Ռուսաստանը չի ընդունում Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերում 1918-ի թուրքական հանրաքվեն

1432

Չիչերինի նոտան Թուրքիայի ԱԳՆ

20 սեպտեմբեր, 1918

1918թ․ մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքված հաշտության պայմանագրով Ռուսաստանի և Թուրքիայի միջև սահմանվեցին նոր վարչա-քաղաքական հարաբերություններ։

Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածը Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերի բնակչությանը, որոնք նախկինում մտնում էին Ռուսաստանի կազմ, իրավունք էր վերապահում «դրացի պետություների, մանավանդ Թուրքիայի համաձայնությամբ հաստատել նոր կարգ»։

Հիշյալ մարզերի ճակատագիրը, նրանց միջազգային իրավական դրությունը պետք է որոշվեր այդ մարզերի բնակչության կամքի արտահայտությամբ։ Մինչդեռ պայմանագրի կնքումից անմիջապես հետո թուրքական ռազմական ուժերը գրավեցին այդ մարզերը և նրանց նկատմամբ կիրառեցին ռազմական օկուպացիայի ռեժիմ, որն ուղեկցվում էր խաղաղ բնակչության անթույլատրելի կողոպուտներով և բռնություններով։ Թուրքական վարչակարգ մտցնելու հետ միաժամանակ կատարվեց 19-ից բարձր տարիք ունեցող արական բնակչության հարկադիր հավաքագրում։

Բնակչությունը, որի կամքի ազատ արտահայտությամբ պետք է սահմանվեր նոր կարգ, երբ երեք մարզերի բնակչությանը վերապահված իրավունքը դառնու էր բացահայտ ծաղրանք նրանց նկատմամբ։ Քվեարկության նախօրեին պատվավոր քաղաքացիները, որոնց ազդեցությունը կարող էր լինել ոչ հոգուտ Թուրքիայի, արտաքսվում էին և ձերբակալվում, իսկ շատ դեպքերում՝ նույնիսկ գնդակահարվում։ Քվեարկությունը տեղի էր ունենում թուրքական իշխանությունների ակնհայտ հսկողության ներքո, որոնք այդ ժամանակ նշում էին իրենց ոխակալության և իրենց առաջիկա ռեպրեսիաների զոհերին։ Այդպիսի պայմաններում քվեարկության արդյունքները չէին կարող կանխորոշված չլինել։

Ռուսաստանից բռնի կերպով անջատված բնակչության նկատմամբ այդպիսի բռնությունը համարելով պայմանագրի 4-րդ հոդվածի էական խախտում, սովետական կառավարությունը  սույնով հայտարարում է, որ ինքը չի կարող համաձայնվել Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերի բնակչության այսպես կոչված կամքի արտահայտության արդյունքների հետ և գտնում է, որ այդ բնակչությունը իր մարզերում նոր կարգ սահմանելու իրավունքը չի օգտագործել  և որ հիշյալ մարզերի նոր կարգի հարցը մնում է բաց։

Հաշտության պայմանագրով պետք է Ռուսաստանի և Թուրքիայի միջև դադարեին պատերազմական գործողությունները, մինչդեռ պայմանագրի կնքումից անմիջապես հետո պատերազմական գործողությունները Թուրքիայի կողմից վերսկսվեցին և շարունակվում են մինչև հիմա։ Թուրքական կանոնավոր զորքերը, դաշինք կապած ավազակային բանդաների հետ, գրավում են Սովետական Հանրապետության տարածքը, քաղաքներն ու գյուղերը ենթարկվում են ավերման և կողոպուտի , քրիստոնյա բնակչությանը, չբացառելով կանանց ու երեխաներին, գնդակոծում են  կամ ենթարկում ամեն տեսակ բռնությունների։

Սովետական կառավարությունը բազմիցս բողոքել է Թուրքիայի կողմից շարունակվող պատերազմական գործողությունների դեմ, բայց այդ բոլոր բողոքները մնացել են անհետևանք։ Վերջապես, հուլիսին թուրքական բանակը ձեռնարկեց արշավանք Բաքվի դեմ և իր գերակշիռ ուժերով կոտրելով սովետական զորքերի հերոսական դիմադրությունը , իրեն ճանապարհ բացեց դեպի այդ քաղաքը, դեպի Ռուսական Հանրապետության կարևորագույն քաղաքներից մեկը։ Սովետական կառավարության բոլոր բողոքներին օսմանյան կառավարության ներկայացուցիչները պատասխանում էին թուրքական հարձակման բուն փաստի պարզամիտ ժխտումով կամ թե պատճառ էին բերում այն, որ իբր թե  Բաքվի մոտ գործում են միմիայն տեղացիների անկանոն բանդաներ, այն ժամանակ, երբ իրականում հարձակումը Բաքվի վրա կատարվել է միանգամայն կանոնավոր թուրքական բանակի կողմից, և հուլիսի 30-ին քաղաքը հանձնելու պահանջով Բաքվի բնակիչներին դիմել է Շեվքեթ փաշան։

Այժմ, երբ Բաքու քաղաքը արդեն գրավված է, և թուրքական զորքերը գտնվում են բուն քաղաքում, երբ անպաշտպան բնակչությունը և ամբողջ քաղաքը թուրքական զորքերի և նրանց միացած թաթարական բանդաների կողմից մի քանի օր շարունակ ենթարկվում են ավերածության ու կողոպուտի բոլոր սարսափներին, թուրքական ներկայացուցիչների վկայակոչումը , թե իբր Բաքվի վրա կատարված հարձակմանը մասնակցել են միայն տեղի ավազակները, Թուրքիայի բռնի գործողությունների անհաջող քողարկում է։ Այդ քաղի տակ են տեղի ունեցել և տեղի են ունենում Բրեստ-Լիտովսկի պայմանագրի պարբերական խախտումները և Ռուսական Հանրապետության տարածքների բացահայտ գրավումն ու կողոպուտը։

Չնայած սովետական կառավարության բոլոր բողոքներին, անցած կես տարվա ընթացքում օսմանյան կառավարությունն անընդհատ խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Այժմ, ի լրումն ամենի, նա զավթել և զարհուրելի ավերածության է ենթարկել Ռուսաստանի Հանրապետության կարևորագույն քաղաքներից մեկը։ Օսմանյան կառավարությունը դրանով ցույց տվեց, որ այլևս գոյություն չունի Բրեստ-Լիտովսկի ռուս-թուրքական պայմանագիրը։ Ռուսաստանի կառավարությունը հարկադրված է ընդունել, որ օսմանյան կառավարության գործողությունները, փաստորեն, վերացրին Ռուսաստանի և Թուրքիայի միջև խաղաղ հարաբերություններ հաստատած Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։

Արտաքին գործերի կոմիսար՝ Չիչերին

Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, Էջ 439-441

Լուսանկարում՝ Կարսը մեր օրերում