Բաբկեն Արարքցյանը՝ ընդդեմ «հրեշային» օրինագծի

4666
1997-ին, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կառավարական օրինագիծ բերեց խորհրդարան, որով փաստացի վերացվում էր բանակում ծառայելու տարկետման իրավունքը գիտությամբ զբաղվող ուսանողության համար, Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը դուրս եկավ ամենակարող Վազգենի դեմ:

Լինելով գիտության մարդ, Արարքցյանը անընդունելի համարեց կառավարության և կոնկրետ Վազգեն Սարգսյանի քայլը: Հայաստանի երկրորդ դեմքը և իշխող կուսակցության առանցային անդամն ու նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը դուրս եկավ նույն իշխանության և նույն ՀՀՇ-ական կուսակցության ներսում առկա ֆիդայական մտածելակերպի դեմ՝ սպառնալով հրաժարականով:

1997-ին այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բաբկեն Արարքցյանի օգնական-խորհրդականն էր՝ 22-ամյա խոստումնալից երիտասարդ, ով 18 տարեկանում Հայկական բանակ չէր գնացել, քանի որ ուսանում էր Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, ապա Երևանի պետական համալսարանում: Վիգեն Սարգսյանը բանակում պետք է ծառայեր միայն 25 տարեկան դառնալուց հետո՝ 2000 թվականից, որպես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտ:

1997-ին այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բաբկեն Արարքցյանի օգնական-խորհրդականն էր՝ 22-ամյա խոստումնալից երիտասարդ, ով 18 տարեկանում Հայկական բանակ չէր գնացել, քանի որ ուսանում էր Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիայում, ապա Երևանի պետական համալսարանում:

1997-ին Վազգեն Սարգսյանի օրինագիծը չանցավ, քանի որ դրա դեմ ընդդիմությունը գալիս էր իշխանության և իշխող կուսակցության ներսից:

Քաղաքականությունից հեռացած Բաբկեն Արարքցյանը, ով լրատվամիջոցներում հազվադեպ է երևում, նախօրեին խոսել է «Զինապարտության մասին» նոր օրինագծի դեմ, որը խորհրդարան է բերել Վիգեն Սարգսյանը: Արարքցյանը նշել է, որ այս «հրեշային» օրինագիծը կանցնի, քանի որ խորհրդարանում կա «կոճակ սեղմող գորշ մեծամասնություն»:

Արարքցյանը, քննադատելով պաշտպանության նախարար դարձած իր նախկին օգնականին, անիմաստ է համարել բնութագրել այնպիսի մարդու, ով ունի լավ կրթություն և ներկայացնում է նման անընդունելի նախագիծ:

«Այս օրենքը ուրիշ խնդիր չի լուծում, քան քաղաքացուն վերածել հպատակի: Այսօրվա Հայաստանի իշխանություննները ձգտում են նրան, որ մեր քաղաքացիները լինեն հպատակ, լինի դա ընտրությունների կեղծիքով, ընտրակաշառքով: Իսկ այժմ արդեն անցնում են այս քայլին, որպեսզի վերացնեն մտավորականությանը: Այս օրենքով փակում են երիտասարդության ճանապարհը դեպի գիտություն, մշակույթ, արվեստ, հոգևոր կյանք»,- ասել է Արարքցյանը:

Հայաստանի խորհրդարանի ամենաերկարակյաց ղեկավարը՝ 1991-1998 թթ., զավեշտալի է համարել այն պնդումները, թե օրինագծով նաև արդարություն է հաստատվում:

«Ի՞նչ է նշանակում արդարություն հաստատել: Դուք չեք կարողանում ձեր համակարգով արդարություն հաստատել և փորձում եք այսպիսի արհեստական միջոցներո՞վ: Դա նույնն է բոլորին տանել բանտ, որպեսզի հանցագործություն չլինի»,- հեգնել է նա:

Արարքցյանը կարևորել է, որ ուսանողությունը, թեև ոչ մեծ մասշտաբով, դուրս է եկել փողոց և իր ձայնն է բարձրացնում:

«1968 թվականին, երբ խորհդային զորքերը մտան Չեխոսլովակիա, ընդամենը 8 մարդ դուրս եկավ հրապարակ, ընդամենը 8 մարդ: Բոլորը ձերբակալվեցին, դատապարտվեցին, բայց այդ օրը սկսվեց Խորհրդային Միության փլուզումը»,- ասել է Բաբկեն Արարքցյանը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ Բաբկեն Արարքցյանը (ձախից) 1988-ի շարժմանը։ Լուսանկարը՝ Մայիս Վարդանյանի