Իգդիրի Ալիջան հայկական գյուղում խորհրդարանական ընտրությունները․ 1919թ

1153

Հայաստանում խորհրդարանական ընտրություններ և ընդհանրապես ընտրություններ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, տեղի են ունեցել 1919-ի ամռանը։ Այդ ընտրությունները բոյկոտեց Հայաստանի քաղաքական ուժերից Հայ ժողովրդական կուսակցությունը, որը ընտրություններից առաջ իշխող հիմնական ուժի՝ ՀՅԴ-ի հետ, կոալիցիոն կառավարություն էր կազմում, սակայն 1919-ի Մայիսի 28-ի ակտի հետ կապված տարաձայնությունների պատճառով հեռացել էր կոալիցիայից և ապա՝ բոյկոտել ՀՀ (1918-1920/21 թթ) խորհրդարանական առաջին և վերջին ընտրությունները։

Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ Ժողովուրդ պարբերականը լի է բազմաթիվ հրապարակումներով, թե ինչպես են այդ ընտրությունները կեղծվել։ Մենք չենք կարող 100 տարվա հեռավորությունից հասկանալ, արդյոք կեղծիքների ծավալը այնքան է, որքան նկարագրում է թերթը։ Ուշագրավ է սակայն, որ այն կեղծիքները, որ այսօր կիրառվում է Հայաստանում, կիրառվել է նաև 100 տարի առաջ, եթե հավատանք Ժողովուրդ թերթին՝ ընտրակաշառք, ավել քվեաթերթիկներ, վարչական լծակներ․․․

Ներկայացնում ենք մի հաղորդագրություն, թե ինչպես են ընտրությունները անցել Սուրմալուի Ալիջան հայկական գյուղում։ Այս գյուղը այսօր էլ կա, գտնվում է Հայաստանի Մարգարա գյուղի դիմաց՝ Արաքսի մյուս ափին, թուրքաբնակ է։ Այստեղ է գտնվում Հայաստան-Թուրքիա կամուրջը՝ Մարգարա-Ալիջան։ Սուրմալուն Իգդիր կենտրոնով ՀՀ մաս է կազմել մինչև 1920-ի հոկտեմբեր, երբ քեմալականները հաղթող դուրս եկան 1920-ի հայ-թուրքական վերջին պատերազմում, զավթեցին Սուրմալուն և Կարսը, ապա Ալեքսանդրապոլը։ 

Նշենք, որ 1919-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն հաղթեց բացարձակ առավելությամբ և ստացավ խորհրդարանական 80 աթոռներից 72-ը։ Երկրորդ տեղում սոցիալիստ հեղափոխականներն էին՝ էսէռները, որոնք Հայաստանը տեսնում էին միմիայն Ռուսաստանի կազմում։ 

ԱՆԻ կենտրոն

Իգդիրից հաղորդում են, որ Իգդիրում և Սուրմալուի շրջանի գյուղերում ընտրությունները շատ անկանոն են անցել: Շատ գյուղերում արձանագրություններ են կազմվել:

Օրինակ, Ալիջան գյուղում ձայնի իրավունք է ունեցել 223 հոգի, մինչդեռ ընտրություններից հետո արձանագրել են, որ Դաշնակցությունը ստացել է 350 ձայն, իսկ երբ բացել են արկղը, մեջը եղել է չծալված մաքուր 331 քվե։ Ինչպես երևում է, սովից և տիֆից մեռածները էն աշխարհում էլ չեն մոռացել Դաշնակցությանը և նրան են ձայն տվել:

Դաշնակցականները ամենուրեք ալյուր են խոստանում գյուղացիներին, եթե միայն ձայն տան Դաշնակցությանը, աչքի է ընկնում պարենավորման մինիստրության ներկայացուցիչ Լևոնիկը։

Այս շրջանում հավանական է էսեռները [սոցիալիստ հեղափոխականներ] ձայներ բավականին ստանան, սակայն հետաքրքիր է դրա պատճառը։ Էսէռների ռուսական օրիենտացիան այստեղ պարզ կերպարանք է ստացել, նույն գյուղացիներին ասում են ՝ եթե կամենում ես որ ռուս թագավորը գա, ձայնը տուր թիվ 3-ին [կուսակցական ցուցակ], իսկ թււրքերը ասում են՝ բըզ վերըբախ նոմեր 3, իստարախ Նիկոլայ գեալսըն, այսպիսով, ուրեմն, այս շրջանի էսէռների ստացած ձայները միանգամայն կարելի է վերագրել [ցար] Նիկոլային:

Հայ ժողովրդական կուսակցությունը Սուրմալուի շրջանում մեծ հող ունի, ժողովուրդը զզված է Դաշնակցությունից, որի քաղաքականության հետևանքով ավերվեց նրա տունն ու տեղը և տեսավ սով ու հիվանդություններ: Փաստորեն, ժողովրդի ահագին տոկոսը չի մասնակցել ընտրություններին. ժողովրդի կամքը կեղծված է ամենագռեհիկ կերպով:

Ժողովուրդ, Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 71, չորեքշաբթի, 2 հուլիսի, 1919թ․