Բանտից բանտ ճանապարհորդություն՝ էտապ. Վարդան Հարությունյան

1588

Իմ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» գրքի վրա աշխատելիս զրուցել էի ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալների հետ, ու նրանցից շատերն իրենց պատմություններում անդրադարձել էին էտապին՝ դատավարությունից հետո կալանավորին դեպի կալանավայր տանելու կամ՝ կալանավայրից կալանավայր տեղափոխելու գործընթացին։ Բոլորի մոտ էլ այն որպես ծանրագույն հիշողություն էր մնացել։

Կարդալով աjդ հիշողությունները, ընթերցողներից ոմանք ինձ հորդորում էին հատուկ էտապի մասին առանձին մի բան գրել, ինչն էլ այժմ անում եմ։ Այստեղ նկարագրված են միայն իմ էտապը եւ միայն ինձ հետ կատարված դեպքերը։ Այլոց հետ բոլորովին այլ եւ ավելի ծանր բաներ կարող է պատահած լինեն։ Գրականության մեջ ես հանդիպել եմ շատ ավելի դաժան նկարագրությունների։ 1971թ․ Հայաստանի վերամիավորման գործով դատապարտված քաղբանտարկյալ Յուրիկ Բուդաղյանը Մորդովիայից դեպի Պերմի կալանավայր իր էտապն այսպես է նկարագրում․ «Ամենածանր հիշողությունը մնացել է էտապից: Դաժան բան էր: Քրեականներ, հակահիգիենիկ պայմաններ, միջատներ: Կալանավայրում արդեն հեշտ էր: Հիմնականում քաղբանտարկյալներ էին: Մորդովիայում էինք: Այնտեղ՝ քաղաքական կալանավայրերում արդեն բանտարկյալ ու ադմինիստրացիա փոխհարաբերությունները տասնամյակների ընթացքում հստակեցվել էին: Որոշ ժամանակ անց մեզ Մորդովիայից որոշեցին Պերմ տեղափոխել: Այդ էտապը վայրենություն էր հիշեցնում: Ուղեկցվում էր աներեւակայելի վայրագությամբ: Ամառ էր, ջուրը քիչ էր, սնունդ բացարձակապես չկար: Բանտարկյալների համար նախատեսված վագոնի յուրաքանչյուր չորս տեղանոց կուպեում յոթ-ութ մարդ էր գտնվում, իսկ վագոնը կցում էին գնացքին միայն գիշերը: Ողջ ցերեկը վագոնը կանգնում էր կիզիչ արեւի տակ: Գիշերն էին միայն կցում շարժվող գնացքին: Սովետները այս եղանակով երեւի ցանկանում էին մարդկանցից գաղտնի պահել կալանավորների տեղափոխումը: Երբ  տեղ հասանք, եւ մեզ իջեցրեցին վագոնից, մենք ուղղակի թափվեցինք ճամփեզրին: Իրար վրա թափված մարդիկ շարժվել անգամ չէին կարողանում: Մեկն անգամ մահացավ: Մի քանի ժամ մեզ թողեցին այդպես ճամփեզրին ընկած: Կամաց-կամաց ուշքի եկանք, եւ նոր միայն տեղափոխեցին գաղութ»։

Մոսկովյան այլախոհ Ալեքսանդր Պոդրաբինեկը իր «Այլախոհները» գրքում էտապն այսպես է նկարագրում․

«Էտապը բանտային կյանքի առանձին ու ինքնուրույն դրվագ է։ Այստեղ հատվում են ճանապարհները, եւ խառնվում են ռեժիմները։ Այստեղ կիսվում են տպավորություններով ու նորություններ են իմանում։ Այստեղ հաշիվներ են ներկայացնում ու հաշիվներ մաքրում։

Էտապով անցնել սարսափում են նրանք, ովքեր կալանավորական համայնքի նկատմամբ մեղքեր ունեն՝ մատնիչները, ճամբարային ծախվածները, ներքին ռեժիմի սեկցիաների ակտիվիստները, քարտախաղով պարտք մնացածները, դատապարտված մենթերը եւ կոմունիստները, անչափահաս պղծողները։ Ընդհանրապես, բանտային կարգն այնպիսին է, որ բոլոր կալանավորները հավասար են իրար նկատմամբ, անկախ իրենց գործած հանցանքներից։ Բայց այս կարգից կան բացառություններ՝ բռնաբարողները եւ անչափահաս պղծողները։ Սրանց փչացնում են դաժանաբար եւ առանց որեւէ քննարկման»։ Այնուհետեւ նա ավելացնում է․ «Մնացած կալանավորներից առանձնացնում են հատուկներին («զոլավորներին»՝ զոլավոր հագուստ հագած հատուկ ռեժիմի կալանավորներին), մահապարտներին, հոգեկան հիվանդներին, փախուստի հակում ունեցողներին (նրանց բանտային գործի ծրարի վրա անկյունագծով կարմիր գիծ է գծված), կանանց, անչափահասներին եւ քաղաքականներին»։

Համեմատության համար կարելի է նաեւ կարդալ ЮКОС –ի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիմիր Պերեւերզինի բանտային գրառումները, որտեղ էտապը, այսօրվա էտապը, նույնպես նկարագրված է։ Այս գրառումները հետաքրքրիր են համեմատության առումով։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչ է փոխվել այս տարիների ընթացքում։ Անտեղյակ ընթերցողը փոփոխություններ, անկասկած, չի նկատի, բայց խորհրդային տարիներին բանտային ու էտապային կյանք անցած մեկը, հաստատ,  փոփոխություններ կտեսնի։ Փոփոխությունները հօգուտ կալանավորի են։ Բայց այս փոփոխություններն այնքան չնչին են, որ ուրախանալու տեղիք չեն տալիս։ Պերեւերզինի այս գրառումներն արվել են մեր ժամանակներում, բայց շատ առումներով համահունչ են եւ 19-րդ դարին, եւ 20-րդ դարի առաջին կեսին, եւ նույն դարի երկրորդ կեսին․ «Յուրաքանչյուր կալանավորի կյանքում գալիս է այդ վտանգավոր պահը՝ Էտապը, երբ քեզ բանտից կալանավայր են տեղափոխում, որտեղ պետք է դատարանով կայացված պատիժդ կրես։ Ճամբարները շռայլորեն սփռված են մեր անընդգրկելի հայրենիքի ողջ տարածքով, եւ բանտապահները կարող են քեզ համար այդ տարածություններում երկարատեւ էքսկուրսիա կազմակերպել։ Ճանապարհորդությունը կարող է ինչքան ասես երկար տեւել, եւ մարդը մի որոշ ժամանակով ուղղակի անհետանում է։ Ոչ փաստաբանը, ոչ հարազատները չեն իմանալու, թե որտեղ ես գտնվում եւ ուր են քեզ տանում»։

Էտապային նկարագրությունները եւ հիշողությունները գրականության մեջ շատ են։ Այս նոթերում ես ներկայացրել եմ 1981 եւ 1985 թվականներին տեղի ունեցած իրադարձություններ։ Կարելի է միայն ուրախ լինել, եթե իմ եւ ինձ ժամանակակից այլոց նկարագրածներն այսօրվա իրականության հետ նմանություններ կամ չունենան կամ էլ այդ նմանությունները քիչ լինեն։

Էտապը կալանավորներին կալանավայրից կալանավայր կամ քննչական մեկուսարանից կալանավայր տեղափոխելն է: Բառը ռուսաց լեզու է փոխանցվել ֆրանսերենից, իսկ ռուսերենից արդեն անցել է մեզ եւ թարգմանաբար նշանակում է՝ քայլ, փուլ, վայր։ Շատերն են իրենց գրվածքներում անդրադարձել էտապին, նկարագրել դրա բնույթը, ուղեկցող դժվարությունները, դաժանություններն ու բռնությունները: Էտապ երեւույթն այնքան էլ ընկալելի չէ փոքր երկրի բնակչի համար, որովհետեւ փոքր երկրում կալանավորի կալանավայրից կալանավայր տեղափոխվելը երկար ճանապարհ ու մեծ ժամանակ չի պահանջում: Հայաստանում կալանավայրից կալանավայր մարդ տեղափոխելու համար ամենաերկար ճանապարհը կարող է տեւել տասը – տասներկու ժամ, ծայրահեղ դեպքում՝ մեկ կամ երկարատեւ կանգառների դեպքում՝ մի երկու օր: Իսկ, ասենք, Ռուսաստանում կալանավայրերի միջեւ եղած հեռավորությունները կարող են հասնել հազարավոր կիլոմետրերի, եւ էտապը կարող է ձգվել ու ձգվել:

Էտապը մեծ երկրներում ու կայսրություններում միշտ էլ եղել է: Անգլիացիներն իրենց կալանավորներին նավերով էին տեղափոխում Ավստրալիա կամ այլ գաղութներ: Նույն կերպ իրենց անդրծովյան գաղութներ էին կալանավորներին տեղափոխում ֆրանսիացիները, իսպանացիները եւ այլն։ Ռուսները, մինչեւ երկաթգծի ի հայտ գալը, կալանավորներին դեպի արեւելք էին տեղափոխում ոտքով։ Էտապները (իջեւանատեղիները) կազմակերպվում էին կալանավորների տեղափոխման ճանապարհների վրա։ Դրանց միջեւ եղած տարածությունները հասնում էին մինչեւ 15-20կմ։ Յուրաքանչյուր էտապում վարձվում էին առանձին շինություններ, իսկ եթե շինություններ չկային, ապա կազմակերպվում էին ժամանակավոր հարմարություններ, որտեղ իրարից առանձին տեղավորվում էին կալանավոր կանայք, պահակախումբը եւ տղամարդ կալանավորները։ Փաստորեն, էտապ է կոչվել դեպի կալանավայր շարժվող դատապարտյալների բազմության հանգստի համար կանգառի վայրը։ Երկաթգծի կյանք մտնելուց հետո ոտքով տեղաշարժը վերացավ։ Կալանավորներին տանում էին արդեն գնացքով, իսկ իջեւանատեղիները փոխարինվում էին ճանապարհների հանգույցներում գտնվող քաղաքների բանտերով, որոնք էլ ստացել են առաքաբանտեր (пересыльные тюрьмы) անվանումը։ Հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն հսկայական հեռավորություններին,  ճամփորդությունը կարող էր ամիսներ տեւել, այլեւ այն հանգամանքին, թե ու՛մ են տեղափոխում: Իսկ տեղափոխում են հանցագործների: Դժվար չէ պատկերացնելը, թե ինչեր կարող են տեղի ունենալ փակ տարածքում, մի քանի ամիս տեւող  մի քանի հարյուր հանցագործների համատեղ կեցության պայմաններում:

Գրականության մեջ շատ են հանդիպում էտապի նկարագրություններ։ Մեզ ավելի ծանոթ են ռուսները։ Չի կարող լինել կալանավոր Ռուսաստանում, որ ժամանակներում էլ որ նա ապրած լինի, որի վրա էտապը ծանրագույն տպավորություններ թողած չլինի։ Էտապի նկարագրություններ կարելի է հանդիպել Նիկոլայ Լեսկովի,  Ֆյոդր Դոստոեւսկու, Ալեքսանդր Սոլժինիցինի, Վարլամ Շալամովի եւ շատ ուրիշների մոտ։ Հետաքրքիր է նկարագրել 20-րդ դարի սկզբի ֆրանսիական էտապը Հենրի Չարյերը իր «Թիթեռնիկը» վեպում։ Կարելի է ուսումնասիրել, թե ժամանակի ընթացքում ի՞նչ է փոխվել Ֆրանսիայում կամ Անգլիայում, բայց Ռուսաստանում, հաստատ, այս բնագավառում վերջին 200-300 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել։ Սրանում համոզվելու համար կարելի է ուղղակի կարդալ տարբեր ժամանակաշրջաններում ապրած եւ կալանավայրերին ու էտապին առնչություններ ունեցած մարդկանց հիշողությունները։ Եւ ցարական շրջանի, եւ ստալինյան շրջանի, եւ հետստալինյան շրջանի հիշողություններում հեղինակներն էտապի դաժանությունները միակերպ են նկարագրում։

Հիմնականում առաքաբանտերում են (վերջին շրջանում նաեւ քննչական մեկուսարանների մասին է խոսվում) խցերը գերծանրաբեռնված լինում, եւ մեկ մահճակալին մեկից ավելի կալանավոր է բաժին ընկնում։ Սովորական բանտերում, որտեղ մարդիկ կրում են իրենց հասանելիք պատիժը, խցերում տեղերը կալանավորների միջեւ հավասարաչափ են բաշխված լինում, եւ քիչ հավանական է, որ կալանավորը քնելու տեղ չունենա։ Որպես կանոն առաքաբանտերը աչքի էին ընկնում իրենց չափազանց անմաքուր ու հակասանիտարական վիճակով։ Դրանք նաեւ, շատ հաճախ, աչքի էին ընկնում կարգ ու կանոնի մասնակի կամ իսպառ բացակայությամբ, ինչը հանցագործ աշխարհի  ներկայացուցիչներին հաշիվներ մաքրելու լայն հնարավորություն էր ընձեռում։

Ինչքան երկար է տեւում էտապը, այնքան ավելի շատ է հյուծում կալանավորին։ Էտապ նշանակում է հիգիենայի ու սանիտարական նորմերի նվազագույն պայմանների բացակայություն, մաշկային ու տարատեսակ այլ հիվանդությունների ձեռքբերում, միջատների, կրծողների ու ոջիլների մշտական ներկայություն, օրենքի ու կարգուկանոնի բացակայություն։ Առաքաբանտերի խցերը լինում են տարբեր չափերի՝ մեկ տեղանոցից, մի քանի տեղանոցից, մի քանի տասնյակ տեղանոցից  սկսած, մինչեւ 100 եւ ավելի տեղանոց։

Կալանավորին գնացքով (հնարավոր է նաեւ այլ տրանսպորտային միջոցով) հասցնում են մինչեւ երկաթգծերի ու այլ ճանապարհների հանգույցներում գտնվող քաղաքների առաքաբանտ, որտեղ  նա կարող է մնալ մի քանի օր, մի քանի շաբաթ կամ՝ ամիս, մինչեւ համընթաց ուղղությամբ նոր  էտապի՝ կալանավորների խմբաքանակի, կազմավորումը։ Ե՞րբ նրան դուրս կբերեն բանտից, ե՞րբ կտեղափոխեն այլ բանտ կամ կհասցնեն այն կալանավայրը, որը մի քանի տարի դառնալու է նրա մշտական հասցեն՝ կալանավորը չգիտի։ Չգիտի նաեւ, թե ուր է գնում։ Ինչքա՞ն կմնա ճանապարհին, նույնպես չգիտի։ Ողջ այս ընթացքում նրա մասին ոչինչ չգիտեն նաեւ նրա հարազատները։

Մենք

Ազգային միացյալ կուսակցության երիտասարդական կառույց հանդիսացող Հայ երիտասարդների միության գործով (ՀԵՄ) դատապարտվածներիս՝ ինձ, Մարզպետ Հարությունյանին (մահացել է ԱՄՆ-ում 2000թ․), Իշխան Մկրտչյանին (զոհվել է կալանավայրում 1985թ․), Սամվել Եղիազարյանին (ապրում է Երեւանում) եւ մեզ զուգահեռ, բայց մեզանից առանձին դատապարտված մանկավարժական ինստիտուտի դասախոս, հետագայում՝ 1991-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Մանուչարյանին (մահացել է 2001թ․) միասին՝ 1981թ․ հունիսի սկզբին, էտապով պետք է տեղափոխեին Պերմի մարզում գտնվող քաղաքական կալանավայրեր։ Այդ շրջանում Խորհրդային միությունում եղած քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերից չորսը գտնվում էին Պերմի մարզում, իսկ երկուսը՝ Մորդովիայում։ Մինչ այդ, երեւի մինչեւ 1970-ականների առաջին կեսը քաղաքական կալանավայրերը գտնվում էին Մորդովիայում։

Մեր դատավարության վերջին օրը Մարզպետ Հարությունյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Առաջինը, որ չափազանց կարեւոր էր, նա հայտարարեց, որ Հայ երիտասարդների միությունը իրականում Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) կառույցն է։ Ողջ նախաքննության ընթացքում սրա մասին ոչ մի ցուցմունք չէր տրվել եւ չէր խոսվել։ Սրա մասին պետք է հայտարարվեր հենց դատարանում եւ հայտարարվեց։ Նման հայտարարություն չսպասող դատավորը անակնկալի եկավ ու մի բան ասելու համար հարցրեց․

– Իսկ ո՞վ է ձեր կուսակցության ղեկավարը, Նավասարդյան Աշո՞տը։

Այդ օրերին Աշոտ Նավասարդյանը եւ Ազատ Արշակյանը հերթական՝ Աշոտը երրորդ, իսկ Ազատը՝ երկրորդ անգամ կալանավորվել ու գտնվում էին ՊԱԿ-ի մեկուսարանում եւ մի քանի ամիս անց պետք է հերթական անգամ երկարատեւ ազատազրկման դատապարտվեին եւ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվեին։

-Ես չգիտեմ, թե ով է ղեկավարը, բայց իմանալու դեպքում էլ չէի ասելու, -պատասխանեց Մարզպետը։

Մարզպետի հաջորդ հայտարարությունը էտապին էր վերաբերվում։ Նա ասաց․

-Մենք տեղյակ ենք, որ պետական անվտանգության կոմիտեն տարատեսակ սադրանքներ է կազմակերպում քաղաքական բանտարկյալների նկատմամբ։ Այսօր այստեղ, ձեր այս դատարանում հայտարարում ենք՝ եթե մեզ հետ էտապում որեւէ բան պատահի, դրա պատասխանատվությունը ՊԱԿ-ի վրա է մնալու։

Այդ օրը մեզանից որեւէ մեկը չգիտեր, թե ինչ է սպասվում մեզ էտապում․․․

 Դեպի Թբիլիսի

Երեւանի բանտից մեզ տարան Սասունցի Դավիթ կայարան ու գնացքով՝ Թբիլիսիի առաքաբանտ, որտեղ մնացինք ոչ այնքան երկար՝ երեւի մեկ օր։ Որեւէ լուրջ ու հիշարժան դեպք տեղի չունեցավ։ Թբիլիսիի բանտում մենք քրեականների հետ գտնվում էինք մեկ մեծ խցում, որտեղ նստելու, պառկելու կամ այլ հանգստանալու հարմարություններ չկային։ Մարդիկ նստում էին պատերի երկայնքով ձգվող քարե, թե՞ բետոնե, հիմա արդեն չեմ հիշում, բարձրությունների վրա կամ ուղղակի հատակին։ Այդ խուցը ժամանակավոր պահման վայր էր։ Մի պահի մեզ խցից դուրս բերեցին ու տեղավորեցին կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայի մեջ, որ ռուսները черный воронок (սեւ ագռավ) են անվանում։

