Մեծավան. Հայաստանի ամենամեծ կաթոլիկ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

8097

Մեծավան գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի (նախկինում՝ Վորոնցովկա, Կալինինո) տարածաշրջանում, ծովի մակարդակից 1575 մետր բարձրության վրա, Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա:

Հայաստանի ամենամեծ կաթոլիկ գյուղն է և հանրապետության խոշորագույն բնակավայրերից մեկը: 

Նախկինում ունեցել է Շահնազար անունը: Մեծավան է անվանվել 1978 թվականին:

Գյուղի բնակչության հիմնական մասը 1800-ական թվականինների սկզբին գաղթել է Ալաշկերտի գավառի Երեցգյուղից (նաև` Իրիցու գեղ): Գյուղի մասին գրավոր արժանահավատ տեղեկություններ է ներկայացրել ժամանակին Հռոմում ուսանած Սարգիս Վարդապետ Յազիչյանը:

Մեծավան գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 123 հոգի, որից 117-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ,

1873 թվական – 1.128 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1.607 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 2.049 հոգի (ցարական մարդահամար), որից 2.046-ը՝ հայ կաթոլիկ, 3-ը՝ իսլամ,

1908 թվական – 2.900 հոգի

1916 թվական – 2.968 հոգի,

1916 թվական – 3.508 հոգի,

1922 թվական – 3.589 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 3.992 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 3.987-ը՝ հայ, 3-ը՝ թուրք, 2-ը՝ այլ,

1931 թվական – 4.457 հոգի, որից 4.456-ը՝ հայ, 1-ը՝ թուրքական խումբ:

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց («Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Բնակավայրերն էին. 

Բլագոդարնոյե, նախկինում՝ Կիրիլովկա

Գետավան

Դեմուրչիլար, այսօր՝ Գոգավան

Էվլու, այսօր՝ Ձորամուտ

Իլմազլու, այսօր՝ Դաշտադեմ

Լեռնհովիտ

Կաթնառատ

Կրուգլայա Շիշկա

Ղարաիսա, այսօր՝ Մեղվահովիտ

Ղարաղալա, այսօր՝ Նորամուտ

Ղզըլդաշ, այսօր՝ Արծնի

Ղզըլշաֆակ, այսօր՝ Ձյունաշող

Մեդովկա

Շահնազար, այսօր՝ Մեծավան

Միխայելովկա

Նորաշեն

Նովոսելցովո

Պետրովկա

Պրիվոլնոյե

Սարատովկա

Սարչապետ

Սարիար

Սոյուղբուլաղ, այսօր՝ Պաղաղբյուր

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև իմ պատրաստած ֆիլմը Հայաստան-Վրաստան սահմանի մասին, որտեղ կա նաև Մեծավանը