Հարցեր Հայաստանի քաղաքական էլիտայի հետ հակասություններ չունեցած Արմեն Սարգսյանին

1867

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը արձագանքել է Հայաստանի նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի հարցազրույցին՝ Ֆեյսբուքի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․

Սկզբունքորեն հավատում եմ, որ ազնիվ էր և, անկասկած խելոք մարդ լինելով՝ ուղիղ և ոչ մանվածապատ պատասխաններ էր տալիս: Հավատում եմ նրա պատասխաններին: Հավատալով դրանց՝ երկու պատասխան կուզենայի առանձնացնել:

Առաջին՝ Արմեն Սարգսյանը, պատասխանելով Արամ Աբրահամյանի հարցին, ասաց, որ որ Հայաստանի քաղաքական էլիտայի հետ հակասություններ չի ունեցել և չունի:

Նշանակու՞մ է սա արդյոք, որ նա հակասություններ չի ունեցել և չունի “Հայաստանի քաղաքական էլիտայի” հետ որպես անձերի, թե՞ հակասություններ չի ունեցել և չունի նրանց վարած քաղաքական գծի հետ: Այդ թվում՝ ներքաղաքական:

Նշանակու՞մ է սա արդյոք, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական ծանր իրավիճակը համարում է բացառապես օբյեկտիվ պայմանների հետևանք, սուբյեկտիվ գործոններ չի տեսնում, այդ թվում համարու՞մ է, որ ՀՀ-ում իրականացվում է արդյունավետ կառավարում, ՛՛քաղաքական էլիտան՛՛ կոռուպացված չէ, չի կենտրոնացրել նյութական ռեսուրսները իր ձեռքերում, ՛՛քաղաքական էլիտան՛՛ չի կազմակերպում ընտրությունների կեղծարարությունը, չի ուզուրպացրել իշխանությունը, երկիրն իրավական է, որ մեր երկրում քաղաքական հետապնդումներ չկան, որ յուրաքանչյուրը, ով միտք, աշխատանք և նույնիսկ նյութական միջոցներ է ներդնում՝ երկրի օրենքներով պաշտպանված է արդյունքների հասնելու համար:

Որ արդյունքների հասնելու համար մարդն ստիպված չէ կոռուպցիոն համակարգի մաս դառնալ:

Կամ՝ որ արդյունքների կարող են հասնել միայն կոռուպցիոն համակարգում այս կամ այն կերպ ներգրավվածները:

Եվ որ դատարանը Հայաստանում չի գործում իրավունքի և օրենքի իրացմամբ: Եթե այս ամենը Արմեն Սարգսյանի համար որևէ երկրի բնական իրավիճակ է և Հայաստանը բացառություն չէ՝ մի բան է, որից, իհարկե, կարելի է ցավալի հետևություն անել, որ նա, հաջողություններ ունենալով, ստիպված ներգրավված է եղել այդ կարգի համակարգերի մեջ:

Եթե Արմեն Սարգսյանը սրանք Հայաստանում չի տեսնում և սրանց ծանոթ չէ՝ այլ բան է, որը նշանակում է, որ նա ծանոթ չէ հայաստանյան իրողություններին:

Եվ երրորդը՝ որից արվում է ցավոտ այլ հետևություն՝ այո, սրանք կան, բայց ինքը սրանք իրականացնողների հետ հակասություններ չի ունեցել և չունի:

Երկրորդը Արամ Աբրահամյանի “Ի՞նչ և ինչպե՞ս” անելու հարցի պատասխանն է։

Նախագահի թեկնածուն գտնում է, որ պետք է գործի բացառապես Սահմանադրությամբ նշված լիազորությունների և իրավունքների շրջանակում և որ Հայաստանում պետք է աշխատատեղեր ստեղծվեն:

Ի՞նչ պայմաններում պիտի ստեղծվեն այդ աշխատատեղերը, ինչպե՞ս են փաստացի շարունակ կրճատվում աշխատողների հնարավորությունները, ինչու՞ արտագաղթի ծավալները չեն նվազում, ինչու՞ ՛՛աշխատատեղեր ստեղծողները՛՛ ստիպված են փակել իրենց ՛՛աշխատատեղերը՛՛, ինչու՞ է ՛՛ազատ շուկայական տնտեսությամբ՛՛ երկրում մարդկանց համար այդքան գայթակղիչ ՛՛պետական պաշտոնյայի՛՛ աշխատանքը, ինչու՞ է այսքան ուռճացված հարկատուների հաշվին պահվող պետական ապարատը, և ինչու՞ է այդքան անարդյունավետ, ավելին՝ բացասական այդ ուռճացված ապարատի աշխատանքը, ինչու՞ են մարդիկ ստիպված ամեն դատարակ բանի համար կախված լինել այդ ապարատից…

Բայց դե հասկանալի է, որ սրանք ՀՀ նախագահի Սահմանադրությամբ նշված լիազորությունների և պարտականությունների շրջանակի հարցեր չեն, և իհարկե պարոն Արմեն Սարգսյանը Արամ Աբրահամյանի հարցին պատասխանելիս կարող էր նաև չանդրադառնալ ՛՛աշխատանքի և աշխատատեղերի՛՛ խնդրին:

«Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք «Լիդիանի» բաժնետեր չենք եղել»․ Արմեն Սարգսյան