Ավտոմեքենայի նման կերպ կոչելու պատմությունը հնուց՝ ստալինյան բռնությունների շրջանից է գալիս։ Չեկիստները 1938թ․ սկսած տեղաշարժվում էին այսօր արդեն մեզ ֆիլմերից հայտնի ГАЗ-11-73 մակնիշի սեւ գույնի ավտոմեքենաներով։ Այս մեքենաներից շատ չի թողարկվել, եղածն էլ եղել է սեւ գույնի ու ծառայողական նպատակներով տրամադրվել է չեկիստներին։ Սրանցով էին չեկիստները գնում իրենց զոհերի հետեւից։ Չեկիստական այցերը հաճախ տեղի էին ունենում գիշերային ժամերին։ Այդ տարիներին քիչ ավտոմեքենաներ պարունակող քաղաքների փողոցներում այս սեւ ավտոմեքենայի տեղաշարժը, այն էլ գիշերային ժամերին, մարդկանց վրա սարսափ էր տարածում։ Ագռավն էլ իր հերթին՝ առասպելներում, հեքիաթներում ու զրույցներում  ասոցացվել ու ասոցացվում է մթության, խավարի ու չար ուժերի հետ։ Այսպես կալանավորներ տեղափոխող ավտոմեքենան սկսել է կոչվել «սեւ ագռավ»։


Газ-11-73   «Սեւ ագռավ»

Հետագայում կալանավորներ տեղափոխող ավտոմեքենան փոխեց եւ իր մակնիշը, գույնը եւ ձեւը, բայց անվանումը՝ «սեւ ագռավ», մնաց ու շարունակում է այսպես կոչվել։ Տարբեր մակնիշի «սեւ ագռավները» տարբեր բաժանումներ են ունենում։ «Սեւ ագռավի» վերածված բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկը երկաթյա դռների ու ճաղավանդակների օգնությամբ բաժանված է լինում չորս ոչ հավասար մասերի՝ փոքրիկ միջանցք, որտեղ նստում են ուղեկցող զինվորները, մեծ ընդհանուր խուց, որտեղ կարող են տեղավորվել 10-15 եւ ավելի կալանավորներ եւ երկու իրար հավասար ու չափազանց նեղ մենախցիկներ։

կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայի ընդհանուր բեռնախուցը

 

Մեքենան չէր շարժվում։ Նոր կալանավորների էին սպասում։ Քիչ անց երեք հոգու բերեցին։ Հատուկ վտանգավոր ռեցիդիվիստներ էին։ Հատուկ վտանգավոր ռեցիդիվիստներն ի տարբերություն մնացած բոլոր կալանավորների զոլավոր հագուստ են կրում եւ պահվում են հատուկ ռեժիմի կալանավայրում։ Զոլավոր հագուստի պատմությունը հետաքրքիր է եւ գալիս է միջնադարից։ Միջնադարյան Եվրոպայում զոլավոր հագուստի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք կար։ Այն համարվում էր սատանայական։ Նույնիսկ հայտնի է, որ ֆրանսիական Ռուան քաղաքում 1310թ․ մի կոշկակարի զոլավոր հագուստ կրելու համար մահվան են դատապարտել։ Զոլավոր կտորից հագուստ էին կրում իզգոյները՝ հասարակությունից մերժվածները։ Երեւի միջնադարյան այս սնահավատությունն է եղել պատճառը, որ 19-րդ դարում ԱՄՆ-ում կալանավորներին սկսեցին զոլավոր հագուստներ հագցնել։ Շատ արագ ամերիկյան այս նորամուծությունը լայնորեն տարածվեց եվրոպական այլ երկրներում ու Ռուսաստանում։

Կարգն է այդպես՝ քաղաքական կալանավորներին կամ պետք է պահել առանձին կամ էլ, էտապի ժամանակ, եթե առանձին պահել հնարավոր չէ, ապա պետք է տեղավորել ռեցիդիվիստների հետ։ Երեքից մեկը հայ է, իսկ երկուսը՝ վրացի։ Վրացիներից մեկը՝ Յաշան, խոսում էր հավլաբարյան հայերենով, ռուսերենով ու ադրբեջաներենով։ Նրա ասելով՝ բոլոր այդ լեզուները սովորել է փոքրուց՝ բակում տարբեր ազգության երեխաների հետ շփվելով։ Նա լուրջ հեղինակություն էր։ Մեքենա նստելուց անմիջապես հետո երկրորդ վրացին գրպանից մի տուփ հանեց, պարունակությունը երեք հավասար մասերի բաժանեց ու մեկնեց իր ուղեկիցներին։ Սրանք արագ իրենց բաժին կտորները բերանները դրեցին ու մեծ ուշադրությամբ սկսեցին ծամել։ Դա մամլիչի տակ մամլված թեյ էր, որ մոտ 2,5-3սմ հաստությամբ  սալիկի տեսք ուներ։ Խորհրդային տարիներին նման թեյ կար վաճառքում։ Ճիշտ է, շատ չէր հանդիպում, տարածված չէր, բայց՝ կար։ Ցածրորակ թեյի մնացորդներն ու փոշին խոնավացնում էին, ապա՝ մամլում ու չորացնում, իսկ ստացված սալիկները վաճառում էին։ Վրացիների հարազատները հասել էին մինչեւ ավտոմեքենա ու ձայնում էին սրանց, բայց սրանք՝ տարված թեյը ծամելու չափազանց լուրջ գործով, չէին էլ պատասխանում՝ բերանները լիքն էր։ Թեյը ծամելու պրոցեսի յուրահատկությունն այն է, որ թուքը պետք է կուլ չտաս։ Այն պետք է մնա բերանում ու երկար ժամանակ շաղախվի թեյի հետ։ Արդյունքում ձեռք է բերվում եփված թունդ թեյի հատկություն, որը ծամողին առույգություն է հաղորդում։ Սրանից օգտվում են, երբ չիֆիր (գերթունդ թեյ) եփելու հնարավորություն չի լինում։ Մեքենան շարժվեց, ու այդպես էլ սրանք իրենց կանչող հարազատներին չպատասխանեցին։

Մեզ հասցրեցին կայարան եւ տեղավորեցին վագոնի նույն կուպեում։ Քիչ անց մեզ մոտ բերեցին մեկ այլ` 30-35 տարեկան կալանավորի, որին բոլորը՝ նաեւ Յաշան ու իր ընկերները, խիստ հարգալից էին վերաբերվում։ Սա լուրջ հեղինակություն էր։ Կիսով չափ վրացի, կիսով չափ ռուս էր։ Ի տարբերություն դաջվածքներով պատված մյուս կալանավորների, նա ուներ միայն մեկ ոչ մեծ դաջվածք։ Թիկունքին դաջված էր շղթաներով ժայռին գամված Պրոմեթեւսը, իսկ տակը գրված էր՝ «Раб КПСС»։ Երիտասարդների համար բացատրեմ, որ КПСС նշանակում է Коммунистическая партия советсого союза – խորհրդային միության կոմունիստական կուսակցություն (ԽՄԿԿ)։

Կալանավորներ տեղափոխող գնացքի վագոնն իրական վագոններից չի տարբերվում։ Այն կցում են համընթաց շարժվող գնացքին, եւ կողքից դիտողը դժվարությամբ կկարողանա տարբերել այս վագոնը մնացած վագոններից։ Ներսում, իհարկե, արվել են լուրջ փոփոխություններ։ Դռների փոխարեն ճաղավանդակներ են, նստատեղերը մետաղյա կամ փայտյա են ու եռահարկ։


կալանավորներ տեղափոխող վագոնը ներսից

Երկրորդ հարկի նստատեղերն իրար են միանում ու դառնում մեկ ընդհանուր տախտակամած, որի վրա 3-4 մարդ կտեղավորվի։ Որպես առանձին տեղ է սարքված նաեւ սովորական վագոնի մեջ եղած բեռնախցիկը։ Այսպիսով՝ կուպեն ազատ կարող է տեղավորել 7-8 մարդ, բայց, հարկ եղած դեպքում, խցկում են այնքան, որքան հնարավոր է խցկել։


Կալանավորներ տեղափոխող վագոնի կուպեն ներսից

Մեր կուպեում ութ հոգով էինք՝ ես, Սամվել Եղիազարյանը, Իշխան Մկրտչյանը, Ալեքսանդր Մանուչարյանը, Մարզպետ Հարությունյանը եւ չորս ռեցիդիվիստները։ Ի տարբերություն մեզ՝ ռեցիդիվիստներն իրենց հետ իրեր չունեին։ Գնացքը շարժվելուց անմիջապես հետո հայ ռեցիդիվիստը Մանուչարյանից մեկ տուփ ծխախոտ խնդրեց։ Մանուչարյանը, բնական է, տվեց։ Քիչ անց նա եւս մեկ տուփ խնդրեց։ Այս ամենը նա անում էր ցածրաձայն, այնպես, որ մյուսները չնկատեն։ Երբ երրորդ, թե չորրորդ անգամ Մանուչարյանից ծխախոտ ուզեց՝ զայրացած փոքրամարմին Մանուչարյանը վերցրեց ոտքերի տակ դրված իր ուսապարկը եւ ամբողջ ուժով նետեց այդ անտակտի դեմքին՝ ռուսերեն բղավելով․

-Վերցրու, կեր ամբողջն ու հանգստացիր։

Բոլորը շրջվեցին դեպի Մանուչարյանը։ Կիսավրացի հեղինակությունը հարցրեց, թե ի՞նչ է պատահել, Մանուչարյանը բացատրեց։ Զայրացած գողը կրկնահանցագործ հայից պահանջեց, որպեսզի նա Մանուչարյանին վերադարձնի վերցրած բոլոր ծխախոտները։ Քաղաքականները քրեական աշխարհում հարգված են եւ ոչ ոք նրանց նկատմամբ ոտնձգություններ կատարելու իրավունք չունի։ Բայց լինում են նաեւ բացառություններ։ Այս օրենքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ կալանավայրի ղեկավարությունը կամ էտապի ժամանակ ուղեկցող վաշտի հրամանատարությունը ինչ – ինչ պատճառներով չի որոշում կամ նախապես ստացած հանձնարարություն չի ունենում քրեականների ձեռքով հաշվեհարդար տեսնել այս կամ այն քաղաքական կալանավորի հետ։  Այս դեպքում արդեն քրեական աշխարհում ընդունված կանոնները կարող են եւ մոռացության մատնվել։ Այս օրենքը կարող է չգործել նաեւ հենց իր՝ քաղաքականի մեղքով, եթե իրեն ճիշտ չդրսեւորի եւ իր կարգավիճակին համապատասխան բարձրության վրա չգտնվի։

Էտապը հաշիվներ մաքրելու ամենահարմար տեղն ու ժամանակն է։ Այստեղ նախաքննության ընթացքում կամ կալանավայրերում ծագած խնդիրները եւ լարված փոխհարաբերությունները կարող են իրենց արյունալի հանգուցալուծումն ստանալ ու մնալ աննկատ ու անպատասխան։ Իշխանությունների համար էլ է հեշտ՝ դիակը առաջիկա կայարանում դուրս է բերվում, իսկ աննկատ մնացած մարդասպանը մյուսների հետ շարունակում է իր ճանապարհն ու անհետանում անծայրածիր Ռուսաստանով մեկ սփռված հարյուր հազարավոր կալանավայրերից մեկում։ Ոչ ոք հետաքննելու ու հանցագործությունը բացահայտելու ոչ ժամանակ, ոչ ցանկություն եւ ոչ էլ տրամադրություն ունի։

Կարճ ժամանակ անց վագոնում գտնվող մյուս կուպեների կալանավորները դեպի հատուկ ռեժիմի կալանավայր գնացող մեր կուպեում գտնվող հարգվածների համար հավաքեցին անհրաժեշտ ամեն ինչ եւ փոխանցեցին նրանց։ Բոլորը գիտեն այս կարգը։ Սա արվում է կամավոր ու սիրով։ Կալանավորները պարտավոր են հատուկ ռեժիմի կալանավայր գնացող ռեցիդիվիստների կենցաղային հոգսերը հոգալ։ Հագուստից սկսած մինչեւ ուտելիք ու ծխախոտ՝ ամեն ինչ հավաքվում է։ Դատարկաձեռն գնացք մտած ռեցիդիվիստը որոշ ժամանակ անց այնքան ուտելիք ու ծխախոտ կարող է ունենալ, որ հարկ եղած դեպքում ինքը կարող է արդեն սրան-նրան լավություն անել։ Խոսքը հարգանք վայելող ռեցիդիվիստների մասին է, որովհետեւ կան հազարավոր ռեցիդիվիստներ, որոնք կարող է եւ կրկնահանցագործներ են, բայց իրենց ապրած կյանքով այդ միջավայրում հարգանք չեն վաստակել։ Այս կարգի ռեցիդիվիստների շարքին կարելի էր դասել մեր կուպեում գտնվող հային։

Բոլոր նրանք, ովքեր խորհրդային տարիներին եղել են էտապում կփաստեն, որ որպես սնունդ այնտեղ տալիս են մի կտոր հաց եւ աղի ձուկ։ Թե ինչու են աղի ձուկ տալիս, երեւի ոչ ոք ասել չի կարող, բայց տասնամյակներ շարունակ խորհրդային երկրում այդպես է եղել։ Դրանից հետո, բնականաբար, ջրի կարիք է զգացվում, իսկ ուղեկցող զինվորները շատ հաճախ ջուր տալուց հրաժարվում են։ Ես կալանավայրեր նկարագրող գրականության մեջ հակառակ դեպքի էլ եմ հանդիպել, երբ ջուր տալիս են, բայց զուգարան չեն տանում։ Խնդիրն այն է, որ ջուրը կալանավորներին պետք է բերեն ուղեկցող վաշտի զինվորները, որոնք այդ գործն անելուն այնքան էլ տրամադրված չեն եւ ջրի պահանջը լսելիս, որպես կանոն, ռուսերեն յուրահատուկ հայհոյանքներով համեմված մեկ նախադասություն են կրկնում․

-Բերաններդ փակեք (հայհոյանք), տեղ կհասնենք՝ կխմեք որքան կկամենաք (հայհոյանք)։

Երբ արդեն հաստատ էր, որ կալանավորների հորդորները եւ խնդրանքներն անիմաստ են, եւ զինվորները վերջնականապես վճռել են ջուր չտալ ու նրանց համոզելու այլ միջոց չի մնացել, տեղից բարձրացավ մեր կուպեում գտնվող ամենահարգված հեղինակությունը՝ կիսավրացին, որի մեջքին Պրոմեթեւսն էր դաջված եւ լռություն պահանջեց, ինչն ակնթարթորեն ի կատար ածվեց, ապա՝ գոռաց․

-Братва, качаем вагон. (Տղեք, ճոճում ենք վագոնը)։

Մեզանից, ես նկատի ունեմ ինձ ու իմ ընկերներին, որեւէ մեկը չէր էլ կարող հասկանալ կամ պատկերացնել, թե ինչ է դա նշանակում։ Պարզ է, որ նախկինում մենք նման բան չէինք կարող տեսած լինել։ Չէինք էլ լսել։ Գնացքն ընթանում էր մոտ 50-60 կմ/ժ արագությամբ։ Ահա այս արագությամբ ընթացող գնացքին կցված կալանավորներ տեղափոխող վագոնի բոլոր կալանավորները, մեր կուպեում եղածներիցս բացի, մեեեեկ-երկու, մեեեեկ-երկու գոռալով  ու իրար գրկած կամ իրար հենված, գնացքի ճոճքին համընթաց մեծ ուժով խփվում են աջ, ապա ձախ պատին, ու վագոնն սկսում է ճոճվել։ Սկզբում այդ ճոճքը փոքր է ու չարագուշակ չի, բայց մի պահից ճոճքը մեծանում է, սպասվող վտանգը դառնում է իրական՝ վագոնը կարող է շրջվել՝ իր հետ տանելով բոլորին՝ կալանավորներին, ուղեկցող զինվորներին ու ողջ գնացքը։ Սկզբում վտանգը չզգացող զինվորները հայհոյում ու կարգ ու կանոնը պահպանել են պահանջում, բայց տեսնելով, որ կալանավորները անդրդվելի են, սկսում են անհանգստանալ, մի պահից սկսում են վախի նշաններ ցուցաբերել, ապա՝ վագոնի ճոճքը մեծանալուն զուգահեռ 18-20 տարեկան զինվորներն սկսում են սարսափած վազել վագոնով մեկ եւ խնդրել, որ դադարեցնեն։ Միջանցք է վազում ուղեկցող վաշտի սարսափած հրամանատարը, խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ջուր կտան ու միայն այս ժամանակ է, որ կիսավրացի հեղինակությունը, որի անունը, ցավոք, մոռացել եմ, ձայնում է․

-Վերջ, հանգստանում ենք։

Զինվորներն սկսում են ջուր բերել։ Ով ինչքան ցանկացավ՝ խմեց։ Ցանկացողներին նույնիսկ զուգարան ուղեկցեցին, ինչն այլ իրավիճակում ավելի քան զարմանալի կթվար։

Երեկոյան կողմ մենք արդեն Ռոստովի բանտում էինք։ Ինձ, Սամվել Եղիազարյանին եւ Յաշային առանձնացրեցին մեր խմբից եւ տեղավորեցին մի մեծ խցում, իսկ Մարզպետ Հարությունյանին, Իշխան Մկրտչյանին, Ալեքսանդր Մանուչարյանին եւ մնացած երեք ռեցիդիվիստներին տարան այլ խուց։

                                           Դոնի Ռոստովի բանտ

– Կա՞ այստեղ Հարությունյան։ Հարությունյան, դուրս արի, իրերով։ Արագ, արագ, արագ:

Ես ուսապարկս գրկած արագ դուրս եմ գալիս խցից։

Արագությունը չափազանց կարեւոր է: Դանդաղելու դեպքում ստանալու ես մահակի ուժգին հարված: Մահակներով զինված հսկիչների հայացքներում, չգիտես ինչու, միայն չարություն է նկատվում: Լսվում են Ռոստովի բանտի նկուղային հարկի երկար միջանցքի այս ու այն հատվածից աղմուկով բացվող ու փակվող երկաթյա դռների ու կողպեքների արձագանքող շրխկոցները, բայց միջանցքում ինձ ուղեկցող հսկիչներից բացի այլ մարդ չեմ տեսնում: Հարկավոր է լինել ճարպիկ: Հարկավոր է արագ շարժվել: Դանդաղես` յուրաքանչյուր հսկիչ հարկ կհամարի մահակի հարված իջեցնել մարմնիդ ցանկացած մասի: Ով ինչպես ու ինչ ուժով որ ցանկանա: Այս դասը սերտել եմ արագ ու հենց Ռոստովի բանտում։ Սերտել եմ այլոց գլխին եկածը տեսնելով:

Մի տասն օր է, ինչ ընկերներիս հետ այստեղ եմ, Եկատերինա 2-ի օրոք՝ 1768թ․ կառուցված այս բանտում։ Մի քանի անգամ ինձ ու իմ խցակիցներին տարբեր առիթներով խցից դուրս են բերել, եւ ես հասցրել եմ նկատել, որ հարվածները հիմնականում իջնում են ուշացողների ու դանդաղաշարժների մեջքին։ Այստեղ մեկ անգամ մեզ նույնիսկ լողանալու տարան։ Եթե, իհարկե, այդ միջոցառումը կարելի էր լողանալ համարել։ Էլի այսպես՝ մահակների հարվածներ ստանալու սպառնալիքի տակ, հայհոյանքներով ու աղմուկ-աղաղակով։ Մտանք լողարան կոչվող մի մեծ ու փնթի սրահ։ Պատերի երկայնքով ցնցուղներ են։ Լողացող մի 30-40 մերկ մարդ գոռում է․

