2016 թ. հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի քաղաքականությունը համշենահայության նկատմամբ

1060

2016 թ. հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը համշենահայության նկատմամբ

Մելինե Անումյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո այստեղ կտրուկ ավելացել են անխտիր բոլոր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները: Գլխավոր թիրախում են հայտնվել հատկապես գյուլենականները, երկրի ձախակողմյան զանգվածը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) ներկայացուցիչները և այլք: Նույն տարվա հուլիսի վերջին հայտարարված և մինչ օրս շարունակվող արտակարգ դրությունը լայն հնարավորություններ է ընձեռել Թուրքիայի ներկայիս իշխանություններին` յուրաքանչյուր ըննդիմադիր ձայն արագ կերպով և արդյունավետ միջոցներով լռեցնելու առումով:

Արտակարգ դրության հետևանքով ի հայտ եկած պայմաններում ավելի է բարդացել Թուրքիայի փոքրամասնությունների վիճակը: Դիարբեքիրում բնակվող սասունահայ Կարոտ Սասունյանի դիպուկ բնորոշմամբ` «Ծայրահեղ ազգայնամոլներն ու ծայրահեղ կրոնապաշտները ստանձնեցին երկրի կառավարումը: «Գորշ գայլերն» ու «բորենիները» խիստ ազգայնամոլական և անգութ ճակատ կազմավորեցին, որն այսօր լիովին իր ձեռքն է վերցրել Թուրքիայի կառավարումը»:

Այս վիճակի հետևանքով Թուրքիայում առաջացած վախի մթնոլորտում, բնականաբար, իրենց առավել անապահով են զգում հատկապես փոքրամասնությունների ներկայացուցիչները: Սույն դրությունը բացասական հետևանքներ թողեց նաև վերջին տարիներին ինքնակազմակերպվել փորձող և միություններ ստեղծած արևմտահայերի, մասնավորապես` համշենահայերի շրջանում:

Թեև 2011 թ. Ստամբուլում հիմնված համշենահայերի ՀԱՏԻԿ միության ղեկավարները մինչ այդ էլ խուսափում էին համշենահայերի հայկական արմատների մասին շեշտադրումներից, իսկ որոշ անդամներ նույնիսկ չէին էլ ընդունում իրենց հայկական ծագումը, սակայն այս դեպքերից հետո նրանց որոշ ներկայացուցիչներ է՛լ ավելի զգուշավոր են դարձել: Բնականաբար, այդ զգուշավորության հիմնական պատճառը թուրքական իշխանությունների հրահրմամբ համշենական ՀԱՏԻԿ միության դեմ հանդես եկող ազգայնամոլների սպառնալիքներն են:

Ինչպես այս տարի իր ֆեյսբուքյան էջում հայտնում էր ՀԱՏԻԿ-ի ներկայիս նախագահ և «Վովա» երաժշտական խմբի անդամ Հիքմեթ Աքչիչեքը, սույն միությունը և վերջինիս որոշ անդամներ սոցիալական մեդիայում ենթարկվում են ցեղապաշտ, ֆաշիստ և պարանոյայով տառապող որոշ անձանց ու շրջանակների զրպարտանքներին, վարկաբեկմանը և թիրախավորմանը:

Ուշագրավ է, որ այս տարի նման սպառնալիքների թիրախ է դարձել նաև Համշենցիներին ծառայող հիմնադրամը (Hemşinliler Hizmet Vakfı), վերջինիս ղեկավար Նեջմեթին Այդընը և քարտուղար Մեհմեթ Ալթունքայան: Ի դեպ, նշենք, որ ՀԱՏԻԿ միության նախկին նախագահը եղած Մեհմեթ Ալթունքայան այնքան էր ազդվել այդ սպառնալիքներից, որ անգամ հարկադրված եղավ ինձ ու Հայաստանից և Սփյուռքից իր այլ ծանոթների հեռացնել ֆեյսբուքյան ընկերների շարքից: Իսկ Համշենցիներին ծառայող հիմնադրամի նախագահ Նեջմեթին Այդընը հանդես եկավ հայտարարությամբ` մասնավորապես նշելով հետևյալը. «Մեր թանկագին անդամներ ու համակիրներ, մեր կառույցի հիմնադիր անդամները հանդիսացող` մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շերիֆ Սարըն և մեր հիմնադրամի քարտուղար Մեհմեթ Ալթունքայան սոցիալական ցանցերում հանդիպում են զանազան կեղծ անուններով հանդես եկող որոշ անձանց աներևակայելի մեղադրանքներին: Մեր հիմնադրամի շրջանակներում, ինչպես նաև` նախկինում սոցիալական և մշակութային գործունեությամբ հանդես եկած մեր ընկերները միշտ թափանցիկ են աշխատել: Մենք մեր հիմնադրամի շրջանակներում պատասխանատվություն ստանձնելով և հասարակական գործունեություն ծավալելով` մեր մասնավոր գործերից և ընտանիքից խլված ժամանակը ծախսում ենք Թուրքիայի տարբեր շրջաններում բնակվող համշենցիներին նյութական և հոգեկան աջակցություն ցուցաբերելու համար` մեր հիմնադրամի կանոնադրության համաձայն: Սակայն ժամանակ առ ժամանակ մեր ընկերները և հիմնադրամը հանդիպում են որոշ անձանց անհիմն, իրականությունից հեռու և հետին մտքով արվող մեղադրանքներին, բայց վերջիններս ոչ մի կերպ չեն կարող արգելք հանդիսանալ Համշենցիներին ծառայող հիմնադրամի կանոնադրության շրջանակներում մեր ծավալած գործունեությանը: Մեր` որպես Համշենցիներին ծառայող հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամների աշխատելու սկզբունքը հիմնված է Թուրքիայի Հանրապետության համապատասխան ատյաններով հաստատված մեր հիմնադրամի կանոնադրության վրա: Այդ կապակցությամբ վերջին անգամ ենք հայտնում, որ մեր ղեկավար խորհրդի համաձայնությամբ կազմավորված Համշենցիներին ծառայող հիմնադրամի բոլոր անդամները, մեր երկրի օրենքների շրջանակներում, շարունակելու են համշենական հասարակությանը ծառայելուն ուղղված իրենց գործունեությունը»:

