Սերժ Սարգսյանի ապրիլը

1456

18 դեկտեմբեր, 2017 10:35

Իրականում կարևոր է, թե ով կլինի վարչապետը 2018-ի ապրիլին

Որևէ երկրում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար առաջնային է երեք գործոն․

առաջին՝ ազատ և իշխանությունների կողմից չվերահսկվող հիմնական (mainstream) լրատվամիջոցներ, որոնք հնարավորություն կտան բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին հավասարապես օգտվել դրանցից,

երկրորդ՝ իշխանությունների կողմից չվերահսկվող, պատվեր չկատարող դատական համակարգ, որտեղ հնարավոր կլինի վիճարկել ընտրությունների օրինականությունը,

երրորդ՝ քաղաքական և տնտեսական մենաշնորհների գրեթե բացառում, այլ խոսքով՝ երբ հայրենական գործարարությունը հավասարապես հասանելի է բոլոր քաղաքական ուժերին և գործիչներին, երբ ոչ իշխանական ուժերին հովանավորող բիզնեսը չի ունեզրկվում (ինչին ականատես եղանք 2008-ին, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հրապարակավ կանգնեց ըննդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին)։

Այս երեք չափանիշները, բացառությամբ գուցե 1990-ի խորհրդարանական և 1991-ի նախագահական ընտրությունների ժամանակահատվածի, Հայաստանում երբեք հասանելի չեն եղել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և անհատներին։

Ու քանի դեռ այդ երեք չափանիշները հասանելի չեն բոլոր քաղաքական ուժերին ու անհատներին, և երկրում չկա քաղաքական կամք, Հայաստանը չի ունենալու ընտրված խորհրդարան կամ նախագահ, որը կարտահայտի հանրապետության քաղաքացիների հավաքական ընտրությունը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին հարցերին Սերժ Սարգսյանը պատասխանում է՝ «դեռ ժամանակ կա», «այդ մասին չեմ մտածել», «դեռ չեմ որոշել», «տեսնենք»։ Որոշ ընդդիմադիրներ ասում են՝ այնքան էլ կարևոր չէ 2018-ի ապրիլին ո՞վ կդառնա վարչապետ՝ Սերժ Սարգսյա՞նը, Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը։ Իրականում չափազանց կարևոր է, թե ով կլինի վարչապետը։

Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, բայց տարբեր չափերով, արհամարհել են վերոնշյալ երեք չափանիշները, դիմել են կեղծիքի ու բռնությունների, որպեսզի պահեն իշխանությունը։ Երեք նախագահներին էլ, կրկին տարբեր չափերով, դա հաջողվել է։ Շահել են անհատն ու իշխող կուսակցությունը, տուժել է պետության միջազգային համբավը, տուժել է ժողովրդավարությունն ու իրավական պետության կոնցեպտը, որպես հետևանք՝ նաև այդ պատճառով վերջին երեք տասնամյակներում 1․5 միլիոն հայաստանցիներ հեռացել են երկրից և շարունակում են հեռանալ։

Այդուհանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, բռնությամբ ու կեղծիքներով նաև պահելով իշխանությունը, Հայաստանին չեն հասցրել ամենացավալի հարվածը։ Երկուսն էլ՝ տարբեր հանգամանքերում, հեռացել են իշխանությունից՝ պահելով Սահմանադրության  (որոնք նույնպես ընդունվել են կեղծիքներով) տառն ու ոգին։

Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն խախտել 10 տարի նախագահության կամ իշխանության ղեկին գտնվելու սահմանադրական, բայց նաև հոգեբանական շեմը։

Սերժ Սարգսյանը ամիսներ անց՝ 2018-ի ապրիլին, պետք է հեռանա իշխանությունից։

Երբ նա նախաձեռնեց 2015-ի սահմանադրական փոփոխությունները, շտապեց հայտարարել, որ դա անում է հանուն ավելի արդար, ժողովրդավար Հայաստանի, որ կառավարման խորհրդարական մոդելը ավելի առաջադեմ է և որ ինքը չի հավակնի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի աթոռին երրորդ ժամկետով։

Սերժ Սարգսյանը, սակայն, սահմանադրական հանրաքվեից հետո (որոնք ընդունվեցին համատարած կեղծիքներով, ինչպես 1995-ի և 2005-ի հանրաքվեներն էին) հրապարակավ սկսեց մտափոխվել։ Մեկ ասում է՝ դեռ ժամանակ կա, այդ մասին չեմ մտածել, մեկ՝ թե դեռ չեմ որոշել, տեսնենք, մեկ էլ՝ դեռ վերջնական որոշում չունեմ։

Սարգսյանի հանրապետական կուսակիցները սկսել էին լոբբինգը՝ իսկ էլ ո՞վ պիտի զբաղեցնի վարչապետի աթոռը, եթե ոչ Սարգսյանը։ Անուղղակի կերպով, որոշ ընդդիմադիր գործիչներ երբեմն հայտարարում են, որ մինչև 2022 թվական իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում ունենալու է մեծամասնություն, հետևաբար, այնքան էլ կարևոր չէ 2018-ի ապրիլին ո՞վ կդառնա վարչապետ՝ Սերժ Սարգսյա՞նը, Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը։

Իրականում, չափազանց կարևոր է։ Սերժ Սարգսյանը, եթե նրա համար Հայաստանի Հանրապետությունը լոկ բիզնես տարածք չէ, պետք է մտքից հանի վարչապետի պաշտոնը և հեռանա երկրի թիվ մեկ պաշտոնից, քանի որ լրանում է 10 տարին։

Հակառակ դեպքում, Հայաստանը կբռնի ավտորիտարիզմի այն ուղին, որ բռնել են պուտինյան Ռուսաստանն ու Էրդողանի Թուրքիան, Նազարբաևի Ղազախստանն ու Լուկաշենկոյի Բելառուսը։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