-Հե՜յ, պետ, ջուրը սառն է, մի քիչ տաք տուր։

Ջրի ջերմաստիճանը կարող են կարգավորել միայն լողարանին կից սենյակում գտնվող հսկիչները։ Մի քանի վայրկյանից ցնցուղների տակից սարսափահար փախչող մարդիկ գոռում են․

-Եռման է, եռման է, էս ի՞նչ ես անում, պետ։

Ու այսպես մի 20 րոպե շարունակ։ Մեկ՝ լրիվ սառը, մեկ՝ եռացող։ Ապա հնչում է հագնվելու հրահանգը։ Ոչ ոք էլ լողանալ չկարողացավ։ Այս խաղը հսկիչների սիրելի զվարճանքներից էր եւ տարածված էր խորհրդային առաքաբանտերում։

Մի բան հաստատ է` ես հարմարեցված եմ բանտային կյանքին, ես բանտում արագ եմ կողմնորոշվում, ես ինձ չեմ կորցնում: Չգիտեմ որտեղից, բայց գիտեմ, թե ինչ եւ ինչպես է հարկավոր անել: Գոհ եմ ինքս ինձանից:

Շատ ավելի ուշ, երբ հիացած ուսումնասիրում էի 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուսական պոեզիան, ինչին սիրահարված եմ մնալու մեկընդմիշտ, Մանդելշտամի կենսագրությանը ծանոթանալիս տեղեկացա, որ նա 1920թ․ Յալտայում, որպես վրանգելյան գործակալ, բանտարկվել է։ Տեղյակները պատմում են, որ նա անընդհատ հսկիչներից պահանջել է, որ իրեն ազատ արձակեն, ասելով․

– Մի՞թե չեք տեսնում, որ ես հարմարեցված չեմ բանտային պայմաններին:

Նա ազատ է արձակվել միայն Վոլոշինի միջնորդությունից հետո։ Ազատ արձակվելուց հետո որոշում է հեռանալ Յալտայից Բաթումիով, որտեղ արդեն ձերբակալում են  վրացական իշխանությունները։ Այս անգամ էլ որպես բոլշեւիկյան գործակալ, եւ ազատ է արձակվում Տացիան Տաբիձեի միջնորդության շնորհիվ, որը պատահաբար այդ օրերին գտնվում էր Բաթումիում։ Կյանքը ցույց տվեց, որ այս մեծագույն պոետն, իրոք, հարմարեցված չէր բանտին: Երբ նա 1938թ․ մարտին հակախորհրդային գործունեության մեղադրանքով կալանավորվում է՝  միայն 9 ամիս է կարողանում դիմանալ բանտային պայմաններին։ Մահանում է էտապում, Վլադիվոստոկի առաքաբանտում, այդպես էլ չհասնելով այն կալանավայր, որտեղ պետք է կրեր հինգ տարվա իր ազատազրկումը։

Իսկ ես բանտային պայմաններին հարմարեցված եմ: Ինչպե՞ս, որտեղի՞ց ինձ այդ հատկությունը` չգիտեմ, բայց շատ շուտ կարողանում եմ եւ կողմնորոշվել, եւ մարդկանց հետ լեզու գտնել: Քրեական աշխարհում այս վերջին ունակությունը չափազանց կարեւոր է: Ես ընդամենը քսան տարեկան եմ, Հայկական սովետական սոցիալիստական հանրապետության գերագույն դատարանի կողմից որակավորված եմ որպես հատուկ վտանգավոր պետական հանցագործ ու խցում թեյ եմ խմում քրեական աշխարհում մեծ հեղինակություն վայելող Ռոստովի Սեռի մականվամբ օրենքով գողի հետ: Նա ունի ընդամենը մեկ դաջվածք՝ գեղեցիկ վարդ կրծքավանդակի ձախ կողմում։ Ինքն է ինձ հրավիրել թեյ խմելու։ Բայց մինչ այդ ես վեճի եմ բռնվում խցում եղած մի երկու աքլորացած քրեականի հետ։ Լարված իրավիճակ է։ Սեռին միջամտում է մեր վեճին ու հարցնում․

-Որ տապալեք խորհրդային կարգերը, ի՞նչ եք անելու մեզ հետ։

Ես վեճից տաքացած ու երիտասարդական անմիջականությամբ պատասխանում եմ․

-Դուք ասում եք, որ բանտը ձեր տունն է, ուրեմն մենք ձեզ կպահենք հենց ձեր տանը` բանտում:

Սեռին բարձրաձայն ծիծաղում ու ինձ թեյի է հրավիրում: Նրա հետ թեյ է խմում շրջանաձեւ նստած հարգվածների մի փոքր խումբ ու ես: Առաջին անգամ չիֆիր եմ փորձում: Այլումինե  թասը ձեռքից ձեռք է անցնում: Յուրաքանչյուրը մի կում անելուց հետո այն փոխանցում է հաջորդին: Չիֆիրից հետո, երբ քիչ առաջ հետս վեճի բռնված քրեականների նախանձոտ հայացքների ուղեկցությամբ մոտենում եմ Սամվելին, նա ծիծաղում է եւ ասում, որ ինձ քրեական աշխարհի անդամ դառնալու լուրջ վտանգ է սպառնում: Այսօր էլ Սամվելն այս դրվագը հիշելիս ասում է, որ պահվածքս շատ վտանգավոր էր եւ կարող էր շատ տխուր ավարտ ունենալ։  Ըստ բոլոր գործող կարգերի մեզ՝ հատուկ վտանգավոր պետական հանցագործներիս, քրեականների հետ չպետք է պահեին, բայց Ռոստովի բանտում մեզ բաժանեցին իրարից եւ տեղավորեցին բանտի նկուղային հարկում՝ քրեականների հետ նույն խցում։ Խուց մտնելուց Յաշային շատ լավ դիմավորեցին։ Նա Սեռիի հետ գրկախառնվեց, ապա նրան ասաց մեր մասին։ Ասաց, որ քաղաքականներ ենք եւ, որ մեզ հետ ակադեմիկոս կա։ Մանուչարյանին նկատի ուներ։ Նրա համար բոլոր գիտնականներն էլ ակադեմիկոսներ էին։

Երկու զուգահեռ պատերի երկայնքով ձգվում էին իրար կպած մետաղյա երկհարկանի մահճակալները։ Մահճակալի վրա կարելի էր բարձրանալ միայն դիմացից, քանի որ դրանք իրենց կողային մասերով ամուր կպած էին իրար ու ձգվում էին պատից պատ ու իրենցից մեկ ընդհանուր երկհարկանի տախտակամած էին հիշեցնում։


բանտային մահճակալներ

Դրանց քանակով դատելով՝ խուցը պետք է մի 40 տեղանոց լիներ, բայց լցված էր 50-ից ավելի բանտարկյալներով։ Դռանը հանդիպակած պատի տակ մետաղյա փոքրիկ սեղան էր, բայց մարդիկ դրանից չէին օգտվում։ Բոլորն էլ ուտում էին մահճակալներին նստած։ Մահճակալների վրայի ծածկոցները բանտի շեմը հատելու օրվանից, իսկ դա երեւի տարիներ առաջ էր եղել, լվացքատան երես չէին տեսել։ Ոջիլները եւ տարատեսակ այլ միջատներ վխտում են եւ այդ ծածկոցների մեջ, եւ կալանավորների վրա։ Առաջին անգամ իմ կյանքում այդ բանտում ես ոջիլներ տեսա։ Դրանք այնքան շատ էին, որ զրուցակիցները կարող էին զրույցի ընթացքում միմյանց վրայից ոջիլ վերցնել ու երկու բթամատների եղունգների միջեւ սեղմելով սպանել։ Ես ինձ հավատացնում էի, որ ինձ վրա ոջիլ լինել չի կարող։ Բայց մի երկու օրից, երբ երկար ժամանակ չլվացված մարմինս սկսեց սովորականից ավելի ուժեղ քոր զգալ, հասկացա, որ բանը բանից անցել է։ Այս ամենը տեղի էր ունենում հունիսի երկրորդ կեսին, իսկ մենք վերջին անգամ լողանալու հնարավորություն էինք ունեցել Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարանում՝ մայիսի սկզբին։

Մեր այդ մեծ ու մարդկանցով գերհագեցած խուցն ուներ ընդամենը մեկ չափազանց փոքրիկ լուսամուտ: Այդ լուսամուտից ոչ արեւի լույս էր ընկնում եւ ոչ էլ, ինչպես բանտի վերին հարկերի խցերի մեծ պատուհաններից, երկնքի փոքրիկ կտոր էր երեւում: Շատ հաճախ բանտախցերի լուսամուտների վանդակաճաղերի վրա 45 աստիճան թեքությամբ մետաղյա շերտավարագույրներ են տեղադրված լինում, դրանք թույլ չեն տալիս հորիզոնական ուղղությամբ դուրսը տեսնել, փոխարենը՝ երեւում է միայն երկնքի մի փոքրիկ կտոր: Ահա այս խցից են ինձ դուրս բերել եւ չգիտեմ, թե ուր են տանում։

…. Ուսապարկս գրկած արագ շարժվում եմ երկար միջանցքով, որի աջ ու ձախ կողմերում իրար հաջորդող խցերի սեւ դռներն են: Բանտի յուրահատուկ հոտին վաղուց եմ վարժվել ու այն չեմ զգում:

– Կանգ առ, կանգ առ, – հրահանգում է հետեւիցս եկող հսկիչներից մեկը: Կանգ եմ առնում վանդակաճաղերով փակված աստիճանների մոտ ու հասկանում, որ հիմա ինձ աստիճաններով վերեւ են տանելու: Լուսամուտից երկնքի կտոր եմ տեսնելու, անցնում է մտքովս: Ինձ հանձնում են աստիճաններով ներքեւ իջնող երկու հսկիչներին: Այստեղից արդեն սրանք պետք է ինձ ուղեկցեն։ Բարձրանում ենք վերին հարկ: Ճռինչով բացվում է խցերից մեկի դուռը: Ներս եմ մտնում նախորդ կիսախավար խցիս համեմատ չափազանց լուսավոր ու ոչ մեծ մի խուց, որտեղ առանց ներքնակների, երկհարկանի երեք դատարկ երկաթյա մահճակալներ են՝ մեկը լուսամուտի, իսկ մյուս երկուսը՝ երկու զուգահեռ պատերի տակ:  Առաջին հերթին հայացքս ուղղում եմ լուսամուտի կողմը` երկնքի կտորը երեւում է, լավ է, իսկ լուսամուտի տակ գտնվող երկհարկանի մահճակալի առաջին հարկին տեսնում եմ սեւ լաթի կտորով ծածկված Մարզպետին ու ուրախության ճիչ եմ արձակում:

Ես միշտ էլ ցանկացել եմ գրել Մարզպետի մասին․ այն ժամանակ, երբ նա դեռ կենդանի էր ու ապրում էր Ամերիկայում, ցանկացել եմ գրել նրա մահից (2000թ․) հետո, ցանկանում եմ գրել հիմա, բայց այդպես էլ ոչինչ չի ստացվել: Նա է ինձ ներգրավել հակախորհրդային շարժման մեջ, նա է ինձ անդամագրել Հայ երիտասարդների միություն (ՀԵՄ) կոչվեղ Ազգային միացյալ կուսակցություն (ԱՄԿ) երիտասարդական խմբակի մեջ: Մինչ այդ ես անդամակցում էի մի երիտասարդական կազմակերպության, որը գլխավորում էր Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բարձր կուրսի մի ուսանող՝ Մելքոնյան Սմբատը:

Դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվել էի Երեւան: Բրյուսովի ինստիտուտի մի ուսանողուհու միջոցով ծանոթացել էի իրենց ինստիտուտից այդ տղայի հետ, որն, ինչպես հետո պարզվեց` ընդհատակում գործող կազմակերպության ղեկավար էր: Կազմակերպությունը կոչվում էր Հայ ազգային միություն եւ բաղկացած էր երիտասարդներից, որոնք զբաղված էին հայրենասիրական բնույթի գրականություն հայթայթելու, պատրաստելու ու տարածելու գործերով: Խմբի ղեկավարը՝ Սմբատը, օտար լեզուների ինստիտուտում թռուցիկներ տարածելու պատճառով հայտնվել էր Պետական անվտանգության կոմիտեի տեսադաշտում, բերման էր ենթարկվել, բայց նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր սկսվել: Սրա մասին ոչ ես, ոչ էլ կազմակերպության անդամ մյուս երիտասարդները չգիտեինք։ Այս կազմակերպությունը զուտ ազգային նպատակներ էր հետապնդում` Ղարաբաղ, Նախիջեւան, լեզու եւ նման բաներ: Այս ամենի մեջ կար հայրենասիրություն, բայց չկար քաղաքականություն: Անընդհատ զգում էի, որ մեր գործունության մեջ մի կարեւոր հանգամանք բացակայում էր:

Մենք մեզ նման երիտասարդների գտնելու ու մեր շարքերը համալրելու խնդիր ունեինք: Այդ նպատակով հաճախ էինք լինում մարդաշատ վայրերում եւ ուսանողական շրջանակներում։ Ահա այդ պրպտումներից մեկի ժամանակ էլ ծանոթացա Արսեն Ղազարյանի հետ։ Նա հաճախում էր Սունդուկյանի թատրոնին հարակից Կոմունաների այգի, որն այսօր Անգլիական այգի է կոչվում, ու հավաքված իր ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ զրուցում էր տարատեսակ թեմաներից, այդ թվում եւ քաղաքականությունից, եւ ազգային հարցերից։ Համարձակ տեսակետներ էր հայտնում։ Զրուցեցինք, հանդիպեցինք հաջորդ օրերին նույնպես: Նա կարդացած ու պատրաստված մարդ էր: Ահագին ժամանակ է շփվում էինք ու մի անգամ էլ նա ասաց, որ պատրաստվում է ինձ ծանոթացնել «ԱՄԿ»-ի տղաների հետ։ Այդպես էլ ասաց՝ «ԱՄԿ»-ի տղաների։ Ես չգիտեի, թե ինչ է ԱՄԿ-ն, ովքեր են ԱՄԿ-ի տղաները, եւ ինչ է տալու ինձ այդ ծանոթությունը։ Մի քանի օրից Արսենն ինձ ծանոթացրեց Մարզպետի հետ։ Մարզպետի հետ ծանոթացնելուց կարճ ժամանակ անց ես հասկացա, որ կյանքս փոխվում է մեկընդմիշտ: Հասկացա եւ ուրախացա: Հասկացա, որ լուրջ կառույց ներկայացնող մարդու հետ եմ ծանոթացել, եւ որ ես այդ պահից սկսած տարբերվելու եմ իմ շրջապատում, իմ գյուղում, իմ քաղաքում, իմ ապրած երկրում ապրող մնացած բոլոր մարդկանցից:

Մարզպետն ինձանից մեծ էր քսան տարով եւ իմ ճանաչած առաջին իսկական հակասովետական մարդն էր: Նա ամեն ինչ պայմանավորում էր քաղաքականությամբ: Ասում էր՝ սկզբում պետք է ոչնչացնել խորհրդային կարգերն ու խորհրդային երկիրը, որ հետո հնարավոր լինի լուծել հայ ժողովրդին հուզող կարեւորագույն խնդիրները: Ես ոգեւորված էի: Մեր բարեկամությունն սկսվեց միանգամից ու այդպես էլ չընդհատվեց: Քանի տարի է արդեն նա վախճանվել է, բայց ես միշտ ջերմությամբ եմ նրան հիշում: Նա իմ առաջ նոր ու բոլորովին անհայտ աշխարհ բացեց: Եթե մինչ այդ թռուցիկներ տարածելու մասին խոսելը, գաղտնի հանդիպումները, պայմանական նշաններ մտածելն ինձ` պատանուս, ավելի շուտ խաղ էին հիշեցնում, ապա Մարզպետի հետ ծանոթանալուց հետո խաղն ավարտվեց: Նա ինձ պատմում էր ԱՄԿ եւ ոչ ԱՄԿ անդամների ձերբակալություններից, դատավարություններից, նրանց գաղութային ու բանտային կյանքից: Պատմում էր բանտերում ու մեկուսարաններում զոհված գործիչներից, բանտերում ու մեկուսարաններում գտնվող դեռ չզոհվածներից: Պատմում էր, թե ինչպես են ՊԱԿ-ականները ձերբակալում, ինչպես են հարցաքննում, ինչ է իրենից ներկայացնում ՊԱԿ մեկուսարանը, որտեղ նա արդեն եղել էր, ինչ է իրենից ներկայցնում հոգեբուժարանը, որտեղ նույնպես եղել էր: Պատմում էր, թե ինչպես են հետեւում, թե ինչպես կարելի է խուսափել հետապնդումից: Նա ինձ նկարագրում էր ՊԱԿ-ի մեկուսարանը ամենայն մանրամասնությամբ` միջանցքը, դռների դասավորությունը, խցերը, լվացարանը: Այն տարիների ՊԱԿ-ի մեկուսարանի խցերում զուգարաններ չկային, եւ բանտարկյալներին առավոտյան ու երեկոյան տանում էին այդ փոքրիկ բանտի միակ զուգարանը, որը եւ լվացարան էր, եւ արտաքնոց: Ահա այդ լվացարանը ուներ մի քանի ծորակ, հիմա արդեն լավ չեմ հիշում թե` քանի, բայց լուսամուտի կողմից առաջին ծորակը չգիտես ինչ պատճառով տարիներ առաջ  զոդված էր այնպես, որ չէր գործում: Մարզպետն անգամ այս մանրուքն էր ինձ ասել: Հետագայում, երբ ես ձերբակալվեցի եւ ինձ տարան ՊԱԿ մեկուսարան, սկսած խուզարկությունից մինչեւ խուց՝ ամեն ինչ ինձ չափազանց ծանոթ էր, ոչ մի նորություն: Ես հուզված չէի, ամեն քայլափոխի արձանագրում էի այն, ինչ Մարզպետն արդեն ինձ պատմել էր: Արդեն երկտեղանոց խցում էի, երբ հսկիչը խցի դռան վրա հարմարեցված փոքրիկ դռնակը բացելով հարցրեց` ունե՞մ արդյոք լվացվելու կամ զուգարանի կարիք, ես օրվա ընթացքում այնքան էի հոգնել, որ միայն պառկել էի ցանկանում, բայց Մարզպետի պատմած ծորակը հիշելով ասացի`լվացվել եմ ցանկանում: Լվացարան մտնելիս տեսա զոդված ծորակն ու հասկացա` հասել եմ այնտեղ, ուր ուղեորվում էի, ու մի տեսակ թեթեւություն իջավ վրաս:

Մեր ծանոթությունից երկու տարի անց, արդեն էտապի ժամանակ, Թբիլիսիի բանտում տեսնելով, թե ես ինձ ինչ ազատ ու անկաշկանդ եմ զգում, Մարզպետը ժպտում է.

-Լավ է, թեթեւ ես տանում:

Ահա այս թեթեւությամբ էլ հասել եմ Ռոստովի բանտ ու կանգնել եմ Ռոստովի բանտի երկրորդ հարկի այս լուսավոր խցում, որի լուսամուտից երկնքի կտոր է երեւում, իսկ լուսամուտի տակ գտնվող երկաթյա մահճակալին պառկած է Մարզպետը: Քառասնամյա ընկերս ծերացել է, ձեռքերը դողում են, դեմքը մի տեսակ ձգվել է: Արագ մոտենում եմ.