Թեև Թուրքիայի համշենահայերի ինքնության ու մշակույթի պահպանմանն ուղղված այս միությունների գործունեության դեմ հիմնականում հանդես են գալիս կեղծ պրոֆիլների տակ ծպտված իբրև թե հասարակ անձինք, սակայն, կարծում ենք, միամտություն կլինի մտածել, թե նրանք, ինչպես նաև, օրինակ, ASİMDER-ի պես կառույցները չեն ուղղորդվում թուրքական իշխանությունների կողմից:

Հարկ է նշել, որ հատկապես այս տարի Թուրքիայի համշենահայերի դեմ ուղղված հայտարարություններով հաճախ է հանդես եկել ադրբեջանցիներով հոծ բնակեցված Իգդիրում 2002 թ. հիմնված ASİMDER կազմակերպությունը` «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը»: Սույն կազմակերպությունը միշտ է հայտնի եղել իր հակահայկական հայտարարություններով ու գործունեությամբ։ Սակայն, հատկապես այս տարվա վերջին ամիսներին նրա հիմնական թիրախներից են դարձել Թուրքիայի ծպտյալ և իսլամացված հայերը, այդ թվում՝ համշենահայերը։

Այսպես, օրինակ, այս տարի ASİMDER-ի ներկայիս նախագահ Գյոքսել Գյուլբեյը հանդես էր եկել հերթական հերյուրանքով, համաձայն որի` «Թուրքական բանակում ծառայող որոշ հրամանատարներ, ովքեր հարում են գյուլենական հոսանքին, հնարավոր է՝ ծպտյալ հայեր լինեն»:

Սույն կազմակերպությունը, հատկապես այս տարի, հաճախ է անդրադարձել նաև Թուրքիայի համշենահայության հիմնախնդրին։ Այսպես, օրինակ, 2017 թ․ փետրվարին Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Թուրքիայի Սևծովյան շրջանում Հայաստանի հայերը գաղտնի ծրագրեր են մշակում։ Նրա խոսքով՝ հայերն ուսումնասիրություններ են կատարում համշենցիների բնակավայրերում և ձգտում տեղի բնակչությանը համոզել, որ նրանք հայկական ծագում ունեն։ ASIMDER-ի նախագահի համաձայն՝ հայերը գաղտնի աշխատանքների միջոցով փորձում են հողային պահանջ ունենալ Թուրքիայի Սևծովյան շրջանից։

