթը սկսում է տեքստային հրապարակումների շարք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Մենք ընտրել ենք «Հայաստան – 100. մեր պատմության 1000 օրերը» խորագիրը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ունեցավ մոտավորապես 1000 օրերի կյանք՝ 1918-ի մայիսից մինչև 1920-ի դեկտեմբեր կամ գուցե ավելի ճիշտ է ասել՝ 1921-ի ապրիլի 2 (կբացատրենք հոդվածներից մեկում):

Բացառապես արխիվային նյութերի, այն օրերի մամուլի հրապարակումների և պետական-քաղաքական գործիչների թողած հուշագրությունների հիման վրա ներկայացվելիք հոդվածները կլինեն փաստական, առանց պաթոսի ու միֆականացման և չեն ունենա վերլուծական բնույթ:

Յուրաքանչյուր հոդվածի վերջում, անհրաժեշտության դեպքում, կներկայացնենք հղումները, այն է՝ որտեղից ենք վերցրել այս կամ այն դեպքի մասին նկարագրությունը, այս կամ այն խոսքը, փաստաթուղթը, պայմանագիրը:

Հայաստանի Հանրապետության ծնունդը 1918-ի մայիսյան հերոսամարտերի և ստեղծված միջազգային-քաղաքական իրադրության արդյունքում հրաշք էր անշուշտ, որը պետք է և հպարտություն է հաղորդում մեզ: Սակայն, մյուս կողմից, պատմությանը չի կարելի մոտենալ մեր ցանկությունների և նախասիրությունների տեսանկյունից, մոռացության տալ այսօր արդեն ոչ ձեռնտու փաստերն ու իրողությունները և կամ ուռճացնել ու միֆականացնել դեմքերն ու դեպքերը, որոնք հաճախ չեն ունեցել այն կարևորությունը, ինչպես ներկայացվում է այսօր:

Հրապարակումների շարքը մենք կսկսենք 1917 թվականի փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններով և կավարտենք Լոզանով, որտեղ 1923-ին, ինչպես գրում է Հանրապետության հիմնադիր հայրերից վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, «Հայկական հարցը հոգևարք ապրեց»:

Մենք ամենայն մանրամասնությամբ կներկայացնենք 1918-ի գարնանը տեղի ունեցած Տրապիզոնի խորհրդաժողովը, Երևանի նահանգում տիրող իրավիճակը նախքան ՀՀ-ի հիմնադրումը, Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի գործունեությունը և Բաթումի թուրք-հայկական բանակցությունները, Քաջազնունու կառավարության մուտքը Հայաստան, Պոլսի կոնֆերանսն ու հայերի և երիտթուրք ոճրագործների ամենօրյա շփումները:

1918-ի կարևորագույն իրադարձությունների շարքում մեր ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի խորհրդի՝ առաջին խորհրդարանի և կառավարության գործունեությունը, Օսմանյան կայսրության պարտությունը Առաջին աշխարհամարտում և Հայաստանի սահմանների ընդարձակումը, դեկտեմբերին բռնկված հայ-վրացական երկշաբաթյա պատերամը:

Հայաստան-Ադրբեջան շփումները, դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկու երկրների միջև տարածքային հավակնություններն ու վեճերը, որոնք վերածվում էին բախումների, արյունալի ջարդերի ու փոխադարձ էթնիկ զտումների, մինչև օրս հանրամատչելի և համակողմանի կերպով չեն ներկայացվել հայ հանրությանը: Այդ բացը կփորձենք լրացնել:

Մանրամասնորեն կգրենք այն մասին, թե ինչպես Նախիջևանն ու Կարսը և հայկական այլ հողեր միացվեցին Հայաստանի Հանրապետությանը և ինչպես կորցրինք այդ նույն տարածքները: Հատկապես Նախիջևանի կորուստը 1919-ի ամռանը և Կարսի զավթումը քեմալականների կողմից 1920-ի հոկտեմբերին կներկայացնենք ամենայն մանրամասնությամբ, որպեսզի հասկանալի լինեն նաև մեր թույլ տված սխալները, որպեսզի մեր անհաջողությունների մեջ միայն դրսի ուժեր չփնտրենք՝ մեր մեղքերը բարդելով միայն հակառակորդների վրա:

1920 թվականի օգոստոսին Սևրի, ապա նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կնքված Ալեքսանդրապոլի դաշնագիրն ու թուրք-հայկական վերջին պատերազմը, թուրք-քեմալականների և ռուս-բոլշևիկների համատեղ գործողություններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, կլինեն մեր հրապարակումների շարքում:

Մենք ամենայն մանրամասնությամբ կներկայացնենք Հայաստանի Հանրապետության վերջին օրերն ու շաբաթները, Բաքվից բոլշևիկյան Հայհեղկոմի մուտքը Իջևան, ՀՅԴ Բյուրոյի որոշումը՝ իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել հայ բոլշևիկներին, Փետրվարյան ապստամբությունը, այդ շրջանում հայ-քեմալական շփումները և քեմալականների կողմից իրականացված ոճիրները Շիրակի դաշտավայրում:

Հրապարակումների շարքը մենք կավարտենք 1921 թվականի Կարսի պայմանագրով և Լոզանով:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