-Ես մեռնում եմ, – հազիվ արտաբերում է նա:

Նրա կցկտուր պատմությունից հասկանում եմ, որ մեր ընկեր Իշխան Մկրտչյանը կարողացել է երկու քրեականի հետ փախուստի դիմել: Զարմանալին այն է, որ փախուստը հաջողվել է: Հետագայում պատմում էին, որ այդ բանտից սա առաջին նման հանդուգն փախուստն էր: Իշխանի փախուստի պատճառով նրա խցում գտնվող Ալեքսանդր Մանուչարյանին ու Մարզպետին դաժան ծեծի են ենթարկել: Մանուչարյանի բախտը բերել էր՝ նա մի քանի հարվածից հետո գիտակցությունը կորցրել էր, իսկ Մարզպետը ջախջախվել էր բառիս ամենաիսկական իմաստով: Կրծքավանդակի վնասվածքի պատճառով շնչել չէր կարողանում: Խորը շնչելը, հազալը, մարմնի դիրքը փոխելը, ինքնուրույն նստելն ու պառկելը նրան մահացու ցավ էին պատճառում:

Պարզ է, ինձ այստեղ են բերել, որ նրան խնամեմ։ Ջուր եմ տալիս, օգնում եմ, որ հարմար պառկի, սիգարետ եմ վառում իմ ու նրա համար:

-Քանի օր է մենակ այստեղ ընկած եմ, ամենաշատը ծխել էի ցանկանում, լավ է որ քեզ բերեցին, -թույլ ժպտում է ընկերս:

Այսօր չեմ էլ հիշում, թե ինչքան մնացինք այդ խցում, բայց մի 10-15 օրից ոչ պակաս: Այդ ողջ ընթացքում ոչ մի բժիշկ մեզ չմոտեցավ, ոչ ոք, անգամ որեւէ հսկիչ, չհարցրեց, թե ինչպես է նա իրեն զգում: Միայն գարշահոտ արձակող նախաճաշ, ճաշ ու ընթրիք էին բերում, ուրիշ ոչինչ: Երկու անգամ մեր խուց բերեցին երկու տարբեր կալանավորների: Նրանցից մեկը մնաց մեկ օր, երեկոյան տարան, իսկ մյուսը մնաց մեկ գիշեր, իսկ հաջորդ օրվա կեսօրին տարան: Ծեծված, բայց իր սուր միտքը չկորցրած Մարզպետն ասում էր.

-Սրանց միջոցով ուզում են իմանալ մեռնո՞ւմ եմ, թե՞ ոչ:

Բայց այս երկուսի մեր խցում գտնվելը ինձ թեթեւություն բերեց: Նրանք մի քանի ժամ Մարզպետի մոտ մնացին, եւ ես մի քիչ հանգստանալ կարողացա: Մարզպետի համար հատկապես տանջող էին փայտոջիլները: Դրանք սարսափելի են անգամ առողջ մարդու համար, իսկ մահճակալին գամված մարդուն կարող են խելագարության հասցնել: Կծում են ցավոտ, իսկ հարձակվում` խմբերով: Ես գիշերներն զբաղված էի այդ անիծվածներին քշելով Մարզպետից կամ էլ ձեռքով սեղմում էի նրա կրծքավանդակը, որ կարողանար հազալ կամ օգնում էի դիրքը փոխել:

Մի օր էլ բացվեց մեր խցի դուռը, եւ պահանջեցին, որ դուրս գանք: Մեծահոգաբար թույլ տվեցին, որ Մարզպետը հենվի ինձ: Բանտից դուրս գալուց հանդիպեցինք Սամվելին ու Մանուչարյանին: Մեզ մի քանի քրեականների հետ տարան կայարան, տեղավորեցին վագոնում, ու շարժվեցինք դեպի Ուրալ: Կուպեում օտար մարդ չկար, մենք էինք՝ ես, Սամվելը, Մանուչարյանը եւ Մարզպետը։

Մեր կենսագրության մեջ դաժան հետք թողած Ռոստովի բանտն արդեն հետեւում էր, առջեւում Վոլգոգրադի բանտն էր եւ մի աներեւակայելի երկար ճանապարհ։

Վոլգոգրադի բանտ

Ռոստովից դեպի Վոլգոգրադ ճանապարհը երկար չտեւեց, բայց այն անչափ դժվար էր մեզ համար։ Ռոստով-Վոլգոգրադ ճանապարհը գնացքը՝ ամենադանդաղ ընթացքի դեպքում, հաղթահարում է ամենաշատը մի 15 ժամում։ Մենք ճանապարհին երեւի երկու-երեք օր ենք եղել։ Իբր Մարզպետի վիճակը քիչ էր, Սամվելի մոտ սկսվեցին ստամոքսային ահավոր ցավեր։ Ոչինչ ուտել չէր կարողանում։ Մոտը մշտական սրտխառնուքներ էին, իսկ ուտելուց հետո ավելի էր սրվում վիճակը։ Որոշեցինք, որ նա ընդհանրապես ոչինչ չի ուտելու։ Ողջ ճանապարհը, մինչեւ Վոլգոգրադ, նա սոված մնաց։

Մարզպետի ծանր վիճակն էլ ավելի ծանրացավ մրսածության պատճառով։ Հաճելի ու տաք ամառվա այդ օրերին նա հաջողացրել էր մրսել, ու մոտն անընդհատ հազալու ցանկություն էր առաջանում։ Ես ողջ ճանապարհին, գիշեր, թե ցերեկ, նստած էի լինում կուպեի առաջին հարկի նստատեղին։ Մարզպետը ցանկացած պահի ինչ-որ բանի կարիք կարող էր ունենալ։ Նա ձեռքով նշան էր անում, ես հասկանում էի, որ հազալու կարիք ունի եւ ձեռքիս ափով սեղմում էի նրա կրծքավանդակը։ Միայն այս վիճակում էր նա կարողանում հազալ կամ խորը շունչ քաշել։

-Վարդան, դու հասկանու՞մ ես, որ ծանր հիվանդ ես պահում, – հերթական հազից հետո թույլ ժպտալով հարցրեց Մարզպետը։

-Այ ցավդ տանեմ, դու ի՞նչ հիվանդ, – կատակեցի ես, – հիվանդները կողքի կուպեում գտնվողներն են, որ յոթ տեղի վրա մի 10-15 հոգու խցկել են ու շնչելու օդ չունեն, իսկ դու առոք-փառոք պառկած փռշտում ես։

Միշտ կենսախինդ Մարզպետի ժպիտը մի տեսակ չէր ստացվում։

-Ախ, Իշխան, Իշխան, էս ի՞նչ արեցիր, -մի տեսակ նեղսրտած արտաբերեց Մարզպետը։

Դեռ Ռոստովի բանտի երկրորդ հարկի լուսավոր խցում էր Մարզպետն ինձ պատմել, թե ինչքան են ինքն ու Մանուչարյան Սանդրոն (Ալեքսանդր Մանուչարյանին նաեւ Սանդրո էին կոչում) համոզել Իշխանին՝ չփախչել, հետ կանգնել այդ անիմաստ ու աննպատակ մտքից, բայց Իշխանը անդրդվելի էր մնացել։

Տարիներ շարունակ ես մտածել եմ, թե ինչու՞ գնաց Իշխանը նման քայլի, բայց բացատրությունը չեմ գտել։ Եթե լիներ ծրագիր, լիներ նպատակ ինչ որ բանի համար, ինչ որ կարեւոր գործի համար, հասկանալի կլիներ։ Բայց՝ ուղղակի, հենց այնպես․․. Ոչ միայն անհասկանալի, այլեւ անիմաստ քայլ էր։ Փախուստից որոշ ժամանակ անց նա կրկին կալանավորվեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հետագայում, արդեն համադրելով կցկտուր ստացված տեղեկությունները, հասկանալի դարձավ, որ մեզ պահել են Ռոստովի բանտում այնքան ժամանակ, մինչեւ կգտնեն Իշխանին ու նաեւ՝ մինչեւ կպարզեն ու 100 տոկոսով կհամոզվեն, որ Մարզպետը եւ Սանդրոն փախուստի հետ կապ չունեն։

․․․Նախաքննության ողջ ընթացքում մենք՝ ես, Իշխանը եւ Մարզպետը, որտեղ որ հնարավոր էր, հանդիպած բոլոր պատերին, բոլոր անկյուններում, բաղնիքում, լվացարանում, զբոսարանում գրում էինք ՄԻՎ։ Սրանք մեր անվան սկզբնատառերն էին։ Այս գրությամբ մենք իրար եւ ողջունում էինք, եւ տեղեկացնում, որ իրար հետ ենք ու պինդ։ Հսկիչները մեր հետեւից դրանք ջնջում էին, բայց մենք վառած լուցկու հատիկով, գաղտնի պահած մատիտով (ունենալ չէր կարելի), հայթայթած ինչ- որ սուր բանով, ինչը նույնպես արգելված էր, աներեւակայելի ջանասիրությամբ գրում էինք մեր ՄԻՎ-ը։ Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարանում գտնվելու ընթացքում, իսկ մենք այնտեղ ենք գտնվել 1980թ․ մայիսից մինչեւ 1981թ․ մայիս՝ ուղիղ մեկ տարի, այնտեղ շինարարություն էր ընթանում, եւ մեկուսարանի զբոսարանները չէին գործում։ Փոխարենը շիֆերից երկու հատ իրար կպած ժամանակավոր ու փոքր զբոսարաններ էին սարքել ՊԱԿ-ի շենքի հետնամասում՝ մեկուսարանին կից։ Տղաներից մեկը՝ Մարզպետը կամ Իշխանը, ինչ-որ սուր բանով կարողացել էր մեր ՄԻՎ-ը փորագրել շիֆերի մեջ այնպես, որ հսկիչները ջնջել չէին կարող, ու այդպես էլ մնացել էր։

Օգոստոսի վերջերին կամ սեպտեմբերին ես արդեն Պերմի մարզի Չուսավոյի շրջանի Պոլովինկա ավանում գտնվող N 37 քաղաքական կալանավայրում էի գտնվում։ Կալանավայր մտնելուց որոշ ժամանակ անց, երեւի սեպտեմբերի կեսերին կամ վերջերին, առաջին անգամ որպես պատիժ ինձ պատժիչ մեկուսարան տարան։ Պատժիչ մեկուսարան կարող են տանել մինչեւ 15 օր ժամանակով, բայց, քանի որ ես նոր էի եւ առաջին անգամ էր՝ տվեցին 7 օր։ Ամառն ավարտվել էր, բայց դրսում դեռ տաք էր, իսկ պատժիչ մեկուսարանի փոքրիկ՝ 1,5մ լայնությամբ եւ մոտ 3մ երկարությամբ մենախցում ցրտից դողում ես։ Ես իմ ազատազրկման հետագա 5 տարիների ընթացքում հասցրեցի լինել Պերմի մարզում գտնվող բոլոր երեք քաղաքական գաղութներում եւ, բնականաբար, այդ գաղութների պատժիչ մեկուսարաններում՝ ամենացուրտ ու ամենաանմարդկային պատժիչ մեկուսարանը 37-րդ գաղութինն էր։ Այն շատ ցուրտ էր եւ չուներ ոչ զուգարան եւ ոչ էլ լվացարան։ Լվացվելու համար խուց-լվացարան էին տանում, իսկ արտաթորանքի համար հատուկ տարա էին տալիս, որը մի 40-50սմ բարձրությամբ մետաղյա ժանգոտած տակառ էր իր երկու բռնակներով եւ կափարիչով։ Աշնան սկզբից մինչեւ գարնան վերջը, ցրտի պատճառով, այստեղ նստելն էլ ավելի անտանելի էր դառնում։ Տարվա ցուրտ եղանակին պատժիչ մեկուսարանը ջեռուցվում էր։ Ըստ օրենքով սահմանված համապատասխան պահանջների, խցում ջերմաստիճանը չպետք է 18 աստիճանից ցածր լիներ, բայց իրականում 15-16-ը չէր գերազանցում։ Անգամ, եթե հրաշքով պահանջվող 18 աստիճանն էլ ապահովվեր, միեւնույնն է, մարդիկ սոված ու հյուծված լինելու պատճառով մրսելու էին։


Արտաքնոց ու լվացարան չունեցող պատժիչ մեկուսարանի երկտեղանոց խուց

Պատժիչ մեկուսարանում նաեւ գիրք չէին թույլատրում։ Մի շրջան սկսեցին թույլատրել, բայց հետո՝ կրկին արգելեցին։ Ամբողջ օրը որեւէ զբաղմունք չունես։ Մնում է միայն քայլել խցի երեք մետր երկայնքով, մտքում ֆանտաստիկ ծրագրեր կազմել, երազել ու ցրտից ցատկոտել։ Մյուս երկու՝ 35 եւ 36 կալանավայրերի պատժիչ մեկուսարանները համեմատաբար տաք էին, կրկնում եմ՝ համեմատաբար, եւ ունեին հիգիենիկ ամենաանհրաժեշտ հարմարությունները՝ զուգարան եւ ջուր։ Պատժիչ մեկուսարանում չկա պառկելու հնարավորություն (քնելու համար նախատեսված փայտյա տախտակամածը ցերեկը ծալվում եւ ամրացվում է պատին), կերակրում են օրումեջ՝ մեկ օր երեքանգամյա սնունդ, եթե դա կարելի է սնունդ անվանել, իսկ մյուս օրը միայն ջուր եւ 450 գ․ հաց։ Բայց ամենադաժանը ոչ թե սովն է, այլ՝ ցուրտը։ Քայլում ես, ցատկոտում ես, մարմնամարզություն ես անում, որ տաքանաս։ Դրանով ավելի շատ էներգիա ես ծախսում, էլ ավելի ես թուլանում ու արդյունքում՝ ավելի շատ մրսում։ Փորձված կալանավորները գիտեին սա եւ էներգիան խնայում էին։ Ահա այս վիճակում, երեկոյան կողմ, երբ արեւը որոշակի անկյան տակ ընկել էր լուսամուտի ապակուն, հանկարծ նկատեցի, որ ապակու փոշու վրա մատով գրված է ՄԻՎ։ Աչքերիս չհավատացի։ Անհնարին բան էր։ Սկզբում մտածեցի, թե ինձ թվում է։ ՄԻՎ գրողներից մեկը Մարզպետն էր, որ գտնվում էր նույն Պոլովինկա ավանի նույն 37 համարի տակ գտնվող, բայց առանձին ու ավելի փոքր կալանավայրում եւ այդ ընթացքում պատժիչ մեկուսարանում չէր եղել։ Լինելու դեպքում էլ նրա կողմից անիմաստ կլիներ նման բան գրելը։ Մնում էր Իշխանը։ Հասկացա, որ Իշխանին բռնել են, եւ նա գտնվում է այս կողմերում։ Իմ յոթ օրվա պատժի ավարտից հետո մոտեցա պատժիչ մեկուսարան ուտելիք տանող ազգությամբ բելոռուս պատերազմի հանցագործ ծերուկ Բաբուշկինին ու խնդրեցի ասել, թե ո՞վ է եղել մեկուսարանի այդ խցում։ Նա իրավունք չուներ որեւէ մեկին իր տեսածը, լսածը եւ իմացածն ասելու, բայց մինչեւ իմ պատժիչ մեկուսարան ընկնելը ես նրան մի առիթով օգնել էի, ու նա իրեն երեւի թե պարտավորված էր զգում։ Նա ինձ ասաց, որ մի փոքրամարմին հայ էր, որին ուղեկցորդները սխալմամբ 36 համարի կալանավայր տանելու փոխարեն բերել էին 37 (այս երկու կալանավայրերն իրարից հեռու են մի 50-60կմ), այդ խցում նա մնացել էր մեկ օր, ապա տեղափոխել էին 36։ Սա Իշխանի փախուստից հետո նրանից ստացած առաջին լուրն էր։ 37 համարի տակ գտնվող մեծ եւ փոքր կալանավայրերն ունեին ընդհանուր պատժիչ մեկուսարան եւ ընդհանուր աշխատանքային գոտի, որտեղ այս երկու կալանավայրերի կալանավորներն աշխատում էին հերթափոխով։ Ըստ էության սա եղել է մեկ ընդհանուր կալանավայր, բայց քաղաքական կալանավորներին իրարից էլ ավելի մեկուսացված պահելու, ինչ-ինչ օպերատիվ խնդիրներ լուծելու եւ մարդկանց կյանքն էլ ավելի բարդացնելու նպատակով 1975-76թ․ այն կիսել էին երկու ոչ հավասար մասերի։ Աշխատանքային գոտու միջոցով երկու կալանավայրերն իրար հետ գաղտնի կապ էին պահպանում։ Ես ու մոսկովյան հայտնի այլախոհ՝ 37 փոքր գաղութում գտնվող Յուրի Օրլովը խառատներ էինք եւ հերթափոխով աշխատում էինք նույն հաստոցի վրա։ Օրլովը եւ Մարզպետը շատ էին մտերմացել։ Նրանց մտերմությունը շարունակվեց նաեւ ազատ արձակվելուց հետո՝ ԱՄՆ-ում։ Մեր հաստոցի վրա թաքստոց էինք սարքել ու այդ կապով երկու գաղութների միջեւ ակտիվ նամակագրություն էր ընթանում։ Այս կապի միջոցով Մարզպետին տեղեկացրեցի Իշխանի՝ արդեն կալանավայրում գտնվելու մասին։

Պատժիչ մեկուսարաններում ես շատ եմ եղել, բայց երբեք մտքովս չի անցել հաշվել այնտեղ անցկացրած օրերիս քանակը։ Կային կալանավորներ, որ հաշվում էին։ Ոմանք անգամ այսօր են հիշում դա ու առիթի դեպքում մասնավոր զրույցներում կամ հրապարակումներում շեշտում են, թե քանի օր են այնտեղ անցկացրել։ Ինձ անհասկանալի է եղել, առավել եւս այսօր անհասկանալի է մնում,  թե ինչու՞ եւ ու՞մ է դա պետք։ Էլ չեմ ասում, որ ասողը ցանկացած թիվ էլ այսօր, հետին թվով, կարող է հրապարակել։ Դե գնա ու ստուգիր։

Իշխանին փախուստից հետո ձերբակալել ու հետ էին բերել Ռոստովի բանտ։ Այնտեղ նրան ու իր հետ փախած երկու քրեականներին օրերով խոշտանգումների էին ենթարկել։ Հետագայում՝ արդեն քաղաքական կալանավայրում իր հետ նստած ընկերներին Իշխանը պատմել էր, որ քրեականներից մեկը ամենօրյա խոշտանգումներին չդիմանալով հոգեկան հիվանդ է դարձել։ Ինքը՝ 23-ամյա առողջ երիտասարդ Իշխանը, կարճ ժամանակում հիվանդ ու հյուծված հաշմանդամի էր վերածվել։ Նրա ականջներից ժամանակ առ ժամանակ արնախառն թարախ էր հոսում, նորմալ շնչել չէր կարողանում, ոսկորներն ու հոդերը ցավում էին: Բայց այս ամենը չէր խանգարում, որ նա կալանավայրի ամենաակտիվ կալանավորներից մեկը լինի։