Եթե այս տարվա փետրվարին Գյոքսել Գյուլբեյն այդ թեմային անդրադառնալիս ընդհանրացնելով «Հայաստան» էր ասում, ապա սեպտեմբերին մասնավորեցնելով նշեց, թե այդ աշխատանքների հետևում կանգնած է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ «Դողան» լրատվական գործակալության և «Հյուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե ՀՀ Սփյուռքի նախարարությունը և հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից հովանավորվող որոշ կառույցներ ու գիտնականներ, Թուրքիայի Սևծովյան շրջանում ապրող համշենցիներին օգտագործելով ու պնդելով, թե այս տարածքում կիրառվող համշեներենը հայերենի մի բարբառն է, հանդես են գալու նախ` մայրենի լեզվով կրթության, ապա` հողային պահանջով: ASİMDER-ի նախագահը նաև ենթադրել է, թե հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնց կենտրոնը գտնվում է Եվրոպայում, Թուրքիայի Սևծովյան շրջանի համշենցիներին հարկադրելու են «համշենական սփյուռք» ստեղծել իրենց եվրոպաբնակ ազգականներից. «Հայկական լոբբին ձգտում է եվրոպաբնակ համշենցիներից «համշենական սփյուռք» ձևավորել, որը կպաշտպանի նրանց վերադարձն այդ հողեր, կարծես թե նրանց բռնի կերպով են այդտեղից աքսորել: Այդ փորձերի հետ մեկտեղ, սույն տարածքում գործունեության դաշտ որոնող ՀՀ Սփյուռքի նախարարությունն իր աջակցությամբ գործող որոշ կազմակերպությունների միջոցով ընկած է կողմնակիցներ հավաքելու հետևից, ովքեր Ռիզեի և Արդվինի նահանգներում քննարկումներ և կոնֆերանսներ կկազմակերպեն` համշենցիների հայ լինելու և համշեներենի` իրականում հայերեն լինելու թեմաներով: Նմանատիպ աշխատանքների և տարածվող հանդեսների միջոցով նպատակ ունեն մայրենի լեզվի հարցին անդրադառնալով` նոր գիտակցություն ձևավորել: Շուտով հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցող որոշ քաղաքացիական-հասարակական կազմակերպություններ համշենցիների անունից հանդես կգան պաշտոնական դիմումով` առ այն, որ համշենցիների բնակավայրերի դպրոցներում թույլ տրվի համշեներենի ուսուցումը, ճիշտ այնպես, ինչպես` քրդերենի դեպքում»:

Բնականաբար, թուրք ազգայնամոլների` հատկապես համշենահայերի թեմայի վրա կենտրոնանալու այս միտումը պայմանավորված է համշենահայերի բնակավայրերի աշխարհագրական դիրքով. ինչպես հայտնի է, բուն Համշենն ընդգրկող ներկայիս Ռիզե նահանգը և հայախոս համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգը, գտնվելով Սև ծովի ափին և ներառված լինելով Սևրի դաշնագրով և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված սահմաններում, ավելի մեծ մտահոգություն են պատճառում թուրքերին:

Թուրքական իշխանություններն, օգտվելով ներկայում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններից, փորձում են նաև լռեցնել իրենց ակտիվ սոցիալական գործունեությամբ հանդես եկող համշենահայ որոշ մտավորականների: Դրա վառ օրինակն էր հատկապես այս տարվա հոկտեմբերին Արդվինում ձերբակալված համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն: Նրանից 2 օր առաջ կալանավորվել էր նաև նրա կինը` Նուրջան Վայիչը: Աքսու ամուսինները հայտնի են իրենց ընդդիմադիր կեցվածքով: Ի դեպ, Ջեմիլ Աքսուն, դեռ նախքան ամուսնանալը, 8-9 տարի բանտարկվել էր իր ձախակողմյան հայացքների պատճառով: Թուրքական իշխանությունները Ջեմիլ Աքսուի և Նուրջան Վայիչի դեմ դատական գործ հարուցելու «հիմնավորում» են ներկայացնում սոցիալական ցանցերում նրանց հրապարակումները: Թեև նրանց բավականին երկար բանտում պահելուց հետո վերջերս ազատ արձակեցին` մինչև դատավարության սկիզբ, բայց և այնպես նրանց երկուսին էլ շարունակում է սպառնալ ազատազրկման վտանգը: Նշենք, որ նաև համշենական «Գոր» ամսագրի խմբագիրներից մեկը եղող Ջեմիլ Աքսուն միաժամանակ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Խոփա գավառի ղեկավարն է: Աքսու ամուսինների ձերբակալության հետևանքով լրիվ միայնակ էր մնացել նրանց 8-ամյա որդին` Արևը: Ի դեպ, Ջեմիլ Աքսուն գրեթե միակ համշենահայն է Արդվինում, ով համարձակվել է հայկական անուն տալ իր զավակին: Աքսուների ճակատագիրն առայժմ անհայտ է. նրանք սպասում են դատավարությանը: Սակայն ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները ներկայում փորձում են լռեցնել Համշենի լեռներից հնչող այդ խիզախ մտավորականի ձայնը: Հետաքրքիր է, որ ժամանակավորապես ազատ արձակվելուց հետո անգամ Ջեմիլը չի խուսափում իր կարծիքն ազատորեն արտահայտելուց և շարունակում է ակտիվ կերպով գրառումներ անել իր սոցիալական էջում:

Եվ ինչպես Ջեմիլի կալանավորման կապակցությամբ իր հեղինակած հոդվածում նշում է մեկ այլ համշենահայ մտավորական` իր դստերը դարձյալ հայկական անունով կոչած ստամբուլաբնակ Մահիր Օզքանը, հայկական անուններ կրող դստեր` Լուսինի և Ջեմիլի որդու` Արևի առկայության դեպքում խավարը նրանց չի սպառնում:

Akunq.net