1984թ․ աշնան վերջին ես գտնվում էի 37-րդ կալանավայրի պատժախցում, որտեղ պետք է 15 օր անցկացնեի։ Ինձ հետ նույն խցում էր նաեւ հրեական շարժման ակտիվիստ Իոսիֆ Բեգունը, որի հետ հետագայում շատ մտերմացանք։ Նա այժմ 87 տարեկան է եւ ապրում է Երուսաղեմում։ Մեզ համար անհայտ պատճառով ու անակնկալ մեզ այնտեղից տեղափոխեցին 36-րդ կալանավայրի պատժախուց։ Այդ օրերին այդ պատժախցում էր գտնվում նաեւ Իշխանը։ Բնական է՝ մենք տարբեր խցերում էինք։ Հարմար պահ որսալով զրուցում էինք իրար հետ։ Հիշողությանս մեջ տպավորվել է նրա անհանգստությունը․

-Այստեղ շատ են շառ անում, զգույշ կլինես։ Քո պատժաչափը շուտով ավարտվում է եւ քեզ բերել են այստեղ, որ պատժաչափդ երկարացնելու հիմքեր ստեղծեն, – իմ ճակատագրով մտահոգ ասում էր Իշխանը։

Մեր այս կարճ զրույցները եղան վերջինը մեր կյանքում։ Ես՝ ավարտելով իմ  15-օրյա պատիժը դուրս եկա կալանավայր, իսկ Իշխանը դեռ երկար պետք է մնար պատժախցում։ Սիստեմատիկ խախտումների համար նրա ռեժիմը 6 ամսով խստացվել էր։ Նա տեղափոխվել էր խցային տիպի կացարան։ Սա գաղութի տարածքում գտնվող յուրահատուկ բանտ է, որտեղ գաղութի ղեկավարությունն, իր հայեցողությամբ, կարող է տեղավորել կալանավորին մինչեւ վեց ամիս ժամկետով։ Այստեղ էլ 1985թ․ ապրիլի 24-ին Իշխանին հայտնաբերեցին կախված։ Պաշտոնապես դա ձեւակերպվեց որպես ինքնասպանություն։ 1989թ․ հնարավոր եղավ Հայաստան տեղափոխել նրա աճյունը։ Այժմ նա թաղված է իր հայրենի Արթիկի շրջանի Սարատակ գյուղը շրջապատող բարձունքներից մեկի վրա։

Մարզպետի վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում։ Նա ոչինչ չէր ուտում եւ չէր խմում։ Նախ՝ չէր կարող, ապա՝ արտաքնոց գնալու հեռանկարն էր սարսափեցնում։ Վոլգոգրադի բանտ հասանք ցերեկով։ Մեզ տեղավորեցին բավականին մաքուր ու լուսավոր մի խցում։ Խցում կար ջուր, զուգարան, մի փոքր տաշտակ ու օճառ։ Ինձ համար օճառի գոյությունը հրաշքին հավասար մի բան էր։  Այդ օրերին դրանից ավելի մեծ երջանկություն պատկերացնել չէի կարող։ Մարզպետին հարմար պառկեցնելուց հետո ես անմիջապես անցա իմ լվացքին։ Լավ օճառաջուր սարքեցի ու այնտեղ ընկղմեցի շալվարս ու վերնաշապիկս, մի լավ տրորեցի, ապա ինքս սկսեցի լվացվել։ Ավարտելուց հետո նստեցի ու սկսեցի զրուցել ընկերներիս հետ։ Մանուչարյանը հարցրեց, թե ինչու չեմ հանում տաշտից հագուստս։

-Թող երկար մնա օճառաջրի մեջ, որ ոջիլները դուրս գան, -լրջորեն պատասխանեցի ես։

Ընկերներս սկսեցին ծիծաղել։ Նույնիսկ Մարզպետը, որ շարժվել չէր կարող՝ ծիծաղում էր իմ միամտության վրա։

-Ուշադիր նայեք, տղեք, – ասում էր կատակասեր Մանուչարյանը, – հիմա Վարդանի ոջիլները շարքով դուրս են գալու տաշտից, – ու երեքով հռհռում էին։

Ինձ մնում էր միայն միանալ նրանց ծիծաղին, ապա ողողեցի հագուստս ու կախեցի մահճակալներից, որ չորանան։

Իսկ բանտի միջանցքների լաբիրինթոսից՝ այնտեղ մեր գտնվելու ողջ ընթացքում, կանացի բարձր ձայներ էին լսվում։ Ովքե՞ր էին, հայտնի չէ։ Երեւի մեր խուցը կանանց հարկաբաժնի մոտ էր։

Վոլգոգրադի բանտի այդ խցում մենք մի փոքր շունչ քաշեցինք ու հանգստացանք։

Հաջորդ օրը մեզ այնտեղից դուրս բերեցին ու նորից գնացք նստեցրին, ու կրկին բոլորս միասին մեկ առանձին կուպեում էինք։ Իշխանի փախուստի հետեւանքով ուղեկցողներին արդեն խստորեն հանձնարարված էր, որ մեզ տեղից տեղ տեղափոխեն կամ բանտերի խցերում տեղավորեն մեր կարգավիճակին համապատասխան՝ քրեականներից առանձին։ Սա ոչ թե բանավոր հանձնարարվում է, այլ գրվում է էտապում գտնվող կալանավորի գործի թղթապանակի վրա։ Այդ գործը կալանավորին ուղեկցում է իր ողջ կալանքի ընթացքում։ Ամենայն հավանականությամբ նաեւ Իշխանի փախուստն էր պատճառը, որ իմ գործը ձեռք բերեց «կարմիր գիծ», որ նշանակում է վտանգավոր է եւ հակված է փախուստի։ Այդ գիծը գծվում է կալանավորին ուղեկցող անձնական գործի ծրարի ողջ անկյունագծով եւ ունի կարմիր գույն։ Կալանավորի անձնական գործը դրվում է ծրարի մեջ, իսկ ծրարը սոսնձվում ու կնքվում է։ Այն չպետք է վնասված լինի։ Վնասված լինելու դեպքում ուղեկցող վաշտի հրամանատարի եւ ընդունող կալանավայրի ղեկավարության ստորագրությամբ կազմվում է համապատասխան արձանագրություն։ Բացի անձնական գործից յուրաքանչյուր կալանավորի համար, արդեն կալանավայրում պատրաստվում է թղթախաղի քարտ հիշեցնող, բայց դրանցից մի քիչ մեծ ու հաստ քարտ, որի վրա գրված են լինում կալանավորի տվյալները, եւ եթե նրա գործի վրա կա կարմիր գիծ, ապա քարտի անկյունագծով գծվում է նույն այդ կարմիր գիծը։ Այս քարտերով են հսկիչներն իրականացնում կալանավորների առավոտյան ու երեկոյան պարտադիր հաշվառումները եւ աշխատանքային գոտի բաց թողնելն ու այնտեղից հետ՝ բնակելի գոտի անցնելը։ Այս գիծը կալանավորման ողջ ընթացքում եւ խանգարել, եւ օգնել է ինձ։ Կարգը պահանջում էր, որ կարմիր գիծ ունեցողները ամենաուշը երեկոյան ժ․22։00-ից արդեն լինեն կալանավայրի բնակելի հատվածում, այսինքն՝ բոլորը մնում էին աշխատանքի վայրում, իսկ ես ժ․ 21-ից արդեն դուրս էի գալիս աշխատանքի վայրից, հսկիչն ինձ ուղեկցում էր կալանավայրի բնակելի հատված, որտեղ ես կարող էի հանգստանալ եւ իմ գործերով զբաղվել ավելի շատ, քան մյուսները։ Այս ընթացքում իմ ընկերները մի 2-3 ժամ դեռ աշխատում էին։ Մեր կալանավայրերում կարմիր գիծ ունեցողների թիվը չափազանց քիչ էր։ Օրինակ, 37-րդ կալանավայրում նման գիծ ունեինք միայն խարկովցի հոգեբույժ Անատոլի Կորյագինը եւ ես։ Իսկ այդ գիծը խանգարում էր այն առումով, որ անընդհատ գտնվում ես լրացուցիչ ուշադրության կենտրոնում եւ մյուսների համեմատ, այդ անազատ պայմաններում, ավելի անազատ ես։ Կալանավորի լավ պահվածքի համար այդ գիծը, ժամանակի ընթացքում, կարող է հանվել։ Ինձ վրա այդ գիծը մնաց մինչեւ իմ վերջնական ազատ արձակումը։ Բայց թե ինչու՞ մեր բոլորից միայն իմ գործն ստացավ բավականին պատվաբեր այդ կարմիր գիծը՝ ասել չեմ կարող։ Անհասկանալի է։ Առավել եւս, որ Իշխանի փախուստի ժամանակ ես նրա մոտ չեմ եղել։ Բոլորովին էլ չի բացառվում, որ այդ նվերն ինձ տրված լիներ դեռ Երեւանում, Հայաստանի պետանվտանգության կողմից։

Որպես կանոն էտապի ժամանակ կալանավորները ճանապարհին քիչ, իսկ առաքաբանտերում երկար են մնում։ Մեր դեպքը հակառակն էր։ Պատճառը կրկին Մարզպետն էր, ավելի ճիշտ՝ նրա վիճակը։ Ոչ մի կալանավայր չէր ցանկանում, որ իր տարածքում հատուկ վտանգավոր պետական հանցագործ մահանա, եւ որքան հնարավոր է շուտ մեզ դուրս էին անում։ Հետագայում, երբ Մարզպետի վիճակն ավելի վատացավ, ընդհանրապես հրաժարվում էին մեզ ընդունել։ Սա արդեն առջեւում է։

Ճանապարհ դեպի Պերմի բանտ

Վոլգոգրադի բանտից մեզ դուրս բերեցին ցերեկով։ Ժամանակի հեռավորությունը ոչ ամսաթիվ եւ ոչ էլ այլ նրբություններ ինձ հիշել թույլ չի տալիս։ Բայց իմ նպատակը ժամանակագրությունը չէ։ Ես ավելի շատ ցանկանում եմ նկարագրել խորհրդային շրջանում կալանավորների դատապարտվելուց հետո կալանավայր տեղափոխվելու պրոցեսը՝ էտապը, որն այդ շրջանի կալանավորների կյանքի ամենադաժան դրվագներից մեկն է միշտ համարվել։ Այսօրվա ընթերցողը մեկ բան պետք է հիշի․ ինչ էլ, որ լինի, ինչ կարգի կալանավայրեր էլ որ լինեն այսօր, ինչ վերաբերմունք էլ որ լինի, միեւնույնն է, այսօրվա վիճակը խորհրդային շրջանի վիճակի հետ համեմատել հնարավոր չէ։ Այսօրվա կալանավորն ունի այնպիսի հնարավորություններ, որպիսիք խորհրդային շրջանում երազել անգամ հնարավոր չէր։ Այսօրվա ամենակարեւոր ձեռքբերումը դրսի աշխարհի հետ կապն է։ Կալանավորը կարող է զանգահարել եւ իր հարազատներին տեղեկացնել իր վիճակի մասին։ Կան փաստաբաններ, որոնք իրավունք ունեն եւ կարողանում են հետաքրքրվել իրենց պաշտպանյալների ճակատագրով։ Կան տեսակցությունների բազմաթիվ հնարավորություններ։ Կա հարազատին սնունդ փոխանցելու եւ, զարմանալի է, բողոքելու, բողոքը բարձրաձայնելու ու հանրության սեփականություն դարձնելու իրավունք ու հնարավորություն։ Ամենակարեւորը կապն է ու գոռալու, աղաղակելու, սեփական ձայնը լսելի դարձնելու հնարավորությունն է, մի բան, որ խորհրդային շրջանում ԻՍՊԱՌ բացառվում էր։ Միայն քաղաքական կալանավորների դեպքում էր, որ եթե, իհարկե, տեղեկատվությունը հնարավոր լիներ դուրս փոխանցել, ապա արեւմտյան ռադիոձայները մի կարճ ժամանակ կաղաղակեին, մնացած բոլոր դեպքերում կալանավորը մեն-մենակ էր ջարդող, ոչնչացնող ու ռեպրեսիվ այդ հզորագույն համակարգի դեմ։ Չկային իրավապաշտպաններ, չկային միջազգային կառույցներ, չկային հումանիտար ոլորտում պետական պարտավորություններ։ Օրերով, շաբաթներով, ամիսներով կալանավորի հարազատները նրանից կարող էին տեղեկություններ չունենալ։ Կալանավորը ամիսներով կարող էր մնալ մենախցում, եւ ոչ ոք չէր իմանալու, թե ինչ է կատարվում նրա հետ։ Կապի բացակայությունը հյուծում ու, շատ դեպքերում, կամազրկում էր կալանավորին, ծայրահեղ ու չարդարացված քայլերի էր դրդում։ Մարդիկ երակներ էին կտրում, հացադուլներ էին հայտարարում, ինքնավնասումներ էին անում, միայն թե իրենց հարազատներից լուր ունենան կամ լուր կարողանան փոխանցել։

Մեզ դեպի գնացք տարան, երբ մյուս կալանավորներին արդեն տեղավորել էին վագոնում։ Չորսով քայլում էինք ավտոմատավոր զինվորների ու շների ուղեկցությամբ։ Մոտեցանք գնացքին, մեծ դժվարությամբ կարողացանք բարձրացնել Մարզպետին, ինչպես նախորդ անգամ, տեղավորվեցինք առանձին կուպեում, եւ որոշ ժամանակ անց գնացքը շարժվեց։

Էտապում գտնվող կալանավորները չգիտեն, թե ուր են իրենց տանում։ Նրանց ոչ ոք չի տեղեկացնում դրա մասին։ Այդպես եղել է միշտ։ Մեր դեպքն այլ էր, մենք գիտեինք, որ Պերմի մարզում են գտնվում քաղաքական կալանավայրերը, իսկ թե մեզանից ով որ կալանավայրում կլինի՝ էական չէր մեզ համար։ Տրամաբանությունը եւ աշխարհագրությունը հուշում էին, որ շուտով, մի քանի օրից մենք արդեն տեղ ենք հասնելու։

Գնացքն ուղղություն վերցրեց դեպի Պերմ։ Մեր հաջորդ կանգառը Կիզել քաղաքի բանտն էր։ Գնացքի կայանման վայրից մինչեւ Կիզելի բանտ այնքան էլ հեռու չէր, որովհետեւ մեզ բանտ տարան ոտքով։ Մեր այս «անցումը» ինձ վրա շատ է տպավորվել եւ ոչ մի կերպ հիշողությունիցս չի ջնջվում։ Այդ տարածաշրջանի բնակիչներին կալանավորների ներկայությամբ չես զարմացնի։ Յուրաքանչյուր շրջանին ու քաղաքին կից կան մի քանի կալանավայրեր, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է մի քանի հազար կալանավոր։ Բնակիչների մի մասը մշտական կալանավորներ են, մի մասը՝ կալանավայրերի աշխատակիցներ, մի մասն էլ՝ հսկա գործարանների աշխատակիցներ։ Կիզել քաղաքը հիմնադրվել է 1750թ․։ Այսօր այն մահացող քաղաքների շարքին է դասվում։

Մեզ տարան քրեականների հետ միասին, ու մեր երթը այնքան տարօրինակ տեսք ուներ, որ այդ քաղաքի՝ կալանավորների մշտական ներկայությանը սովոր քաղաքացիները կանգնում ու ապշած հայացքով մեզ էին հետեւում։ Ահագին թվով՝ մոտ մի 80-100 քրեական կալանավորներ էին։

Էտապ. գնացքից բանտ կամ հակառակը

Ամառ էր, ու նրանց հիմնական մասը, եթե ոչ բոլորը, առանց վերնաշապիկ էին։ Քայլում էին ազատ՝ ի ցույց դնելով դաջվածքներով պատված իրենց մարմինը։ Նրանց շարժուձեւը, հայացքներն անգամ խոսում էին նրանց անուղղելի հանցագործ լինելու մասին։ Քրեականների երկար ձգված այս շարասյանը ուղեկցում էին ավտոմատներով զինված չորս զինվորներ՝ երկուսը շարքի առջեւից, իսկ երկուսը՝ շարքի վերջում։ Քրեականների շարասյան առջեւից, մի քանի քայլով նրանցից առանձնացված, տանում էին մեզ՝ չորս փոքրամարմին քաղաքական կալանավորներիս, ձեռնաշղթաներով ու լրացուցիչ՝ եւս երկու ավտոմատավոր զինվորներով։ Պատկերն այսպիսին էր․ մեր առջեւից քայլում էին երկու ավտոմատավորներ, ապա ես ու Մարզպետը, մեր հետեւից Ալեքսանդր Մանուչարյանն ու Սամվել Եղիազարյանն էին։ Մեր շղթան փակում էին քրեականների շարասյան առջեւի ավտոմատավորները։ Մենք չորսս գտնվում էինք չորս զինված զինվորների միջեւ։ Ձեռնաշղթաներով կապված մեր ձեռքերում մեր ուսապարկերն էին ու իմ օգնությամբ քայլող Մարզպետը։ Կողքից աներեւակայելի հետաքրքիր ու տարօրինակ պետք է թվար, թե ինչու են այս չորս փոքրամարմինները այսպես առանձնացված, ձեռնաշղթաներով ու առանձին հսկողության տակ, իսկ հաղթանդամ քրեականների ողջ բազմությունը առանց շղթաների ու առանց հատուկ հսկողության։ Մեր չորսից միայն Սամվելն է քիչ բարձրահասակ։ Նրա հասակը գերազանցում է 1,70-ը, իսկ մենք երեքով 1,60-ի սահմաններում ենք։ Ինչեւէ․․․ հասանք բանտ, եւ մեզ քրեականների հետ միասին տեղավորեցին մի մեծ, երեւի մի 20-30 տեղանոց խցում։ Քաղաքի փողոցներով նման շուքով մեր  անցումն իր ազդեցությունը թողել էր։ Քրեականները մեզ հատուկ հարգանքով էին վերաբերվում եւ ամեն կերպ փորձում էին աջակցել ու օգնել։

Երբ մեզ ուտելիք բերեցին, Մանուչարյանը սարսափով պարզեց, որ գնացքի վագոնում է թողել իր պրոթեզ ատամնաշարը։ Նա ուներ, իհարկե, ատամնաշար բերանում, բայց մյուսը պահեստային էր։ Յուրաքանչյուր պրոթեզ ունեցող կալանավոր գիտի, որ իր հետ պետք է ունենա պահեստային պրոթեզ, հակառակ դեպքում, եթե մեկը վնասվի, ապա մինչեւ պատժաչափի ավարտ մնալու է առանց ատամների՝ բոլոր տխուր հետեւանքներով հանդերձ։ Մեզ փոխանցվեց Մանուչարյանի վիշտը, որն այդ պահին իր ծանրությամբ չէր զիջում Մարզպետի վիճակին։

Գիշերը Կիզելի բանտում կարողացանք հանգիստ քնել, իսկ առավոտյան նախաճաշ կոչվող ճաշն ուտելուց հետո մեզ կրկին հանեցին բանտից ու կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայով դեպի գնացք տարան։ Այստեղ տեղի ունեցավ այն հրաշքներից մեկը, որոնք մեր ճանապարհին անընդհատ ուղեկցել են մեզ։ Մեզ, ինչպես կարգն է, տեղավորեցին քրեականներից առանձին։ Մանուչարյանն իր սովորության համաձայն, նա մշտապես նույն կերպ էր վարվում, անմիջապես բարձրացավ կուպեի երկրոդ հարկի տախտակամած ու պառկեց։ Ողջ ճանապարհը նա այդ հարկում է անցկացրել։ Բարձրանում էր վերեւ, որ ոչ ինքը մեզ խանգարի, եւ ոչ էլ մենք իրեն, ու վերեւից զրուցում էր մեզ հետ։ Պատմում էր իր մասնագիտություններից, որ շատ էր սիրում։ Իսկ նրա մասնագիտություններն էին վիմագրություն, նկարչություն արվեստ։ Այս առարկաներն էլ նա դասավանդել էր։ Իր հակախորհրդային բնութագրված ստեղծագործությունները, որոնց պատճառով էլ նա դատապարտվեց, ստորագրել էր Վինար կեղծանվամբ։ Չեկիստները ողջ նախաքննության ընթացքում փորձել էին վերծանել, թե ինչ է նշանակում Վինար, բայց չէին կարողացել։ Միայն քրեական գործի ավարտին ինքը՝ Մանուչարյանն էր համաձայնել բացատրել, թե ինչ է նշանակում Վինար։ Իսկ Վինարը կազմված էր վիմագրություն, նկարչություն, արվեստ բառերի սկզբնատառերից։ Մեզանից ամենավատը Մանուչարյանի վիճակն էր։ Կինը հոգեկան խնդիրների պատճառով գտնվում էր հոգեբուժարանում, իսկ երկու անչափահաս տղաները՝ տանը։ Ինչպե՞ս են, ի՞նչ են անում, ունե՞ն խնամող՝ նա չգիտեր։ Բարձրաձայն սրա մասին խոսել նա չէր սիրում, բայց մտահոգ հայացքում այս ամենը կար։ Ու հանկարծ Մանուչարյանը ճչաց․

– Այ քեզ հրաշք, ատամներս․․․

Ու ցույց տվեց մեզ թղթի մեջ փաթաթած իր պրոթեզը։ Փաստորեն, այն վագոնը, որը մեզ Կիզել էր բերել, ողջ գիշեր կանգնած է մնացել կիսակայարանում, իսկ առավոտյան մենք հայտնվել ենք ոչ միայն նույն վագոնում, այլեւ նույն կուպեում, որտեղ առոք – փառոք մեզ էր սպասում Մանուչարյանի պրոթեզը։ Բոլորս էլ աներեւակայելի ուրախ էինք։ Սրտանց ուրախ լինելու համար շատ բան պետք էլ չի։

Կրկին ճանապարհ դեպի Պերմի բանտ

Մեր գնացքը նորից ուղղություն վերցրեց դեպի Պերմի բանտ։ Դատելով ամեն ինչից, մենք գնացքում եղած օրերի ընթացքում մի քանի անգամ մոտեցել ու հեռացել էինք Պերմից։ Կիզելը գտնվում է Պերմից 250կմ հեռավորության վրա եւ մի 5-6 ժամվա ճանապարհ է։ Ահա այդ ճանապարհը մենք անցել ենք աներեւակայելի երկար։ Երեւանից դուրս ենք եկել հունիսի սկզբներին, մի քանի օրից եղել ենք Ռոստովի բանտում, իսկ Ռոստովից Պերմի մարզում գտնվող կալանավայրեր հասել ենք օգոստոսի վերջերին։ Ողջ այդ ընթացքը անցել է գնացքների մեջ, որոնք մեզ պտտել են Պերմի մարզի կայարաններով, կիսակայարաններով ու փոքր ու մեծ բանտերով։ Տարբեր կուպեների կալանավորների հանում ու տեղը նորերին էին բերում, իսկ մեր ընթացքը վերջ չուներ։ Տեղացի կալանավորներից հարցնում էինք՝ հեռու՞ է Պերմը։ Պատասխանում էին, որ հեռու չէ, բայց մեր ճանապարհը չէր ավարտվում։ Մեզ ուղղակի կայարանից կայարան էին պտտում ու սպասում էին, թե ինչ փոփոխություն կլինի Մարզպետի վիճակում։ Բայց նաեւ որեւէ մեկը չէր մոտենում մեզ ու չէր հարցնում, թե ինչպես ենք կամ՝ ինչպես է զգում Մարզպետը։ Մեր եւ ուղեկցողների միջեւ զրույցներ տեղի չէին ունենում։

Հերթական անգամ դեպի Պերմ ընթանալու ժամանակ մեր կուպե բերեցին մի լատիշի, որը նույնպես քաղաքական բանտարկյալ էր։ Արդեն դատապարտվել էր եւ էտապով տանում էին կալանավայր։ Նա Լատվիայում շատ հայտնի Յուրիս Բումեյստերն էր։ Հետագայում՝ 36-րդ գաղությում եղած շրջանում ես նրա հետ, չնայած մեր տարիքների տարբերությանը, մտերմացա։ Նրա հայրը եղել էր 20-րդ դարի սկզբի սոցիալիստական շարժումների ակտիվ մասնակից եւ Լատվիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր։ Աշխատել էր Լենինի հետ։ Հոր հետքերով գնացած որդին ընդհատակում գործող սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարներից մեկն էր։ Յուրիս Բումեյստերը ծնվել էր 1918թ․։ Մեզ հանդիպելուց նա արդեն 63 տարեկան էր։ Մասնագիտությամբ ինժեներ էր, խորացել էր ձկնորսության մեջ էլեկտրոնիկայի ներդրման բնագավառում։ Քանի որ նրա գիտական աշխատանքը պաշտոնապես գաղտնի էր համարվել՝ նրա ընդհատակյա գործունեության բացահայտումից հետո նրան դատել էին ոչ թե հակախորհրդային գործունեության, այլ՝ հայրենիքի դավաճանության հոդվածով եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Սա առաջին քաղբանտարկյալն էր, որ մենք հանդիպեցինք մեր ճանապարհին։ Մի քանի ժամից, երբ մոտեցանք Պերմ քաղաքին, նրան տարան, իսկ մենք՝ հերթական պտույտին պատրաստ՝ մնացինք գնացքում։

Մի քանի օրից, որերորդ անգամ դեպի Պերմ ընթանալիս, հանդիպեցինք հաջորդ քաղբանտարկյալին։ Այս անգամ մեր ուղեկիցը խարկովցի իրավապաշտպան, մասնագիտությամբ հոգեբույժ Անատոլի Կորյագինն էր։ Կորյագինի հետ ես եղել եմ իմ առաջին՝ 37 համարի գաղութում։ Ես միշտ խուսափել եմ կալանավայրային կոլխոզներից՝ ընդհանուր տնտեսությունից, բայց 37-րդ կալանավայր մտնելուց հետո Կորյագինի հետ ունեցել ենք ընդհանուր տնտեսություն։ Սրա իմաստն այն է, որ դու եւ ընկերդ կամ մի քանի ընկերներ, միացնում եք ձեր ուտելիքը, այն դառնում է ընդհանուր ձեզ համար, եւ դուք սնվում եք միասին։ Եթե չեմ սխալվում՝ հայաստանյան կալանավայրերում այդ կոլխոզը կոչվել է «հացընկերություն»։ Հետագայում Կորյագինին տեղափոխեցին Չիստոպոլի բանտ։ Նա ծնվել էր 1938թ․, իսկ դատապարտվել հրապարակումների համար, որոնք բացահայտում էին, թե ինչպես են խորհրդային իշխանություններն օգտագործում հոգեբուժարաններն այլախոհության դեմ պայքարում։ Սա կոլտնտեսային իմ առաջին ու վերջին փորձն է եղել։ Կորյագինը առաջին բժիշկն էր, որ հանդիպեց մեզ մեր այդ երկար ճամփորդության ընթացքում։ Նա ստուգեց Մարզպետին, շոշափեց կրծքավանդակը եւ կողոսկրերը, չափազանց ուռած ուսն ու հաստատեց մեր կասկածը, որ մեզ կալանավայր չեն տանի մինչեւ որ Մարզպետը չկազդուրվի։ Հետագա բժշկական ստուգումը, որ անցել էր Մարզպետը արդեն 7 տարի անց՝ 1987թ․ վերջին, Միացյալ Նահանգներում, ցույց էր տվել, որ Մարզպետի մոտ կոտրված են եղել կողոսկրերը, որոնցից մեկը մխրճվել էր թոքի մեջ ու վնասել այն։ Երբ հասանք Պերմ, Անատոլի Կորյագինին տարան, իսկ մենք շարունակեցինք մեր ճանապարհն, ու մեկ անգամ էլ գիշերեցինք Կիզելի բանտում։ Ժամանակ անց, արդեն որերորդ անգամ Պերմ ուղեւորվելու ճանապարհին, Մարզպետը քնեց ու երկար։ Նման բան, ողջ ընթացքում, չէր եղել։ Մի քանի ժամ խորը քնելուց հետո արթնացավ ու հայտարարեց․

– Ամեն ինչ լավ է լինելու։ Ես կապրեմ։

Նրա խոսքի մեջ վստահություն կար։ Եւ իրոք, կամաց – կամաց նա սկսեց շարժվել, առանց օգնության բարձրանալ ու ինքնուրույն քայլելու փորձեր անել։ Հաջորդ անգամ Պերմ հասնելիս արդեն մեզ դուրս բերեցին վագոնից եւ տեղափոխեցին Պերմի բանտ։ Բանտ մտնելուց մի քանի հսկիչների հետ միասին մեզ դիմավորեց տարօրինակորեն բարեհամբույր մի սպա։ Մեր գործերն արդեն նրա ձեռքին էին։ Պերմի բանտում քաղբանտարկյալների ներկայությունը զարմանք չի հարուցում եւ լրացուցիչ հարց ու պատասխանի տեղիք չի տալիս։ Այստեղ հաճախ են քաղբանտարկյալներ լինում։

– Թող հայր եւ որդի նույն խցում լինեն, -իմ ու Մարզպետի նույն ազգանունը ունենալու, Մարզպետի ծերացած տեսքի եւ Մարզպետի՝ ինձ հենված լինելու հանգամանքները հաշվի առնելով ասաց սպան։ Մեզ առանձնացրեցին Սանդրոյից ու Սամվելից։ Հաջորդ անգամ ես նրանց հանդիպեցի արդեն 1988թ․ Երեւանում, իմ ազատ արձակվելուց հետո։

Խցում Մարզպետն արդեն օր օրի իրեն ավելի լավ էր զգում։ Մենք այդ բանտում երկար մնացինք՝ մինչեւ որ Մարզպետն սկսեց ազատ տեղաշարժվել։

Պերմի բանտի արտաքին տեսքը

Երկարատեւ ճանապարհորդությունից հետո մեզ այդ բանտում մեկ անգամ բաղնիք տարան։ Բաղնիքն, իհարկե, կեղտոտ էր, բայց յուրաքանչյուրիս տնտեսական օճառի մեկական փոքր կտոր տվեցին, եւ մենք ուրախությամբ մտանք այդ լողարան կոչված տեղը։ Այնտեղից հիշողությանս մեջ մնացել են բազմաթիվ ժանգոտած խողովակները, որոնց բոլոր միացման հանգույցներից ջուր էր ցայտում, չափազանց տաք, համարյա եռման, ջուրը եւ բորբոսնած պատերը։ Ջրի տակ մտնելուց անմիջապես հետո ես դուրս թռա ու սկսեցի ծեծել լողարանի երկաթյա դուռը հսկիչին ջրի չափազանց տաք լինելու մասին տեղեկացնելու համար, բայց արձագանք չկար։ Հսկիչը, ամենայն հավանականությամբ, մեզ այնտեղ փակելուց հետո հեռացել էր եւ կմոտենար միայն մեզ այնտեղից տանելու նպատակով։ Այլ ելք չկար։ Այսքան ժամանակ անց լողանալը պարտադիր էր։ Արդեն օգոստոս ամիսն էր իր ավարտին մոտենում, իսկ մենք՝ չհաշված Ռոստովի բանտի լողանալու փորձը, որը ոչ մի կերպ լողանալ համարվել չէր կարող, վերջին անգամ լողացել էինք մայիսին սկզբին՝ Երեանի ՊԱԿ-ի մեկուսարանում։

Լողանալուց ուշադիր հետեւում էի Մարզպետին։ Նրա ուսի ուռուցքն արդեն անցել էր։ Նա բավականին ազատ կարողանում էր շարժել ձեռքերը, անհանգստություն էր պատճառում միայն խորը շնչելիս առաջացող ցավը, բայց դրա վրա արդեն ուշադրություն չէինք դարձնում։

Մի քանի օրից մեզ տարան Չուսավոյ քաղաք։ Հենց Չուսավոյի շրջանում էլ գտնվում են քաղաքական կալանավայրերը։ Այնտեղից կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայով մեզ տարան Պոլովինկա ավանում գտնվող 37-րդ կալանավայր եւ որպես կարանտին տեղավորեցին կալանավայրի պատժիչ մեկուսարանի տարբեր խցերում։ Առաջին անգամ որպես մահճակալ ծառայող փայտյա տախտակամածի վրա փռելու նպատակով մեզ մաքուր անկողին տվեցին։ Եկավ կալանավայրի բժշկուհին, որին ես անմիջապես տեղեկացրեցի, որ մենք պատված ենք ոջիլներով։ Ինձ վրա մեր այս էտապը ծանր նստեց։ Ես ձեռք էի բերել սնկային հիվանդություն, որի բուժումը մի քանի տարի տեւեց, մաշկային այլ խնդիրներ էլ կային, որոնք համեմատաբար հեշտ վերացան, բայց ոջիլն ինձ համար հոգեբանական այն սահմանն էր, որը հաղթահարել ես չէի կարողանում։ Մեր հագուստը մեզանից վերցրեցին, մեզ մշակեցին ինչ-որ դեղերով, արդյունքում ոջիլներն արագ վերացան, ապա մեզ բաղնիք տարան։ Սա արդեն երջանկություն էր։ Մեզ բաղնիք տարան առանձին-առանձին, որովհետեւ կարանտին մտնելու պահից ես ու Մարզպետն արդեն տարբեր կալանավայրերի կալանավորներ էինք համարվում։ Ճիշտ է, մենք գտնվում էինք նույն հասցեի տակ, բայց իրար տեսնել կամ հանդիպել չէինք կարող։ Արդեն ասել եմ՝ 37-րդ կալանավայրը բաժանված էր երկու մասի՝ փոքր եւ մեծ գաղութ։ Փոքրում գտնվում էր Մարզպետն, իսկ մեծում՝ ես։ 1981թ․ սեպտեմբերից ես Մարզպետին տեսնել չեմ կարողացել, բայց մինչեւ 1982թ․ վերջը մենք հանդիպել ենք պատժիչ մեկուսարանում՝ երբ եւ նրան, եւ ինձ պատժելու նպատակով մեկուսարան են տեղափոխել։ Այնտեղ մենք գտնվել ենք մեկուսարանի տարբեր խցերում, բայց իրար հետ խոսելու հնարավորություն ունեցել ենք։ Վերջին անգամ Մարզպետին տեսել եմ 1994թ․, երբ նա Հայաստան էր եկել։ 2000թ․ նա 60 տարեկանում վախճանվեց քաղցկեղից։

Մինչեւ 1985թ․ ինձ անընդհատ կալանավայրից կալանավայր են տեղափոխել, բայց սրանք արդեն էտապ անվանել, բառի իսկական իմաստով, չեմ կարող, որովհետեւ այս կալանավայրերը գտնվում էին Պերմի մարզի նույն շրջանում եւ իրար մոտ, ամենաշատն իրարից 50-60կմ հեռավորության վրա։ Այս էտապները տեւել են մի քանի ժամ։

Հաջորդ լուրջ էտապն իմ կյանքում եղել է 1985թ․, երբ ես արդեն ավարտել էի հինգ տարվա ազատազրկման իմ ժամկետը եւ պետք է երեք տարվա իմ աքսորը կրեի։ Այն սկսվել է 1985-ի ապրիլին եւ ավարտվել նույն թվականի հուլիսին։ Ճիշտ է, այս էտապը չի եղել նույնքան դաժան, որքան նկարագրածս է, բայց նաեւ զուրկ չի եղել իր հմայքից։

Դեպի Մագադան

1985-ի ապրիլի ամենավերջին, չնայած այն հանգամանքին, որ իմ պատժաչափն ավարտվում էր հունիսին, ինձ 36-րդ կալանավայրից անսպասելի տարան։ Իշխանն արդեն մահացել էր, բայց այդ մասին կալանավայրում մենք դեռ չգիտեինք։ Դատելով այն հանգամանքից, որ մեզ հանձնարարել էին հավաքել Իշխանի իրերը՝ կարելի էր եզրակացնել, որ նրան Չիստոպոլի բանտ են տանում։ Նա 6 ամսով գտնվում էր կալանավայրին կից բանտում եւ այնտեղից խախտումների համար միայն Չիստոպոլի բանտ կարելի էր տանել կամ այլ կալանավայր՝ 37 կամ 35։ Նրա մահվան մասին ես տեղեկացա շատ ավելի ուշ՝ երեւի 1985-ի օգոստոսին, արդեն Մագադանի մարզի իմ աքսորավայրում։

Կալանավայրի աշխատանքային հատվածից ընդմիջման ժամին մեզ բերեցին ճաշելու, որից հետո կրկին պետք է աշխատանքային հատված տանեին։ Հերթով կարդում էին կալանավորների անուններն ու բաց թողնում։ Երբ հասան իմ անվանը՝ հանձնարարեցին, որ դուրս գամ կողք ու սպասեմ։ Բոլորին աշխատանքային հատված ուղարկելուց հետո, ինձ հանձնարարեցին հավաքել իրերս ու սպասել հրահանգների։ Արդեն պարզ էր, որ վերջին օրս է կալանավայրում։ Ինձ կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայով տարան 35-րդ կալանավայրին կից հիվանդանոց, որը միակն էր բոլոր չորս քաղաքական կալանավայրերի համար։ Այնտեղ ինձ այցելության եկան Հայաստանի չեկիստները, զրույց ունեցան ու հեռացան։ Այլ առիթով ես անդրադառնալու եմ մեր այս հանդիպմանը եւ զրույցին։ Միայն ասեմ, որ նրանցից հարցրեցի Իշխանի մասին, եւ նրանք ստեցին՝ ասելով, որ մինչեւ ինձ հանդիպելը զրուցել են Իշխանի հետ։ Հիվանդանոց կոչվող այդ վայրից ինձ տարան Պերմի բանտ, որտեղ չորս տարի առաջ եղել էի Մարզպետի հետ։ Շատ բան էր փոխվել։ Ես արդեն փորձառու կալանավոր էի եւ դեպքերին ու դեմքերին այլ կերպ էի նայում։ Մի 10-15 օր, եթե ոչ ավել, մնացել եմ այդ բանտի առաջին հարկում գտնվող խցերից մեկում։

Սկզբում խցում մենակ էի։ Ավելի ուշ ինձ մոտ բերեցին Օստրոգլյադ ազգանունով մի «զոլավոր» կալանավորի։ Նրա մարմինը ծածկված էր խորը սպիներով։ Նա Ազատ Արշակյանի եւ Աշոտ Նավասարդյանի հետ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստների համար նախատեսված կալանավայրից էր։ Տարիների ձեռք բերած փորձս ինձ հուշում էր, որ նրա ներկայությունը պետք է հանգիստ ընդունեմ, բայց նաեւ չափազանց զգույշ լինեմ։ Ամեն ինչ, ցանկացած տեսակի սադրանք հնարավոր էր։ Սովորական կռվից սկսած մինչեւ ինքնավնասում եւ հայտարարություն, որ ես եմ նրան վնասել։ Շատ ավելի ուշ, արդեն Երեւանում, Աշոտից ու Ազատից տեղեկացա, որ կասկածներս ճիշտ են եղել, եւ որ այդ Օստրոգլյադը իրենց գաղությում հայտին սադրիչ է եղել եւ հաճախ է ինքնավնասման ակցիաներ իրականացրել։

Ինձ շատ էր հետաքրքրում, թե որտեղ եմ ես աքսորվելու։ Հինգ տարուց ավելի հարազատներիս չէի տեսել։ Մշտապես տեսակցության իրավունքից զրկված եմ եղել։ Մտածում էի՝ եթե հարմար ու համեմատաբար մոտ տեղ լինի, ապա հայրս կկարողանա այցելել ինձ։ Օստրոգլյադը հանձն առավ հսկիչներից մեկի միջոցով ճշտել ու ինձ ասել։ Մի քանի  օրից նա ինձ ասաց, որ ես մնալու եմ Պերմի մարզում եւ լինելու եմ այդ մարզի հյուսիսում գտնվող Կրասնովիշերսկի շրջանում։ Նորությունն ինձ շատ ուրախացրեց։ Ճիշտ է, Կրասնովիշերսկը Պերմից մի 300կմ հյուսիս է, բայց, բոլոր դեպքերում, Պերմի մարզ գալն այնքան էլ դժվար չի լինի մերոնց համար։ Ինքնաթիռ կա, գնացքներ կան։

Կարճ ժամանակ անց Օստրոգլյադին մոտիցս տարան, իսկ մի քանի օրից ինձ հանձնարարեցին պատրաստվել եւ իրերով դուրս գալ։ Իմ ուսապարկում գրքեր էին ու ծխախոտ։ Այն ժամանակ ես ծխում էի։ Համաձայն կալանավայրի չգրված կանոնների, ես գրքերը պետք է թողնեի կալանավայրում։ Տասնամյակներ շարունակ կալանավորների թողած գրքերի հաշվին է, որ կալանավայրերն ունեին հարուստ եւ բազմազան գրականություն։ Ես իմ ունեցած գրքերի մեծ մասը թողեցի կալանավայրում, բայց մի քանիսը, որոնք ինձ համար շատ կարեւոր էին, վերցրեցի ինձ հետ։ Հավաքվեցի ու դուրս եկա։ Երեկո էր, կալանավորներ տեղափոխող ավտոմեքենան արդեն սպասում էր։ Ես բարձրացա մեքենա, ինձ ուղեկցող երկու զինվորները, մեկը սլավոնական, իսկ մյուսը, որ շատ հաղթանդամ էր, միջին ասիացու արտաքինով, փակեցին իմ դուռն ու նստեցին իրենց համար նախատեսված միջանցքում,  նրանց հրամանատար կապիտանը նստեց վարորդի կողքին, ու մենք շարժվեցինք։

Ինձ համար ամենաանցանկալի տարբերակը ավտոմեքենայով մինչեւ աքսորավայր հասնելն էր։ Ցանկալին գնացքն էր։ Ավտոմեքենայի թափքում 300 կմ գնալը դաժան էր լինելու։ Բայց մեծ եղավ զարմանքս, երբ կարճ ժամանակից մեքենան կանգ առավ, ու զինվորները դուրս եկան։ Լսվող աղմուկը հուշում էր, որ մենք օդանավակայնում ենք։ Անսահման ուրախացա։ Ուրեմն, ինձ օդանավով են աքսորավայր տանելու։ Ուրախացա, բայց նաեւ զարմացա։ Ոչ մի կերպ գլխումս չէր տեղավորվում, որ հնարավոր է ինձ օդանավով տանեն Պերմի մարզի մի քաղաքից մյուս քաղաք։ Դա բացառվում էր։ Զինվորներն սկսեցին զրուցել իրենց մոտեցած մեկի հետ։ Դատելով զրույցի ոճից՝ մոտեցողը պետք է որ նույնպես զինվորական լիներ։ Վերջապես հնչում է երկար սպասված «ու՞ր եք գնում» հարցը։ Լարվում եմ, որ հանկարծ բան բաց չթողնեմ ու լսում եմ կարճ պատասխանը․

– Մագադան։

Կրասնովիշերսկը սուտ դուրս եկավ։ Թե նրանց ինչի՞ն էր պետք այդ խաղը, այդպես էլ ինձ համար մութ մնաց։ Չի բացառվում, որ չեկիստներն այստեղ որեւէ դեր չեն էլ ունեցել, եւ սա ուղղակի  Օստրոգլյադի նախաձեռնությունն է եղել։ Իսկ Օստրոգլյադին ինձ մոտ բերելը այլ նպատակ էր հետապնդում։ Նա ինձ մոտ պետք է վստահություն ձեռք բերեր ներկայանալով որպես Ազատի ու Աշոտի ընկեր, ապա պետք է ինձ հասցե տար, որի հետ ես աքսորից նամակագրական կապ պետք է հաստատեի։ Նա ինձ եւ հասցե տվեց, եւ ծածկագիր, որով պետք է իրականացվեր մեր նամակագրությունը, բայց ես մեր զրույցի ընթացքում արդեն գիտեի, որ այդ հասցեով նամակ չեմ գրելու եւ այդ ծածկագրից չեմ օգտվելու։ Մագադան, ուրեմն Մագադան, բոլորովին էլ դեմ չեմ։ Արդեն պարզ է, թե ինչու օդանավով։ Մագադան գնացքներ չեն գնում։ Այնտեղ հավերժական սառցակալված գոտի է, եւ երկաթգիծ չկա։

Կարճ ժամանակից մենք արդեն օդանավում էինք։ Սալոնի այն հատվածը, որտեղ մենք էինք, առանձնացված էր մյուս հատվածից վարագույրով ու բացարձակ դատարկ էր։ Այնտեղ միայն ես էի ու իմ ուղեկցորդները։ Մի նստարանին՝ լուսամուտի մոտ, նստած էի ես ձեռնաշղթաներով, իմ կողքին նստած էր կապիտանը, առջեւի նստարանին զինվորներից մեկը, իսկ մյուսը՝ հետեւի նստարանին։ Հետեւում՝ մինչեւ վարագույրը, կային եւս մի քանի դատարկ նստարաններ։ Այսպես մենք ուղղություն վերցրեցինք դեպի արեւելք։ Վստահ էի, որ սալոնում ձեռնաշղթաները հանելու են, բայց չհանեցին։  Ստյուարդեսան մեզ ուտելիք բերեց։ Հարկ չհամարեցի խնդրել ու հենց ձեռնաշղթաներով էլ իմ բաժինը կերա։ Վրդովված էի, որ սալոնում մնում եմ ձեռնաշղթաներով։ Այդ պատճառով էլ մինչեւ մեր համատեղ թռիչքի ավարտը նրանց հետ երեւի հինգ բառ չեմ փոխանակել։ Ստյուարդեսան մոտեցավ ամանները տանելու եւ հարցրեց․

– Որեւէ բան էլի կցանկանա՞ք։

Կապիտանը մեր բոլորի փոխարեն կարճ պատասխանեց․

– Ոչ։

– Ես ձեզ չեմ հարցնում, -անսպասելի վրա բերեց ստյուարդեսան։

Նրան, անկասկած, վրդովվեցրել էր իմ ձեռնակապերով լինելը։ Ես ժպտացի ու ասացի, որ ոչինչ չեմ ցանկանում, ու նա հեռացավ։

Քիչ անց օդաչուների խցիկից դուրս եկավ մեկը, մոտեցավ մեզ եւ մտերմիկ տոնով հարցրեց․

– Տղեք, սիգարետ ունե՞ք։

Օդանավում, բնական է, ծխել չէր կարելի։ Ես ուտելուց հետո, սովորության համաձայն, հանել էի ծխախոտի տուփը ու ծխելու ցանկությունը սպանելու նպատակով այն ձեռքում շուռումուռ էի տալիս։ Օդաչուի հարցին ի պատասխան ես կապած ձեռքերով նրան մեկնեցի ձեռքումս գտնվող տուփը։ Նա «Պրիմա», իհարկե, չէր ծխելու, շնորհակալություն հայտնեց, բայց գլանակ չվերցրեց, ապա հայացքը կապիտանին ուղղելով ասաց․

– Ամոթ է, ու՞ր է փախչելու օդանավից։

Երեւի կապիտանը հասկացավ վիճակի ողջ անհեթեթություը եւ հանեց ձեռնակապերս։ Ինքս մինչեւ վերջ կապած ձեռքերով գնալուն արդեն պատրաստ էի։

Մեր օդանավը վայրեջք կատարեց Նովոսիբիրսկի օդանավակայանում։ Ինձ ձեռնակապեր հագցրեցին, դուրս բերեցին օդանավից ու տարան դեպի օդանավակայանի ոստիկանական հենակետ։ Կապիտանը ներս մտավ ու երկար ինչ-որ բան էր բացատրում ոստիկաններին։ Պարզ է, առաջարկում էր, որ ինձ մինչեւ հաջորդ ինքնաթիռ փակեն իրենց հենակետում։ Ոստիկանները, ամենայն հավանականությամբ, տեղեկանալով թե ով եմ ես, ինչ հոդվածով եմ դատված, տեսնելով իմ անձնական գործի վրայի կարմիր գիծը՝ մերժեցին։ Ու կապիտանը, առանց երկար մտածելու, ձեռնաշղթայով շղթայեց ինձ ոստիկանական հենակետի առջեւում գտնվող ջեռուցման խողովակին, հանձնարարեց, որ զինվորներն իմ կողքից չհեռանան ու գնաց։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ աթոռ ունեի եւ նստած էի։ Մենք այդ օդանավակայանում մնացինք մի 4-5 ժամ, մինչեւ հաջորդ օդանավը, որը մեզ պետք է Յակուտսկ տաներ։ Շատ արագ օդանավակայանում լուր տարածվեց, որ ջեռուցման համակարգին շղթայված մարդ կա, ու մարդիկ, ինչպես գազանանոցում, մոտենում, դիտում ու հեռանում էին։ Հետաքրքիր էին ծիկրակող երեխաները։ Ինձ թվում է այդ օրը օդանավակայանում էին գտնվում անսահման թվով երեխաներ, որովհետեւ ինձ դիտելու համար եկածների վերջը չէր երեւում։ Զինվորներից մեկը գնաց պաղպաղակի հետեւից, ինձ նույնպես հարցրեցին՝ ցանկանու՞մ եմ արդյոք։ Ես մերժեցի։ Շատ ժամանակ էր, որ պաղպաղակ չէի կերել, եւ երկար ու անհայտ ճանապարհին օրգանիզմս փորձության ենթարկելը սխալ կլիներ։ Վերջապես եկավ կապիտանը, արձակեց ինձ, ու գնացինք դեպի օդանավ։ Այս անգամ արդեն օդանավում ձեռնակապերս հանեցին։ Օդանավը լիցքավորման համար վայրէջք կատարեց Յակուտսկում։ Լիցքավորման ընթացքում ես եւ իմ ուղեկիցները մնացինք սալոնում։ Կրկին օդ բարձրացանք ու վայրէջք կատարեցինք Մագադան քաղաքի օդանավակայանում, որտեղ կապիտանը ինձ հանձնեց այլ ուղեկցորդների։ Նրանք առանց ձեռնաշղթաների ինձ կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայով տեղափոխեցին Մագադանի բանտ։ Արդեն մայիսի վերջերն էր։ Չնայած այն հանգամանքին, որ պատժաժամկետս ավարտվում էր հունիսի 6-ին, ես այս բանտում մնացի մինչեւ հուլիս կեսերը։ Պատճառն սկզբում ինձ անհայտ էր, բայց երբ հասա այն բնակավայրը, որտեղ պետք է կրեի իմ երեք տարվա աքսորը՝ հասկացա։ Այնտեղ էր գտնվում մի էստոնացի քաղբանտարկյալ, որի պատժաչափը ավարտվում էր հուլիսին։ Միայն այն պատճառով, որ մենք իրար չհանդիպենք, ինձ պահեցին բանտում։ Նրա ազատ արձակվելուց հետո նոր ինձ կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայով այլ կալանավորների հետ միասին դուրս բերեցին Մագադանի բանտից եւ հռչակավոր Կոլիմյան մայրուղով տարան դեպի իմ աքսորավայր՝ Սուսումանի շրջանի Բուկանդիա բնակավայր։

Ես արդեն սովորել էի կալանավորական կյանքին ու ինձ բանտում մնալու հետ կապված անհանգստության նշաններ չէի ցուցաբերում։ Սովորական խորհրդային բանտ էր՝ իր բոլոր անհարմարություններով հանդերձ։ Օրը երեք անգամ կերակրում էին, մեկ ժամով զբոսանքի էին տանում, երբ գրիչ էի խնդրում՝ տալիս էին, անգամ թողնում էին ինձ մոտ եւ, ի տարբերություն Պերմի բանտի կամ այլ կալանավայրերի՝ անմիջապես չէին գալիս խուզարկության, որ գրածս տանեն։ Սա է պատճառը, որ մոտս մինչեւ այսօր պահպանվել են Մագադանի բանտում արված որոշ գրառումներ։ Կանանց հարկաբաժինը կից էր իմ խցին, եւ ես նրանց բարձրաձայն զրույցների ու քրեական աշխարհում տարածված պարզաբանում-կռիվների մշտական ունկնդիրն էի։ Խուցս անկյունային էր։ Հատուկ էին այսպես ընտրել, որ մյուս կալանավորների հետ քիչ շփումներ ունենամ։ Կողքիս խցում կանայք էին, ու շփումներս նրանց հետ էր։ Խցերից մեկի լուսամուտից պարանի օգնությամբ իմ խուց փոխանցեցին կոնֆետներ ու մի գրություն, որտեղ պատը ծեծելով իրար հետ զրուցելու պայմանական նշաններն էին։ Երբ ես խցում մենակ էի, այդ պայմանական նշաններով հաղորդակցվում էի նրանց հետ։ Ավելի ուշ, երբ ինձ մոտ խցակից բերեցին, ես այդ կապը փակեցի՝ տեղեկացնելով նախապես հարեւան խուց, որ խցակիցս կարող է վտանգավոր լինել։ Այդ բանտից ամենաշատը հիշողությանս մեջ մի կալանավոր աղջիկ է մնացել։ Այդ աղջիկը կարողանում էր տարբեր երգչուհիների նմանակելով երգել նրանց երգերը։ Հատկապես լավ էր ստացվում նրա մոտ, երբ լինում էր զբոսարանում։ Հսկիչները չէին խանգարում, ու նա ոգեւորված երգ երգի հետեւից երգում էր։

– Հե՜յ քաղաքական, ի՞նչ ես ուզում, որ քեզ համար երգեմ, -ուրախ գոռում էր նա, երբ հանգամանքներն այնպես էին դասավորվում, որ զբոսարանի տարբեր խցերում լինում էինք նույն ժամին։

Խցակիցս մի տարեց մարդ էր, որից փորձում էի տեղեկանալ, թե մագադանյան կյանքն ինչ նրբություններ է պարունակում։ Առաջին տեղեկությունս այն էր, որ այնտեղ ապրողների ճնշող մեծամասնությունը խմում է, եւ որ հարբեցողների ու նարկոմանների համար Մագադանից ոչ հեռու մի փոքր գյուղում, որը չգիտես ինչու կոչվում է Արարատ, առանձին կալանավայր կա։ Եւ երբ նարկոմաններից կամ հարբեցողներից որեւէ մեկի նկատմամբ այդ ընդհանուր ռեժիմի կալանավայր տանելու վճիռ է կայացվում, ասում են՝ այսինչին կամ այնինչին տարան Արարատ։ Այսօր այդ Արարատ ավանն արդեն չկա։

Հին տպավորություն է, թե Մագադանի մարզը ամբողջությամբ լցված է կալանավայրերով։ Իրականում 1980-ական թվականներին այնտեղ քիչ կալանավայրեր կային։ Այսօր էլ ավելի քիչ են մնացել, որովհետեւ մարդիկ՝ կյանքի վատ պայմաններից ելնելով, հեռանում են այդ վայրերից։ Ամբողջական ավաններ ու քաղաքներ են դատարկվում՝ վերածվելով ուրվական-քաղաքների։ Արդյունքում փակվում են նաեւ կալանավայրերը։ Այն ավանը, որտեղ ես իմ աքսորն եմ անցկացրել, այսօր նույնպես ավան-ուրվական է։ Ոչ ոք այնտեղ չի ապրում։ Մինչեւ 1950-ականներ, իրոք, այնտեղ ամեն քայլափոխի կալանավայրեր են եղել։ Հիմա էլ՝ տայգայում զբոսնողն ամեն քայլափոխի կարող է տեսնել նախկին կալանավայրերի հետքեր՝ փշալարերի կամ վանդակաճաղերի մնացորդներ, ցանկապատերի սյուներ եւ այլն։

Դեպի Բուրկանդիա

Մի գեղեցիկ օր ինձ հանձնարարեցին հավաքել իրերս եւ դուրս գալ խցից։ Կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայի մեջ մի 15-20 կալանավոր կար։ Ինձ առանձին նստեցրին մեկտեղանոց նեղլիկ խցում ու փակեցին դուռը։ Դռան վրա՝ վերեւի հատվածում շնչելու համար մի քանի ոչ մեծ անցքեր են արված։ Դուռը փակելուց հետո մարդն իրեն զգում է դագաղում։ Ոչ մի ազատ շարժում անել հնարավոր չէ։ Կարճ ժամանակ անց սկսում են ցավել բոլոր մկաններդ ու հոդերդ։ Չես կարող ոտքերդ մեկնել, չես կարող կանգնել, չես կարող ձեռքերդ տարածել։ Լավ է դեռ, որ ես փոքրամարմին եմ։ Պատկերացնում եմ, թե ինչ չարչարանք է հաղթանդամ մարդու համար նման խցում երթեւեկելը։ Յուրաքանչյուր կալանավոր տեղափոխող ավտոմեքենայի մեջ, հատուկ վտանգավոր հանցագործների համար, կա նման երկու խուց։ Այս խցում երկար մնալը բարդ է, բայց՝ ոչինչ անել չես կարող, դիմանալ է պետք։

Մագադանյան տարածությունները հազարավոր կիլոմետրեր են։ Կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայով նման տարածություններ անցնելը մեծ դժվարությունների հետ է կապված։ Անգամ սովորական ու հարմարավետ ավտոմեքենաներով տեղաշարժվելն է ծանր։

Ես տեղյակ չեմ, թե ինչ են իրենցից ներկայացնում կալանավորներ տեղափոխող ժամանակակից ավտոմեքենաները։ Դատելով մամուլում եւ համացանցում հրապարակված տեղեկություններից դրանք հարմարավետության առումով դրական տեղաշարժ են արձանագրել։ Բայց, եթե անգամ ոչինչ էլ փոխված չլինի, ինչը Հայաստանում կամ Ռուսաստանում ավելի քան հավանական է, միեւնույնն է հայաստանյան տարածությունների իմաստով այս դժվարությունը մագադանյանի հետ համեմատության եզրեր ունենալ չի կարող։

Մեկ տեղանոց խուց ավտոմեքենայում

Մի 100-150կմ գնալուց հետո ավտոմեքենան հանգստի համար կանգ առավ։ Ընդհանուր խցի կալանավորներին դուրս հանեցին, որ մի քիչ շարժվեն ու հանգստանան, իսկ իմ խցի միայն դուռը բացեցին։ Ուղեկցող վաշտի հրամանատարը պահանջեց, որ ես մնամ խցում նստած, միայն ոտքերս կարող եմ բացված դռնից մեկնել դեպի միջանցք։ Կանգառը վիճակս լավացնելու հնարավորություն էր ստեղծել, եւ ես որոշեցի օգտվել առիթից ու դիմեցի վաշտի հրամանատարին, որ ինձ էլ մյուսների պես դուրս թողնի։ Նա համաձայնեց, բայց ասաց, որ ձեռնաշղթաներ է հագցնելու։ Ես համաձայնեցի՝ միաժամանակ ավելացնելով, որ անիմաստ միջոցառում է, բացատրեցի, որ իմ ազատազրկումն ավարտվել է, գնում եմ աքսոր եւ փախուստի դիմելն, այն էլ ինձ անծանոթ այս անծայրածիր տայգայում, իմ կողմից հիմարություն կլինի։ Հավաստիացրեցի, որ որեւէ բան չի պատահելու։ Ինձ միացան նաեւ մյուս կալանավորները․

– Հրամանատար, այդպես գնալը հնարավոր չէ, մարդ եղիր, -հորդորում էին նրանք, ու վաշտի հրամանատարը տեղի տվեց։ Ես ոչ միայն դուրս եկա մենախցից ու մյուսների պես ներքեւ իջնելով շարժվելու ու հանգստանալու հնարավորություն ստացա, այլեւ մեքենա նստեցնելիս ինձ տեղավորեցին ընդհանուր խցում։

Մեզ հետ Չուկոտկայից երկու երիտասարդներ էին, որոնց համար ամենհետաքրքիր բանը ծառերի գոյությունն էր։ Ընթացքի ժամանակ նեղլիկ լուսամուտից ծառ տեսնելիս իրար ասում էին․

– Տես, տես, ծառ է։

Կալանավորները ծիծաղում էին նրանց այս բացականչությունների վրա, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ մարդիկ էին։ Հիմնականում առաջին անգամ դատվածներ, որոնցից ոմանք կալանավայր էին ընկել, ինչպես իրենք էին ասում՝ «ոսկու համար»։ Գալիս են այստեղ աշխատելու ու գումար վաստակելու, բայց չեն դիմանում գայթակղությանը եւ ոսկի են գողանում։ Ոսկին այնտեղ ամենուր է, բայց գողանալ, իհարկե, չի կարելի։ Հատուկ ծառայությունների գործակալները շատ են ու չբռնվելու հավանականությունն աննշան է։ Գողացողները շատ շուտ բռնվում են, ինչից հետո փակվում են նրանց գումար վաստակելու բոլոր ծրագրերն, ու սկսվում է կալանավորի ոդիսականը։

Մի 250-300կմ անցնելուց հետո մեզ գիշերելու համար տեղավորեցին ճանապարհին գտնվող բանտերից մեկի մի մեծ ու ընդհանուր խցում։ Խցի միայն մի պատի երկայնքով ձգվում էր մետաղյա երկհարկանի իրար կպած մահճակալների՝ մահճակալ-տախտակամածների շարքը։ Արդեն ուշ էր, տեղավորվեցինք այդ մահճակալ կոչվող կոնստրուկցիաների վրա ու քնեցինք։ Գիշերվա մի պահ ես արթնացա սարսափելի ու սրտխառնուք առաջացնող հոտից։ Մարդիկ քնած էին։ Ինձանից ոչ հեռու մի երկուսը ցածրաձայն զրուցում էին։ Հարցրեցի նրանց, թե ի՞նչ հոտ է, բայց նրանք միայն ուսերը թոթվեցին։ Կամ չէին զգում այդ զզվելի հոտը կամ նշանակություն չէին տալիս։ Ողջ գիշեր չքնեցի։ Առավոտյան մեզ ուտելիք հիշեցնող ինչ-որ բան բերեցին, որից նույն հոտն էր գալիս։ Ես չկերա։ Նույնիսկ ծխել չէի կարողանում։ Այդ հոտն անգամ իմ գրպանում եղած սիգարետից էր գալիս։  Մեզ խցից հանեցին ու տեղափոխեցին մի մեծ սրահ, որտեղ մեզ միացավ կալանավորների մի նոր ոչ մեծ խումբ։ Սրանք արդեն կրկնահանցագործներ էին։ Իմանալով, որ գալիս եմ խիստ ռեժիմի կալանավայրից ու քաղաքական եմ, առաջարկեցին միասին ճաշել։ Հենց տեղում, հատակին դրված ուսապարկերի ու տոպրակների վրա ուտելիք դրեցին։ Ամենաիսկական տնական ուտելիքներ էին։ Այսքան տարի անց, առաջին անգամ, նորմալ ու տնական ուտելիք կերա։

Մեզ հանձնարարվեց հավաքել իրերը։ Երբ բանտի ղեկավարներից մեկը հերթով կարդում էր դեպի կալանավորներ տեղափոխող մեքենա գնալու ենթակա կալանավորների անունը, իմ անվանը հասնելուց եւ հոդվածս տեսնելուց հետո մի տեսակ չարացած վրա բերեց․

– Էս, քեզ գնդակահարելը քիչ է։ (Да тебя расстреливать мало).

Ես վրդովված հակադարձեցի նրան, ասելով, որ նա պետք է աչքերը լայն բացի եւ իր ձեռքում եղած թղթում գրված տեղեկությունը մինչեւ վերջ ու ուշադիր կարդա։ Բանն այն է, որ Ռուսաստանի քրեական օրենսգրքում 65-ը լրտեսության հոդվածն էր, իսկ 67-ն էլ պատերազմ հրահրելու նպատակով օտարերկրյա ներկայացուցչի նկատմամբ տեռորիստական ակտ իրականացնելն է։ Հայաստանում 65-ը հակախորհրդային ագիտացիա եւ պրոպագանդան էր, իսկ 67-ը առանձնապես վտանգավոր պետական հանցագործության ուղղված կազմակերպության ստեղծում։ Ցուցակում իմ անվան դիմաց պետք է գրված լիներ 65 եւ 67 հոդվածներ ըստ Հայկական ՍՍՀ քր․ օր․-ի։ Նա հաստատ բաց էր թողել «Հայկական ՍՍՀ» բառակապակցությունը եւ ինձ որպես լրտես կամ տեռորիստ էր դիտարկում։

Լարվածությունը մեղմեց կրկնահանցագործներից մեկը՝ տեղից բղավելով․

– Քաղաքացի պետ, նա Հայաստանից է, քաղաքական է, այնտեղ նշված են Հայաստանի հոդվածները։

Սպան, իհարկե, զգաց իր սխալը, բայց որպեսզի չստացվի, թե ինքը նահանջում է, հանձնարարեց, որ իմ ուսապարկը խուզարկեն։ Ես հանգիստ բացեցի ուսապարկս, ոտքով առաջ հրեցի ու մի կողմ քաշվեցի։ Սպան նույնպես մոտեցավ ոչ մեծ ուսապարկս խուզարկող հսկիչին ու մի քանի գրքից, ատամի 2-3 խոզանակից ու մի քանի տուփ՝ կալանավայրում ատամի մածուկին փոխարինող ատամի փոշուց բացի այլ բան չտեսնելով մի կողմ քաշվեց, եւ ես ուսապարկս վերցրած դուրս եկա։ Դրսում ինձ սպասում էր երեկվա ուղեկցող վաշտը։ Այս անգամ արդեն առանց ավելորդ խոսքուզրույցի ինձ տեղավորեցին ընդհանուր խցում, եւ մենք շարունակեցինք մեր ճանապարհը Կոլիմյան մայրուղով։

Լեռնային արդյունաբերության զարգացմանը զուգահեռ 1920-ական թվականներից սկսած խորհրդային իշխանությունները Հեռավոր Արեւելքում սկսեցին տեղական ճանապարհների ցանց կառուցել։ Տեղանքը հարուստ է ոսկով եւ այլ թանկարժեք օգտակար հանածոներով։ Քանի որ հավերժական սառցակալման գոտի է՝ երկաթգիծ կառուցելը բացառվում է։ Մնում էր ավտոճանապարհը։ Խորհրդային իշխանություններն իրենց առջեւ խնդիր դրեցին կառուցել մայրուղի, որը կմիացնի Յակուտսկ քաղաքը Մագադան քաղաքին։ Որպես ձրի աշխատուժ օգտագործվում էին կալանավորները, որոնց ձմեռը 40-50 աստիճան սառնամանիքի, իսկ ամռանը մոծակների ու տարատեսակ այլ մժեղների խայթոցների պայմաններում ստիպում էին կառուցել այդ ճանապարհը։ 1931թ․սկսած ճանապարհի շինարարությունը տեւել է մինչեւ 1953թ․։ Այդ ընթացքում սպանվել են հազարավոր կալանավորներ։ Բոլորովին էլ ծայրահեղություն չէ, երբ ասում են, որ այդ ճանապարհը կառուցվել է մարդկային ոսկորների վրա ու խորհրդային իշխանության համար ոչինչ չարժեցող մարդկային կյանքերի գնով։ Այսօր այդ ճանապարհն ունի 2032կմ երկարություն, որից 1197կմ ձգվում է Յակուտիայի տարածքով, իսկ 835-ը՝ Մագադանի։

Ահա այս ճանապարհով՝ հանգստանալու համար ընդամենը մեկ կանգառ կատարելով, հասանք Սուսուման քաղաքի բանտ։ Սուսումանը համանուն շրջանի շրջկենտրոն է ու գտնվում է Կոլիմյան մայրուղու վրա։ Ինձ առանձնացրեցին բոլորից եւ տեղավորեցին բացարձակապես դատարկ մոտ 10-15 տեղանոց մի խցում։ Այդ հսկա խուցը միայն մի խիստ փոքր վանդակապատ լուսամուտ ուներ, այն էլ գետնից այնքան բարձր, որ դեպի լուսամուտ ձգվելու ու այնտեղից ինչ-որ բան տեսնելու ոչ մի հնարավորություն չկար։ Դատելով լուսամուտի բարձրությունից, խուցս պետք է որ նկուղային  հարկում լիներ։ Գիշերը կրկին սկսեցի զգալ նույն անտանելի հոտը։ Հատկապես այն սաստկանում էր, երբ ծխել էի փորձում։ Մտքովս անցավ, որ սա կարող է ծխելը թողնելու լավ առիթ հանդիսանա։ Ուշադրությունս շեղելու նպատակով որոշեցի այդ մեծ խցի միակ կիսախավար լամպի տակ նստած կարդալ, բայց չէր ստացվում։ Ոչ մի կերպ կենտրոնանալ չէի կարողանում։ Պարզ էր արդեն, որ գիշերն այստեղ եմ մնալու։ Ամբողջ ցավն այն է, որ առջեւում շաբաթ-կիրակի է։ Կասկածներս հիմնավոր դուրս եկան։ Երկու օր մնացի այդ խցում։ Որեւէ մեկն ինձ հետ չէր խոսում։ Միայն օրը երեք անգամ ուտելիք էին բերում ու լուռ հեռանում։ Անկասկած, հսկիչներին հանձնարարված էր զրույցի չբռնվել հետս։ Հակառակ դեպքում հետաքրքրասեր հսկիչները պետք է արդեն անհաշիվ հարցեր տված լինեին։

Երկուշաբթի առավոտյան 11-ի կողմերն ինձ դուրս բերեցին։ Գեղեցիկ, տաք ու լուսավոր ամառային առավոտ էր։ Ինձ դիմավորեց Սուսումանի շրջանի պետական անվտանգության կոմիտեի պետն իր տեղակալի հետ։ Ողջունեցին որպես հին ծանոթի ու նստեցինք իրենց գազիկը։ Նման ճանապարհորդությունից հետո փափուկ մեքենան անսովոր էր։ Ուղեւորվեցինք դեպի Սուսուման քաղաքի ոստիկանություն։ Մինչ ես նստած էի ոստիկանության հերթապահ մասում, չեկիստներն իմ փաստաթղթերն էին ձեւակերպում։ Ապա ինձ տարան աքսորյալի նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետի մոտ, որը կին էր։ Նա ինձ տեղեկացրեց՝ քանի որ իմ ազատազրկման ժամկետն ավարտվել է հունիսի 6-ին, բայց ես մեկ ամսից ավել գտնվել եմ կալանավայրում, ապա իմ կալանավայրում անցկացրած մեկ օրը երեք է հաշվվելու։ Կատարեց բոլոր թվաբանական հաշվարկներն ու տեղեկացրեց ինձ, որ ես ազատ եմ արձակվելու երեք տարի անց, բայց ոչ թե հունիսին, այլ ապրիլին։ Մեկ ավել ամիս բանտերում անցկացնելը տվեց իր արդյունքը՝ երեք ամիս շուտ եմ ազատ արձակվելու։ Ապա պետանվտանգության պետի տեղակալի հետ միասին ուղեւորվեցինք դեպի իմ աքսորավայր։ Ավտոմեքենան վարում էր նա։ Աքսորավայրս Սուսումանից 90կմ հեռու էր։ Այնտեղ հասնելու համար պետք էր շեղվել Կոլիմյան մայրուղուց եւ ուղեւորվել հյուսիս-արեւմուտք՝ դեպի Յակուտիայի սահմանները։ Սա վերջին բնակավայրն է այս տեղանքում, ապա անսահման ու անվերջանալի տայգան է՝ իր աներեւակայելի գեղեցկությամբ։

Ինձ տեղավորեցին ավանում եղած երկու հանրակացարաններից մեկում։ 1985թ․ ամառն էր։ Մոծակներ, մժեղներ, արեւից տաքացած հավերժական սառցակալության վերին բարակ շերտի հալոցք եւ ավելորդ ու խանգարող խնդիրների բացակայություն։ Խնդիրներն սկսվեցին 1986թ․ ընթացքում։ Մարդկանց հետ ես հասցրել էի մտերմանալ եւ լավ հարաբերություններ ունեի։ Սա չեկիստների համար ցանկալի չէր։ Բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գորբաչովյան պերեստրոյկայի շրջանն էր, ու մարդկանց միջից վախը կամաց-կամաց դուրս էր գալիս։ Նույնիսկ նրանց գործակալներից մարդիկ էին պատահում, որ մեկ-երկու բաժակ խմելուց հետո պատմում էին, թե ինձ հետ կապված իրենց ինչ հանձնարարություններ են տվել։ Այս կցկտուր տեղեկություններից արդեն եզրակացրել էի, որ իմ նկատմամբ նոր գործ է սարքվում ու նույն՝ հակախորհրդային գործունեություն հողվածով։ Սա նշանակում էր, որ ես ազատ չեմ արձակվելու եւ եթե դատապարտվեմ, ապա ճանաչվելու եմ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ ու ուղեւորվելու եմ նույն Պերմի մարզի 36-րդ գաղութ, բայց «զոլավորների» բաժին ու երկար, անչափ երկար ժամանակով։ Մեկ այլ առիթով պատմելու եմ աքսորիս մասին եւ ինձ վրա երկրորդ գործ սարքելու մանրամասները։

1986-ի մայիսին, 49 տարեկանում վախճանվել էր հայրս։ Հարազատներս Երեւանում դիմել էին ՊԱԿ ղեկավարներին, որպեսզի ինձ հորս թաղմանը մասնակցելու համար մի քանի օրով Հայաստան գալու իրավունք տրվի։ Հորեղբայրս պատմում էր, որ ստացել են ոչ թե կտրուկ, այլ շատ կոպիտ մերժում։ Մոտավորապես՝ «էլ էս կողմերը չգաք ու Վարդանի հարցով մեզ չդիմեք» տարբերակով։ Նույն շրջանում Պարույր Հայրիկյանը, որ աքսորի էր Իրկուտսկի մարզում, աքսորից Հայաստան արձակուրդ էր եկել, ապա նաեւ աշխատանքային գործուղում՝ Իրկուտսկի համապատասխան գործարանից Երեւանի գործարան։ Ահա այսպիսի տարբերակված մոտեցումներ կարող էին ցուցաբերել չեկիստները։ Պարույրը, անկասկած, նրանց արյունը ավելի շատ էր պղտորել, քան ես, նա ավելի շատ էր նրանց հանգիստ քունը խանգարել, քան ես։ Վերջին հաշվով 1960-ականների երկրորդ կեսից սկսած նա անընդհատ պայքարել է նրանց դեմ, իսկ իմ պայքարի տարիները մեկ տասնամյակը չէին գերազանցում։ Բայց մոտեցումների ահա այսպիսի տարբերակում կարող էր գոյություն ունենալ։

Չեկիստները վերջապես կարողացան ստանալ ինձ վրա բոլոր օրինական հիմքերով քրեական գործ հարուցելու առիթ։ Առիթն էլ, կարելի է ասել, ես տվեցի։ Աշխատողները վրդովված էին, որ իրենց ուտելիք չեն բերել ու սոված են թողել։ Ես առաջարկեցի գործադուլ անել։ 1986-ի աշունն էր։Մեկ օր մարդիկ չաշխատեցին։ Չեկիստները, բնական է, իմացան, որ նախաձեռնությունն իմն էր։ Գործադուլի մասնակիցներից ոմանք տվել էին բոլոր անհրաժեշտ բացատրությունը իմ «հայտարարությունների» ու իմ արած «կոչերի» կապակցությամբ։ Գործը պատրաստվում էր մեծ արագությամբ։ Ես արդեն սպասում էի, որ ինձ կկալանավորեն։ Բայց ժամանակները փոխվում էին, ու ամեն ինչ չէր, որ կարող էր ընթանալ չեկիստների նախանշած հունով։ Դանդաղ ընթացքով  մոտենում էր ու վերջապես մոտեցավ ու հաստատվեց 1987թ․։ Երկրում իրականություն էր փոխվում։ Գորբաչովը խոստացավ միջազգային հանրությանը, որ սովետում քաղբանտարկյալներ չեն լինի, իսկ եղածներն էլ, բավարար հիմքերի առկայության դեպքում, ազատ կարձակվեն։ Ինձ ազատ արձակելու բավարար հիմքեր չկային, բայց նոր սարքվող գործը սկզբում սկսեց տեղապտույտ տալ, ապա՝ 1987-ի կեսերից ընդհանրապես մոռացության մատնվեց։

Իսկ 1988թ․ ապրիլին, իմ ազատ արձակվելուց մի քանի օր առաջ, չեկիստները սիրով ինձ տեղեկացրեցին, որ պատրաստ են ինձ համար հայրենիք վերադառնալու ինքնաթիռի տոմս գնել։ Ես պետք է միայն տեղեկացնեի իմ երթուղին։ Այնպես է ստացվում, որ նրանք իրենց հաշվին ինձ հասցրեցին աշխարհի ծայրն ու իրենց հաշվին էլ տուն վերադարձրին։ Իմ մեջ նրանց նկատմամբ մեկ կաթիլ չարություն անգամ չի մնացել։ Կարծում եմ՝ չի էլ եղել։

Հրապարակված բոլոր լուսանկարները վերցված են համացանցից

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի այս հրապարակումը վերցրել ենք ՀԵՏՔ-ից